Ինչպես հայտնի է` երեկ ՀՀԿ խորհրդի և ԳՄ նիստերի ժամանակ քննարկվել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը: Այսօր մի քանի ՀՀԿ-ականներ լրագրողների հետ զրույցում կառավարության ծրագիրը հավակնոտ համարեցին և գովեստի խոսքեր հղեցին: Այս ֆոնին հետաքրքիր կլինի վերհիշել նախկին վարչապետեր Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի կառավարությունների ծրագրերն ու ՀՀԿ-ականների այն ժամանակվա մեկնաբանությունները:
Ինչ էր խոստանում Տիգրան Սարգսյանը
Տիգրան Սարգսյանն իր կառավարության ծրագիրը ներկայացրել էր 2012 թվականի հունիսին: Այն ժամանակ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնվել էր բավական ծանր դրության մեջ, քանի որ նրա կառավարության ծրագիրը խստագույն քննադատության էին ենթարկել խորհրդարանական չորս խմբակցություններ՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն»: Արդեն իսկ ակնհայտ է, որ այս անգամ ՀՅԴ-ից խիստ քննադատության սպասել չենք կարող: Ընդդիմությունը շատ խիստ էր գտնվել Սարգսյանի հանդեպ: Ինչպես բնորոշել էր պատգամավոր Ալիկ Արզումանյանը, այդ ծրագրի փոխարեն կարելի էր բաժակաճառերի հատորյակ բերել խորհրդարան և տարբերությունը մեծ չէր լինի:
«Ապահովելու ենք բարձր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծում, կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծում, աշխատավարձերի համակարգված բարձրացում, կրթության որակի եւ հասանելիության բարձրացում, առողջապահության որակի բարձրացում եւ հասանելիություն, պարապուրդի մատնված գործարանների վերագործարկում, անհրաժեշտության դեպքում՝ սեփականատիրոջ փոփոխմամբ»,-նշել էր նա:
Ինչ էր խոստանում Հովիկ Աբրահամյանը
Հովիկ Աբրահամյանի ներկայացրած կառավարության նոր ծրագիրը ՀՀ քաղաքացիներին խոստանում է 5 տոկոս տնտեսական աճ գրանցել: Զուգահեռներ անցկացնելով` ընդգծենք, որ նախորդ կառավարությունը՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, խոստացել էր տնտեսական աճի 5-7 տոկոսի գրանցում: Շատ առումներով է Հովիկ Աբրահամյանի ներկայացրած ծրագիրը համեստ՝ համեմատած նախորդ կառավարության ծրագրի հետ. Տիգրան Սարգսյանի կառավարությունը, բացի 5-7 տոկոս տնտեսական աճից, խոստացել էր և նվազագույն աշխատավարձի բարձրացում՝ մինչև կրկնապատկում, երբ ներկայիս ծրագիրը մինիմալ աշխատավարձը խոստանում է հասցնել 65.000 դրամի:
Այն ժամանակ ԲՀԿ-ականների հայտարարությունները, որպես կանոն, սկսվում էին հետևյալ նախադասությամբ. «Պարոն վարչապետ, հասկանալի է, որ Դուք վատ ժառանգություն եք ստացել…»։ Իսկ ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ չեն աշխատի այս կառավարության հետ, որովհետեւ չեն հավատում Հովիկ Աբրահամյանի խոստումներին, մասնավորապես, մենաշնորհները վերացնելու եւ բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու հարցում։
Համեմատության համար նշենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 5-7 տոկոս տնտեսական աճ, 8-10 տոկոսային կետով աղքատության ապահովումից, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկումից բացի նաեւ խոստանում էր 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչեւ 1.8 կետով, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճ՝ ՀՆԱ նկատմամբ տարեկան 0.3-0.4 կետով եւ այսպես շարունակ:
Մյուս բոլոր առումներով Հովիկ Աբրահամյանի ու Տիգրան Սարգսյանի ծրագրերն իրարից առանձնապես չեն տարբերվում. նույն շաբլոն խոսքերն ու խոստումներ են: Ավելին՝ այստեղ կարելի է հանդիպել նաեւ դրույթների, որոնք նախկին կառավարության ծրագրերի տառացի կրկնությունն են՝ «copy-past» սկզբունքով: Բանը հասել է նրան, որ կառավարության ծրագրում տեղ է գտել նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, այնինչ՝ ՀՀ ՍԴ-ն այն ճանաչել էր հակասահմանադրական:
Սպասելի է, որ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը ևս կարող է արժանանալ ընդդիմության քննադատությանը: Հետաքրքիր է նաև, թե ինչպես կարձագանքեն ծրագրին ՀՀԿ-ականները: Առաջին արձագանքները, թերևս, ոչնչով չեն տարբերվում մյուս կառավարության ծրագրերի գնահատականներից:
Նաիրա Հովհաննիսյան