ԷԿԶՈՏԻԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 25-ին գրել էինք, որ ԱԺ-ում քվեարկության դրվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի հեղինակները ԱԺ ամենապասիվ պատգամավորներից են: Խոսքը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի եւ Արթուր Ստեփանյանի՝ Չախկալի (նա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի հովանավորյալն է) մասին է, որոնք Վահրամ Մկրտչյանի հետ նախաձեռնել էին փոփոխել քաղաքացիական օրենսգիրքը, սակայն անձամբ չէին ներկայացել Աժ նիստին:

Իսկ ինչն էր փոփոխության հիմքը: Ըստ հիմնավորման, օրինակ, վարձատուի եւ վարձակալի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով. վարձակալը սահմանված վարձավճարը 1 օրով ուշացրել է պայմանագրի գործողության 2-րդ ամսում, եւ 1 անգամ էլ 1 օրով 5-րդ տարվա 3-րդ ամսում: Նշված օրինակում ծագում է պայմանագիրը վաղաժամկետ լուծելու վարձատուի իրավունքը, որն անբարենպաստ իրավիճակի մեջ կարող է դնել վարձակալին` հաշվի առնելով վարձակալված տարածքում վերջինիս կողմից կատարված ներդրումները եւ գործարար համբավը: Մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ ավելացվում է «անընդմեջ» բառը, որի դեպքում վարձակալի կողմից 2 անգամ անընդմեջ սահմանված վարձավճարը չվճարելը կարող է վկայել վարձակալի կողմից ստանձնած պարտավորությունը ոչ պատշաճ կատարելու որոշակի «օրինաչափության» առկայության վերաբերյալ եւ որի դեպքում պետք է վարձատուին իրավունք ընձեռել օգտվելու պայմանագրի վաղաժամկետ դադարեցման իրավունքից: Մյուս կողմից, հաշվի առնելով, որ նախագծով առաջարկվող դրույթը կարող է վարձակալի կողմից չարաշահումների տեղիք տալ, նախատեսվում է հավասարակշռող դրույթ վարձակալի իրավունքների պաշտպանության համար, այն է՝ վարձակալության պայմանագրի լուծումը:
«Ժողովուրդ»-ը նախագծի շուրջ զրուցեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, նախագծի հեղինակ Վահրամ Մկրտչյանի հետ:
-Ինչո՞ւ որոշեցիք հենց այս նախագիծը ներկայացնել:
-Գիտեք, ճիշտն ասած՝ 2014 թվականից օրակարգում կար, իսկ ես նախագծին միացել եմ ընդամենը մի քանի օր առաջ:
-Ինչո՞ւ որոշեցիք հիմա միանալ Արտակ Սարգսյանի եւ Արթուր Ստեփանյանի նախագծին:
-Տեսնելով, որ դա կարեւոր նախագիծ է, ցանկութուն հայտնեցի միանալ եւ, ըստ էության, հիմնական զեկուցողը ես եղա: Իսկ տրամաբանությունը կայանում է նրանում, որ երկրներ կան աշխարհում, որոնք իրենց օրենսդրություններում ներառում են կետեր վարձակալության մասով, որոնք պաշտպանում են, ըստ էության, վարձակալի շահերը: Մեր օրենսդրությունը պաշտպանում էր վարձատուի շահերը, եւ մենք փորձեցինք հավասարակշռել, որ մի քիչ էլ վարձակալի շահը պաշտպանվի: Մենք ընդամենը բալանսավորեցինք եւ մեկ դրույթ մտցրեցինք, որ վարձակալության պայմանագիրը վարձատուն իրավունք ունի լուծարելու, դատարանի վճռով, իհարկե, եթե վճարման ժամկետները պարբերաբար խախտվել են, կամ երկու անգամ անընդմեջ է դա եղել:
-Նշեցիք , որ Դուք մի փոքր ուշ եք միացել, եւ, ըստ էության, նախագծի հիմնական հեղինակները Արտակ Սարգսյանն ու Արթուր Ստեփանյան են եղել, կասեք՝ կոնկրետ Արտակ Սարգսյանը ինչ կարծիք ունի այս նախագծի շուրջ եւ, առհասարակ, ինչո՞ւ որոշեց հենց այս օենսդրական նախագիծը հեղինակել:
-Քանի որ պետաիրավական հանձնաժողովի անդամ եմ, այդ նախագիծը 2014 թվականին քննարկվել է հանձնաժողովում, իրենք հենց կարեւորում էին դա:
-Իրենք ո՞վ, կոնկրետ կասեք, Արտակ Սարգսյա՞նը, թե՞…
-Չեմ հիշում, թե ով է զեկուցել: Այսպիսի կարգ կա, եթե 10 հոգի են հեղինակները, ենթադրենք, ով էլ որ զեկուցի, ինքը, բնականաբար, խմբի անունից է խոսում, իրենք գրել էին, որ երկու անգամ անընդմեջ պետք է լինի խախտման դեպքը, որ լուծարվի, հետո արդարադատության նախարարությունը առաջարկել էր պարբերաբար բառը: Հարցադրումը լավ չեմ ընկալում, թե ինչ կարեւոր է՝ Արտակ Սարգսյանն է ասել, թե Վահրամ Մկրտչյանը: Ձեր հարցի ենթատեքստը, իհարկե, հասկանում եմ, բայց պաշտպանելով իմ գործընկերներին որպես նորմալ պատգամավորներ… կարող է՝ մարդը շատ չխոսի, բայց նաեւ օրենսդրական լուրջ գործունեություն ծավալի: Տարբեր մարդիկ տարբեր ոճի գործիչներ են, մեկը կարող է դահլիճում շատ ակտիվ լինել, բայց, ըստ էության, ո՛չ հանրության, ո՛չ կյանքի վրա որեւէ օգուտներ չտա, մարդը կարող է խորհրդարանական դահլիճում շատ պասիվ լինել, բայց շատ լուրջ գործ կատարի պետության, հայրենիքի համար:
-Իսկ հիմնական հեղինակներից հետաքրքրվե՞լ եք, թե այս նախագծի գաղափարը որտեղից նրանց մոտ առաջացավ:
-Խորապես համոզված եմ՝ ցանկացած նախաձեռնություն լինում է հասարակության մտահոգությունները կիսելու տեսակետից, վստահ եմ, որ մարդիկ ուսումնասիրել են այդ դաշտը, տեսել են, որ վարձակալի իրավունքը պաշտպանված չէ: Այդտեղ որեւէ այլ բան՝ իրենց անձերով պայմանավորված, պետք չէ փնտրել: Օրենքը ոնց է ծնվում, ով նկատում է, չէ՞, այդ բացը կամ ում օգնականը, խորհրդականը նկատում է այդ բացը: Չգիտեմ, ոնց է առաջացել, բայց որ դա լավ նախաձեռնություն է, դրա համար միացել եմ:
-Այդուհանդերձ, նախագծի հեղինակները ԱԺ ամենապասիվ պատգամավորներից են, եւ հենց այդ առումով է նրանց օրենսդրական նախաձեռնությունը ուշագրավ. առավել եւս, որ սեփական նախագծի քննարկմանն իրենք չէին ներկայացել:
-Դե, չեմ ուզում մեկնաբանել իմ գործընկերների չլինելու պատճառը, պետք չէ այդտեղ շատ բան ման գալ: Հիմա մենք քննարկում էինք ատոմային էներգետիկայի վերաբերյալ միջազգային մի համաձայնագրին միանալու հարց, դահլիճում կար ընդամենը 5 պատգամավոր, մնացածը չկային:
-Տեսակետ կա, որ ո՛չ Սարգսյանը, ո՛չ էլ Ստեփանյանը որեւէ առնչություն չունեն այդ նախագծի հետ, պարզապես նրանց անունը գրվել է, իսկ Ձեզ վերջում առաջարկել են միանալ որպես հեղինակ, որպեսզի Ձեր գործընկերներին «փրկեք»:
-Ինձ ոչ ոք չի ասել՝ դարձեք համահեղինակ, ես ինքս ասում եմ, որ դա մեր հանձնաժողովում զեկուցվել էր դեռ երկու տարի առաջ:
-Իսկ գոնե կհիշեք՝ ո՞վ էր զեկուցողը:
-Կոնկրետ չեմ հիշում, երկուսից մեկը զեկուցել էր, կարծեմ՝ Արթուրն էր Ստեփանյան: Միգուցե իրենք շատ չեն խոսում, բայց իրենք շատ կարեւոր գործառույթներ են իրականացնում մեր հասարակական գործունեության մեջ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՖԻՆՆԱԽԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀԱՆԴԻՊՄԱՆ

«Ժողովուրդը» գրել էր, որ «Եվրոֆուտբոլ» ընկերության աշխատակիցները հոկտեմբերի 6-ին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց եւ վարչապետի հետ հանդիպում էին պահանջում: Սակայն նրանց հաջողվել էր միայն իրենց նամակը փոխանցել ՀՀ կառավարության նամակների եւ դիմում բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին, ով խոստացել էր հարցի մասին զեկուցել վարչապետին:

Հիշեցնենք, որ ՊԵԿ նախաձեռնությամբ որոշվել է շահումով խաղերի ոլորտի համար նախատեսված տարեկան տուրքը բարձրացնել 450%-ով, այսինքն` 4,5 անգամ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Եվրոֆուտբոլ» ընկերությունը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է իր նամակի պատասխանը, որով նախարարությունը հրավիրում է շահագրգիռ կողմերին հանդիպել եւ քննարկում անցկացնել: Նախարարությունը նաեւ տեղեկացրել է, որ այս պահին հիմնավոր է համարում իրենց որոշումը: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Եվրոֆուտբոլ» ընկերության իրավաբանական գծով տնօրեն Մառլեն Սմբատյանի հետ, ով տեղեկացրեց, որ իրենք հայտնել են հանդիպելու իրենց պատրաստակամության մասին. «Միաժամանակ մեզ էլ ասում են, եթե, օրինակի համար, կլինեն մեխանիզմներ, որ թույլ կտան իրացման շրջանառությունը հստակ վերահսկել, օրինակ՝ սերվերները տեղադրել ՊԵԿ-ի կամ ֆիննախի տարածքում, ու իրենք մուտք ունենան այդ սերվերներ, որպեսզի տեսնեն՝ ինչքան խաղադրույքներ կատարվեցին, ինչ շահումներ եղան, իրենք պատրաստ են վերանայելու տուրքի չափերը»,- նշեց Սմբատյանը: Պարզվում է՝ նախարարությունն ԱՎԾ-ից տվյալներ է վերցրել եւ նշել, որ համապատասխան ոլորտներում՝ մշակույթ, զվարճություն, հանգիստ, մեծ աճ է գրանցվել այնտեղ, որտեղ տեսակարար մեծ կշիռ ունի խաղային գործը.«Իրենք ներկայացրել են, որ 2014 թվականին աճը եղել է 23,9%, 2015-ին` 87,2%, 2016 թվականի առաջին կիսամյակում՝ 61,7%: Նախ չեն առանձնացրել, որ ոլորտում վստահաբար տեսակարար կշիռ ունի խաղային գործը, կարա ունենա, կարա չունենա, որեւէ հիմնավորում չկա: Այդ ոլորտի մեջ մտնում են հյուրանոցները, խաղատները, այսինքն՝ այս ամենը վերցնել եւ ասել՝ ոլորտը աճել է, հիմնավոր չէ»,- ընդգծեց Սմբատյանը:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԵՐԵԽԱ Է  ՄԱՀԱՑԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նախորդ շաբաթ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում անչափահաս է մահացել: Նա ուղեղի թաղանթի բորբոքում ախտորոշմամբ Մասիսի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւան, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել փոքրիկի կյանքը: Մեր տեղեկությունը հաստատեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Վերջինիս փոխանցմամբ` երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով: «Մինինգիտի բարդացած աստիճան էր երեխայի մոտ: Նա շտապ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, արհեստական շնչառության ապարատին է միացվել: Հիվանդությունն այն աստիճան էր բարդացել, որ հնարավոր չէր կյանքը փրկել»,- պարզաբանեց Դալլաքյանը: Բժշկի խոսքով` երեխան 10-15 օր հիվանդ է եղել, եւ ինքնաբուժությամբ զբաղվելու, ժամանակին բժշկի չներկայացնելու հետեւանքով նման դժբախտություն է տեղի ունեցել:

 

 

ՀԱՅՑ «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ»-Ի ԴԵՄ
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին դատի են տվել: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի օգոստոսի 12-ին «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Քեթրին Գրուպ» ՍՊԸ-ից բռնագանձել 170 հազար դրամ: Իսկ թե ինչպես է ստացվել, որ ընկերություններն այդ գումարի խնդիրը չեն լուծել եւ որոշել են դատական կարգով հարցին լուծում տալ, մեզ առայժմ չհաջողվեց պարզել:

 

 

ՔԱՆԴԵՆՔ, ՆՈՐԸ ԿՍԱՐՔԵՆ
Երեկ համացանցով մի տեքստ տարածվեց, որը ներկայացվել էր, որպես «Հիմնադիր խորհրդարան»-ի, «Սասնա ծռեր» խմբավորման եւ «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի` «Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզը»: Ըստ էության, փաստաթղթի հեղինակների պնդմամբ Հայաստանի Հանրապետություն, ասել է, թե պետություն, որպես այդպիսին գոյություն չունի, եւ այն, ինչ կա, անհրաժեշտ է «քանդել» եւ նոր` «Երրորդ Հանրապետություն» կառուցել: «Ժողովուրդ»-ը փորձեց «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանից պարզել, թե իրենք ինչպես են պատրաստվում «քանդել» ներկա Հայաստանի Հանրապետությունը եւ նորը կառուցել: «Պետք է ժողովրդի ընդվզմամբ իշխանափոխությունը տեղի ունենա, եւ դրանից հետո նախաձեռնվող քայլերն արդեն հստակեցված են, այդ արմատական փոփոխությունների մասին ասված է, ձեւավորվելու է նոր հանրապետություն, որի հիմքում ՀՀ քաղաքացին է եւ ազգությամբ հայը»,- պատասխանեց Մարտիրոսյանը:




Լրահոս