Երեկ` ԱԺ արտահերթ նիստի երկրորդ օրը, տեղի ունեցավ «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քվեարկությունը: Արդյունքում՝ 85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կառավարության ծրագիրն ընդունվեց:
Ինչպես սովորաբար է լինում, ԱԺ-ում եղան բացակա պատգամավորների երկու տեսակ` իրական բացականեր եւ բացակա-ներկաներ: «Ժողովուրդ»-ն արձանագրեց, որ երեկ ԱԺ արտահերթ նիստին, ինչպես եւ նախորդ օրերին, բացակայում էին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մհեր Սեդրակյանը եւ Սեյրան Սարոյանը: Բայց պարզվում է, որ այս պատգամավորներն անգամ իրենց բացակայության ժամանակ կարողանում են քվեարկել, բնականաբար՝ կողմ:
Ինչեւէ: Կառավարության ծրագրին իրենց դեմ քվեարկությամբ անհամաձայնություն էին հայտնել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, դե յուրե նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, դե յուրե նույն խմբակցության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Քվեարկության արդյունքներից ամենահատկանշականը Էդմոն Մարուքյանինն էր: Ինչո՞ւ, որովհետեւ նա իր պատգամավորական գործունեության չորսուկես տարիների ընթացքում առաջին անգամ դեմ քվեարկեց կառավարության ծրագրին: Արդյո՞ք Կարեն Կարապետյանի ծրագիրն ավելի վատն էր նախորդներից. փորձեցինք հետաքրքրվել Էդմոն Մարուքյանից:
-Պարո՛ն Մարուքյան, Ձեր պատգամավորական գործունեության չորսուկես տարվա ընթացքում առաջին անգամ դեմ քվեարկեցիք կառավարության ծրագրին: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
-Բազմաթիվ հանգամանքներ կան: Նախ կաշկանդված էի կուսակցության որոշումով: Որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` ես չորսուկես տարիների ընթացքում առաջին անգամ եմ որպես կուսակցության ներկայացուցիչ քվեարկում, մինչ այդ եղել եմ անկախ քվեարկող եւ ինչպես ցանկացել, այդպես քվեարկել եմ: Հիմա նախ վարչապետը չէր հանդիպել, չէր քննարկել ծրագիրը, սա էլ լուրջ դեր ունեցավ, քանի որ մենք մեր առաջարկները հնարավորություն չենք ունեցել տալ նախապես, մասնավորապես, ծրագրի հակակոռուպցիոն գլխի հետ կապված, որի մասին ես հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնեցի, նաեւ այն, որ փոստ ֆակտում բերված ծրագրի վրա որեւէ ազդեցություն չունենք, ըստ էության: Հիմա դեմ քվեարկեցինք, եթե ընթացքում ծրագիրը լավագույնս կիրականացվի կամ մեր առաջարկները հաշվի կառնվեն ընթացքում, որը որ մենք պատրաստվում ենք ներկայացնել, այդ ժամանակ էլ կարող ենք առանձին բերված նախագծերին էլ աջակցել:
-Արդյո՞ք Ձեր քվեարկությունը ենթադրում է, որ Կարեն Կարապետյանի ծրագիրը ավելի վատն է, քան Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունների ծրագրերը:
-Ո՛չ, ծրագրերը բոլորն էլ միշտ լավն են եղել, բոլոր ծրագրերում էլ շատ լավ բաներ են գրված, ուղղակի Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի ծրագրերի վրա ես անձամբ ազդեցություն ունեցել եմ: Օրինակ՝ Տիգրան Սարգսյանը, ծրագիրը մինչեւ խորհրդարան ուղարկելը, առանձին հանդիպել է, յուրաքանչյուր պատգամավորի հետ քննարկել եւ առաջարկներն ընդունել է, այսինքն՝ այստեղ բազմաթիվ տարբերություններ կան: Միանշանակ չենք կարող ասել, որ այն մեկի ծրագիրը լավն էր, մյուսինը՝ վատ, բոլորի ծրագրերն էլ ընտիր ծրագրեր են եղել, իրականացնելու ընթացք է սա:
-Փաստորեն, որեւէ առաջարկություն չի եղել համատեղ քննարկումներ անցկացնելու վերաբերյալ:
-Ասվեց, որ միայն ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հետ է քննարկվել, դե, ուրեմն հիմա էլ թող իրենք էլ կողմ քվեարկեն, ինչ խնդիր:
-Պարո՛ն Մարուքյան, մտավախություն չունե՞ք, որ Ձեր ընտրատարածքում չեք կարող պետական ֆինանսավորման միջոցով ծրագրեր իրականացնել:
-Դա բյուջեի ժամանակ է ներկայացվում, այդ ժամանակ ես էլի կներկայացնեմ, եթե կընդունեն, համապատասխան վերաբերմունք կլինի, չեն ընդունի, էլի համապատասխան վերաբերմունք կլինի:
-Գիտեք՝ ինչու եմ հարցնում, որովհետեւ Դուք նախկին ծրագրերին կողմ քվեարկելու փաստը պարզաբանել եք մի հանգամանքով. կողմ եք քվեարկում, որ կառավարությունը աջակցի Ձեզ Ձեր ընտրատարածքում ծրագրեր իրականացնելու համար:
-Այո՛, բայց եթե հիմա չեն քննարկել, եթե չեն հարցրել՝ ինչ առաջարկ ունեք, օրինակ, Վանաձորի վերաբերյալ, էլ ինչ աջակցի, չի եղել նման քննարկում, ինչի մասին է խոսքը: Երբ որ կողմ եմ քվեարկել, դրա համար եղել են կոնկրետ հիմնավորումներ նախապայմանների բավարարում, եթե դեմ, ուրեմն չի եղել, շատ տրամաբանական է, ես որեւէ քվեարկություն անտրամաբանական երբեւէ չեմ արել: Իմ քվեարկությունները պարզ են եւ հստակ:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Ո՛Չ ԳՈՎԵԼ ԵՆ, Ո՛Չ ՔՆՆԱԴԱՏԵԼ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հայտնել էր, որ «Համախմբումը» առանց ձեւականությունների գործելու է ընդդիմադիր դաշտում: Սակայն տարօրինակն այն է, որ իրեն ընդդիմադիր հայտարարած կուսակցությունը գովասանքի արժանացրեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը եւ նկատենք նաեւ, որ չմասնակցեց քվեարկությանը՝ այդպիսով, փաստորեն, որեւէ կերպ չխոչընդոտելով Սերժ Սարգսյանի թեկնածուն համարվող Կարեն Կարապետյանի ներկայացրած ծրագրի հաստատմանը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով կուսակցության նման վարքագծին՝ ասաց.«էլինար Վարդանյանի ելույթը «Համախմբում» կուսակցության հավաքական տեսակետն է եղել, այնտեղ գնահատականի խնդիր չի եղել: Այնտեղ մենք շարադրել ենք մեր մոտեցումը երկրի առաջ ծառացած խնդիրներին եւ դրանց լուծման ուղիները, որոնք տարբերվում են այսօրվա կառավարության ներկայացրած ծրագրից: Մենք ոչ թե խոսել ենք Կարեն Կարապետյանի ծրագրի մասին, այլ այդ ելույթով ասել ենք, թե ինչ է պետք, ներկյացրել ենք մեր պատկերացումները, սա է եղել: Ո՛չ գովել ենք, ո՛չ քննադատել»:
Մեր դիտարկմանը, թե «Համախմբումը» ոչ միայն չքննադատեց նոր կառավարությանը, այլեւ չքվեարկեց ներկայացված ծրագրին՝ այդպիսով ցույց տալով, որ դեմ չէ, միթե սա է ընդդիմադիր կուսակցության մոտեցումը, Ստեփան Մարգարյանը արձագանքեց. «Մենք, անկեղծ ասած, երկար քննարկում էինք՝ ոնց անենք, կառավարությունը ներկայացրել էր ծրագիր, որտեղ ինչ-որ ձեւով ամփոփված էին երկրի առջեւ ծառացած այսօրվա վատ երեւույթները: Մենք անկեղծ ուզում ենք, որ ինչ-որ բան կարողանա կառավարությունը հաջողի, քանի որ երկիրը, բնականաբար, ահավոր ճգնաժամի մեջ է, եւ կխորանա տնտեսության վատ վիճակը: Ծրագիրը, ինչպես անընդհատ հայտարարվեց, ներկայացրել է իշխանական մեծամասնությունը, իրենք անընդհատ ասում էին, որ դա իրենց ընդհանուր ծրագիրն է, այդ դեպքում, բնականաբար, մեր կողմ քվեարկելը բացառվում էր: Իսկ դեմ չենք քվեարկել նրա համար, որ մենք չենք ուզում խանգարել: Կարեն Կարապետյանը ներկայացնում է, որ ինքը ուզում է անել: Խնդրեմ՝ գնացեք, արեք, մենք չենք քվեարկում՝ որեւէ պատասխանատվություն վերցնելով մեզ վրա, մենք որոշել ենք հետեւել, թե ոնց է գնում ընթացքը»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ՆՈՒՇԻԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ»-Ն ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ն, որի սեփականատերը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գարեգին Նուշիկյանի ընտանիքին է, հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա հուլիսին «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «Իդա» ՍՊԸ-ից հօգուտ իրենց մոտ կես միլիոն դրամ բռնագանձելու համար: ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի խնամի Նուշիկյանը միջնորդել է «Իդա ՍՊԸ»-ի գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք դնել, ինչը նախագահող դատավոր Գայանե Մազմանյանի կողմից, բնականաբար, բավարարվել է:
ԱՐԴՅՈ՞Ք ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՀԱՄԱՐՁԱԿՎԻ
Երեկ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կազմակերպել: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե տեղի ունեցածը հաշվի առնելով՝ կարելի է կանխատեսել, որ Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ռազմական գործողությունների է պատրաստվում: «Ներկա իրավիճակում որեւէ բան բացառել չի կարելի, բայց դժվար թե մոտ օրերս կամ մոտ շաբաթներում Ադրբեջանը դիմի կտրուկ լայնածավալ քայլերի, իհարկե, բացառել չի կարելի, բայց հավանականությունը բարձր չեմ համարում: Թե ինչ կլինի դրանից հետո, շատ դժվար է ասել, որովհետեւ Ադրբեջանն ունի արդեն այդպիսի փորձ. իր արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրները լուծելու նպատակով թեժացնում է իրավիճակը Ղարաբաղի շուրջ: Այսինքն՝ իրենց համար դա նաեւ ներքին խնդիրներ լուծելու միջոց է»,- պատասխանեց Վրթանեսյանը:
ՕԵԿ-ԱԿԱՆԸ ԿԴԻՄԻ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գյումրիի ավագանու ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության (նախկին ՕԵԿ) ցուցակը գլխավորող, ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը եկող երկուշաբթի պատրաստվում է դիմել դատախազություն: ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորը ցանկանում է, որ իրավապահները պարզեն, թե ով կամ ովքեր էին Գյումրիի ավագանու ընտրությունների նախօրեին տարածել մեծ աղմուկ հանած տեսանյութը, որը ամբողջությամբ նպատակ էր հետապնդում վարկաբեկել ՕԵԿ պատգամավորին: Այդ տեսանյութի հեղինակները ՕԵԿ-ական պատգամավորին մեղադրել էին որպես մարդասիրական օգնություն ստացված կաթի փոշին յուրացնելու եւ վաճառելու մեջ: