Արդեն մեկ ամսից ավել է՝ Հայաստանի պետական կառավարման մարմինները ավիատոմսերը գնում են հատուկ այդ նպատակով ստեղծված govtravel.am ինտերնետային կայքի միջոցով: Այս տարվա սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության ընդունած թիվ 982-Ն որոշմամբ ավիատոմսերի գնման միակ թույլատրելի աղբյուրը նշված կայքն է, որը պետք է օգնի դադարեցնելու ՀՀ վարչապետի ակնարկած «պրիմիտիվ գողությունը»:
Այս որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախագծին կից պաշտոնական հիմնավորմամբ հավաստիացրել էր, թե իբր նոր համակարգի միջոցով հնարավոր կլինի պետական կառավարման համակարգի պաշտոնյաների համար ավիատոմսերն ավելի էժան գնել, քան մինչ այդ էր: «Ներկայումս ավիափոխադրման ծառայությունների պետական գնումները մեծամասամբ իրականացվում են շրջանակային գնումների համար սահմանված ընթացակարգերի կիրառմամբ, որի պարագայում պատվիրատուների կողմից համեմատվում են ոչ թե ավիափոխադրող ընկերությունների, այլ փաստացի ավիագործակալությունների կողմից ներկայացվող գնառաջարկները»,- նշված էր կառավարության համապատասխան որոշման հիմնավորումներում:
Սակայն նոր համակարգի գործարկումից հետո ակնհայտ է դառնում, որ այս անգամ եւս ՀՀ իշխանություններն ունքը սարքելու փոխարեն աչքն են հանել: Նախ սկսենք նրանից, որ նոր համակարգը էժան ավիատոմսի տարբերակը ի սկզբանե բացառում է: Բանն այն է, որ govtravel.am-ից ավիատոմս գնելու պայմանների մեջ հստակ նշված է. «Բոլոր ավիատոմսերի ամրագրումների ինքնարժեքին գումարվում է գործակալի կոմիսիոն վճար 5 տոկոսի չափով»: Սա այն դեպքում, երբ առանց այդ էլ ավիաընկերությունները միջնորդ կազմակերպություններին վաճառված ավիատոմսի 4-ից 8 տոկոս չափով կոմիսիոն են վճարում: Մասնավորապես գործակալներին ամենաբարձր կոմիսիոնը վճարող ավիաընկերություններից մեկը ռուսական «Աէրոֆլոտն» է. 8 տոկոս: Ուստի այն փաստը, որ Հայաստանի պաշտոնյաները վերջին շրջանում հատկապես «Աէրոֆլոտի» չվերթներից են օգտվում, ամենեւին էլ պատահական չէ:
Ինչեւէ, այս պատմության մեջ ամենակարեւորն այն է, որ կառավարությունն ընդամենը մեկ որոշմամբ տարեկան մոտ 3 միլիարդ դրամի մենաշնորհ ստեղծեց: Բանն այն է, որ պետական կառավարման մարմինների պաշտոնյաների եւ աշխատակիցների գործուղումների ավիատոմսերի համար տարեկան ծախսվում է մոտ 3 միլիարդ դրամ: Նախկինում այդ գումարը բաշխվում էր Հայաստանում գործող մոտ մեկ տասնյակ ավիաընկերությունների միջեւ, որոնցից ոմանք մասնագիտացել էին հատկապես պետական կառույցներին ավիատոմսեր մատակարարելու գործում: Բնականաբար, այդ գնումները բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր էին պարունակում, որոնք հաղթահարելու անվան տակ էլ նոր համակարգը ներդրվեց: Սակայն իրականությունն այն է, որ ներկա մենաշնորհը ստեղծելով՝ կոռուպցիոն ռիսկը ոչ թե վերացվեց, այլ պարզապես «կանոնակարգվեց»:
govtravel.am ինտերնետային կայքի, այսպես կոչված, տերը «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն է (ԷԿԵՆԳ): Նշված ընկերության հիմնադիրն ու սեփականատերը ՀՀ կառավարությունն է: Ավիատոմսերի գնման նոր համակարգը ներկայացնելիս Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ govtravel.am ինտերնետային կայքը ավիատոմսերը գնելու են անմիջապես ավիատոմսերի եւ հյուրանոցային համարների ամրագրման «Ամադեուս» միջազգային համակարգից: Ամենամեծ բլեֆը հենց այստեղից էլ սկսվում է: Նախկինում, երբ տուրիստական գործակալություններն էին ավիատոմսեր ապահովում, նրանք նույն «Ամադեուս»-ից կամ համանման այլ համակարգերի միջոցով էին ավիատոմսեր ամրագրում եւ առաջարկում պետական կառույցներին: Այսինքն՝ ներկայումս ավիատոմսերն ամեն դեպքում պետական հիմնարկներին առաջարկվում են «Ամադեուս» համակարգի առաջարկած գնից 5 տոկոսով թանկ, ինչպես վերը նշել ենք: Մյուս կողմից պետական կառույցը եթե անգամ ցանկանա էլ, նա ընտրության հնարավորությունից զրկված է եւ պարտավոր է հավատալ, որ իրեն առաջարկվող գինն ամենաէժանն է: Նույնիսկ եթե նա հակառակում համոզվի, ապա միեւնույն է՝ ինքը պետական բյուջեի միջոցով իր ավիատոմսը կարող է գնել միայն govtravel.am-ի միջոցով:
Առաջին հայացքից ՀՀ կառավարության եւ հատկապես Դավիթ Հարությունյանի շահագրգռվածությունն այս հարցում կարող է անհասկանալի թվալ: Սակայն, երբ մի փոքր ուսումնասիրում ենք, թե ինչպես է գործում «Ամադեուս» համակարգը, ամեն ինչ հասկանալի է դառնում: Այդ համակարգի միջոցով ամրագրված ամեն մի ավիատոմսի համար «Amadeus» իսպանական ընկերությունը միջնորդավճար է ստանում: Սակայն կոնկրետ Հայաստանից իրականացվող գնումների դիմաց միջնորդավճարները ստանում է «Ամադեուս-ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ն, որը գրանցված է Ռուսաստանում եւ գործունեություն է ծավալում ինչպես այդ երկրում, այնպես էլ Հայաստանում եւ Բելառուսում: Մասնավորապես, ավիատոմսի ամեն մի ամրագրումից «Ամադեուս» համակարգը ստանում է առնվազն 3 դոլար մեկ վայրէջքի համար: Այսինքն՝ եթե չվերթն ուղիղ երթուղով չի իրականացվում, այլ տարանցիկ երթուղով` մի քանի վայրէջքներով, միջնորդավճարն ավելանում է:
Այսինքն՝ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն, որի տնօրենը` Արթուր Թունյանը, Դավիթ Հարությունյանի ամենամերձավոր անձանցից մեկն է, մեխանիկորեն դարձել է «Ամադեուս-ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ռուսական ընկերության ամենահավատարիմ պատվիրատուն: Ստացվում է, որ Դավիթ Հարությունյանն այս նախաձեռնությամբ մի կողմից իր հովանավորյալի ղեկավարած ձեռնարկության համար է տարեկան մոտ 150 միլիոն դրամի լրացուցիչ եկամուտ ապահովել, մյուս կողմից էլ ռուս գործընկերներին է շրջանառու միջոցներով օգնում: Ի դեպ, ինչպես դժվար չէ կռահել ռուսական «Ամադեուս-ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի ղեկավար կազմում հայեր եւս կան: Նրանց անուններն, իհարկե, հանրությանը ոչինչ չի հուշի, սակայն նույնը չենք կարող պնդել նաեւ Դավիթ Հարությունյանի կամ Արթուր Թունյանի ավիաուղիավիաուղիավիդեպքում:
Ի վերջո, ոչ ոք նրանց չի կարող մեղադրել այն բանում, որ նրանք վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորին չեն հետեւում եւ «պրիմիտիվ գողությունով» են զբաղված: Այս դեպքում ամեն ինչ շատ ավելի բարդ է, կանոնակարգված ու հնարավորինս հետքերը կորցնելով: Բայց «պրիմիտիվ գողության» կասկածները շարունակում են թեւածել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ