ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐԵՑ ԱՇՈՏՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ անուղղակի խիստ քննադատության ենթարկեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործունեությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում: ՀՀ կառավարության երեկվա նիստում նա հայտարարել է. «Հանձնարարում եմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, Երեւանի քաղաքապետին` 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների բացառման ուղղությամբ»: Ինչպես հայտնի է՝ մինչ այս տարվա փետրվար, երբ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում նշանակվեց դաշնակցական Լեւոն Մկրտչյանը, այդ պաշտոնը յոթ տարի շարունակ զբաղեցնում էր Արմեն Աշոտյանը: Այսինքն՝ հանրակրթական հաստատություններում այսօր առկա իրավիճակի համար առաջնահերթ պատասխանատու անձը հենց նա է, քանի որ յոթ տարին բավական երկար ժամանակ էր՝ ոլորտը ապականելու կամ բարեփոխելու համար: Այսպիսով, վարչապետը փաստացի Արմեն Աշոտյանին անգործության կամ էլ ոլորտը ապականելու մեջ է մեղադրում:
Արմեն Աշոտյանից փորձեցինք մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, սակայն «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ նա ասաց. «Պաշտոնաթողությունից հետո կրթության եւ գիտության ոլորտների մասին հրապարակային ելույթներ եւ գնահատականներ չեմ հնչեցնում»: Ի դեպ, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նախատեսվում է օրենքով արգելել, որպեսզի պետական ԲՈՒՀ-երի կառավարման խորհրդի կազմում պետական պաշտոնյաներ չլինեն: Հիշեցնենք, որ ներկայումս պետական ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահները հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ են. ԵՊՀ-ում Սերժ Սարգսյանն է, մանկավարժականում՝ Գալուստ Սահակյանը, ճարտարապետաշինարարականում՝ Տարոն Մարգարյանը, եւ այսպես շարունակ: Տեսնենք՝ բուհերի ՀՀԿ-աթափումը ինչ արդյունք կտա:

 

 

 
Այլեւս ակնհայտ է, որ եկող տարվա ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխանական համակարգը ծրագրում է, այսպես կոչված, «կառավարվող քաոս»-ի մեթոդը կիրառել: Այս մարտավարության էությունը կայանալու է նրանում, որ Աժ ընտրությունների ընթացքում քաղաքական դաշտը ողողվելու է տարատեսակ նորաստեղծ կուսակցություններով: Դրանց մի մասը, հնարավոր է, «հին» դեմքերով իբրեւ նոր ուժ կներկայանան: Այս ամենի նպատակը քաղաքական դաշտի լղոզումն է, որպեսզի ընտրողը չկարողանա կողմնորոշվել, եւ հին քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ն եւ նրա նախկին կոալիցիոն գործընկերները, դառնան «փոքր չարիք», որին կարելի է նաեւ հանդուրժել: Այս մարտավարությունը իշխանական համակարգի համար ենթադրում է լրացուցիչ ծախսեր. «Ժողովուրդ»-ի հաշվարկներով՝ յուրաքանչյուր նոր կեղծ կուսակցության համար մոտ 100 մլն դրամ անհրաժեշտ կլինի: Բայց, դե, իշխանական համակարգը պահպանելու համար լրացուցիչ մի քանի հարյուր միլիոն դոլարն ի՞նչ է, որ չծախսեն:

 

 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայությունը մինչ օրս դեռ չի հրապարակել, թե սեպտեմբերի ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկերը եւ տուրքերը որքան են կազմել: Այս փաստն ամենեւին էլ պատահական չէ: ՀՀ կառավարությունն այսպիսով փորձում է քողարկել առկա, մեղմ ասած, տխուր իրավիճակը: Հիշեցնենք, որ ութ ամիսների արդյունքներով հարկեր եւ տուրքերից պետբյուջե մուտքագրված եկամուտները կազմել էին 696 միլիարդ 100 միլիոն դրամ: Պետական բյուջեի եկամուտների գծով հարկեր եւ տուրքերի ինն ամսվա պլանը 835 միլիարդ 600 միլիոն դրամ է եղել: Այսինքն՝ բյուջեն չթերակատարելու համար սեպտեմբերին 139 միլիարդ 500 մլն դրամի հարկեր եւ տուրքեր պետք է հավաքվեին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հավաքագրված գումարը դրանից մոտ 40 միլիարդ դրամով պակաս է եղել: Այսինքն՝ ինն ամիսների կտրվածքով բյուջեի թերակատարումը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ պետական բյուջեի պակասուրդը կհասնի 70 մլրդ դրամի:

 

 

 
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ շաբաթ օրը Դիլիջանում կներկայացնի համայնքների զարգացման իրենց մշակած ծրագիրը: Հենց այս ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը մեկը մյուսի ետեւից տասնյակ համայնքներ միավորեց իրար: Այդ ծրագրի համար անհրաժեշտ գումարը դրամաշնորհի տեսքով է տրվելու` Եվրամիության կողմից: Սակայն մեզ չհաջողվեց գումարի չափը ճշտել: Ծրագիրն էլ իրագործելու է «Համայնքների եւ տարածքային զարգացման հիմնադրամ»-ը: Այս կառույցի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է: Հենց այս հիմնադրամն էր, որ անցած տարվա մարտին Համաշխարհային բանկի 30 մլն դոլարի վարկային ծրագիր ստորագրեց կրկին համայնքների սոցիալական աջակցության համար: Իսկ թե մեր համայնքներում ինչքանով է կյանքը լավացել, փաստում է ՀՀ վիճակագրական ծառայությունը՝ ամեն ամիս ներկայացնելով արտագաղթողների տվյալները: Այսինքն՝ իրականում բոլոր նման ծրագրերն էլ սիրուն բառերի կույտեր են, որոնց նպատակը միջազգային կառույցներից գումարներ ստանալն է:

 

 

 
ԴԵՖՈԼՏԱՅԻՆ
Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ բավականին անսպասելի հայտարարությամբ, որը վերնագրված էր «Ահազանգ»: «Մինչ վարչախումբն զբաղված է կառավարման համակարգի եւ ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով` ակնհայտորեն միտված ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ու հավերժացմանը, մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»,- ասված էր այդ կարճ ուղերձում: Ոչ մի հավելյալ տվյալ, վերլուծութուն կամ հիմնավորում. ընդամենը ՀՀ տնտեսության կրախի մասին հայտարարություն, որը երեկ արդեն իսկ հասցրեց լուրջ ցնցում առաջացնել Հայաստանում: Տեր-Պետրոսյանի հայտարարությանն անմիջապես արձագանքեց Կենտրոնական բանկը՝ հավաստիացնելով, որ դեֆոլտի համար որեւէ նախադրյալ չկա, եւ որ ՀՀ-ն ամբողջությամբ իրականացնում է իր բոլոր ֆինանսական պարտավորությունները: Նույնաբովանդակ հայտարարություններով լրատվական դաշտը ողողեցին տարբեր տնտեսագետներ, այդ թվում եւ ընդդիմադիր դաշտից: Սակայն, չնայած այդ հերքումներին եւ հավաստիացումներին, կասկածից դուրս է, որ դեֆոլտի ուրվականն այլեւս մնալու է հանրային քննարկումների տիրույթում:
Այն փուլում, երբ Ս. Սարգսյանը երկրի տնտեսության առողջացումը ռուսական «Գազպրոմի» ներկայացուցչին վստահելու եւ անգամ իրեն հավատարիմ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներից ազատվելու գնով գնաց հանրության մեջ դրական սպասելիքներ ձեւավորելու հրամայականի իրագործմանը, Տեր-Պետրոսյանն իր մեկ նախադասությունից բաղկացած հայտարարությամբ ջուրը գցեց այդ ամենը: Դեռ չենք խոսում սրան միջազգային ֆինանսական կազմակերպությունների արձագանքի մասին, որը, թերեւս, կլինի մոտ առաջիկայում եւ վստահաբար կտարբերվի պաշտոնապես հրապարակվելիք հաղորդագրության բովանդակությունից: Եվ ուրեմն, արդեն հիմա կարող ենք արձանագրել, որ Տեր-Պետրոսյանը զգալի հարված հասցրեց Ս. Սարգսյանի ծրագրերին: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Եթե իսկապես երկիրը դեֆոլտի շեմին էր, եւ հենց դա էր այդ «ահազանգը» հնչեցնելու պատճառը, ապա Տեր-Պետրոսյանը հանգիստ կարող էր Ս. Սարգսյանից հերթական անգամ ընդունելություն խնդրել՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար. մի բան, որ նա արդեն իսկ արել է 2015թ. փետրվարին՝ Ցեղասպանության հռչակագրի հետ կապված: Հաջորդող ամիսներին նա եւս մեկ անգամ նման փորձ արեց ապրիլյան պատերազմի օրերին, երբ Ս. Սարգսյանի հետ հանդիպեց, ապա հանդես եկավ վերջինիս սատարող հայտարարությամբ՝ արդեն «Սասնա ծռերի» գործողությունների փուլում: Եվ այն, որ նա հիմա ՀՀ-ի ներքին վիճակի ապակայունացմանն ուղղված այսպիսի հայտարարություն է անում, տեղիք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները խախտել են ինչ-ինչ պայմանավորվածություններ: Վերջին ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ի արձանագրած, մեղմ ասած, համեստ արդյունքները, համենայնդեպս, մտածելու տեղիք են տալիս:




Լրահոս