Ժամանակը կգա, համաներումը կհայտարարվի. արդարադատություն փոխնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, անդրադառնալով համաներման մասին լուրերին՝ ի վերջո, համաներում լինելու է, թե ոչ, ասաց. «Մենք որեւէ տեղեկություն չունենք: Նախագահի լիազորությունն է»:

-Պարո՛ն Քրմոյան, արդեն տեւական ժամանակ է՝ խոսվում է այն մասին, որ շուտով համաներում է հայտարարվելու: Ի վերջո, կլինի՞ համաներում, թե՞ ոչ: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք:

-Մենք որեւէ տեղեկություն չունենք: Նախագահի լիազորությունն է: Արդարադատության նախարարությունը որեւէ գործառույթ չունի այդ ոլորտում:

-Որպես փոխնախարար՝ համաներման անհրաժեշտությունը Դուք տեսնո՞ւմ եք:

– Ճիշտն ասեմ, քանի որ նախագահի լիազորությունն է, ես կոռեկտ չեմ համարում այս պահին ասել՝ պետք է, թե ոչ: Եթե կարիք լինի, համապատասխան գնահատականներ կտրվեն, եւ համաներում կլինի: Եթե ոչ, ոչ, քանի որ ժամանակին այդ համաներումը փուլայինով եղել է: Ժամանակը կգա, եւ եթե անհրաժեշտությունը հանրապետության նախագահը տեսնի, այդ համաներումը կհայտարարվի:

-Դուք համաներման դրական կողմը ո՞րն եք համարում:

-Ես չէի ցանկանա համաներման կամ մյուս ինստիտուտների դրական կամ բացասական կողմի մասին խոսել, քանի որ մենք խոսում ենք պատիժ կրող անձանց մասին, քրեական հանցագործություն կատարած անձինք պատիժ են կրում, եւ օրենքը ինստիտուտներ է տալիս տարբեր տեսակի: Եվ բացառիկ ինստիտուտներից մեկն էլ հենց համաներումն է: Մենք մեր գործառույթների շրջանակներում խոսում ենք հետեւյալի մասին՝ բարելավել այդ ինստիտուտների գործունեությունը՝ պայմանական վաղակետ ազատում, դատապարտյալների ռեժիմը, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, որպեսզի դատապարտյալը, պատշաճ վարքագիծ դրսեւորելով քրեակատարողական հիմնարկում՝ օրենսդրությամբ նախատեսված տարբեր մեխանիզմների միջոցով խրախուսանք ստանա, այդ թվում՝ ռեժիմի փոփոխություն, ավելի պարզ ռեժիմի անցնի, պայմանական վաղակետ ինստիտուտից օգտվի կամ քրեակատարողական հիմնարկի ներսում որոշակի արտոնություններ ունենա, լրացուցիչ տեսակցություններ եւ այլն: Չէի ցանականա խոսել համաներման ինստիտուտի դրական կամ բացասական կողմերի մասին. դա շատ տեսական հարց է: Երբ կլինի, կգնահատվի, գիտական վերլուծություն կկատարվի, այդ ժամանակ կխոսենք: Ես կարող եմ ասել, որ այդ ինստիտուտների բարելավման ուղղությամբ քրեական պատիժը կրող անձանց վարքագիծը տեսնելով՝ մենք աշխատանքներ ենք տանում:

-Համաներումը հասարակության շրջանում մտավախություն է առաջացրել: Կարծիքներ կան, որ հանցանք կատարած որոշ անձինք ազատության մեջ հայտնվելով՝ կարող են հասարակության համար վտանգ ներկայացնել: Դուք տեսնո՞ւմ եք այդ վտանգը:

-Պատիժը կատարող հիմնարկի եւ արդարադատության նախարարության ամենակարեւոր նպատակը մեխանիզմներ ստեղծել եւ պատշաճ գործունեություն իրականացնելն է, որպեսզի բացառենք անձի՝ կրկնահանցագործություն կատարելը: Եվ բոլոր ինստիտուտները, որոնց օգնությամբ դատապարտյալը կարող է սահմանված ժամկետից ազատվել, հաշվի են առնում նմանատիպ խնդիրները: Պայմանական վաղակետ ազատման դեպքում, օրինակ, դատարանը, անկախ հանձնաժողովն ու վարչակազմը ամենակարեւոր ցուցանիշը, որ դիտարկում են, այն է, թե արդյո՞ք տվյալ անձը ուղղվել է, եւ արդյո՞ք վտանգ կա, որ նա կրկնահանցագործություն կատարի: Եթե կա այդ վտանգը, պետք է, օրինակ, վաղաժամկետ ազատումը չկիրառվի: Ինչ վերաբերում է համաներմանը, այն վերլուծված, մշակված, համապատասխան իրավական ակտ է, որը հատուկ խմբի դատապարտյալներին է վերաբերելի:

-Պայմանական վաղաժամկետ ազատման մասով նախարարությունում նոր նախագիծ էր մշակվում, ի՞նչ փուլում է գործընթացը:

-Հարցը շատ կարեւոր է, եւ հաճախ է խոսվում այն մասին, որ ինստիտուտը բարեփոխվի: Մենք աշխատանքները գրեթե ավարտին ենք մոտեցրել, նախագիծը պատրաստ է, քննարկված է պետական գրեթե բոլոր մարմինների հետ, քաղհասարակության հետ: Վերջնական քննարկումներից հետո կներկայացվի: Հիմնական ուղղությունները՝ իրավական եւ դատական բարեփոխումների, մատնանշված են ՀՀ նախագահի կարգադրություններ մեջ: Առաջինը հստակ չափանիշների սահմանումն է, որով հնարավորություն կտրվի ե՛ւ կիրառող մարմնին, ե՛ւ դատապարտյալին տեսանելի դարձնել, թե ինչ պայմաններ ապահովելու դեպքում պայմանական վաղաժամկետ ազատելու շանսը կմեծանա:
Այսինքն՝ թե ինչ վարքագիծ պետք է դրսեւորի դատապարտյալը, որպեսզի ազատ արձակվի: Առաջինը չափերի չափանիշներն են, երկրորդը՝ պարզեցնել եւ հստակեցնել ընթացակարգը, օրինակ՝ մենք նախատեսում ենք դատապարտյալին հնարավորություն տալ փաստարկներ ներկայացնել, ելույթ ունենալ, իրենց կարծիքը ներկայացնել, փաստաբան ներգրավել, մասնակցել անկախ հանձնաժողովի նիստերին. Սա ընթացակարգն է: Եվ ինստիտուցիոնալ համակարգը հիմա եռաստիճան է՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմ, անկախ հանձնաժողով, դատարան: Մենք փորձելու ենք անել, որպեսզի դա լինի երկու օղակ: Ի վերջո, նոր նախագծով նախատեսում ենք, որպեսզի բոլոր դեպքերում դատական բողոքարկման հնարավորություն լինի: Եթե դատապարտյալը համամիտ չէ, նա պետք է բողոքարկի:

-Իսկ անկախ հանձնաժողովի անդամների մասով փոփոխություն կա՞ նախատեսված:

-Դեռեւս ոչ: Նախագծից կերեւա:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս