Կառավարության ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Մեր պայծառ ապագան» թեմայով շարադրությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը, որը երեկ խորհրդարանը սկսեց քննարկել, ընդհանրական գնահատելու դեպքում կարող ենք արձանագրել, որ այս փաստաթուղթը հատկապես աչքի է ընկնում նրանով, որ դրանում գրեթե իսպառ բացակայում են չափելի տվյալները:

Օրինակ՝ տնտեսության զարգացմանը վերաբերող բաժիններում հնարավոր չէ գտնել կոնկրետ թվով արտահայտված ցուցանիշ, որը նոր կառավարությունը խոստանում է վեց ամսում կամ մեկուկես տարում իրագործել: Վերցնենք Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրիը, դրանում սեւով սպիտակի վրա գրված էր. «2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝ 1 զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով. 2 նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչեւ 65.000 դրամի. 3 աղքատության կրճատման ապահովում՝ 10 տոկոսային կետով»:

Այսինքն՝ ըստ վերը բերված տվյալների՝ կարող ենք հստակ ասել, որ նախորդ կառավարությունն իր ծրագրով խոստացված ցուցանիշները այդպես էլ չի ապահովել: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունն ավելի խորամանկ մոտեցում է կիրառել` լիքը սիրուն բառեր, խոստումներ են գրել` առանց չափելի տվյալների, որպեսզի երբեւէ հնարավոր չլինի ասել՝ դուք խոստացել էիք այսքան աճ կամ աղքատության այսքան կրճատում, բայց դրանք չեք ապահովել:

Վերցնենք նոր կառավարության ծրագրի` «Պետական կառավարման համակարգի օպտիմալացում» բաժինը: Թվում է, թե նոր կառավարությունը առնվազն պետք է սահմանի, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատում է այսքան մարդ, եւ իրենք նախատեսում են այդ թիվը 5 կամ 10 տոկոսով կրճատել: Սակայն նման տվյալ այդ փաստաթղթում չեք գտնի: Փոխարենն այդ բաժնում, օրինակ, այսպիսի կենաց-խոստումներ կան. «Վստահված ոլորտի արդյունավետ կառավարման համար կառավարության անդամների պաշտոնական լիազորությունների ավելացում եւ դրան համարժեք հանրային-իրավական պատասխանատվության սահմանում», «Պետական կառավարման ապարատի ծախսերի կրճատում՝ հիմք ընդունելով իրականացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը», «Պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթներից հրաժարում» եւ այսպես շարունակ:

Հասկանալի է, չէ, որ եթե մեկ տարի կամ երկու տարի հետո որեւէ մեկը Կարեն Կարապետյանին հարցնի, թե արդյոք վերը բերված խոստումներն իր գլխավորած կառավարությունն իրականացրել է, նա հպարտորեն կարող է ասել՝ այո, որովհետեւ նրա ասածը ստուգելու որեւէ տարբերակ գոյություն չունի: Ավելին՝ նա հենց վաղն էլ կարող է հայտարարել, որ իրենց ծրագրի՝ վերը բերված «խոստումներն» արդեն իրագործել է, իսկ ով չի հավատում, թող փորձի հակառակն ապացուցել:

«Ներդրումների խրախուսում եւ պաշտպանություն» բաժնում, օրինակ, նշված է. «Մեկ տարվա ընթացքում ներդրումային ծրագրերին աջակցող պետական կամ պետության մասնակցությամբ կառույցների օպտիմալացում եւ գործունեության արդյունավետության բարձրացում»: Իսկ քանի նման կառույց կա, նրանց վրա պետբյուջեից որքան գումար է ծախսվում, ապագայում այդ կառույցների թիվը քանիսն է լինելու, պետբյուջեից որքան գումար է ծախսվելու ձրիակերների այդ բանակին «աշխատատեղերով» ապահովելու համար, այս հարցերի պատասխանը դուք կառավարության ծրագրում չեք գտնի: Նույն բաժնում կարդում ենք նաեւ. «Որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգի մշակում»:

Կարող էին, չէ, հստակ գրել, թե որքան գումարի ներդրման մասին է խոսքը, այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացիությունը «քանիսով» են պատրաստվում վաճառել, բայց ոչ, կոնկրետ թիվը չեն նշել, կարեւորը խոստանում են, եւ պոտենցիալ շահառուները ապագայում կարող են կառավարության հետ սակարկությունների մեջ մտնել:
Վերցնենք մեկ այլ օրինակ. Կարեն Կարապետյանի կառավարությունը խոստանում է տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում՝ «փոքր եւ միջին ձեռներեցության խթանման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման նպատակով»: Մի հարցնող լինի՝ իսկ ով է ասում, որ նախորդ կառավարությունները վերը բերված ուղղությամբ ակտիվ քաղաքականություն չեն վարել: Լավ էլ վարել են, Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց թիվը գնալով աճել է, պարզապես դրա արդյունքում աղքատության թիվը եւս աճել է, ինչը նշանակում է, որ երկրում առկա կապիտալը շարունակվել է կուտակվել մարդկանց փոքր խմբի ձեռքում:

Իհարկե, առանձին դեպքերում ծրագրում կոնկրետ թվեր են նշված, որոնք իրենց բնույթով անվնաս են եւ դրանց կատարել-չկատարելու արդյունքում հարստատ հարցեր տվողներ չեն լինի: Օրինակ՝ խոստանում են 2017 թվականին 150 համայնքներ միավորել 18 փնջի մեջ, այլ կերպ ասած՝ շարունակել համայնքների խոշորացումը: Հասկանալի է, չէ, որ այս խոստման կատարումը մեծ հաշվով կառավարությունից բացի ոչ մեկին չի հետաքրքրելու: Իսկ կառավարությանն էլ հետաքրքիր է, քանի որ այդ ծրագրի անվան տալ միջազգային դոնորներից դրամաշնորհներ եւ վարկեր են ստանալու:

Չափելի խոստումներ կան նաեւ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող բաժնում: Մասնավորապես, կառավարությունը խոստանում է՝ կես տարում 60 գյուղական բնակավայրերում կմեկնարկեն գյուղական տուրիզմի փորձնական ծրագրեր, ինչպես նաեւ թվով 5 քարանձավներ պետք է զբոսաշրջային վայրերի վերածվեն: Ի դեպ, «Զբոսաշրջության զարգացումը» կառավարության ծրագրի այն եզակի բաժինն է, որում բերված խոստումների մեծ մասը չափելի է, այսինքն՝ կոնկրետ թվով աշխատանքներ են նշված, որոնք պետք է իրականացվեն կոնկրետ ժամկետում:

Կառավարության ծրագրի մի շարք բաժիններում, օրինակ` սոցիալական քաղաքականության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ, բերված «խոստումներն» այնպիսին են, որ Կարեն Կարապետյանը ոչ թե ծրագիրն ընդունելու հաջորդ օրը, այլ մինչեւ այդ կարող է հայտարարել, որ դրանք իրագործել է: Կենաց-խոստումների առանձնահատկությունը հենց դրանում է կայանում. այն արտաբերելու հենց հաջորդ պահին մարդը կարող է ասել, որ ինքն իր խոստումն իրագործել է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս