ԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ` 2017-Ի ԳԱՐՆԱՆԸ. Ի՞ՆՉ ԱՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եկող տարվա գարունը Հայաստանի համար դառնալու է ընտրական մարաթոնի ժամանակաշրջան, քանի որ նոր Սահմանադրությունը գործողության մեջ դնելուց հետո քաղաքական կյանքում հնարավոր երկու կարեւորագույն` Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունները մեկը մյուսին հաջորդելու են:

Այսպես՝ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ ԱԺ ընտրությունները անցկացվեն գործող խորհրդարանի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60 օր առաջ եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ: Գործող խորհրդարանն իր լիազորությունները ստանձնել է 2012 թվականի մայիսի 31-ին` հինգ տարի ժամկետով: Հետեւաբար ստացվում է, որ խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել 2017 թվականի ապրիլի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում: Քվեարկության օրը սովորաբար կիրակի օր է նշանակվում: Վերը նշված ժամկետը ներառում է միանգամից երկու կիրակի` ապրիլի 2-ը եւ ապրիլի 7-ը: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունները նախապատվությունը տալու են ապրիլի 2-ին, քանի որ հակառակ դեպքում երկու` խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունները «կխաչվեն»:
Բանն այն է, որ Երեւանի ավագանու ընտրությունները, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, պետք է անցկացվեն գործող ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ: Երեւանի գործող ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2013 թվականի հունիսի 8-ին` չորս տարի ժամկետով: Ըստ այդմ, ստացվում է, որ Երեւանի ավագանու ընտրությունները պետք է անցկացվեն մայիսի 8-ից 18-ն ընկած ժամանակահատվածում: Նշված տասնօրյակում ընդամենը մեկ կիրակի կա` մայիսի 14-ը: Հետեւաբար վստահաբար կարող ենք ասել, որ հենց այդ օրն էլ կնշանակվեն Երեւանի ավագանու ընտրությունները:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցություններն իրենց ընտրական ցուցակները եւ առաջադրման մնացած փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայցնեն քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45 եւ ոչ ուշ, քան 35 օր առաջ: Տվյալ դեպքում, եթե որպես քվեարկության օր ընդունում ենք մայիսի 14-ը, ապա ստացվում է, որ Երեւանի ավագանու թեկնածուների առաջադրումը պետք է տեղի ունենա մարտի 30-ից ապրիլի 8-ը: Եթե ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ին նշանակվեն, ապա Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումները տեղի կունենան մի ժամանակաշրջանում, որն իր մեջ ներառում է քարոզարշավի վերջին երկու օրերը՝ լռության օրը, քվեարկության օրը, ընտրությունների ամփոփման ժամանակաշրջանը: Եթե ԱԺ ընտրությունները նշանակվեն ապրիլի 9-ին, ապա առաջադրումները կհամընկնեն քարոզարշավի օրերի եւ լռության օրվա հետ: Մի խոսքով, ընտրական խառնաշփոթը այդ օրերին ամեն դեպքում երաշխավորված է լինելու:
Սակայն առավել բարդ է լինելու քաղաքական ուժերի կյանքը: Այն հանգամանքը, որ մի ընտրությունը դեռ չավարտած՝ մյուսն է սկսվելու, հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերին լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու: Ընդդիմադիր կուսակցություններն առանց այդ էլ մի կերպ են կարողանում իրենց ֆինանսական խնդիրները լուծել, իսկ այս դեպքում նրանք պարտադրված են լինելու մի կողմից ԱԺ ընտրությունների քարոզչության համար անհրաժեշտ գումարների խնդիրը լուծել, մյուս կողմից էլ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար պետք է 3 մլն դրամ ընտրական գրավ վճարեն:
Բացի այդ, հասկանալի է, որ ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուների ռեսուրսը հաստատ այնքան մեծ չի լինի, որ նրանք ԱԺ ընտրությունների ժամանակ Երեւանի չորս տարածքներում առնվազն 20 պատգամավորի թեկնածու առաջադրեն, 25-ից 65 հոգու էլ Երեւանի ավագանու թեկնածու առաջադրեն: Անկախ նրանից՝ ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ին, թե 9-ին կնշանակվեն, միեւնույն է՝ Երեւանի ավագանու թեկնածուների առաջադրման ժամանակ պատգամավորի թեկնածուներն իրավական տեսանկյունից լինելու են գործող թեկնածուներ: ՀՀ ընտրական օրենսգրքում որեւէ դրույթ չկա, որը քաղաքացուն արգելում է ժամկետներով համընկնող մի քանի ընտրությունում թեկնածու առաջադրվել: Սակայն ամեն դեպքում մի փոքր բարդ իրավիճակ է ստացվում:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե դեռ վաղ է խոսել հինգ ամիս հետո սպասվող այդ խնդրի մասին, առավել եւս, որ դեռ հայտնի չէ, թե քաղաքական ուժերից որոնք են պատրաստվում ԱԺ, այնուհետեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել: Բայց իրականում այս խնդրին հենց այս փուլում լուծում պետք է տրվի, որպեսզի քաղաքական ուժերը հնարավորություն ունենան իրենց ապագա ծրագրերը մշակել: Իհարկե, ֆորմալ տեսանկյունից ՀՀ ԿԸՀ-ն չի կարող այս խնդրի մասին բարձրաձայնել, քանի որ ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրությունները դեռեւս նշանակված չեն:
ԱԺ ընտրությունները Հանրապետության նախագահը նշանակում է քվեարկության օրվանից ամենաուշը 90 օր առաջ: Այսինքն՝ ԱԺ ընտրությունների օրն ամենաուշը հունվարի 1-ին արդեն պետք է նշանակված լինի: Երեւանի ավագանու ընտրությունների օրը նշանակում է կառավարությունը` ամենաուշը քվեարկությունից 60 օր առաջ: Տվյալ դեպքում նշանակման որոշումը կայացնելու վերջնաժամկետը մարտի 14-ն է ստացվում: Սակայն ողջ խնդիրն այն է, որ օրենսդրությունը չի արգելում ընտրությունների օրը, ասենք, 150 կամ 120 օր առաջ նշանակել: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները ցանկության դեպքում հենց այսօր էլ կարող են ընտրությունների օրերը նշանակել եւ ԿԸՀ-ին հանձնարարել, որպեսզի բոլոր թնջուկները լուծի, որպեսզի շիլաշփոթ չառաջանա: Բայց արդյոք նրանք ցանկանում են դա անել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԻՆՉ ՔՆՆԱՐԿՈՒՄ, ԻՆՉ ԲԱՆ
Հոկտեմբերի 27-ին «ՆորՏեղ Շին» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը Երեւանում պայթեցման միջոցով քանդեց մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը, որը գտնվում էր Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղում: Հիշեցնենք, որ այն կառուցվել էր մոտ 100 տարի առաջ: «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից փորձեց պարզել՝ արդյո՞ք այսուհետ եւս քաղաքապետարանը շարունակելու է հին շենքերը պայթեցնել նույն կերպ` առանց հանրային քննարկում անցկացնելու: Ի պատասխան հարցման` Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն ասաց. «Դուք նկատի ունեք պայթեցման եղանակով քանդու՞մը»: Իսկ երբ պարզաբանեցինք, որ խոսքը պատմություն ունեցող շենքը առանց քննարկման քանդելու մասին է, Գեւորգյանը նշեց. «Խնդրում եմ, այս մասով դիմել ճարտարապետներին, որպեսզի իրենք էլ ներկայացնեն՝ այդ շենքը ունի պատմություն, չունի պատմություն, պատմամշակութային արժեք է, թե ոչ: Չեմ կարծում՝ ես եմ այդ մասնագետը, որ կարող եմ այդ հարցին պատասխանել»: Գեւորգյանը, թերեւս, այդպես էլ չգիտակցեց, որ ինքը Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչն է:

 

 

ՉԻ ՆԿԱՐԱՀԱՆՎԻ
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնին նշանակվելու առաջին օրերին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ յուրաքանչյուր աշխատանքային խորհրդակցություն նկարահանվելու եւ տեղադրվելու է կայքէջում: «Ես որոշել եմ բաց աշխատել, չափազանց թափանցիկ եւ հրավիրում եմ ձեզ, սիրելի՛ լրագրողներ, իմ բոլոր խորհրդակցութուններին ներկա գտնվելու: Եթե հանկարծ ժամանակ չեք ունենա եւ զբաղված կլինեք ավելի լուրջ քաղաքական խնդիրներ լուսաբանելով, ես պիտի խնդրեմ ձեզ հետեւել մեր կայքէջին, որովհետեւ յուրաքանչյուր խորհրդակցություն նկարահանվելու է եւ տեղադրվելու է այնտեղ»,- հայտարարել էր նախարարը: «Ժողովուրդ»-ը նախարարի մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանից փորձեց պարզել, թե երբ է Ամիրյանն իրագործելու իր խոստումը: «Խորհրդակցության սենյակում մարդիկ պարզապես իրար չեն լսի, կխանգարեն իրար: Բայց մենք բոլորի համար բաց ենք, եւ ցանկացած հարցով լրագրողը կարող է գալ եւ լուսաբանել: Նշեմ նաեւ, որ մենք հենց խորհրդակցության ընթացքից տեղում պարբերաբար լուրեր ենք հաղորդում»,- ասաց մամուլի խոսնակը:

 

 

ԲԱՑԱՍԱԲԱՐ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանը անկանխատեսելի իրավիճակի առաջացման հիմքով հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով բանակցային ընթացակարգով ձեռք է բերել վերանորոգման աշխատանքներ: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել մարզպետարանի կողմից գնման գործընթացին: Քանի որ պարզվել է, որ ընթացակարգի հրավերի գնման ժամանակացույցով աշխատանքների կատարման ավարտ է սահմանվել այս տարվա դեկտեմբերի 20-ը, մինչդեռ հրավերի պայմանագրի 1.3 կետով նշվել է 25-ը, ինչն անհամապատասխանություն է առաջացրել:

 

 
ՆՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի ներկայացմամբ՝ նոր կանոնակարգում լուրջ վերանայումներ են եղել օրակարգային հարցերի կուտակումների, մշտական հանձնաժողովների քննարկման ընթացքում նախագծերում փոփոխություններ կատարելու, խորհրդարանում որոշ հարցերի երկար քննարկման եւ այլ հարցերի վերաբերյալ: Նոր կանոնակարգով խմբակցությունները շաբաթը մեկ անգամ պետք է նիստեր գումարեն, եւ այդ նիստը լեգիտիմ ճանաչելու համար պետք է ներկա լինի խմբակցության կեսից ավելին: Սահակյանի խոսքով՝ մշտական հանձնաժողովների դերը եւս մեծացել է, իսկ ԱԺ փոխնախագահ ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների անդամներից մեկը, ինչը պարտադիր պայման է: Հանձնաժողովում սպասում են նոր առաջարկների:

 

 

ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ
Եթե հանկարծ ինչ-որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկներ չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կասկածելի համարելու համար։ Այս մասին երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Նա ասել է, թե որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ պայմանավորվածությունը։

 

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Արձագանքելով Ի. Ալիեւի հայտարարությանը, թե Ադրբեջանի կողմից առավելագույն զիջումը կլինի ԼՂ-ին ինքնավար հանրապետության կարգավիճակի շնորհումը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախօրեին ասել է. «Առանցքային արտահայտությունը՝ «եթե կողմերը համաձայնության գան»: Կողմերը պետք է համաձայնության գան»: Նա նաեւ նշել է, որ ոչ մի ուժային գործողություն չի կարող նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

 

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձը իր անձնական հարցն է, երբ որոշում կայացվի, այդ ժամանակ էլ կխոսենք: Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Անդրադառնալով այն լուրերին, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձը համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ, Բաղդասարյանը հավաստիացրել է, որ ՀՀԿ անդամների, առավել եւս՝ ղեկավարի հետ ոչ մի հանդիպում կամ քննարկում չի եղել: «Եթե քաղաքականություն են վերադառնում թույլտվությամբ, ապա ավելի լավ է չվերադառնալ»,-նկատել է Բաղդասարյանը:

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:




Լրահոս