Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ամենամեծ սպասելիքներից մեկը, որը տածում են Հայաստանի գործարարները, վերաբերում է, այսպես կոչված, «հսկիչ գների» համակարգը կիրառությունից հանելուն: Սակայն կառավարության հրապարակված ծրագրից պարզ է դառնում, որ այս խնդիրն այդպես էլ ամբողջությամբ չի լուծվելու:
Հիշեցնենք, որ հենց այդ «հսկիչ գների» միջոցով է մաքսային ծառայությունը վերահսկում ապրանքների ներկրման շուկան: Բանն այն է, որ մաքսային օրենսդրությամբ մաքսային ծառայողին իրավունք է տրվում ինքնուրույն որոշել` ներկրված ապրանքի մաքսատուրքը հաշվարկելիս հիմք ընդունել գործարարի ներկայացված հաշիվ-ապրանքագրերը, թե դրանք համարել անարժանահավատ եւ կիրառել «հսկիչ գնի» մեթոդը: Արդյունքում, եթե հաշիվ-ապրանքագրերով գործարարը պետք է մեկ միավոր հարկ վճարեր, ապա «հսկիչ գներով» նրանից կարող են մինչեւ անգամ կրկնակի կամ եռակի անգամ ավել հարկ պահանջել: Հենց այս գործիքի միջոցով է, որ արտոնյալ գործարարներն իրենց մրցակիցների նկատմամբ առավելություն են ստանում, քանի որ նրանց ապրանքները մաքսազերծվում են հաշիվ-ապրանքագրերով, մյուսներինը` «հսկիչ գներով»:
Այսպես կոչված՝ «անտեր» գործարարների կողմից առանց «թույլտվության» ապրանք ներկրելու դեպքում «հսկիչ գների» միջոցով նրանց ապրանքի ինքնարժեքը կտրուկ բարձրանում է, եւ նրանք ֆինանսական վնասներ կրելուց հետո երկրորդ անգամ չեն փորձում առանց թույլտվության ապրանք ներկրել:
Այսինքն՝ երբ ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ շուկան ազատ է, եւ ով ինչ ցանկանում է, կարող է ներկրել, ապա առաջնահերթ պետք է խոստանա «հսկիչ գների» համակարգը կիրառել միայն այն դեպքերում, երբ ներկրողի կողմից մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերը չեն ներկայացվել: Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության երեկ հրապարակած ծրագրի հարկային եւ մաքսային ոլորտներին վերաբերող բաժնում այսպիսի ձեւակերպում կա. «մաքսային հսկողության տեսանկյունից ոչ ռիսկային համարվող երկրներից ներմուծվող ապրանքների մասով օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր ներկայացնելու դեպքում ներմուծվող ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի մեխանիզմների կատարելագործում` գործարքի գնի մեթոդով (օրինակ՝ հիմք ընդունելով արտահանման հայտարարագրի համար հիմք հանդիսացած փաստաթղթերը)»: Այլ կերպ ասած՝ կառավարությունը չի պատրաստվում խնդիրը հիմնովին լուծել եւ կրկին հայեցողական գործիքներ է թողնում, որպեսզի հետագայում կարողանա գործարարներին «զսպել»:
Բնական հարց է ծագում՝ ՀՀ մաքսային ծառայության տեսանկյունից ո՞ր երկրներն են համարվելու «ոչ ռիսկային», ինչպե՞ս են միայն ծագման երկրով պայմանավորված որոշելու՝ տվյալ փաստաթղթերը արժանահավա՞տ են, թե՞ ոչ, եւ այսպես շարունակ: Վերցնենք Չինաստանի օրինակը. այդ երկրում տասնյակ հազարավոր ձեռնարկություններ զբաղված են հայտնի ապրանքանիշները կեղծելով: Միեւնույն ժամանակ կան նաեւ հազարավոր չինական ընկերություններ, որոնք ոչ միայն հայտնի ապրանքանիշ են ներկայացնում, այլ նաեւ առավել քան խստապահանջ են իրենց հեղինակությունն ու բարի համբավը պահպանելու հարցում: Այսինքն՝ ռիսկայնությունը զուտ երկրով պայմանավորելն ինքնին անարդարացի է: Մյուս կողմից, երբ մաքսային ծառայությունն ի սկզբանե ներկայացված փաստաթղթերը կասկածի տակ է դնում, արդեն իսկ խախտում է տվյալ գործարարի անմեղության կանխավարկածը, քանի որ նրան ակամա մեղադրում են փաստաթղթեր կեղծելու կամ առնվազն կեղծված փաստաթղթերը պետական մարմնին ներկայացնելու մեջ:
Իսկ ինչու ՀՀ կառավարությունը չի ցանկանում, որ մաքսային ծառայությունը պարզապես, մաքսազերծումն ի սկզբանե իրականացնել փաստաթղթերով` անկախ նրանից, թե տվյալ ապրանքի ծագման երկիրը որն է: Իսկ եթե մաքսային ծառայությունը կասկածներ կունենա, ապա կարող է ծագման երկրից հարցում կատարել` պարզելու համար փաստաթղթերը կեղծված են, թե ոչ:
Իրականում ՀՀ կառավարությունը փորձում է գործարարներին սիրաշահել. մյուս կողմից չեն ցանկանում եղած լծակներից ի սպառ հրաժարվել: Ի դեպ, ՀՀ կառավարությունը չի խոստովանում, բայց «հսկիչ գներից» ի սպառ չեն կարող հրաժարվել, քանի որ արտաքին առեւտուրն իրականացվում է ԵՏՄ օրենսդրությամբ: Այսինքն՝ հայկական կողմը եթե անգամ ցանկանա, ապա փաստացի չի կարողանա միակողմանի հրաժարվել այդ համակարգից: Մյուս կողմից, եթե անգամ ԵՏՄ անդամ երկրները համաձայնեն ընդհանուր օրենսդրությունում փոփոխություններ կատարել, ապա մինչեւ դրանք ուժի մեջ մտնեն, կարող է մոտ մեկ տարի տեւել: Մի խոսքով, իրականում գործարարների ոգեւորությունն այս դեպքում եւս արդարացված չէ: Բայց հաշվի առնելով այն, որ առաջիկա ամիսները նախընտրական են, գործարարները կարող են առիթն օգտագործելով օգտվել ժամանակավոր «ազատությունից»:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ