Պետական հիմնարկի գործունեությունը դադարեցվել է. այն 6 տարի անիմա՞ստ է ծախսեր արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նոյեմբերի 3-ի նիստում որոշվել է լուծարել պետական մի շարք հիմնարկներ: Ի թիվս այլոց, որոշվել է դադարեցնել նաեւ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց հիմնարկի տնօրեն Եղիշե Խերանյանի հետ: Մենք նախ հետաքրքրվեցինք` ինչպես ստացվեց, որ 6 տարիների ընթացքում հիմնարկի գոյությունը ոչ ոք անիմաստ եւ անարդյունավետ չէր համարում, եւ հանկարծ իրավիճակ փոխվեց. «Ես չեմ կարծում, որ մեր հիմնարկի գոյությունն անիմաստ է եղել, եւ այդ պատճառով է դադարեցվում դրա գործունեությունը: Ուղղակի 6 տարի առաջ պետական քաղաքականությունն այլ բան էր թելադրում, հիմա, հավանաբար, այլ: Հիմա օպտիմիզացիայի խնդիր կա: Հավանաբար, կառավարությունը նպատակահարմար է գտել այս միջոցով որոշակի խնդիրներ կարգավորել: Պետությունն այսօր, իրոք, բավական բարդ իրավիճակում է: Որքանով տեղյակ եմ` նպատակ կա կենտրոնացված մի կառույց ստեղծել, որը կիրականացնի մի քանի ԾԻԳ-երի գործառույթներ»,-մեկնաբանեց տնօրենը:

Ճշտող հարցին, թե օպտմիզացիայի պատճառը որոշակի գումարներ խնայե՞լն է, Ե. Խերանյանը պատասխանեց. «Այո՛, որքան հասկանում եմ` որոշակի խնայողությունների խնդիր կա: Հիմա վերանայում են ԾԻԳ-երի եւ ՊՈԱԿ-ների գործառույթները, որոշ դեպքերում էլ վերամիավորման ճանապարհն են ընտրել: Այսօր մեր պետությանը պետք է մաքսիմալ կերպով խնայել գումարներ ու ճիշտ օգտագործել առկա ֆինանսական միջոցները»:

«Այսինքն` այս 6 տարիների ընթացքում Ձեր հիմնարկությունը անիմաստ ծախսեր է արե՞լ»,-հարցրինք մենք: «Չէ, նման հարցադրում ոչ ոքի կողմից չի արվել, գումարներն էլ անիմաստ չեն ծախսվել: Այս 6 տարիների ընթացքում մեր իրականացրած մրցույթների արդյունքում 100 միլիոն դրամից ավել խնայողություն է արվել եւ տրվել պետական բյուջե. դա արդեն իսկ ցուցանիշ է»:

«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց` արդյոք հիմնարկի աշխատակիցները դուրս են մնալու համակարգից եւ համալրելու են գործազուրկների շարքերը. «Կարծում եմ` ղեկավարությունը որոշակի հոգատարություն կդրսեւորի, որ այդ երիտասարդ կադրերը, որոնք այս տարիների ընթացքում հասցրել են փորձ ձեռք բերել, դուրս չմնան»,-եզրափակեց տնօրենը:

Հիշեցնենք, որ հիմնարկի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության մշակույթի ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն էր: Դրա գործունեության հիմնական ոլորտներն էին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած, ՀՀ մշակույթի նախարարության եւ տարածքային կառավարման մարմինների մշակույթի ոլորտի (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) եւ օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը եւ աշխատանքները:

Աննա Բաբաջանյան




Լրահոս