ՀՀ մարզերի քաղաքային եւ գյուղական համայնքներում մշտապես եկամուտների հավաքման խնդիր է լինում: Մարդիկ գումար չեն ունենում, որպեսզի ժամանակին վճարեն իրենց հարկերը՝ գույքահարկ, հողի հարկ: Նման խնդիր ունի նաեւ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետարանը:
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ Ստեփանավանի հողօգտագործողների կողմից այս տարվա մարտի 30-ի դրությամբ հողի վարձավճարների գծով պարտքը կազմել է 512 հազար 100 դրամ, իսկ տույժը` 108 հազար 800 դրամ: Այսինքն՝ հողօգտագործողները Ստեփանավանի քաղաքապետարանին պարտք են ընդամենը 621 հազար դրամ: Բացի այս՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքում չի գանձվել նաեւ տեղական տուրքը՝ մոտ 1 մլն դրամ, ինչի արդյունքում խախտվել են «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի պահանջները:
Ի դեպ, անցած տարվա գործունեությունից գույքահարկի եւ հողի հարկի մասով գոյացած պարտքերը կազմում են մոտ 12 մլն 800 հազար դրամ /հողի հարկ/ եւ ավելի քան 11 մլն դրամ /գույքահարկ/: Նշենք, որ 2015 թվականի հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրումները կազմել են՝ հողի հարկի մասով` 11,5 մլն դրամ, գույքահարկի մասով` 39 մլն դրամ: Իսկ այս տարվա ապրիլի դրությամբ հողի հարկի փաստացի հավաքագրումը կազմել է 3,5 մլն դրամ, գույքահարկի մասով` 8,7 մլն դրամ: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հողի հարկի եւ գույքահարկի վճարումները չկատարած, եւ պարտքերը կամ տույժերի հետ համայնքի բյուջե չվճարված գումարները կազմում են 23,8 մլն դրամ, որից 12,7 մլն դրամը հողի հարկի, իսկ 11 մլն դրամը գույքահարկի պարտք է: Այդ թվում է նաեւ անշարժ գույքի մասով՝ 1,7 մլն դրամ եւ փոխադրամիջոցների մասով՝ 9,3 մլն դրամ պարտքը:
Այս տարվա 1-ին եռամսյակի ընթացքում համայնքի բյուջե տեղական տուրքերի մասով պակաս է գանձվել 928.5 հազար դրամ, որը պետք է մինչեւ տարեվերջ գանձվի: Օրինակ՝ տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության գումարը կազմում է տարեկան 45 հազար դրամ: Ստեփանավանում գործում է նմանատիպ 8 վաճառքի կետ: Ի դեպ, նշենք, որ յուրաքանչյուր վաճառքի կետի սեփականատեր պարտավոր է քաղաքային բյուջե վճարել վաճառքի թույլտվության վճար: Սակայն այս տարվա ընթացքում վաճառքի թույլտվության վճար գանձվել է միայն 155 հազար դրամ: Նախատեսվածից 205 հազար դրամ պակաս է հավաքագրվել: Վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության գումարը կազմում է տարեկան 150 հազար դրամ: Ստեփանավանում կա նմանատիպ 6 վաճառքի կետ: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա, որպես վաճառքի թույլտվության վճար, գանձվել է ընդամենը 505 հազար դրամ: Նախատեսվածից 395 հազար դրամ պակաս է հավաքագրվել:
Այս տարվա ծխախոտի եւ ոգելից խմիչքի տեղական տուրքերից հավաքագրումը նախատեսվել է 2 մլն 444 հազար դրամ: Բայց այս տարվա մարտի 24-ի դրությամբ համայնքի բյուջե մուտքագրվել է առաջին եռամսյակի թույլտվության համար 728 հազար դրամ: Նշենք, որ Ստեփանավանում գործում է 58 խմիչք-ծխախոտի, 9 խմիչքի եւ 3 ծխախոտի վաճառքի կետ: Հետաքրքիր է՝ արդյոք ծխախոտի եւ խմիչքի վաճառքով զբաղվող տնտեսվարողները կկարողանան մինչեւ տարեվերջ մարել տեղական տուրքերը:
Ի դեպ, Ստեփանավանի քաղաքապետարանն ունի նաեւ աղբահանության նպատակով գոյացած պարտքերը հավաքագրելու խնդիր. աղբահանության վարձավճարները անցած տարվա համար 1 մլն դրամի չափով պակաս են հավաքագրվել համայնքային բյուջե:
Նշենք, որ անցած տարվա տվյալներով՝ Ստեփանավանում հաշվառվել է շուրջ 17 հազար բնակիչ: Քաղաքում մշտական բնակվում են եւ աղբահանության ծառայություններից օգտվել են շուրջ 9.5-10 հազար բնակիչ, որոնց աղբահանության վարձավճարի գումարը կազմել է մոտ 9.5 մլն դրամ: Բացի բնակչությունից՝ քաղաքում հաշվառվել են նաեւ 178 հասարակական սպասարկման գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներ, որոնց աղբահանության վարձավճարը կազմել է ավելի քան 3 մլն դրամ: Ընդամենը աղբահանության վարձավճարները կազմել են մոտ 12.5 մլն դրամ:
Տեղեկացնենք, որ աղբահանության վճարների գանձման աշխատանքները «Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ից քաղաքապետարանին են փոխանցվել անցած տարվա հունվարի 1-ից: Սակայն այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակչության կենցաղային աղբահանության գծով պարտքը կազմել է 2 մլն 172 հազար դրամ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ