Կողբ գյուղի 28 ամուրի երիտասարդների գերեզմանների տեղում եկեղեցի է կառուցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղում հանդիսավորությամբ օծվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 5 տարի առաջ եկեղեցու շինարարությունը սկսվել էր այն վայրում, որտեղ Կողբ գյուղի 28 ամուրի երիտասարդների գերեզմաններն են: Նրանք զոհվել են 18-րդ դարի 2-րդ կեսին, լեզգիների ասպատակությունների դեմ կռիվներում:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումը կատարվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, մատուցվեց պատարագ: Մոսկվայում բնակվող, արմատներով Կողբ գյուղից Սամսոն Աբովյանը եկեղեցի կառուցելու համար Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կողմից արժանացել է Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանին:

Նշենք, որ Կողբն ավելի քան 2 տարի գործող աղոթատեղի, եկեղեցի ունի. 2014թ. հունիսի 1-ին Սերժ Սարգսյանի ներկայությամբ օծվեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, բարձունքի վրա գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կառուցել է Տավուշի մարզպետ, Կողբի գյուղի բնակիչ Հովիկ Աբովյանը: Մինչդեռ Կողբ գյուղի շրջակա անտառներում գտնվող հնամենի Տավարաեղցի, Վարդգյուղ, Լոմուս եւ այլ վանքերի ու եկեղեցիների վերանորգման համար գումար հատկացնողներ չկան:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծումից ուղիղ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 22-ին, Կողբի Ավագի ձոր թաղամասում, միջպետական ավտոճանապարհի խաչմերուկում, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ներկայությամբ բացվեց Կողբ գյուղի խորհրդանիշ համարվող բազալտե քանդակազարդ կոթող, որը կառուցել է բոստոնահայ Գեւորգ Աթանիզյանի ֆինանսական միջոցներով:

9 միլիոն դրամով կառուցված արձանի բացմանը ԱՄՆ-ից բազում հայեր էին ժամանել: Կողբեցիները գնահատելով այդ կոթողը՝ ասում են՝ լավ կլիներ Կողբ համայնքի ֆինանսական միջոցներով կամ բարեգործական կազմակերպությունների, անհատների ֆինանսավորմամբ նորոգվեր 4700 բնակիչ ունեցող Կողբի միակ գերեզմանատուն տանող քարուքանդ ճանապարհը:

Կողբի եւ Ադրբեջանին սահմանակից գյուղերի բնակիչները «Ժողովրդի» թղթակցին բազմիցս ասել են, որ սահմանամերձ գյուղերը եկեղեցիներից ու հուշարձաններից առավել արտադրամասերի, փոքր ձեռնարկությունների կարիք ունեն, որպեսզի սահմանում իրենց կյանքը ամեն օր վտանգի ենթարկող մարդիկ ապրուստի միջոց ունենան եւ Հայաստանից չարտագաղթեն: Սահմանամերձ գյուղերի քիչ տներում են երեկոյան լույսեր վառվում, մնացածների տերերը վաղուց օտար ափերում են: Սահմանագոտում մնացածներին օդ ու ջրի պես աշխատատեղեր են հարկավոր:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս