Ինչպես է կայացվել չարաբաստիկ որոշումը. Հովհաննես Հովսեփյանի վատության հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Հովսեփյանի վերջին վատությունը բիզնես շրջանակներում բողոքի եւ դժգոհությունների նոր ալիք է բարձրացրել: Անցած շաբաթ երրորդ ընթերցմամբ ԱԺ-ի կողմից ընդունված աղմկահարույց նոր Հարկային օրենսգիրքն արդեն տալիս է բացասական արդյունքը:

«Ժողովուրդ»-ը բազմիցս անդրադարձել է ինտերնետ շահումով խաղեր եւ վիճակախաղեր կազմակերպող ընկերությունների կողմից վճարելիք պետական տուրքի շուրջ առաջացած աղմուկին: Ինչպես հայտնի է՝ 5 անգամ բարձրացվել է պետական տուրքը՝ ինտերնետ շահումով խաղեր եւ վիճակախաղեր կազմակերպման յուրաքանչյուր լիցենզիայի ներկայիս 100 միլիոն դրամի փոխարեն սահմանելով 500 միլիոն դրամ, այսինքն՝ մեկ կազմակերպությունը, որը կազմակերպում է ինտերնետ շահումով խաղեր եւ վիճակախաղեր, պետք է ընդհանուր, ամեն տարի վճարի 1 միլիարդ ՀՀ դրամ պետական տուրք:

Նախ տեղեկացնենք, որ առցանց խաղատները եւ սպորտային միջոցառումների վրա խաղադրույքներ ընդունող ընկերությունները նույն դաշտում են գործում: Եւ հիմա նրանցից ավելի շատ գումար պիտի գանձվի, իսկ ինչի հաշվին, բնականաբար քաղաքացիների մեջ խաղամոլությունը զարգացնելու գնով: Բայց խնդիրը միայն դա չէ: Առաջացած մտահոգությունների պատճառն այն է, որ, ըստ էության, նախագծով շուկայում մենաշնորհ հաստատելու նախադրյալներ են ստեղծվում, քանի որ այսօր այդ շուկայում գերիշխող դիրք ունեցող «Վիվառո» ՍՊԸ-ն միայն կկարողանա վճարել սահմանված ահռելի պետտուրքը: «Եվրոֆուտբոլ», «Տոտո Գեյմինգ» եւ «Գուդվին» ընկերությունները գուցե փակվեն, քանի որ չունեն այդքան շրջանառություն:

Իսկ ինչպես է կայացվել չարաբաստիկ որոշումը: «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նախագծի շուրջ որեւէ քննարկում, այդ թվում` ոլորտի մասնագետների եւ ներկայացուցիչների հետ տեղի չի ունեցել: Ընդամենը մի գիշերվա ընթացքում հնչել է առաջարկն, ու կայացվել նախագիծն առաջ քաշելու որոշումը: Կայքերից մեկն արդեն գրել է, որ այս ամենի հետեւում կանգնած է եղել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախկին նախագահ Հ. Հովսեփյանը: Չի բացառվում, որ նա կոնկրետ շահագրգռվածություն է ունեցել «Վիվառո» ՍՊԸ-ի կողմից եւ որոշել է այդ ընկերությանը «մի քանի միլիոնի լավություն անել»: Ինչի դիմաց էլ հավանաբար այդ ընկերությունն է «մի քանի միլիոնի լավություն արել» ՊԵԿ նախկին նախագահ Հ. Հովսեփյանին: Դժվար է այլ դրդապատճառ պատկերացնել, քան բոլորին հայտնի «լավությունները», որը կստիպեր ՊԵԿ նախկին նախագահ Հ. Հովսեփյանին հրահանգել մեկ գիշերվա մեջ Հարկային օրենսգրքի նախագծում գաղտագողի ավելացնել պետական տուրքի հինգանգամյա ավելացման «անվնաս» կետը:
Ի սկզբանե խոսվում էր այն մասին, որ պետտուրքի բարձրացումը նպատակ ունի 4 միլիարդ մուտք ապահովել պետբյուջե, սակայն ֆանտաստիկ գիտելիքներ պետք չէ ունենալ` հասկանալու համար, որ նման գումար շուկայում չի շրջանառվում, այդ թիվը հնարովի է:

Եվ հերթական անգամ պետք է փաստենք, որ մենաշնորհը վերացնելու կամ գոնե նվազեցնելու բարձրագոչ հայտարարություններ անող ՀՀ նոր կառավարությունը չի խախտում ավանդույթը` զարկ տալով երկրում մենաշնորհների զարգացմանը: Արդյունքում` ունենք անլուծելի փաստի առաջ կանգնած բազմաթիվ գործարարներ, IT ոլորտի մասնագետներ, որոնք իրենց աշխատանքը հավանաբար կկորցնեն:
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ը փորձեց խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ Հովհաննես Հովսեփյանից, սակայն նրա հետ կապվելու բոլոր ջանքերն ապարդյուն անցան: ՊԵԿ նախագահի պաշտոնից դուրս գալուց հետո նրան անհնար է գտնել:

Արփինե Թովմասյան




Լրահոս