«Հայ ազգային կոնգրեսի» վարչությունը սկսում է 2017թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական գործընթացը։ Այս մասին հոկտեմբերի 24-ին տարածած իր հայտարարության մեջ նշել էր կուսակցությունը:
Կոնգրեսը նաեւ հայտարարել էր, որ ԱԺ ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձեւաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք «խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձեւավորումն ու ժողովրդավարության հաստատումը:
Նույն սկզբունքների պահպանմամբ պատրաստ են բաց քաղաքականություն կիրառելու եւ լայն համագործակցության (այդ թվում՝ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվելը) հասարակական գործիչների, քաղաքացիական նախաձեռնությունների, գործարարների եւ անհատների հետ»: Արդյո՞ք այս հայտարարությունից հետո ՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտից համագործակցության առաջարկներ ստացել է: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ:
-Պարո՛ն Զուրաբյան, որեւէ քաղաքական ուժ արձագանքե՞լ է 2017 թ. ԱԺ ընտրություններին ընդառաջ միավորվելու ՀԱԿ-ի առաջարկին:
-Մենք չենք էլ ակնկալում արագ արձագանք: Հայտարարության իմաստը այն չէր, որ քաղենք արձագանքներ: Այն նրա համար էր, որ ընդհանուր մտորելու գաղափար տանք եւ ռազմավարական առաջարկ անենք: Իսկ թե երբ կսկսեն կոնսուլտացիաները եւ ինչ արդյունք կբերեն, դա հետագայի հարց է: Մենք արձագանք չենք սպասում ոչ մեկից, նման գործընթացները լրիվ այլ կերպ են կազմակերպվում, ոչ թե հրապարակային արձագանքներով, այլ կոնսուլտացիաներով:
-Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Ձեր կողմից էլ որեւէ առաջարկ չի եղել քաղաքական ուժերին:
-Ո՛չ, ո՛չ: Մենք դեռ որեւէ կոնսուլտացիա որեւէ մեկի հետ չենք անկացրել: Ընդամենը քաղաքական հայտարարություն էր մեր պատկերացումների մասին: Մենք հիմա որեւէ հրապարակային արձագանք չենք էլ ակնկալում այս պահին, չենք մտածում, որ հարցը պետք է կարգավորվի կամ լուծվի հրապարակային արձագանքներով:
-Իսկ ինչո՞ւ նման հայտարարությամբ հանդես չեկաք ՏԻՄ ընտրություններից առաջ:
-Նախ սա շատ ավելի կարեւոր խնդիր է, իշխանափոխության խնդիր է, դրանով է պայմանավորված այս հայտարարության անհրաժեշտությունը: Երկրորդ` ՏԻՄ ընտրությունների դեպքում մենք վարել ենք բանակցություններ՝ դաշինքներ կազմելու համար, ուղղակի դա չբերեց արդյունքի:
-Իսկ ո՞ր ուժերի հետ եք բանակցություններ վարել, եթե գաղտնիք չէ:
-Ինչ գաղտնիք կարող է լինել, նույն ԳԱԼԱ-ի հետ ենք վարել բանակցություններ:
-Իսկ ինչու՞ չստացվեց: Դու՞ք չցանկացաք արդյունքում դաշինք կազմել, թե՞ իրենք:
-Մեզնից կախված պատճառով չէր, դա կարող եմ ասել:
-Իսկ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն աչքի առաջ ունենալով՝ մտավախություն չունե՞ք, որ խորհրդարանական ընտրություններում եւս ցանկալի արդյունք չեք գրանցի:
-Ընդհանրապես մտավախություն չունենք: Դրանք /նկատի ունի ՏԻՄ ընտրությունները, Վ. Հ/ կուսակցությունների ռեյտինգի հետ որեւէ կապ չունեն: Դրանք ավելի շատ թեկնածուների պայքար էին, եւ հաջողության են հասել այն թեկնածուները, ովքեր ունեցել են կլանային, մաֆիոզ դիրքեր, ովքեր նյութական խոստումներ են տվել իրենց ընտրողներին եւ կիրառել են ընտրողներին տեղամաս բերելու ամբողջ համակարգը, դե, բացառությամբ, իհարկե, ԳԱԼԱ-ի եւ ԼՀ-ի:
-ՏԻՄ ընտրություններից հետո նաեւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի՞նչ փոփոխություն է նախաձեռնում իրականացնել Ձեր կուսակցությունը, խոսքը թե՛ Ձեր ծրագրերի եւ թե՛ վարչության կազմի մասին է:
-Մենք դրա համար պետք է հերթական համագումարն անենք դեկտեմբերին, ըստ երեւույթին, այնտեղ այդ հարցերի լուծումները կտրվեն:
-Հնարավո՞ր է՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ լինեն:
-Ոչ թե հնարավոր է, այլ պատվիրակներն ունեն կանոնադրական ազատություն` ընտրելու վարչության նոր կազմը:
զրուցեց Վահագն Հակոբյանը