Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին տպավորիչ հայտարարությունը, որ հնչեցրեց, կառավարական «գողերին էր վերաբերվում»: Նա ՀՀ կառավարության նիստի մասնակիցներին կոչ արեց «պրիմիտիվ գողությունները դադարեցնել»: Բայց քանի որ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը կառավարության նիստերին չի մասնակցում, ականջալուր չի եղել Կարեն Կարապետյանի հանրահայտ հայտարարությանը: «ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Վաչագան Ադունցը Գորիսի քաղաքապետարանում վերանորոգման աշխատանքներ է նախաձեռնել, որն իրականացնում է «Ավա բիլդինգ» ընկերությունը, ինչի համար համայնքի բյուջեից հատկացվել է 31 միլիոն դրամ: Եւ պարզվում է, որ նշված ընկերությունը պատկանում է Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցին: Այսինքն՝ մարդիկ այնքան «պրիմիտիվ» են, որ քաղաքապետարանի վերանորոգման համար պայմանագիր են կնքում իրենց իսկ ընկերության հետ եւ համայնքի միջոցները փոխանցում այդ ընկերությանը` կարծելով, որ ոչ ոք այդ մասին չի իմանա:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ը Վաչագան Ադունցից հետաքրքրվեց, թե չի կարծում, որ իրեն պատկանող ընկերությանը շինարարական աշխատանք պատվիրելը պաշտոնեական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու ուղղակի դրսեւորում է: «Ես իմ անձնականի համար երբեւէ պետական միջոցները չեմ օգտագործել: Մրցույթը տեղի է ունեցել օրենքի տառին համապատասխան»,- վստահեցրեց քաղաքապետը: Բայց զավեշտալին այն էր, որ նա փորձեց հերքել «Ժողովուրդ»-ի տեղեկությունը, թե «Ավա բիլդինգ» ընկերության հետ կապ ունի: «Միայն հիմնադիրն եմ: Բարեկամ չունեմ այնտեղ աշխատող»,- հիմնավորեց ընկերության սեփականատեր քաղաքապետը:
Հայաստանի կառավարման համակարգում ընթացող կադրային փոփոխությունները շուտով կհասնեն նաեւ կենտրոնական բանկին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի: Նա ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ի մայիսից, եւ մասնագիտական կարծիք կա, որ իր գործի գիտակն է: Այդ պաշտոնում Ջավադյանը նշանակվեց 2008-ի ապրիլին՝ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո: Ջավադյանը 2014-ի մայիսին երկրորդ անգամ վերանշանակվեց ԿԲ նախագահ: Նրա պաշտոնավարման ավարտին մնացել է երեք ու կես տարի. ԿԲ նախագահին նշանակում է խորհրդարանը՝ վեց տարի ժամկետով, միեւնույն անձը երկու անգամից ավել չի կարող այդ պաշտոնում նշանակվել: Ինչեւէ: ՀՀ ԿԲ նախագահի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե Արթուր Ջավադյանի հրաժարականի մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում. «Նման մտացածին լուրերը հարկ չենք համարում մեկնաբանել»,- պատասխանեց Բերբերյանը:
«Ավանի աղի կոմբինատ» ընկերության նախագահ Արեգ Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ սեպտեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման գնացած գործարարները բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել եւ այժմ սպասում են նրա արձագանքին` արդյո՞ք դրանք կընդգրկվեն նոր ձեւավորված կառավարության ծրագրում: Գործարարը չցանկացավ պարզաբանել, թե կոնկրետ ինչ են ներկայացրել: «Առաջարկները ուղարկվել են կիրառելու համար կառավարության ծրագրում, որը պետք է ներկայացվի Ազգային ժողովին, դեռ վաղ է առաջարկներից ինչ-որ պատասխան սպասել, դա կերեւա ծրագրի մեջ: Կլինի, կերեւա, թե մեր առաջարկները ինչ չափով են ընդունվել, ինչ չափով չեն ընդունվել»,- ասաց Արեգ Ղուկասյանը: Ի դեպ, հիշեցնենք, որ Արեգ Ղուկասյանը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հարազատ եղբայրն է: Նա 2003-ից մինչեւ 2012 թվականը երկու անգամ ԱԺ պատգամավոր է դարձել: Երկու անգամ էլ` ՀՀԿ համամասնական ընտրացուցակով:
Հայաստանի պետական պարտքն այս տարվա ինն ամիսների ընթացքում աճել է ավելի քան կես միլիարդ՝ 517 միլիոն 200 հազար դոլարով, եւ հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 5 միլիարդ 594 միլիոն 900 հազար դոլար: Այսինքն` միայն վերջին մեկ ամսում Հայաստանի պետական պարտքն աճել է ուղիղ 100 միլիոն դոլարի չափով: Նշենք, որ Հայաստանի պետական պարտքի 4 միլիարդ 590 միլիոն 500 հազար դոլարն արտաքին պետական պարտքն է: Այդ գումարը Հայաստանի կառավարությունը եւ կենտրոնական բանկը պարտքով վերցրել են միջազգային ֆինանսական կազմակերպություններից, բանկերից եւ այլ երկրների կառավարություններից: Դժվար է ասել, թե այս տարվա մնացած երեք ամիսներին Հայաստանի պետական պարտքը որքանո՞վ, ի վերջո, կաճի, բայց որ ավելանալու է, կասկածից վեր է: Միայն պետական նոր պարտատոմսերի տեղաբաշխման հաշվին հոկտեմբերին ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական պարտքն ավելացնել 29 միլիարդ 710 միլիոն դրամով, կամ նույն է, թե 62,5 միլիոն դոլարով:
ՓԱՅ ՄԻ՛ ՄՏԵՔ
ԱՄՆ-ում մասնակցելով «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»-ին՝ Սերժ Սարգսյանը երեկ հանդես է եկել ելույթով: Միջազգային կարեւորագույն դոնոր կառույցների առջեւ ներկայացնելով Հայաստանի ներդրումային դաշտի ներկայիս վիճակը՝ Սարգսյանը թվարկել է իր կարծիքով առավելությունները՝ այդ շարքում ներառելով նաեւ այնպիսի թույլիկ փաստարկներ, ինչպես, օրինակ, նախարարության անվանափոխությունն է. «Մենք վերափոխեցինք մեր էկոնոմիկայի նախարարությունը «Տնտեսական զարգացման եւ ներդրումների» նախարարության, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարներն իրենց հարցերը բարձրացնելու եւ պատասխաններ ստանալու քաղաքական հարթակ ունենան»: Տպավորություն է, որ Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցողները հերթ էին կանգնել, պարզապես նրանց խանգարում էր նախարարության անունը:
Սարգսյանը որպես Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու գործիք նշել է նաեւ օրերս ընդունված Հարկային օրենսգիրքը, որն արժանացավ ՀՀ գործարար դաշտի առաջատարների միահամուռ եւ շատ սուր քննադատությանը: Բայց դա, իհարկե, չի խանգարել Սարգսյանին պնդելու, որ «նոր հարկային օրենսգիրքը մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին եւ ներդրողներին։ Մենք պարզեցրել ենք հարկային մարմինների կողմից իրականացվող գործընթացները՝ այդպիսով հարկային վերահսկողության գործընթացը դարձնելով առավել գործարարամետ»:
Միջազգային ֆինանսական կենտրոններին եւ գործարար շրջանակներին սիրով Հայաստան հրավիրող Սերժ Սարգսյանն, իհարկե, հերթական անգամ ընդգծել է մեր երկրի գիտելիքահենք հասարակությունը, նորագույն տեխնոլոգիաների ոլորտում մեր գրանցած հաջողությունները, վարվող արդյունավետ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով էլ ավելի անկախ դատական համակարգի եւ դրա արդյունքում՝ ներդրումների առավել պաշտպանվածության հնարավորությունը եւ այլն, եւ այլն: Եվ լսելով նրա երեկվա ելույթը՝ ակամայից դեժավյուներ են առաջանում, քանի որ իր պաշտոնավարման ընթացքում նա արդեն քանի անգամ է հասցրել նմանօրինակ ելույթներով հանդես գալ ամենատարբեր միջազգային տնտեսական համաժողովներում՝ սկսած Դավոսից, ավարտած Պեկինով: Սակայն ոչ «doind bussines»-ի առումով, իբր, Հայաստանի գրանցած թռիչքաձեւ առաջընթացը, ոչ էլ տարբեր հեղինակավոր վարկանիշային գործակալությունների տված գնահատականները այդպես էլ չնպաստեցին, որպեսզի օտարերկրյա ներդրումները հոսեն Հայաստան: Իսկ դրա պատճառը իրականում շատ պարզ է: Բավական է ընդամենը բացառել «փայ մտնելու» եւ «քցելու»՝ իշխանությունների գործելաոճը, սահմանել հարկային հավասար պայմաններ, եւ Հայաստանն ինքնաբերաբար կդառնա «doind bussinesi» ցուցանիշներով իրապես առաջատար երկրներից մեկը: