Կոռուպցիայի դեմ պայքար` առանց պայքարի. պարզապես գլխավոր դերակատարները պարբերաբար փոփոխվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունների հայտարարած ներկայացումը` կոռուպցիայի դեմ անողոք պայքարի շրջանակներում, շարունակվում է: Պարզապես գլխավոր դերակատարները պարբերաբար փոփոխվում են: Այս պահին «կացին ախպոր» դերը ստանձնել է նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը` փոխարինելով Հովիկ Աբրահամյանին: Նախօրեին հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրում առկա է կոռուպցիայի դեմ պայքարի մի ողջ ռազմավարություն` առանց կոնկրետությունների:

Իսկ թե ինչ կտա սա մեր երկրին, դժվար է ասել՝ հաշվի առնելով այն փաստը, որ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես են եկել բոլոր վարչապետները:
Հիշեցնենք՝ դեռեւս 2015-ի փետրվարին այդ ժամանակ ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը արձակեց կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու հրամանը: Իսկ արդեն հուլիսին Հ. Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը. «Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է: Մենք ունենք կամք եւ վճռականություն ու պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալուն»,- հայտարարել էր նախկին վարչապետը:

Այս խոսքերից անցել է ավելի քան մեկ տարի, իսկ հանրությունը անպտուղ խորհրդակցությունների մասին հայտարարություններից բացի՝ այլ քայլեր եւ շոշափելի արդյունքներ այդպես էլ չտեսավ: Ի դեպ, ՀՀ կառավարության կողմից արձակված հրամանը մշակվել է ՀՀ նախագահի՝ 2004 թվականի հուլիսի 1-ի որոշման հիման վրա, ինչը նշանակում է, որ հայրենի իշխանությունները կոռուպցիայի դեմ «պաշտոնապես պայքարում են» 2004 թվականից:

Բայց թվարկվածները կոռուպցիայի դեմ պայքարի եզակի կառույցները չեն: ՀՀ դատախազությունն ունի առանձին մի ողջ վարչություն` կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով, որը վերահսկում է նմանատիպ հանցագործությունների փաստերով իրականացվող քննությունները քննչական մարմիններում: Իսկ ընթացիկ տարվա հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ նշված վարչությունն այլեւս նոր պետ ունի` ի դեմս Տիգրան Ամբարյանի, ով փոխարինել է Ներսես Միսակյանին: Վերջինս այդ պաշտոնն զբաղեցրել է մեկ տարի:

Հասկանալու համար` ի վերջո, ինչ են իրենցից ներկայացնում կոռուպցիայի դեմ անխնա պայքարի մասին բարձրագոչ հայտարարությունները, եւ ինչ արդյունքներ են գրանցվել այս տարիների ընթացքում, խոսենք թվերով եւ փաստերով:
Այսպես՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության` 2015-ի հրապարակած տարեկան զեկույցի ամփոփ տվյալների համաձայն` Հայաստանը զբաղեցնում է 95-րդ տեղը 168 երկրների շարքում: Հայաստանի պարագայում փոփոխությունն աննշան է, քանի որ կոռուպցիայի ընկալման համաթիվը 2014թ. համեմատությամբ նվազել է ընդամենը երկու կետով՝ 37-ից 35-ի: Հատկանշական է, որ համաձայն ոստիկանության ներկայացրած տվյալների՝ 2014թ. հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 599 հանցագործության դեպք, որից կաշառակերության՝ 66 դեպք: Իսկ արդեն 2015թ. հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 616 հանցագործության դեպք, որից կաշառակերության՝ 97-ը:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2015-ին հայտնաբերվել է 1330 կոռուպցիոն տեսակի հանցագործություն, որոնցից քրեական գործ հարուցվել է 568 դեպքով, այդ թվում` կաշառքի 40, առեւտրային կաշառքի՝ 7 դեպք: Ընդհանուր ցուցանիշը 2008 թ. հետ համեմատած աճել է մոտ 3 անգամ:

Իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ հայտնաբերվել է 549 կոռուպցիոն տեսակի հանցագործություն, որոնցից քրեական գործ հարուցվել է 332-ով: Այստեղ գերակշռում է պաշտոնեական լիազորությունների չարաշահումը` 77 դեպքով, ապա պաշտոնական կեղծիքը` 55 դեպքով:

Այս տարի շատ են եղել պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքերը` 22, եւ առեւտրային կաշառքը` 4 դեպքով:
Իսկ որո՞նք են ամենակոռումպացված մարմինները: Ըստ քաղաքացիների շրջանում արված հարցումների՝ առավել կոռումպացված են դատական համակարգը (69 տոկոս), պետական պաշտոնյաները եւ քաղծառայողները (68 տոկոս), առողջապահության ոլորտը (66 տոկոս), ոստիկանությունը (66 տոկոս) եւ այլն:
Այս ֆոնին հարկ է նշել մամուլում պարբերաբար հրապարակումներն այն մասին, թե ինչպես է այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան նվեր ստանալու անվան տակ ահռելի մեծ թվերով ունեցվածք հայտարարագրում:

Վերահսկելի է արդյոք այդ երեւույթը. չէ՞ որ պաշտոնյան ինչ «նվեր է» ստանում. այդ ունեցվածքը պաշտոնական դիրքով ձեռք չի բերվել: Այս խնդրի շուրջ հարց է բարձրացրել Եվրոպայի խորհուրդը` ՀՀ իշխանություններին կոչ անելով վերահսկել եւ կառավարել բարձրաստիճան պաշտոնյաների նվեր ստանալու անհասկանալի մշակույթը:

Թերեւս, ավելորդ չէր լինի քայլեր մշակել, օրինակ, այն ուղղությամբ, որպեսզի Ազգային ժողովի եւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել եւ պատժամիջոցներ սահմանել ոչ միայն նրանց նկատմամբ, ովքեր իրականացնում են նման գործունեություն, այլեւ նրանց, ովքեր տեղյակ են, սակայն չեն հաղորդում համապատասխան մարմիններին:
Եվ յուրաքանչյուր կառույցին կից կոռուպցիայի դեմ պայքարի վարչություն ստեղծելու փոխարեն ավելի լավ կլիներ, եթե այդ պայքարն ավելի արդյունավետ կերպով գործնականում իրականացվեր:

Հ.Գ. Եվրոպայի խորհուրդը այս տարեսկզբին կոչով դիմել էր ՀՀ իշխանություններին՝ քայլեր ձեռնարկել խորհրդարանականների, դատավորների եւ դատախազների կողմից կոռուպցիան կանխելու համար: ԵԽ պաշտոնական զեկույցում, մասնավորապես, նշվում էր. «Կոռուպցիան լուրջ խնդիր է մնում Հայաստանի հասարակության համար, չնայած որ տարիներ շարունակ դրա դեմ պայքարը եղել է քաղաքական օրակարգում: Հայաստանում դատական համակարգը հակված է կոռուպցիային եւ անկախ չէ: Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին այս գործընթացում եւ վստահ ենք, որ իշխանությունները հաշվի կառնեն մեր խորհուրդները»: Մասնավորապես, ԵԽ-ն խորհուրդ է տալիս, որ խորհրդականների, դատավորների եւ դատախազների կողմից նվերներ ընդունելու կանոնները, դրանց նկատմամբ վերահսկողությունը հետագայում մշակվեն եւ ավելի արդյունավետ դառնան: Ի դեպ, Եվրոպայի խորհուրդը մինչեւ 2017թ. ապրիլ Հայաստանի իշխանություններին ժամանակ է տրամադրել հաշվետվություն կազմելու եւ ներկայացնելու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկվել զեկույցում ներառված խորհուրդները կյանքի կոչելու համար: Եւ հետաքրքիր է, թե ինչ են զեկուցելու ՀՀ իշխանությունները:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս