ԾՐԱԳՐՈՒՄ ՉԱՓԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՍԱԿԱՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նոր կառավարության ծրագրում չկան այնպիսի գործողություններ, որոնք կնպաստեն հասարակության բարեկեցության աճի եւ բիզնես միջավայրի առաջընթացին. կարծում է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը, ում հետ «Ժողովուրդ»-ը զրուցել է կառավարության նոր ծրագրի եւ արդի տնտեսական իրավիճակի շուրջ:

-Պարո՛ն Առաքելյան, ի՞նչ կկարողանա անել ՀՀ նոր կառավարությունը առաջիկա 4 ամիսների ընթացքում, որպեսզի ընտրությունների քարոզարշավի փուլում արդյունքները մատուցի ընտրողներին:
-Չեմ կարծում, որ նոր կառավարության ծրագիրը առաջիկա ամիսների համար հնարավորություն կտա հանրապետությունում փոփոխություններ անել: Քանի որ հասարակության հիմնական մասի ակնկալիքը դա սոցիալական խնդիրների հաղթահարումն է, բարեկեցության որոշակի մակարդակի բարձրացումը: Կարելի է ասել, որ նոր կառավարության ծրագրում այդ խնդրի լուծումները նախատեսված չեն: Դրան ավելացնենք նաեւ 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը, որտեղ չի նախատեսվում կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաեւ տնտեսական այնպիսի աճ է կանխատեսվում, որը հնարավորություն չի տա պետությունում ունենալ օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես՝ նոր աշխատատեղերի ստեղծում: Հաշվի առնելով սա, չեմ կարծում, որ այն սպասումները, որոնք ունի հասարակության մի հատվածը, նոր կառավարությունը կկարողանա ինչ-որ կերպ իրականացնել:
-Հայաստանի տնտեսության ներկա վիճակը հաշվի առնելով՝ ըստ Ձեզ՝ որքա՞ն ժամանակ է հարկավոր դրական դինամիկա ապահովելու համար:
-Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը դա նախորդ տարիներից եկող խնդիրներ են, եւ սրանք միանգամից կարգավորելը բավականին բարդ է: Հիմնական խնդիրը, որը աստիճանաբար խորանում է, դա անվստահության մթնոլորտն է ներդրումների համար, ոչ միայն արտաքին, այլեւ ներքին ներդրումների համար: Եւ հասարակ քաղաքացուց մինչեւ միջազգային հեղինակավոր ընկերություն Հայաստանի տնտեսության նկատմամբ չունի վստահություն: Հետեւաբար մի քանի միլիոն դրամի եւ հարյուր հազարավոր դոլարների ներդրումները բավականին մշուշոտ են երեւում Հայաստանի տնտեսության համար: Բայց ամենակարեւորը՝ այդ ներդրումները պետք է միտված լինեն արտահանման աճին, քանի որ դա տնտեսության հիմնական խնդիրներից մեկն է:
-Նոր կառավարության ծրագրի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ տնտեսությանը վերաբերող ոչ մի չափելի խոստում այն չի պարունակում: Ինքը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, պատճառաբանում է, որ իրենց դեռեւս պետք է ախտորոշել երկրի տնտեսության վիճակը: Ձեր կարծիքով, արդյոք 40 օրը բավարար չէր դա անելու համար:
-Նոր կառավարության ծրագրում չափելի գործողությունների բացակայությունը բավականին բացասական երեւույթ է, քանի որ այն բերում է հետագա անպատասխանատվության: Դրանք ոչ թե նպատակներ են, որոնք պարտավորվում է կառավարությունը իրականացնել, այլ ցանկություններ, բարեմաղթանքներ են, որոնք կատարել-չկատարելու արդյունքը բավականին լղոզված կարելի է ներկայացնել: Եւ չի կարելի 4-6 ամիս անց ասել, որ ծրագրում նշված շատ կետեր կատարվել են կամ հակադարձել, թե դուք այսպես եք մեկնաբանում, մենք այլ կերպ: Այսինքն՝ այս տեսանկյունից չափելի ցուցանիշները բավականին կարեւոր են: Իսկ ինչ վերաբերում է խնդիրների բացահայտմանը, ապա ոչ միայն կառավարության գործունեության այս 40 օրերին, այլեւ մինչ այդ էլ կային բազմաթիվ բացահայտված խնդիրներ: Այսինքն՝ գոնե առկա այդ խնդիրների ֆոնին կարելի էր նոր կառավարության ծրագրում ներառել չափելի գործողություններ, որոնք, կարծում եմ, բավական կլինեին առաջիկա 4-5 ամիսներին կառավարության գործունեության համար:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
4 ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼ Է ԻՐ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Խոշորացված Նոյեմբերյան համայնքը ներառում է համանուն քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղեր: Սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Կարեն Աբազյանը 4 գյուղերում նշանակել է իր լիազոր ներկայացուցիչներին:

Բերդավան գյուղում համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Սմբատ Մուղդուսյանը, ով նախկինում աշխատել է Բերդավան համայնքի ղեկավարի տեղակալ: Դովեղ եւ Բաղանիս գյուղերում լիազոր ներկայացուցիչ են նշանակվել Սամվել Ամիրխանյանը եւ Նարեկ Սահակյանը, ովքեր մինչեւ սեպտեմբերի 18-ի ընտրությունները ղեկավարում էին նշված համայնքները:
Նշենք, որ Նարեկ Սահակյանը ՀՅԴ անդամ է: Ոսկեպարում համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Սերոբ Մախսուդյանը, ով Ոսկեպարում քարի վերամշակման արտադրամաս ունի: Ոսկեպարի նախկին համայնքապետ Երվանդ Եգանյանը սեպտեմբերի 18-ի ընտրություններում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու էր, երեւի նաեւ այդ պատճառով Կ. Աբազյանը նրան չնշանակեց իր լիազոր ներկայացուցիչ: Համայնքների խոշորացումից առաջ Ոսկեպար գյուղում կայացած հանդիպման ժամանակ եւ Իջեւանում, Տավուշի մարզխորհրդի նիստում, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը համայնքների ղեկավարներին վստահեցրել էր, որ համայնքների խոշորացումից հետո նրանք բոլորն էլ կաշխատեն որպես այդ գյուղում համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչ: Սակայն Նոյեմբերյան համայնքի նորընտիր ղեկավարը լիազոր ներկայացուցիչներ է նշանակել նրանց, ում վստահում է: Լիազոր ներկայացուցիչները ունեն մեծ գործառնույթներ, բացի ֆինանսական գործարքներ կատարելուց: Նրանց աշխատավարձերի պաշտոնական դրույքաչափը, առանց պահումների, կազմում է 220 հազար դրամ: Առաջիկայում Կ. Աբազյանը լիազոր ներկայացուցիչներ կնշանակի սահմանամերձ 4 գյուղերում՝ Բարեկամավանում, Կոթիում, Ոսկեվանում եւ Ջուջեւանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս