«Ժողովուրդ»-ի խմբագրություն բազմիցս են դիմում զինհաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ, ովքեր լրջագույն խնդիրների առջև են կանգնած:
Այդպիսիք են` ՀՀ Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի 43-ամյա բնակիչ, պայմանագրային զինծառայող Ալբերտ Մարտոյանը, ում ոտքերը ապրիլյան պատերազմի օրերին 4-րդ աստիճանի ցրտահարվել են, ինչի արդյունքում մայիսի 30-ին նրա ոտնաթաթերը եւ կրունկները կտրվել են, և նախկին ժամկետային զինծառայող Գրիշա Առաքելյանը, ով 2014թ. մարտին բանակում ձեռք է բերել ծանր հիվանդություն և այսօր առաջին կարգի զինհաշմանդամ է:
Այս խնդրի առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, զինհաշմադամները բազմիցս բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին: Դուք մի նախագիծ էիք մշակել, որը հնարավորնինս պետք է հեշտացներ այս գործընթացը և դա քննարկվել էր Սոցիալտնտեսական հանձնաժողովում: Ձեր կարծիքով, որտե՞ղ են կայանում խնդիրները:
– Դեռ ամիսներ առաջ ես հետևյալ գաղափարն էի առաջ քաշել, որ ամիսը մեկ մեր տարածքային մարմինների առողջապահության պատասխանատուների հետ, սոցիալական ծրագրերի պատասխանատուները այցելեն զինհաշմանդամներին և իրենց տրամադրեն տեղեկատվական ծառայություն:
Օրինակ, եթե կա ինչ-որ հիվանդության զարգացում, իսկ իրենք գիտեն, որ պետությունն արդեն ունի պարտավորություններ, իրենց հարցով, իրենց ճիշտ խորհուրդներ տան, պարտադիր չի ամեն անգամ, որևէ շրջանից մարդիկ ճանապարհ կտրեն գան հասնեն ռազմական հոսպիտալ, որ ստանան ուղղեգիր ու նորից վերադառնան գնան ինչ-որ հիվանդանոց, քանի որ պետությունը շատ ժամանակ պետք է իրենց առողջապահության ծառայությունը անվճար մատուցի, օրինակ առողջապահության ծառայողը խորհուրդ կտա, ճիշտ ուղղության վրա կդնի:
Իսկ սոցիալական աշխատողը կտեղեկացնի և կտանի այն բոլոր ծառայությունները, որը պետությունը պարտավորություններ է հանձնել իրենց սոցիալական իմաստով ապահովվելուն, որովհետև շատ ժամանակ զինծառայողները տեղյակ չեն իրենց իրավունքներից կամ չեն տիրապետում օրենսդրական դաշտին կամ չեն իմանում , թե որտեղ պետք է գնան, որն է ավելի ճիշտ: Ցավոք,այս օրենքի նախագիծը կառավարությունը մերժեց, սակայն նշեմ, որ գիտակցելով, որ խնդիրը լուրջ է, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն իր արձակուրդի ժամանակ ինքնակամ գնաց, այցելեց շատ զինհաշմանդամների, տեսնելով իրավիճակը նույնիսկ ներքին հրաման տվեց, որ ոչ թե երեք ամիսը մեկ, այլ ամիսը մեկ, առողջապահության մարզային պատասխանատուներն անպայման այցելեն զինհաշմանդամներին և հոգատարություն անեն: Իսկ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունը լսել եմ, որ մի անգամ քննարկում է ունեցել և թե ինչ արդյունքի են հասել`տեղյակ չեմ :
-Առաջին կարգ ստանալու համար զինհաշմանդամները, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում քաշքշուքների մեջ են ընկնում: Սրա մասին ի՞նչ կասեք:
-Ցավում եմ, որ միշտ այս հարցում մեղավորություններ են փնտրում, բայց դա ընդամենը կազմակերպչական խնդիր է , այլ ոչ թե ֆինանսական: Երբ, սոցիալական ծառայողները տեղում կայցեն, կտեսնեն և իրենք էլ կգիտակցեն, որ իմաստ չկա մարդկանց այդքան տանջել: Իսկ սոցիալական աշխատողի գաղափարը փաստորեն մեզ մոտ վերածվել է գրասենյակային աշխատանքի, որովհետև ինքը նստած է և սպասում է տարբեր մարդիկ գան իր մոտ, այլ ոչ թե ինքը գնա, ամեն ինչ վերածվում է քաշքշուքի:
Մենք պետք է փիլիսոփայությունը սոցիալական ծառայության փոխենք, սոցիալական ծառայության աշխատողները իրենք պետք է այցելեն բնակչությանը, զինհաշմանդամներին, մարդիկ կան ովքեր կարիք ունեն և խնդիրները փորձեն տեղում լուծել, այլ ոչ թե այդ մարդկանց տանեն բերեն տարբեր գրասենյակի դռները, և դրանից հետո էլ ձևական լուծումներ ապահովվեն ասելով, որ չգիտեմ… Եթե առաջին կարգի հաշմանդամության կարգավիճակ տանք, ապա ստանձնում ենք ինչ-որ ֆինանսական պարտավորություններ, եթե այդ մարդը կարիք ունի ի՞նչ է սա նշանակում: Սա այսօր բավականին լուրջ խնդիր է և, կարծում եմ, որ սոցապ նախարարությունը օր առաջ պետք է սկսի զբաղվել այս խնդրով:
Լիդա Եղիազարյան