Ռազմական գործողությունների հավանականությունը երբևէ պետք չէ բացառել. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս ակտիվ քննարկվում է Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների անցնելը, թե որքանո՞վ է հայկական կողմը պատրաստ նման գործողությունների, ինչի՞ մասին են խոսում Ալիևի հայտարարությունները, այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

-Վերջին օրերին շատ խոսվեց պատերազմի հնարավոր վերսկսման մասին, ըստ Ձեզ, հակառակորդի կողմից, առաջիկայում լայնամասշտաբ ռազմական գործողություններ հնարավո՞ր են, թե ոչ և ի՞նչ ժամկետների մասին է խոսքը:

-Հստակ որևէ մեկը ոչինչ ասել չի կարող: Եթե ինչ-որ պետություն պատրաստվում է պատերազմ սկսել, նա երբևիցե չի ասելու, թե որ օրը և որ ժամին  է դա պատրաստվում իրականացնել:

Ռազմական գործողությունների հավանականությունը երբևէ պետք չէ բացառել, բայց դա չի նշանակում, որ հավանականությունը մեծ է: Ադրբեջանն արդեն իսկ ապրիլ ամսին փորձեց լայնածավալ գործողությունների միջոցով հասնել իր նպատակներին, սակայն դա չի ստացվել, կրել է բավականին մեծ կորսուստներ և հիմա դժվար է շուտափույթ ապաքինվելը:

-Այսինքն Ադրբեջանի «ձեռքերը կապողը» միայն կրած կորուստնե՞րն ու դժվարին ապաքինո՞ւմը:

-Միանշանակ ոչ, կան նաև բազմաթիվ գործոններ, որոնք  թույլ չեն տալիս, որպեսզի Ադրբեջանն անցնի ադրբեջանաղարաբաղյան հակամարտության ուժային տարբերակի լուծման: Նախ և առաջ այդ գործոններից է Արցախի և Հայաստանի զինված ուժերի մարտունակության աստիճանը, որը թույլ է տալիս չեզոքացնել թշնամու ցանկացած ոտնձգություն, և երկորդ` միջազգային հանրության հստակ մոտեցումն է, որ պատերազմի միջոցով հնարավոր չէ կարգավորել հակամարտությունը:

Ադրբեջանը նաև ներքին խնդիրներ ունի, որոնք ևս նման սցենար ընտրելու հարցում դժվարություններ են ստեղծում:

-Կարո՞ղ ենք ասել, որ հայկական կողմը պատրաստ է ադրբեջանական ցանկացած  գործողության դիմակայելուն:

-Իհարկե՛, եթե պատրաստ չլիներՙ վաղուց էր նա ձեռքերն ազատել, և հարցը ռազմական ճանապարհով լուծել:

-Ի՞նչ կասեք Ալիևի այն հայտարարության մասին, որ իրենց «փակ դռների հետևում ստիպում են ընդունել ղարաբաղի անկախությունը», ի՞նչ է սա իրենից ենթադրում:

-Դա նշանակում է, որ միջազգային հանրությունն իրոք գիտակցում է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, որպես հակամարտության համապարփակ կարգավորման ամենահուսալի հիմք: Այդ հարցում հնարավոր չէ այլ տարբերակով հասնել լուծման: Ալիևի այդ հիստերիկ հայտարարությունները, որ  պատրաստ են տրամադրել Արցախին ինքնավարություն և այլն, դա ոչ այլ ինչ է, եթե ոչ հուսահատություն, կամ նյարդայանացած հիստերիայի դրսևորումներ:

-ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում անդրադարձել էին նաև ԼՂՀ հարցի կարգավորմանը, սակայն որևէ կոնկրետություն այդ հայտարարություններում չկար:

-Ի՞նչ կոնկրետ քայլ եք ակնկալում, ՀԱՊԿ-ն չի հանդիսանում հակամարտության կարգավորման միջնորդ կազմակերպություն: Հստակ հայտարարությունը, մեսսիջը եղել է այն, որ պետք է կարգավորումը լինի խաղաղ, սա ամենակարևորն ու շոշափելին է:

-Պարոն Բաբայա՛ն, շատ է խոսվում էնաև, որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունների մերձեցումը կբերի նրան, որ ՌԴ-ն թույլ կտա Թուրքիային խառնել Ադրբեջան-Ղարաբաղ հակամարտության կարգավորմանը:

-Ես չեմ կարծում, որ այդ մերձեցումը լինելու է Հայաստանի, Արցախի հաշվին, և Թուրքիան կդառնա միջնորդ երկիր: Դա հնարավոր չէ պարզապես, նախ և առաջ անընդունելի է, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Այդ մասին խոսել են նաև Մինսկի խմբի եռանախագահները և այդ երկրների  ղեկավարները, որովհետև Թուրքիան կողմնապահություն է անում, հակահայկական քաղաքականություն է վարում:

Թուրքիան միշտ բացասական ազդեցություն է թողնում: ՌԴ-ն էլ է հստակ մատնանշել, որ Թուրքիան Արցախի շրջափակում կկատարի:

Այդպիսի հայտարարություն որևէ մեկի կողմից չի հնչեցվել, թուրքաադրբեջանական քարոզչամեքենայի հիման վրա պետք չէ ուրիշ թեմաների վրա կենտրոնանալ և փորձել ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունները ինչ-որ ձևով խաթարել:

Զրուցեց Լիլիթ Շաբոյանը




Լրահոս