ԱՅՍՕՐ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 17-րդ տարելիցն է: Ոճրագործության արդյունքում զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը: Այդպիսով Հայաստանի զարգացումը մի քանի տասնամյակով հետ շպրտվեց: Ոճրագործության արդյունքում սպանվեցին ժողովրդի քվեն ստացած գործիչները, արդյունքում իշխանությունը մնաց մարդկանց ձեռքում, որոնք նման մանդատ չէին ստացել: Այս գործընթացը հաջորդած տարիներին ավելի խորացավ, եւ Հայաստանի քաղաքական վերնախավում աստիճանաբար տեղ զբաղեցրին մարդիկ, որոնք, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, ապա այդպես էլ հանրությանը կմնային անհայտ: Նրանք շարունակում են 4-5 տարին մեկ ընտրությունները կեղծել եւ պաշտոնավարել ու ամեն տարի այս օրն այցելում են Եռաբլուր եւ Պանթեոն` Հոկտեմբերի 27-ի զոհերի շիրիմներին ծաղիկ դնելու: Ողբերգությունն այն է, որ տեսանելի հեռանկարում այդ մարդիկ շարունակելու են պաշտոնավարել եւ որպես Հայաստանի քաղաքական էլիտա ներկայանալ: Քանի դեռ այս երեւույթը շարունակվում է, նշանակում է, որ Հայաստանը դեռ չի հաղթահարել Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքները եւ չի վերադարձել զարգացման բնականոն հուն:

 

 

 
Մեր տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում քննարկվում է անցած տարիներին կուտակված անհույս հարկային պարտավորությունները «համաներելու» տարբերակը: Խոսքը իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների եւ ֆիզիկական անձանց այն պարտավորությունների մասին է, որոնք բռնագանձելու բոլոր իրավական հնարավորությունները վաղուց սպառվել են, բայց շարունակում են ՊԵԿ-ի հաշվարկներում արտացոլվել: «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊԵԿ-ից նման մտադրության գոյությունը հաստատեցին: «Այս պահին կա վարչապետի հանձնարարականը ՀՀ ՊԵԿ-ին եւ կառավարությանը քննարկել իրավաբանական անձանց, Ա/Ձ-ների եւ ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունները «համաներելու» նպատակահարմարությունը: Ներկայումս ուսումնասիրություններ են ընթանում»,- պատասխանեցին ՊԵԿ-ից: Կարելի է ենթադրել, որ այս խնդրի վերջնական պատասխանը տարեվերջին կամ եկող տարվա սկզբին նոր միայն կհստակեցվի:

 

 

 
Այսօր ՀՀԿ-ի վերնախավը կրկին հավաքվելու է Մելիք-Ադամյանի իր գրասենյակում` ԳՄ նիստի: Սովորաբար ԳՄ նիստ կոչվող միջոցառումների ժամանակ Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերնախավին տեղեկացնում է իր որոշումների մասին, եւ նրանք բոլորով միաձայն հաստատում են «շեֆ»-ի որոշումները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստը նվիրված է լինելու նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին, որի նախապատրաստման հարցերով զբաղվող ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին զեկուցելու են իրենց արած-չարածների մասին, իսկ նա էլ ներկաներին տեղեկացնելու է, թե, ըստ իրեն, ինչպես է լինելու ՀՀԿ համագումարը: Մեր տեղեկություններով՝ սպասվում է, որ այսօրվա նիստում կհայտարարվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ շարքերը համալրելու մասին: Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ նա առաջիկա օրերին ոչ միայն դառնալու է հանրապետական, այլ նաեւ գալիք համագումարում ընտրվելու է կուսակցության փոխնախագահ:

 

 

 
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքեց եւ ո՛չ էլ հաստատեց լուրերն այն մասին, որ առաջիկայում, այնուամենայնիվ, համաներում է հայտարարվելու: «Մենք որեւէ տեղեկություն չունենք: Նախագահի լիազորությունն է: Արդարադատության նախարարությունը որեւէ գործառույթ չունի այդ ոլորտում»,- պատասխանեց Սուրեն Քրմոյանը, երբ նրանից փորձեցինք պարզել, թե երբ է համաներումի նախագիծն ուղարկվելու խորհրդարան: Փոխարենը զրույցի ընթացքում Քրմոյանը հավաստիացրեց, որ առաջիկայում պատրաստվում են օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել խորհրդարանին դատապարտյալների վաղաժամկետ ազատման կարգը փոխելու նպատակով: Ինչպես հայտնի է՝ դատապարտյալների վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում գրեթե չի գործում, չնայած օրենքով նախատեսված է: Ըստ փորձագետների՝ հիմնական պատճառը ոլորտում առկա կոռուպցիան է: Իսկ ոլորտի պատասխանատուների տեսանկյունից, պարզվում է, ինչպես միշտ օրենքներն են մեղավոր:

 

 

 
ԹԱՐՍՈՒՇԻՏԱԿ
ՀՀԿ ԳՄ անդամ, Աժ պատգամավոր Սամվել Նիկոյանը, անդրադառնալով ՀՀԿ առաջիկա համագումարում կուսակցության ղեկավար կազմի սպասվող փոփոխություններին, հայտարարել է. «Եթե իշխանության մեջ կատարվում են փոփոխություններ, ապա դա չի կարող չազդել կուսակցության վրա, չարտացոլվել կուսակցության ներսում»: Թվում է, թե Նիկոյանի ասածը տրամաբանական է այն առումով, որ երկրի վարչապետը, նախարարները պետք է որ նաեւ իշխող կուսակցությունում զբաղեցնեն ղեկավար դիրքեր: Բայց սա միայն առաջին հայացքից: Իրականում Նիկոյանի ասածը քաղաքագիտական առումով եւ մեր քաղաքական իրողությունների տեսանկյունից հակատրամաբանական է: Բանն այն է, որ արդեն երկրորդ անգամը լինելով իշխող, Հանրապետական կուսակցությունն իր իշխանության կարեւորագույն մասը անհայտ կուսակցական շահերից ելնելով, իսկ իրականում կոնկրետ մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանի կամքով, հանձնում է կուսակցության հետ որեւէ կապ չունեցող մարդկանց:
Ինչպես հիշում ենք՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մինչ իր նշանակումը՝ 2008թ-ին, Հանրապետական կուսակցության անդամ չէր, եւ որեւէ ձեւով չէր արտահայտել իր համակրանքը ՀՀԿ գաղափարախոսության հանդեպ: Բայց ոչ միայն նա նշանակվեց վարչապետ, այլեւ իր հետ կառավարություն բերեց սեփական ապակուսակցական եւ ապաքաղաքական թիմի ներկայացուցիչներին, որոնք բոլորը, առանց բացառության, կարճ ժամանակ անց շատ բարեհաջող ձեւով հանրապետականացվեցին: Հիմա էլ Կարեն Կարապետյանի դեպքում է, փաստորեն, նույն իրավիճակը: Բայց եթե անգամ նա էլ իր նախորդի նման չկուսակցականացվի, միեւնույն է՝ կառավարությունում կատարված փոփոխություննեի արդյունքում մի շարք ՀՀԿ- ական նախարարներ զրկվել են իրենց պաշտոններից՝ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, եւ բնականաբար համաձայն ՀՀԿ-ի խաղի կանոնների՝ առաջիկայում պետք է զրկվեն նաեւ իրենց կուսակցական պաշտոններից: Որքան էլ որ Սերժ Սարգսյանը ժամանակին հավաստիացնում էր, որ իրենք /ՀՀԿ-ն/ ոհմակ չեն, այդուհանդերձ, անցած տարիների փորձը ցույց է տվել, որ ՀՀԿ ղեկավար կազմում լինելու համար կարեւոր պայման է պաշտոնյա լինելը:
Եվ արդյունքում՝ ստացվում է, որ փոխանակ կուսակցությունում կատարվող փոփոխություններն անդրադառնան կառավարության փոփոխության վրա, ինչը քաղաքագիտական ընդունված մոդելն է /իշխող քաղաքական ուժն ինքն է ձեւավորում կառավարությունը/, մեզանում տեղի է ունենում հակառակ պրոցեսը. մեկ անձի կամոք փոփոխված կառավարությունն է ազդում կուսակցության փոփոխության վրա, ասել է թե՝ կառավարությունն է ձեւավորում կուսակցության վերնախավը: Քաղաքագիտական աբսուրդ, որը, սակայն, տեղավորվում է քաղաքական ուժի եւ ոհմակի միջեւ համեմատականների տիրույթում:




Լրահոս