ԱՄՆ նախագահի թեկնածուներն ու նրանց գաղտնի կապերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին մնացել են հաշված օրեր, եւ բնական է, որ յուրաքանչյուր մոտեցող օրվա հետ ընտրապայքարն ավելի է թեժանում: Թրամփի ու Քլինթոնի հակադրությունն այլեւս դադարել է սոսկ երկու թեկնածուների պայքար լինելուց` վերածվելով ամերիկյան քաղաքական վերնախավի ծածուկ եւ համառ դիմակայության: Հետաքրքիր է, որ թեկնածուներն ու նրանց սատարող թիմերն այլեւս անցել են քաղաքական կոռեկտության բոլոր սահմանները եւ միմյանց մեղադրում են բոլոր հնարավոր եւ անհնար մեղքերի մեջ:
Նախորդ շաբաթ ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոն (ՀԴԲ-FBI) հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել` տեղեկացնելով, որ վերսկսում է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական նամակների եւ պետական գաղտնիք պարունակող նյութերի փոխառնչության շուրջ հետաքննությունը: Հիշեցնենք, որ ՀԴԲ-ն ամիսներ առաջ կարճել էր գործը հանցակազմի բացակայության պատճառով, սակայն օրերս պարզվեց, որ Քլինթոնի շտաբի ներկայացուցիչներից մեկի համակարգչում եղել են որոշ տվյալներ, որոնք հիմք են հանդիսանում նոր հետաքննության համար: Թեեւ տարբեր աղբյուրներ շարունակում են պնդել, որ Քլինթոնը կապ չունի նամակների հերթական չափաբաժնի հետ, ՀԴԲ-ի որոշումը հետաքննությունը վերսկսելու մասին արդեն իսկ խոսուն է:

Ի վերջո, ՀԴԲ-ի հայտարարությունը որեւէ մանրամասն չի հաղորդում, սակայն ընտրություններից մի քանի օր առաջ քրեական գործի նախաքննությունը վերսկսելը պակաս խորհրդանշական չէ: Ի վերջո, խիստ տարօրինակ է, թե նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու պարագայում ինչպես պիտի Քլինթոնը նախագահ աշխատի, երբ ՀԴԲ-ն քրեական գործով հետաքննություն է անցկացնում նրա շուրջ:
Այդ առումով զարմանալի չէ, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը կարծես վերակենդանացրեց իր քարոզարշավը` կրկին ու կրկին քննադատելով նախկին պետքարտուղարին «հանցավոր» գործունեության համար: Թրամփը, որ շարունակաբար մեղադրում էր Քլինթոնին անձնական նամակներն ու պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները միմյանց խառնելու ու պետական համակարգը վտանգի տակ դնելու մեջ, ՀԴԲ-ի որոշումը գործը կարճելու մասին բավականին ցավոտ էր ընդունել: Դա բացատրելով ամերիկացիների դեմ դավադրությամբ` Թրամփը պնդում էր, որ Քլինթոնը մտադիր էր կեղծել ընտրությունների արդյունքները:

Այժմ, երբ ՀԴԲ-ն կրկին սկսել է հետաքննությունը, Թրամփը ակտիվացրել է իր քննադատությունը` այլեւս հենվելով Քլինթոնի «հանցանքի» փաստի վրա: Իսկ այդ քննադատությունը պարարտ հող է ձեռք բերում, երբ հաշվի ենք առնում, որ նախագահի թեկնածուն պաշտոնապես հայտնվել է իրավապահ մարմինների նոր հետաքննության կենտրոնում:

Այժմ Թրամփն իրավացիորեն պնդում է, որ Քլինթոնի ընտրության դեպքում ԱՄՆ-ում սահմանադրական ճգնաժամ է առաջանալու, քանզի ԱՄՆ-ում առաջին անգամ կարող է քրեական դատավարություն սկսվել գործող նախագահի նկատմամբ:
Բնականաբար, Քլինթոնի աջակիցներն էլ իրենց հերթին սկսեցին հարձակում գործել Թրամփի ուղղությամբ: Slate-ը հանդես է եկել ամերիկյան հաքերներից մեկի տիրապետած տեղեկատվության հանրայնացմամբ, որով շեշտվում է, որ Դոնալդ Թրամփը կապեր ունի Մոսկվայի հետ: Այդպիսի պնդման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ մոսկովյան բանկերից մեկը` «Ալֆան», կոնտակտի մեջ է եղել Թրամփի կազմակերպության վրա գրանցված ինտերնետային սերվերներից մեկի հետ:

Ըստ նույն աղբյուրի` կողմերը միմյանց հետ կապի մեջ են եղել գաղտնաբար, նույնիսկ զրույցն է ընթացել կոդավորված ձեւով: Հակաթրամփյան քարոզարշավն արդեն իսկ շրջանառության մեջ է դրել այն վարկածը, որ նման կերպով զրույցները լինում են հիմնականում քրեական խմբավորումների միջեւ, որոնք ինչ-որ համատեղ ձեռնարկում են մտմտում: Այս թեզը պաշտպանող մասնագետներն իրենց բացահայտումը պատճառաբանում են նրանով, որ ի սկզբանե փորձել են հասկանալ՝ արդյո՞ք ռուսական հաքերները հարձակումներ են գործում նաեւ Թրամփի սերվերների վրա, ինչպես որ վարվում էին Քլինթոնի հետ, սակայն պարզվել է, որ հարձակման փոխարեն համագործակցություն է ի հայտ եկել:

Հետաքրքիր է, որ Թրամփի շտաբը կտրականապես հերքել է մոսկովյան շրջանակների հետ կապը` բացատրելով, որ այդ նամակագրական պլատֆորմը ժամանակին ստեղծված է եղել առեւտրա-շուկայական նպատակներով, սակայն 2010թ. այլեւս չի օգտագործվել: «Ալֆա» բանկը եւս բացառել է Թրամփի հետ ցանկացած կապ` պնդելով, որ իրենք Թրամփի կազմակերպության հետ նույնիսկ տնտեսական գործարքներ չեն իրականացրել:
Հայաստանում քաղաքական թիմերի ու գործիչների միջեւ հասարակությունից գաղտնի կապերի մասին մամուլը հաճախ է գրում: Դրանք թեեւ հաճախ չեն բարձրանում շշուկների մակարդակից ու չեն հաստատվում կոնկրետ քաղաքական գործիչների կողմից, սակայն իրադարձությունների զարգացումը հաճախ ցույց է տալիս, թե որքանով էին այդ աղբյուրները հավաստի:

Հիշենք, օրինակ, որ 2008թ. նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ հայաստանյան մամուլում լուրեր տարածվեցին, որոնց համաձայն` Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել այնժամ ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանի հետ, եւ վերջինս խոստացել էր աջակցել նրան:

ՕԵԿ-ը փութաջանորեն հերքեց այդ տեղեկատվությունը, սակայն ընտրություններին մասնակցեց միայնակ` չմիավորվելով ընդդիմության հիմնական բեւեռի հետ: Ավելին` այդ օրերին էր, որ Սերժ Սարգսյանը արեց իր՝ «թեւավոր» դարձած հայտարարությունը` «մենք մեր հաճախորդներին լավ ենք ճանաչում»: Արդյունքում` Արթուր Բաղդասարյանը միայնակ մասնակցեց ընտրություններին, կիսեց ընդդիմության ձայները, սակայն 10 օր անց սեղմեց Սերժ Սարգսյանի ձեռքը եւ ստանձնեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնը:
Ն. Հովսեփյան




Լրահոս