Հոկտեմբերյան ընտրություններից հետո երիտթևն ամեն կերպ փորձում էր կոծկել իր «ձախողումները». «հզոր» ՀՀԿ-ի համակարգը խափանվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր այս տարվա հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության երկու խոշոր քաղաքներում` Գյումրիում եւ Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցության` ՀՀԿ-ի գրանցած արդյունքներին ու դրանք համեմատել 2012 թվականի նույն քաղաքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների հետ: Եւ ակնհայտ է, որ 2012 թվականին ՀՀԿ-ի քարոզչական մեքենան ավելի արդյունավետ էր աշխատել:

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերյան ընտրություններից հետո ՀՀԿ-ի հնաբնակների ազդեցության տակ գտնվող երիտթեւն ամեն կերպ փորձում էր կոծկել իր «ձախողումները»` դրանք թաքցնելով իբր հաղթական արդյունքների քողի տակ: Բայց այն, որ երբեմնի «հզոր» ՀՀԿ-ի «ձայների ապահովման համակարգը» գնալով խափանվում է, փաստում է նաեւ հենց Գյումրիում եւ Վանաձորում 2012 եւ 2016 թվականներին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների տարբերությունը. Գյումրիում 2012-ի համեմատ մոտ 13000 պակաս ձայն էր հավաքել ՀՀԿ-ն, իսկ Վանաձորում՝ 7000 պակաս քվեներ: Իսկ հիմա փորձենք ցույց տալ ՀՀԿ-ի տապալումը ՀՀ մյուս խոշոր քաղաքներում:

2016 թվականի հոկտեմբերի 2-ին Սեւան քաղաքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններն անցան լարված մթնոլորտում: Հանրապետական կուսակցությունն այս քաղաքում չառաջադրեց գործող քաղաքապետին, քանի որ զգում էր, որ սեւանցիները քաղաքական նոր դեմքեր տեսնելու կարիք ունեն: Այդ իսկ պատճառով Հանրապետական կուսակցությունը Սեւանում սատարեց «Սեւան ազգային պարկի» տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանին, ում հովանավորը նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն էր: Արդյունքում քաղաքապետ ընտրվեց անկուսակցական Սարգիս Մուրադյանը: Եթե 2012 թվականի ՀՀԿ-ն իր թեկնածուի օգտին այստեղ գրանցել էր 7203 ձայն, ապա 2016 թվականին 6671 քվե, մոտ 600 ձայնով պակաս նախորդից:

Հետաքրքիր իրադրություն էր ստեղծվել նաեւ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում: Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀԿ-ն այստեղ որեւէ թեկնածու չէր առաջադրել: Չունենալով հարազատ կուսակցության աջակցությունը` չէր առաջադրվել նաեւ գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանը: Հատկանշական է, որ քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանը եւս մենակ էր, մնացել էր առանց իր «հավատարիմ» կուսակցության աջակցության` ինքնառաջադրվել էր: Այնուամենայնիվ, եթե ուշադրություն դարձնենք Աշտարակում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին, պարզ կդառնա, թե ինչու ՀՀԿ-ն հրաժարվեց սատարել իր կուսակցին: ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանի օգտին 11082 հոգուց քվեարկել էին միայն 2440-ը: Այնինչ՝ 2012 թվականի դրությամբ ՀՀԿ-ն Աշտարակում ունեցել էր 4745 քվե:

Այսինքն՝ ՀՀԿ-ն ի սկզբանե վստահ չէր իր կուսակցի հնարավորությունների վրա եւ չցանկացավ, որ պարտությունը այստեղ լինի պաշտոնապես: Աշտարակում քաղաքապետ ընտրվեց «Աշտարակի ձոր» հանգստյան գոտու սեփականատիրոջ որդին` «Ավգոռ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն անկուսակցական Թովմաս Շահվերդյանը: Հարկ է նշել, որ Աշտարակում ընտրողների թիվը եւս ընդլայնվել է: Եթե նախկին Աշտարակի ընտրողների թիվը 10132 էր, ապա 2016-ին դարձել է 11082:

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ընտրությունների արդյունքները եւս անկանխատեսելի էին: Քաղաքապետի պաշտոնի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը եւ ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը: Մինչ ընտրությունները քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ՀՀԿ-ում քննարկվում էր այս ընտրություններին Պետոյանին պաշտպանելու տարբերակը: Նշենք, որ Մուշեղ Պետոյանը համարվում էր Հովիկ Աբրահամյանի թեկնածուն: Այդուհանդերձ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ն որոշեց սատարել Մխիթար Վարագյանին, բայց ոչ բացահայտ: Այնուամենայնիվ, չնայած Արթիկում ՀՀԿ-ն ունեցավ իր ցանկալի թեկնածուին, բայց չունեցավ ցանկալի արդյունք:

Ի հակադրումն պարծեցող ՀՀԿ-ականների` փորձենք ցույց տալ, թե այդ ինչպես է ՀՀԿ-ն հաջողել ունենալ ցանկալի ընտրություններ, եթե այս քաղաքում եւս գրանցած ցուցանիշը զգալիորեն տարբերվում է նախորդ ընտրությունների ցուցանիշից: Արդյունքում 4143 քվեով Մխիթար Վարագյանը ընտրվեց Արթիկի քաղաքապետ, իսկ Մուշեղ Պետոյանն իր օգտին գրանցեց 3989 ձայն:

Իսկ 2012 թվականին ՀՀԿ-ն կարողացավ հավաքել 5732 ձայն եւ այն ժամանակ քաղաքապետ դարձավ Արսեն Աբրահամյանը: Արթիկում ՀՀԿ-ն չորս տարիների ընթացքում կորցրեց 1500 ձայն:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն էին՝ ՀՀԿ-ական Յուրիկ Ավալյանը եւ ԲՀԿ-ական, բայց ինքնառաջադրված Սերյոժա Ավալյանը: Նույն ազգանուններով, բայց ազգակցական կապ չունեցող քաղաքապետի թեկնածուները երկուսն էլ վճռական էին տրամադրված, բայց Սերյոժա Ավալյանն ինքնաբացարկ ներկայացրեց, իսկ Ճամբարակը դարձավ կրկին ՀՀԿ-ի մենաշնորհը, որովհետեւ նույն Յուրիկ Ավալյանը 2012 թվականին քաղաքապետի միակ թեկնածուն էր: Բայց այս դեպքում էլ Յուրիկ Ավալյանը 2012 թվականի համեմատությամբ չկարողացավ ՀՀԿ-ի համար ապահովել ձայների աճ: ՀՀԿ-ն այստեղ եւս հետընթաց ունեցավ: Եթե 2012 թվականին ՀՀԿ-ական Յուրիկ Ավալյանի օգտին քվեարկել էին 2918 հոգի, ապա 2016-ին 800 ձայնով պակասել էր ՀՀԿ-ի ցուցանիշը` դառնալով 2176:

Ընտրությունների արդյունքները ՀՀԿ-ին ոչ թե առիթ են տալիս պարծենալու եւ ինքնագոհ հայտարարություններ անելու, այլ ձախողումների պատճառները հասկանալու եւ դրանց լուծմանը լծվելու: Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն արդեն անցկացվելու են նոր «Ընտրական օրենսգրքի» պահանջներին համապատասխան:

Նոր «Ընտրական օրենսգիրքը» ՀՀԿ-ի կեղծման հսկայական համակարգը նոսրացնելու է, որովհետեւ ընտրական նոր օրենսգիրքը, օրինակ, բացառում է «կարուսել» օպերացիայի իրականացումը, որը համարվում է ՀՀԿ-ի «հաղթանակների» գրավականներից:

Վահագն Հակոբյան




Լրահոս