ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՄԵՐ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱՆ» ԹԵՄԱՅՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը, որը այսօր խորհրդարանը կսկսի քննարկել, ընդհանրական գնահատելու դեպքում կարող ենք արձանագրել, որ այս փաստաթուղթը հատկապես աչքի է ընկնում նրանով, որ դրանում գրեթե իսպառ բացակայում են չափելի տվյալները:

Օրինակ՝ տնտեսության զարգացմանը վերաբերող բաժիններում հնարավոր չէ գտնել կոնկրետ թվով արտահայտված ցուցանիշ, որը նոր կառավարությունը խոստանում է վեց ամսում կամ մեկուկես տարում իրագործել: Վերցնենք Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրիը, դրանում սեւով սպիտակի վրա գրված էր. «2014-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝ 1 զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջնաժամկետ` 5 տոկոս աճի միջոցով. 2 նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչեւ 65.000 դրամի. 3 աղքատության կրճատման ապահովում՝ 10 տոկոսային կետով»: Այսինքն՝ ըստ վերը բերված տվյալների՝ կարող ենք հստակ ասել, որ նախորդ կառավարությունն իր ծրագրով խոստացված ցուցանիշները այդպես էլ չի ապահովել: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունն ավելի խորամանկ մոտեցում է կիրառել` լիքը սիրուն բառեր, խոստումներ են գրել` առանց չափելի տվյալների, որպեսզի երբեւէ հնարավոր չլինի ասել՝ դուք խոստացել էիք այսքան աճ կամ աղքատության այսքան կրճատում, բայց դրանք չեք ապահովել:
Վերցնենք նոր կառավարության ծրագրի` «Պետական կառավարման համակարգի օպտիմալացում» բաժինը: Թվում է, թե նոր կառավարությունը առնվազն պետք է սահմանի, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատում է այսքան մարդ, եւ իրենք նախատեսում են այդ թիվը 5 կամ 10 տոկոսով կրճատել: Սակայն նման տվյալ այդ փաստաթղթում չեք գտնի: Փոխարենն այդ բաժնում, օրինակ, այսպիսի կենաց-խոստումներ կան. «Վստահված ոլորտի արդյունավետ կառավարման համար կառավարության անդամների պաշտոնական լիազորությունների ավելացում եւ դրան համարժեք հանրային-իրավական պատասխանատվության սահմանում», «Պետական կառավարման ապարատի ծախսերի կրճատում՝ հիմք ընդունելով իրականացվող գործառույթների անհրաժեշտությունն ու փաստացի իրականացումը», «Պետական կառավարման մարմիններում կրկնվող կամ անարդյունավետ գործառույթներից հրաժարում» եւ այսպես շարունակ: Հասկանալի է, չէ, որ եթե մեկ տարի կամ երկու տարի հետո որեւէ մեկը Կարեն Կարապետյանին հարցնի, թե արդյոք վերը բերված խոստումներն իր գլխավորած կառավարությունն իրականացրել է, նա հպարտորեն կարող է ասել՝ այո, որովհետեւ նրա ասածը ստուգելու որեւէ տարբերակ գոյություն չունի: Ավելին՝ նա հենց վաղն էլ կարող է հայտարարել, որ իրենց ծրագրի՝ վերը բերված «խոստումներն» արդեն իրագործել է, իսկ ով չի հավատում, թող փորձի հակառակն ապացուցել:
«Ներդրումների խրախուսում եւ պաշտպանություն» բաժնում, օրինակ, նշված է. «Մեկ տարվա ընթացքում ներդրումային ծրագրերին աջակցող պետական կամ պետության մասնակցությամբ կառույցների օպտիմալացում եւ գործունեության արդյունավետության բարձրացում»: Իսկ քանի նման կառույց կա, նրանց վրա պետբյուջեից որքան գումար է ծախսվում, ապագայում այդ կառույցների թիվը քանիսն է լինելու, պետբյուջեից որքան գումար է ծախսվելու ձրիակերների այդ բանակին «աշխատատեղերով» ապահովելու համար, այս հարցերի պատասխանը դուք կառավարության ծրագրում չեք գտնի: Նույն բաժնում կարդում ենք նաեւ. «Որոշակի գումարից ավելի ներդրում կատարած օտարերկրացիներին քաղաքացիություն շնորհելու հայեցակարգի մշակում»: Կարող էին, չէ, հստակ գրել, թե որքան գումարի ներդրման մասին է խոսքը, այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացիությունը «քանիսով» են պատրաստվում վաճառել, բայց ոչ, կոնկրետ թիվը չեն նշել, կարեւորը խոստանում են, եւ պոտենցիալ շահառուները ապագայում կարող են կառավարության հետ սակարկությունների մեջ մտնել:
Վերցնենք մեկ այլ օրինակ. Կարեն Կարապետյանի կառավարությունը խոստանում է տնտեսավարողների հետ անընդհատ շփումների միջոցով ակտիվ քաղաքականության իրականացում՝ «փոքր եւ միջին ձեռներեցության խթանման ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացման նպատակով»: Մի հարցնող լինի՝ իսկ ով է ասում, որ նախորդ կառավարությունները վերը բերված ուղղությամբ ակտիվ քաղաքականություն չեն վարել: Լավ էլ վարել են, Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց թիվը գնալով աճել է, պարզապես դրա արդյունքում աղքատության թիվը եւս աճել է, ինչը նշանակում է, որ երկրում առկա կապիտալը շարունակվել է կուտակվել մարդկանց փոքր խմբի ձեռքում:
Իհարկե, առանձին դեպքերում ծրագրում կոնկրետ թվեր են նշված, որոնք իրենց բնույթով անվնաս են, եւ դրանց կատարել-չկատարելու արդյունքում հարստատ հարցեր տվողներ չեն լինի: Օրինակ՝ խոստանում են 2017 թվականին 150 համայնքներ միավորել 18 փնջի մեջ, այլ կերպ ասած՝ շարունակել համայնքների խոշորացումը: Հասկանալի է, չէ, որ այս խոստման կատարումը մեծ հաշվով կառավարությունից բացի ոչ մեկին չի հետաքրքրելու: Իսկ կառավարությանն էլ հետաքրքիր է, քանի որ այդ ծրագրի անվան տակ միջազգային դոնորներից դրամաշնորհներ եւ վարկեր են ստանալու:
Չափելի խոստումներ կան նաեւ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող բաժնում: Մասնավորապես, կառավարությունը խոստանում է՝ կես տարում 60 գյուղական բնակավայրերում կմեկնարկեն գյուղական տուրիզմի փորձնական ծրագրեր, ինչպես նաեւ թվով 5 քարանձավներ պետք է զբոսաշրջային վայրերի վերածվեն: Ի դեպ, «Զբոսաշրջության զարգացումը» կառավարության ծրագրի այն եզակի բաժինն է, որում բերված խոստումների մեծ մասը չափելի է, այսինքն՝ կոնկրետ թվով աշխատանքներ են նշված, որոնք պետք է իրականացվեն կոնկրետ ժամկետում:
Կառավարության ծրագրի մի շարք բաժիններում, օրինակ` սոցիալական քաղաքականության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ, բերված «խոստումներն» այնպիսին են, որ Կարեն Կարապետյանը ոչ թե ծրագիրն ընդունելու հաջորդ օրը, այլ մինչեւ այդ կարող է հայտարարել, որ դրանք իրագործել է: Կենաց-խոստումների առանձնահատկությունը հենց դրանում է կայանում. այն արտաբերելու հենց հաջորդ պահին մարդը կարող է ասել, որ ինքն իր խոստումն իրագործել է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
«ԱՆՏԵՍԱՆԵԼԻ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
Երեկ ԱԺ-ում շարունակված արտահերթ նիստի ընթացքում ՀՀ «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը ներկայացվեց երկրորդ ընթերցմամբ քննարկման: Խոսքը այն օրինագծի մասին է, որն առաջին ընթերցմամբ քննարկելիս հարուցել էր պատգամավորների զայրույթը: Մի շարք պատգամավորներ ցանկանում էին մինչեւ երկրորդ ընթերցմամբ քվեարկության ներկայացնելն այդ օրինագծի հետ կապված առաջարկություններ ներկայացնել: Սակայն ԱԺ կանոնակարգ օրենքը նման հնարավորություն ընձեռում է միայն առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ առաջարկ ներկայացրած պատգամավորներին: Ուստի նոր առաջարկ ունեցողները փորձում էին պարզել, թե ովքեր են այն պատգամավորները, որոնք առաջին ընթերցման ժամանակ առաջարկներ են ներկայացրել, որպեսզի նրանց խնդրեին իրենց առաջարկները եւս իրենց փաստաթղթում ընդգրկել: Սովորաբար առաջարկ ներկայացրած պատգամավորների տվյալները նշված են լինում երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծի կից ամփոփաթերթում: Սակայն ի զարմանս բոլոր առաջարկ ունեցողների՝ ամփոփաթերթի այդ սյունակը «դատարկ» էր: Ընդամենը նշված էր. «մի շարք պատգամավորներ»: Իսկ թե ովքեր են նրանք, ըստ էության գաղտնի էր պահվել:

 

 

ԶԻՆՎՈՐԻ  ՄԱՀՎԱՆ ԳՈՐԾՈՎ
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ Ն զորամասում զոհվել է ժամկետային զինծառայող Վահագն Վիրաբյանը: Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` սպանության հատկանիշներով: Այնուհետեւ սպանություն կատարելու կասկածով ձերբակալվեց Վահագն Վիրաբյանի ծառայակիցը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածով երկու զինծառայողների միջեւ անձնական տարաձայնություններ են եղել, որի հետեւանքով էլ տեղի է ունեցել ողբերգական միջադեպը:

 

 

ՆՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը, ըստ իր պաշտոնական հայտարարագրի, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել Է 5 հազար 560 եվրո, 3 հազար 400 դոլար եւ 25.4 մլն դրամ: Նա հայտարարագրել է նաեւ մեկական հողամաս եւ բնակարան ու 2 նկար` 8 միլիոն դրամից բարձր արժողությամբ: Այս տարվա ինն ամիսներին նրա եկամուտները կազմել են 57 մլն դրամ, որոնք նա հայտարարագրել է որպես երկու վայրից ստացված աշխատավարձ: Իսկ, ահա, վարչապետի նորանշանակ խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը պաշտոնը ստանձնելիս անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել: Նա մեկ ընկերությունում ունի բաժնետոմս՝ 200 հազար դրամ արժողությամբ (արժեքն այս դեպքում սիմվոլիկ նշանակություն ունի): Նրա դրամական միջոցները կազմել են 3.2 մլն դրամ եւ 5 հազար 300 դոլար: Ընթացիկ տարում Խաչատուրյանի եկամուտները կազմել են 7,8 մլն դրամ, որը նա հայտարարագրել է որպես աշխատավարձ, իսկ 3.9 մլն դրամ էլ ստացել է որպես շահաբաժին:

 

 
ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԲՀԿ-ԻՑ
ԱԺ պատգամավոր Հայկ Խաչատրյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ այսուհետ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը նպատակահարմար չեմ համարում, այդ մասին տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Վստահեցնում եմ, որ սա բացառապես իմ որոշումն է»: ArmLur.am-ին ԲՀԿ-ից հաստատեցին այս տեղեկությունը` հավելելով, որ Հայկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել միանալ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ՄԻՊ-ի եւ ՍԴ նախագահի համատեղ հրավերով Հայաստանում է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայան: Երեկ նրան ընդունել է օմբուդսմեն Արման Թաթոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելմանն առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են նաեւ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, պաշտպանի գրասենյակի աշխատակիցների՝ մարզերում ներկայացվածությանն առնչվող խնդիրներ:

 

 

ՆՈՐ ՄԱՐԶԻՉ
Լեգենդար ֆուտբոլիստ Արթուր Պետրոսյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, երեկ տարածած հաղորդագրությունում այս մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նոյեմբերի 1-ից հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Տեղեկացնենք, որ ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը 45 տարեկան է, ծնունդով Գյումրի քաղաքից:

 

 

ԻՆՔԸ ԳՆԱՑ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարությունում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Կարապետյանը եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու այլ խնդիրների:




Լրահոս