2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները խոստանում են դառնալ Հայաստանի ամենալղոզված ընտրական գործընթացը: Փաստացի դա լինելու է միակ տարբերակը, որի դեպքում Հայաստանի ներկա իշխանություններին հնարավոր է՝ հաջողվի պահպանել քաղաքական դաշտի ստատուս քվոն` էական փոփոխություններ թույլ չտալով:
Ընտրությունների «լղոզման» վերը նշված մարտավարությունը պայմանականորեն անվանենք «կառավարվող քաոս»: Մինչ կներկայացնենք «կառավարվող քաոսի» գործելու մեխանիզմները, նախ նկատենք, որ «իշխանական համակարգ» ասելիս անհրաժեշտ է նկատի ունենալ իշխող ՀՀԿ-ին եւ վերջին տասնհինգ տարիներին նրա հետ կոալիցիոն փոխհարաբերության մեջ եղած քաղաքական ուժերին ու մարդ-կուսակցություններին:
Այսպիսով՝ եթե իշխանական համակարգը միջոցներ չձեռնարկի, ապա 2017-ի խորհրդարանական ընտրություններին առավելագույնը 10 կուսակցություններ եւ դաշինքներ կմասնակցեն: Մասնավորապես, դրանք կլինեն խորհրդարանական վեց խմբակցությունները` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ («Հայկական վերածնունդ» անվան ներքո հանդես կգա), ՀԱԿ եւ «Ժառանգություն», ինչպես նաեւ՝ երեք-չորս նոր կազմավորված քաղաքական ուժեր: Այսինքն՝ ակնհայտ է, որ ԱԺ խմբակցությունները կլանելու են խորհրդարանից դուրս գտնվող փոքր եւ մարդ-կուսակցություններին: Փոքր կուսակցությունների մի մասն էլ կներառվեն նորաստեղծ քաղաքական ուժերի կազմում: Քաղաքական դաշտի բնականոն զարգացման դեպքում խորհրդարանական տեղերի համար պայքարող կուսակցությունները հենց վերը նկարագրված ուժերը պետք է լինեն` մոտ տասը միավոր: Սակայն իրադարձությունների նման զարգացումներն իշխանական համակարգի համար կարող են կործանարար լինել:
Բանն այն է, որ իշխանությունների կողմից անցկացված բոլոր փակ հարցումները ցույց են տալիս, որ ընտրողների շուրջ 70 տոկոսն ընդդիմադիր տրամադրություն ունի: Նույնիսկ Սերժ Սարգսյանն էր իր աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ անկեղծացել, թե «հասարակական տրամադրությունները մեր նկատմամբ վատն են, բայց Գյումրու եւ Վանաձորի ընտրությունները ցույց տվեցին, որ դրանք մահացու չեն»: Մյուս կողմից առաջիկա ընտրություններում վերահսկողության մակարդակը նախորդ` 2012-ի Աժ ընտրությունների համեմատ շատ բարձր է լինելու, եւ իշխանություններին շատ դժվար է լինելու բացակա ընտրողների փոխարեն լցոնումով ավելացնել ընտրությունների մասնակցության, հետեւաբար նաեւ իրենց քվեների թիվը: Արդեն իսկ կարող ենք կանխատեսել, որ 2017-ի ԱԺ ընտրություններում մասնակցության մակարդակը մեկ միլիոն 200 հազարից ավել չի լինի, որը կկազմի առկա իրական ընտրողների մոտ 70 տոկոսը: 2012-ի Աժ ընտրություններում մասնակցությունը եղել է 1 միլիոն 570 հազար, որտեղ մոտ 400 հազարը եղել է իշխանությունների կողմից հավելագրված մասնակցությունը, որը վերջնաարդյունքում վերածվել է ՀՀԿ-ի օգտին «քվեների»: Եթե այդ թիվը հանենք 2012-ին ՀՀԿ-ի 664 հազար ձայներից, կստանանք իշխող կուսակցության ձայների իրական ներուժը:
ՀՀԿ-ն հիմնական վարչական ռեսուրսի հաշվին ունի մոտ 250 հազար քվե: Ընտրությունների լավ վերահսկողության դեպքում ՀՀԿ-ին առավելագույնը կհաջողվի իր ձայների թիվը մինչեւ 350 հազարի հասցնել, ինչը կկազմի ընդհանուր քվեների մոտ 30 տոկոսը: ՀՀԿ-ի՝ ներկա եւ նախկին կոալիցիոն 3-4 գործընկերներին լավագույն դեպքում մի կերպ կհաջողվի 5 տոկոսանոց շեմը հաղթահարել: Ըստ այդմ, նախկին գործընկերները կկարողանան եւս 20 տոկոս ձայներ «մսխել»: Արդյունքում, մնացած մոտ հիսուն տոկոսի հիմնական «տերը» կդառնան վերջին երկու տարիներին քաղաքական դաշտ մտած նոր դեմքերով հանդես եկող կամ հին, բայց չվարկաբեկված գործիչներից կազմված քաղաքական միավորները: Այս դասավորությունը իշխանությունների համար շատ վտանգավոր է, քանի որ եթե հատուկ միջոցներ չձեռնարկվեն, ցանկացած պահի իրավիճակը կարող է վերահսկողության տակից դուրս գալ:
«Կառավարվող քաոսն» այս դեպքում թերեւս միակ լուծումն է: Իշխանությունները ծրագրում են դաշտը լցնել կեղծ նոր ուժերով: Նպատակը շատ պարզ է. նոր կուսակցությունների զուտ գաղափարը այնպես լղոզել, որպեսզի ընտրողը այդ հորձանուտում կողմնորոշվելու հնարավորություն չունենա: Ի դեպ, այս մտահղացման հեղինակը պարտադիր չէ, որ անպայման հենց ՀՀԿ-ն լինի: Նախկին կոալիցիոն գործընկեր-կուսակցությունները եւս այս հարցում անձնական շահագրգռվածություն ունեն: Ի վերջո, եթե նրանց հաջողվի դաշտն այնպես լղոզել, որ դրանում միայն հին խաղացողները լինեն որոշակի, ապա նրանց կհաջողվի բավական շահեկան վիճակում հայտնվել, քանի որ ընտրողը ճարահատյալ կարող է համաձայնել տուկի թելի կամ մուրաբայի դիմաց նրանց օգտին քվեարկել` միաժամանակ գիտակցելով, որ ինքը իշխող ՀՀԿ-ի օգտին չի քվեարկում: Այս համակարգի արդյունավետ գործելու դեպքում իշխանական համակարգին կհաջողվի քվեների մոտ 70 տոկոսը (30 տոկոս ՀՀԿ+40 տոկոս կոալիցիոն նախկին գործընկերներ) իր վերահսկողության տակ պահելը: Իսկ երկու-երեք նոր քաղաքական ուժեր լավագույն դեպքում մի կերպ կկարողանան 5 տոկոսանոց արգելքը հաղթահարել: Մնացած 15 տոկոսը «կփոշիացնեն» այս օրերին ստեղծվող եւ առաջիկայում ստեղծվելիք իբր թե նոր կուսակցությունները:
Այս նպատակով իշխանությունները կարող են մինչեւ տասը կեղծ նոր կուսակցություն խաղի մեջ մտցնել` ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի թիվը դարձնելով 20 եւ ավել: Որպես պարզ լինի, թե ինչ «ներդրման» մասին է խոսքը, մի փոր «նախահաշիվ» ներկայացնենք: Կեղծ կուսակցություններից յուրաքանչյուրին խաղի մեջ մտցնելու համար իշխանական համակարգը մոտ 100 միլիոն դրամ (200 հազար դոլարից մի փոքր ավել) գումար պետք է «ներդնի», որից 10 մլն դրամը կծախսվի նախընտրական գրավի համար, մնացած 90 մլն դրամը կտրվի համակարգողներին` իրենց «կարիքները» հոգալու համար: Տասը նման կեղծ նոր քաղաքական ուժ ներդնելու համար մոտ 1 միլիարդ դրամ, կամ նույնն է, թե 2 միլիոն դոլարից մի փոքր ավել գումար կպահանջվի: Արդյոք իշխանական համակարգը, որի մեջ մտնում են իշխող ՀՀԿ-ն եւ նրա չորս նախկին կոալիցիոն գործընկերները, չեն կարող իրենց նման ծախսեր թույլ տալ: Իհարկե, կարող են` հանուն ընդհանուր իշխանությունը պահպանելու:
Ստեղծված պայմաններում ընդդիմադիր դաշտի երկու-երեք քաղաքական ուժերը պարտադրված են ոչ միայն առաջիկա ամիսներին հետեւողական «ոչնչացնել» ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերներին` նրանց զրկելով քաղաքական դաշտում խաղալու հնարավորությունից: Այդ խնդիրը լուծելու հետ զուգահեռ ընդդիմությունը պետք է կարողանա կեղծ նոր կուսակցություններին քաղաքական դաշտից դուրս նետել, ինչպես թանը փչացնել փորձող ճանճի: Այդ դեպքում մի գուցե իշխանություններին չհաջողվի իրենց ծրագրերն ամբողջությամբ իրագործել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՓՈԽՏՆՕՐԵՆԻՑ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրանտ Թադեւոսյանը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից: Իսկ ինչ վերաբերում է գլխավոր տնօրենի նշանակմանը, ընկերությունից հայտնեցին, որ դա որոշակի ընթացակարգ է պահանջում, միաժամանակ այն պետք է անցնի տնօրենների խորհրդով, ինչը կտեւի մոտ մեկ ամիս: Ապա՝ ընկերությունից վստահեցրեցին, որ այս ամենի մասին սահմանված կարգով հանրությանը կտեղեկացվի: Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 8-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ: Այս նշանակումից հետո ակտիվ լուրեր շրջանառվեցին, որ ընկերության տնօրենի պաշտոնում հնարավոր է նշանակվի Կարեն Կարապետյանի որդին` 29-ամյա Տիգրան Կարապետյանը, որը ներկայումս զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիայի» տնօրենի տեղակալի պաշտոնը կապիտալ շինարարության եւ վերանորոգման գծով: Լուրեր էին շրջանառվում այն մասին, որ վարչապետի փեսան` էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը եւս հնարավոր է փոխարինի Վ. Հարությունյանին: Սակայն «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի առավել հավանական թեկնածուն Հ. Թադեւոսյանն է:
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ԿԿՐՃԱՏԵՆ
Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 8-ին ստորագրած հրամանագրով ՀՀ քաղաքաշինության նախարարությունը վերակազմավորվեց Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի: «Ժողովուրդ»-ը փորձեց նախկին նախարար, այժմ կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանից պարզել՝ ինչպես է նա վերաբերվում վերոնշյալ փոփոխությանը: Ի պատասխան՝ Սարգսյանն ասաց. «Ես շատ նորմալ եմ վերաբերվում, որովհետեւ տարիների ընթացքում միշտ եղել է կա՛մ կոմիտե, կա՛մ նախարարություն, անընդհատ փոխվել է: Ելնելով տվյալ ժամանակահատվածի առաջնահերթությունից` կարող է դա լինել առընթեր մարմին»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ի՞նչ հետեւանք կունենա այդ փոփոխությունը, Ն. Սարգսյանը պատասխանեց. «Գործառույթները փոխված չեն, աշխատակազմում կլինեն կրճատումներ»:
ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանության զորքերը շրջանակային համաձայնագրերի միջոցով սպորտային գույք են ձեռք բերել: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացութուն է տվել ոստիկանության զորքերի գնման գործընթացին: Ինչո՞ւ, որովհետեւ «Մասնագիտական փորձառություն» որակավորման չափանիշի գնահատման կարգով նախատեսվել են «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 65-րդ կետի 2-րդ ենթակետով պահանջները, սակայն «Ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի գնահատման կարգով նախատեսված են այլ պահանջներ: Ու հենց պահանջվող չափանիշների անհամապատասխանության պատճառով էլ գնումը չի կատարվել: Ասել է թե` երկրի իրավապահ մարմինը փաստաթղթերին իմիջայլոց է վերաբերել, որի արդյունքում արժանացել է ֆինանսական պատասխանատու կառույցի բացասական արձագանքին:
ՆՈՐ ՏԵՂԱԿԱԼ
Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկ Ասլանյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
Ադրբեջանը անհանգստացած է «Իսկանդերներով» եւ Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցող գործընթացներով, մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարի հայտարարությունը, թե իրենք «այսուհետ պետք է առավել կոշտ պատասխան տան հայկական կողմին», երեկ ասել է պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը: «Իսկ ի՞նչ է կարելի ակնկալել մի պետությունից, որը միշտ հայտարարում է այն մասին, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Իհարկե, իրենք շատ անհանգստացած են այն ամեն ինչով, ինչ տեսան սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ, այն գործընթացները, որ տեսնում են Հայաստանի զինված ուժերում: Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք հնարավոր զարգացումներին եւ անենք ամեն բան, որ մեր զինված ուժերը ի վիճակի լինեն հետ մղել նման փորձերը»,- ասել է նա:
ԿՈՌՈՒՊՑԻԱ ՉԿԱ՞
Ներկա ժամանակ կոռուպցիոն ռիսկերը բացառված են, երեկ հայտարարել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը. «Կոռուպցիոն ռիսկերը պատկերացնելն իմ աշխատանքը չի։ Մենք ուղղակի սկսել ենք նրանից, որ վերանայել ենք բոլոր նորմատիվ ակտերը եւ շարժվում ենք դրանցով։ Ես կարող եմ երաշխավորել, որ ներկա ժամանակ կոռուպցիոն ռիսկերը բացառված են, կոռուպցիա չկա եւ չի լինելու առաջիկայում», – հավաստիացրել է նախարարը: Նա նաեւ հավելել է.«Ինչ կատարվել է մինչեւ այդ, ես ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ մասնագիտական փորձ, որ զբաղվեմ այդպիսի քննություններով։ Մինչեւ իմ նշանակվելը մենք գիծ ենք քաշել եւ շարժվում ենք առաջ: Գումարների բաշխումը դադարեցվել է եւ կատարվում է ըստ օրենքի։ Պետպատվերում այլեւս կոռուպցիա չկա»։
ԽՈՒԼՈՒՀԱՄՐ
Հայաստան տեղափոխվել ցանկացող որեւէ սիրիահայի մասին մեզ որեւէ տեղեկություն հայտնի չէ, երեկ «Ազատությանն» ասել է սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը։ «Տարհանման ցանկություն չկա։ Բնակիչներից ահազանգեր չկան: Տարհանելու իրավունք ունի Սիրիայի կառավարությունը, որովհետեւ նրանք Սիրիայի քաղաքացիներ են, իսկ երբ իրենք դիմում են մեզ, մենք արդեն գտնում ենք ուղիները ոչ թե տարհանելու, այլ տեղափոխելու», – ասել է փոխնախարարը: