ՀՀԿ-Ն ԶԲԱՂՎԱԾ Է ԻՆՔՆԱԽԱԲԵՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ երբեմնի «հզոր» ՀՀԿ-ի «ձայների ապահովման համակարգը» գնալով խափանվում է: Չնայած հանրապետականները «գոհ» են իրենց գրանցած արդյունքներից` ներկայացնելով այն համայնքներում ստացած ձայները` տոկոսներով, որտեղ իրենք «հաղթանակներ» են գրանցել, բայց 2012 եւ 2016 թվականներին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համեմատությունը փաստում է իշխող ուժի տապալման մասին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Հանրապետական կուսակցության հնաբնակների ազդեցության տակ գտնվող երիտթեւի ներկայացուցիչները (ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ), որոնց վստահված էր վերջին ՏԻՄ ընտրությունների քարոզչական գործառույթները, որի արդյունքում պետք է «մաքուր ձայներ հավաքեին», ինքնագոհ հայտարարում են, թե հաղթանակած են դուրս եկել այս ընտրություններից: Ավելին` անգամ խոսում են, որ իրենց կազմակերպած ընտրությունները գերազանցել են նախորդ ընտրություններին, որոնց կազմակերպման գործը վստահված էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ընտրությունների արդյունքներից տեղյակ մարդու համար այստեղ մի տրամաբանական հարց է առաջանում. այդ ինչպե՞ս է նրանց հաջողել ունենալ արդյունավետ ընտրություններ, եթե գրանցած ցուցանիշները խայտառակ տարբերություն ունեն նախորդ ընտրությունների ցուցանիշներից:
Փորձենք ներկայացնել 2012 եւ 2016 թվականներին Հայաստանի երկու խոշոր համայնքներում` Գյումրիում եւ Վանաձորում, տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վիճակագրությունը, որը կփաստի ՀՀԿ-ի տապալման մասին: Այսպիսով՝ 2012 թվականին Գյումրիում գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների, կազմում է 46 093, իսկ 2016 թվականին` 45 670: 2012 թվականին Գյումրիում ՀՀԿ-ի հովանավորյալ ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանի օգտին քվեարկել է 27500 ձայն: Հատկանշական է, որ 2016 թվականին նույն Սամվել Բալասանյանը, թեեւ ընտրություններին մասնակցեց Խոսրով Հարությունյանի կուսակցության՝ ՀՔԴԿ-ի հետ դաշինքով` «Բալանսայան դաշինք», այնուամենայնիվ, ստացավ ընդամենը 14 987 ձայն: Ավելին` դաշինքի ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանը քաղաքապետ դարձավ բոնուսային համակարգի օգնությամբ միայն: Հիշեցնենք, որ 2012 թվականի ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ Սամվել Բալասանյանը իր շրջապատում ինքնագոհ խոսում էր, թե ինքը վստահաբար իր գրպանում ունի նվազագույնը 25 հազար ձայն: Բայց պարզվում է` չորս տարիների ընթացքում Սամվել Բալասանյանի գրպանից խլել են ձայների գրեթե կեսը:
ՀՀԿ-ի քարոզչական մեքենան նույն հետընթացն է գրանցել նաեւ Վանաձոր քաղաքում: 2012-ին գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվն այստեղ, ըստ ստորագրությունների, եղել է 44 540, իսկ 2016-ին` 41 278: Եւ եթե 2012 թվականին ՀՀԿ-ի ներկայացուցիչ Սամվել Դարբինյանի օգտին քվեարկել էր 21 321 վանաձորցի, ապա 2016 թվականի ընտրություններում ՀՀԿ-ն ներկայացնող Մամիկոն Ասլանյանը ստացավ 14 889 ձայն, մոտ 7 հազար ձայնով պակաս նախորդ ընտրություններից: Իհարկե, հայտնի է, թե ինչ ջանքերի գնով Մամիկոն Ասլանյանը մի կերպ քաղաքապետ դարձավ:
Այսպիսով՝ նաեւ պաշտոնական թվերի համեմատությունն է հուշում, որ իշխանական ՀՀԿ-ի վարկանիշը, մեղմ ասած, ընկել է: Եւ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ավելի մեծ խնդրի է բախվելու 2017 թվականին: Եթե այս ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին չհաջողվի իրականացնել «կարուսել» օպերացիան (երբ ընտրողին տալիս են քվեարկած քվեաթերթիկը՝ փորախենը նրանից ինչ-որ բանի դիմաց պահանջելով տեղամասից դուրս բերել դատարկ քվեաթերթիկը), ապա 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին բարդ կլինի քվե ապահովելը: Ինչո՞ւ: Հիմա բացատրենք:
2017 թվականի խորհրդարանական ընտրություններն արդեն անցկացվելու են նոր Ընտրական օրենսգրքի բոլոր պահանջներին համապատասխան: Իսկ ինչպե՞ս է նոր Ընտրական օրենսգիրքը թույլ տալիս շրջանցել կարուսել իրականացնելու տարբերակը: Ամեն կուսակցության համար լինելու է առանձին քվեաթերթիկ: Քվեաթերթիկներն ունենալու են համարներ, որոնք կուսակցություններին բաշխվելու են վիճակահանությամբ: Մի կողմում լինելու են կուսակցության առաջին երեք համարների ներկայացուցիչների անունները, իսկ մյուս կողմում՝ տվյալ տարածքում կուսակցությունը ներկայացնող թեկնածուները: Այսինքն՝ քվեախցում գտնվող քաղաքացին չի կարող քվեաթերթիկի որեւէ շարժ կատարել, առավել եւս իր հետ ընտրատարածքից դուրս հանել որեւէ քվեաթերթիկ, որովհետեւ ավելորդները գցվելու են աղբամանի մեջ, ու քաղաքացին դուրս է գալու ընտրատարածքից «ձեռնունայն»: Սա, թերեւս, լուրջ խնդիր է լինելու հանրապետականների համար:
Ինքնասպանության նմանվող այս տարբերակը ՀՀԿ-ն ստիպված եղավ ընդունել արտաքին դոնորների պահանջով, քանի որ պետական բյուջեն լցնելու համար Եվրոպան ընտրական համակարգի իրական բարեփոխում էր պահանջում: Եւ միայն դա բավարարելու դեպքում հնարավոր եղավ շատ դրամաշնորհներ ստանալ ու դեռ կստանան: Ու այս իրավիճակում ՀՀԿ-ին այլ բան չի մնում, քան նոր ընտրակեղծիքների տարբերակներ մշակելը: Ընտրակաշառքն էլ շատ դեպքերում այլեւս չի արդարացնում իրեն:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

ՖՈՒՌԵՐԸ ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը վերանորոգման նպատակով 2016թ. սեպտեմբերի 14-ից տրանսպորտային միջոցների երթեւեկի համար փակ է: Այդ պատճառով Բագրատաշենի մաքսակետով արտերկրից բեռներ ներկրող եւ նույն ուղիով Հայաստանից բեռներ տեղափոխող ֆուռերը երթեւեկում են Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհով: Արդյունքում՝ շրջանցիկ ուղու ծանրաբեռնվածությունը մի քանի անգամ ավելացել է: Շուրջ 20 տոննա բեռներ տեղափոխող խոշոր բեռնատարների ծանրության տակ Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող այդ ճանապարհի շատ հատվածներ շարքից դուրս են եկել: Շրջանցիկ ճանապարհին շատ փոսեր ու ասֆալտի ծածկի նստվածքներ կան: Մի քանի օր առաջ Նոյեմբերյանի ճանապարհաշինարարները այդ հատվածի փոսերը մաքրել են, որպեսզի հետո դրանք ասֆալտով լցնեն: Սակայն անձրեւային սեզոնը վրա հասավ, եւ հիմա այդ փոսերը լցված են ջրով: Դրանք երթեւեկող մեքենաների համար իրական վտանգ են ներկայացնում: Դժվար չէ կռահել, թե ձմռանն այդ ճանապարհն ինչ վիճակում կլինի: Լեռնային տեղանքով ձգվող ճանապարհին մեծ բեռնատարները ձմռանը տեղապտույտ կտան՝ քանդելով ճանապարհի ասֆալտի բարակ ծածկը: Իսկ ճանապարհը սառույցով պատվելու դեպքում բեռնատարները չեն կարողանա հաղթահարել լեռնային վտանգավոր, բազում ոլորաններով ուղին: Կիրանց, Ոսկեպար գյուղերի բնակիչները վկայում են, որ շրջանցիկ ճանապարհի շինարարները դրա հիմքը չեն ամրացրել, ինչի հետեւանքով ճանապարհը «նստում է»: Վարորդները դժգոհում են, որ ճանապարհը կառուցելիս ոլորանները «թարս» են սարքել: Դեպի ձախ ոլորաններում ճանապարհի ծածկը պետք է դեպի ձախ թեքություն ունենա, դեպի աջ թեքության դեպքում՝ աջ: Սակայն ճանապարհաշինական տվյալ նորմը խախտվել է: Շրջանցիկ այդ ճանապարհը կառուցվել է 2001-2003 թվականներին: Խորհրդային տարիներին գործող Ոսկեպար-Կիրանց ճանապարհը 4 կմ երկարություն ուներ: Իսկ, ահա, շրջանցիկ ճանապարհն ունի 11 կմ երկարություն: Ճանապարհը նախագծողներն այն բարձրացրել են դեպի լեռները` 7 կմ-ով երկարացնելով, քանի որ դրա կառուցման առատ ֆինանսավորողը Լինսի հիմնադրամն էր: Ավելի քան 10 տարիների ընթացքում ճանապարհը շատ տեղերում անբարեկարգ է դարձել: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը, որն այժմ այլ անվանում ունի, հրահանգելով սեպտեմբերի 14-ին երթեւեկության համար փակել Վանաձոր-Ալավերդի հատվածը, գիտեր, որ դրանից հետո խոշոր բեռնատարների հոսքն ուղղվելու է Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհ, որի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ուղին անբարեկարգ է: Սակայն նախարարությունը միջոցներ չի ձեռնարկել ռազմավարական նշանակություն ունեցող, Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող ճանապարհը ամռանը նորոգելու համար: Այժմ եղանակային պայմանները անբարենպաստ են ճանապարհի վերանորոգման համար, առջեւում ձմեռ է: Ինչպես ասում են՝ չաշխատեցիք ամռանը…

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՀԷՑ-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ ԿՏՈՒԳԱՆՎԻ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստին որոշում կկայացնի «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 5 մլն դրամ տուգանելու մասին:

Բանն այն է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս տարվա ապրիլի 13-ի որոշմամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն մինչեւ օգոստոսի 1-ը պետք է ավարտեր էլեկտրոնային առեւտրային հաշվիչների ժամային շեղումների շտկման գործընթացը: Եւ այս առիթով ՀԾԿՀ-ն օգոստոսի 2-ին դիմել է ընկերությանը եւ հետաքրքրվել գործընթացից: Սակայն ՀԷՑ-ը օգոստոսի 9-ին Հանձնաժողովին հայտնել է, որ չնայած կատարված աշխատանքներին, դեռեւս կան էլեկտրոնային առեւտրային հաշվիչներ, որոնց ժամային շեղումները տեխնիկական պատճառներով չեն շտկվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Հանձնաժողովը սեպտեմբերի 6-ից ՀԷՑ-ի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ՝ Հանձնաժողովի ապրիլի 13-ի որոշման պահանջը խախտելու փաստի ուսումնասիրության նպատակով:
Ապա ՀԷՑ-ը սեպտեմբերի 14-ին ՀԾԿՀ-ին հայտնել է, որ ձեռնարկել է լրացուցիչ միջոցառումներ էլեկտրոնային առեւտրային հաշվիչների խախտված կամ չուղղված ժամերը շտկելու ուղղությամբ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀԾԿՀ աշխատակազմը ՀԷՑ-ի ներկայացուցիչների հետ սեպտեմբերի 19-ին Երեւանի մի շարք վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում իրականացրել է էլեկտրոնային առեւտրային հաշվիչների ժամերի աշխատանքի ճշտության ստուգում: Ինչի արդյունքում արձանագրվել են մի շարք էլեկտրոնային առեւտրային հաշվիչների ժամային շեղումներ: ՀԾԿՀ-ի կողմից արձանագրված շեղումների մասով ՀԷՑ-ը հոկտեմբերի 12-ին տեղեկացրել է, որ ժամային շեղումներով առեւտրային էլեկտրոնային հաշվիչների հայտնաբերման ուղղությամբ վերջինիս կողմից իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ի հայտ են եկել թվով 29 հազար 786 հաշվիչներ, որոնց շեղումները պայմանավորված են եղել մարտկոցների լիցքաթափված լինելու կամ այլ թերություններով: Բայց այդ խնդիրներն ամբողջական պարզելու նպատակով ՀԷՑ-ը պատրաստակամություն է հայտնել իրականացնել մի շարք փորձաքննություններ եւ կազմել միջոցառումների իրականացման ծրագիր: Եւ չնայած սրան՝ ՀՀ հանրային ծառայությունների հանձնաժողովը որոշում է կայացրել ՀԷՑ-ի նկատմամբ որպես պատասխանատվության միջոց կիրառել տուգանք՝ 5 մլն դրամ գումարի չափով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս