ՔԱՆԻ՞ ԶՈՀՆ Է ՍԹԱՓԵՑՆԵԼՈՒ ԲՅՈՒՋԵՆ «ԶՈՀՈՂ» ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաճախ է խորհրդակցություններ հրավիրում` վերելակների նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով: Աշխատանքային հանդիպումները հաճախանում են, երբ հայտնի է դառնում որեւէ վերելակի անսարքության մասին, երբեմն` զոհի կամ վիրավորի գնով:

Հոկտեմբերի 30-ին մայրաքաղաքում հերթական արտակարգ դեպքը տեղի ունեցավ, խորհրդակցություն, սակայն, չհրավիրվեց: Համենայնդեպս, պաշտոնական հաղորդագրությամբ այդ մասին չի հիշատակվել:
«Ինչու միայն ա՞յս շենքն է, որ վերելակի խնդիր ունի: Ամեն տեղ էլ այս խնդիրն է: Ամեն անգամ նստելիս աստված ենք կանչում` անվնաս տեղ հասնենք, իջնենք»,- «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի` վերելակների որակի մասին հարցին այսպես պատասխանեցին Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի բնակիչները:
Բանն այն է, որ հոկտեմբերի 30-ին նշված շենքի առաջին մուտքի վերելակում քաղաքացի էր արգելափակվել: Պարզվել է, որ 62-ամյա Ռիտա Դոդոյանի ստորին վերջույթները արգելափակվել են վերելակի վերին հատվածի եւ 6-րդ հարկի հատակի միջակայքում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը կինը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից: Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Երեկվա դրությամբ կինը շարունակում էր նույն վիճակում մնալ:
«ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը եղավ դեպքի վայրում, ուր բնակիչները հայտնեցին, որ տուժած կինը նշված շենքի բնակիչ չէ. այստեղ նպատակադրվել էր բնակարան գնել: Դեպքից հետո, սակայն, կնոջ հարազատները մտափոխվել են. «Որտեղ ասես, որ չենք դիմել` համատիրություն, թաղապետարան… բայց ոչ մի արդյունք: Բազմիցս բարձրացրել ենք վերելակների հարցը: 80 թվից մինչեւ էսօր մի հատ նորմալ աշխատանք չարվեց: Նախկինում այնքան է պատահել, որ մնացել ենք վերելակի մեջ, զանգել ենք, եկել, մեզ հանել են վերելակից: Արդեն սովորել էինք այդ վիճակին: Բայց էս վերջին դեպքը լրիվ ահ ու դողի մեջ է բոլորիս գցել»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց շենքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը: Վերջինս վերհիշեց, թե ինչպես էր մի քանի տարի առաջ իր հարեւանուհիներից մեկը ձեռքի վնասվածք ստացել. հոսանքի անջատման հետեւանքով կնոջ ձեռքը մնացել էր վերելակի դռների արանքում:
Ինչո՞ւ խնդիրը չի լուծվում: Այս հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքը սպասարկող «Արգիշտի» համատիրության կառավարիչ Շուշանիկ Քալանթարյանին: Վերջինս, պարզվեց, վիրավորված է բնակիչներից. «Գիտեք` շատ վիրավորական է, երբ ասում են` բազմիցս դիմել ենք, հարցը չի լուծվել: Այդ մուտքի բնակիչներից նախորդ ամիս վերելակի անսարքության մասին կանչ չի ստացվել»,- ահա, այսպիսին էր համատիրության ղեկավարի պատասխանը: Մեր ճշտող հարցին` երբ է վերջին անգամ կանչ եղել, Շ. Քալանթարյանը արձանագրությունների մատյանը ներկայացրեց, որում նշված էր` այդ մուտքի բնակիչները խնդրով դիմել են օգոստոսին. «Դե հա, ով է ասում` չեն դիմում: Իհարկե, դիմում են: Մենք համապատասխան մարդկանց ենք ուղարկում, այնտեղ ուսումնասիրություններ են անում, եթե կարիք է լինում, համապատասխան աշխատանքներ են կատարում»- շարունակեց արդարանալ մեր զրուցակիցը:
Վերջինիս փոխանցմամբ` այս տարվա ծրագրով նախատեսված է եղել 5 վերելակների նորոգում, ինչն արդեն իսկ կատարվել է. «Բնակիչները չեն հասկանում, որ այդ աշխատանքներն իրենց տված գումարներով են արվում, իսկ վերելակի վերանորոգման համար համատիրությունը այդքան միջոցներ չունի: Քառակուսի մետրի դիմաց բնակիչը վճարում է 20 դրամ»: Մեր դիտարկմանը` ճիշտ չի՞ լինի, եթե կողմնակի ծախսերը կրճատվեն, եւ առաջնային անհրաժեշտության խնդիրները լուծվեն, Շուշանիկ Քալանթարյանը վստահեցրեց, թե ամեն բան նպատակային է արվում:
Բայց արդյոք նպատակային են այն ծախսերը, որոնք իրականացնում է համայնքային իշխանությունը: Փաստերը, ցավոք, այլ բան են գուժում: «Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 25-ի համարում հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է առաջիկայում 500 հատ «Երեւան» ձուլվածքով նստարան գնել՝ վճարելով 82, 5 մլն դրամ (մոտ 173 հազար ԱՄՆ դոլար) (յուրաքանչյուրը՝ 165 հազար դրամով) եւ 600 հատ 78 հազար դրամանոց աղբաման՝ վճարելով 46 մլն դրամ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից համայնքային միջոցներով քանի վերելակ կնորոգեր կամ հիմնանորոգեր: Բայց դա ձեռնտու գործարք չէ:
Իսկ ի՞նչ լուծում է տեսնում ստեղծված իրավիճակում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը, «Ժողովուրդ»-ին պարզել չհաջողվեց: Նա համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնից մեր հարցին ի պատասխան` հայտնեցին, որ ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում ստեղծվել է դեպքի տեխնիկական քննության հանձնաժողով դեպքի հանգամանքները պարզելու նպատակով, բայց դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել վերելակի անսարքության պատճառը:
Իսկ ով է պատասխանատվության ենթարկվում, եթե վերելակը չի ներկայացվում փորձաքննության: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղների եւ կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնից: Ըստ այդմ, պարզվում է` սույն կառույցը ցուցակը ներկայացնում է լիազոր մարմնին, որ վերելակը շահագործող կազմակերպությունը փորձաքննության չի ներկայացել, իրենք իրականացնում են վարչական վարույթներ, եւ շահագործողը ստիպողաբար գալիս է փորձաքննության:
Տեղեկացնենք, որ լիազոր մարմինը ԱԻՆ-ն է, իսկ շահագործողը` համատիրությունները:
Իսկ երեւանի քաղաքապետարանից ստացված պարզաբանման համաձայն` քաղաքապետարանը պարտավոր չէ գումար հատկացնել, բայց աջակցություն ցուցաբերում է: Այսինքն՝ որեւէ պարտավորություն քաղաքապետարանը չունի: Նախատեսված գումարը փոխանցվում է վարչական շրջանների համապատասխան բաժիններ, որտեղից էլ աջակցության կարիք ունեցող շենքերին է տրամադրվում: Իսկ թե այդ դեպքում ինչու է քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցություններ հրավիրում, խիստ հրահանգներ տալիս եւ թերությունները շտկելու հրաման արձակում, պարզ չէ:
Այդուհանդերձ, տեղեկացնենք, որ ըստ հրապարակված վերջին տվյալների` Երեւանում գրանցված 5253 վերելակից փորձաքննության է անցել միայն 3168-ը, որից 94-ը ստացել է բացասական եզրակացություն, 1500-ը՝ թերությունների վերացման միջոցառումների ծրագիր, որն իրագործելուց հետո նոր ստացել են դրական եզրակացություն:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ԿՈՍՏԱՆՅԱՆԸ ՉԻ ՀԱՆՁՆՎՈՒՄ
Հայաստանում գործող պաշտոնյաների պատասխանատվության հարցը եղել եւ մնում է ամենապահանջվածը: Ու հենց դրանից է մեծապես կախված մեր երկրի զարգացման հեռանկարը: Այո՛, այո՛, որքան պաշտոնյան, անկախ զբաղեցրած դիրքից, պատասխանատվություն զգա իր արարքների համար, այնքան էֆեկտիվ արդյունք կունենանք բոլոր ոլորտներում: Պատասխանատվություն կրելու պարտադրանքի ձեւեր, իհարկե, կառավարման մասնագետները շատ են մշակել, բայց ամենակիրառելին թերեւս 2-ն են՝ կա՛մ պետք է պաշտոնյան ազատվի զբաղեցրած պաշտոնից, կա՛մ կոնկրետ պատասխանատվություն կրի իր չաշխատելու, վատ աշխատելու համար: Իսկ ինչպե՞ս պետք է պատասխանատվություն կրի, որպեսզի սթափվի. պետք է հարված ստանա գրպանին: Ու հենց սկսի վճարել տուգանքները, կամաց-կամաց պարտադրված կլինի ավելի անսխալ աշխատել: Հակառակ դեպքում անպատասխանատվությամբ ծավալած գործունեության պտուղները քաղում է շարքային քաղաքացին՝ անկախ նրանից, թե ով է թույլ տվել սխալը:
Օրինակ՝ ՀՀ դատարանները օրական բազում վճիռներ են կայացնում՝ ամենատարբեր շահագրգռվածությունից ելնելով, որոնք հասնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վերածվում են ՀՀ կառավարության դեմ կայացված վճիռների, որոնցով նախատեսված փոխհատուցումները տալիս են հայ հարկատուները:
«Ժողովուրդ»-ը բազմիցս բարձրացրել է հատկապես դատավորների պատասխանատվության հարցը, եւ պարզվում է, որ խնդիրը սկսել է լրջորեն քննարկվել իշխանական շրջանակներում: Մասնավորապես վերջերս հրապարակվեց պաշտոնական մի հաղորդագրություն, ըստ որի՝ հոկտեմբերի 19-ին Եվրադատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայայի հետ: Ըստ հաղորդագրության` Կոստանյանն ու Բուայան, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ պաշտոնատար անձանց, ներառյալ դատավորների պատասխանատվության, այդ թվում՝ նյութական պատասխանատվության հարցը այն դեպքերում, երբ Եվրոպական դատարանի վճռով հաստատվել են մարդու իրավունքների խախտումները, որոնք տեղի են ունեցել տվյալ պաշտոնատար անձի մեղքով եւ պետական բյուջեից վճարվել է փոխհատուցում: Այսինքն՝ թեեւ Գ. Կոստանյանը գլխավոր դատախազ չէ, այնուամենայնիվ, դեռ շարունակում է վճիռների կատարման համար պատասխանատու պաշտոնների պատասխանատվության հարցով զբաղվել: Նմանատիպ քննարկումներ վերջին տարիներին շատ են եղել, բայց անպտուղ, քանի որ քաղաքական գործիչների եւ փորձագետների մի խումբ առաջարկել է ներդնել պատասխանատվության մեխանիզմներ սխալ վճիռ կայացրած դատավորների համար, իսկ փորձագետների մեկ այլ խումբ դեմքի եվրոպական արտահայտությամբ մշտապես հակադարձել է, որ նման մեխանիզմները դեմ են դատավորների անկախության եվրոպական չափանիշներին: Սակայն արդյունքում ունենք մի իրավիճակ, որ այս տարիների ընթացքում եվրոպական դատարանում պարտված տասնյակ գործերի համար ՀՀ պետբյուջեից հարյուրհազարավոր եվրոներ են վճարվել, ու որեւէ պաշտոնատար անձ չի պատժվել, ինչը նորմալ չէ:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
Ո՞ՒՄ ԳԼԽԻՆ ԿՋԱՐԴՎԻ 200 ՄԻԼԻՈՆԸ

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց անցել է շուրջ 3 ամիս, բայց մինչ օրս անհասկանալի է մնում, թե ինչպես էին կարողացել «Սասնա ծռեր» խմբավորման անդամները մուտք գործել ՊՊԾ գունդ, ինչո՞ւ էին գնդում հերթապահել քիչ թվով ոստիկաններ, որոնց ընդամենը 30 հոգի կարողացավ ճեղքել եւ գրավել տարածքը:

Ավելին՝ գրավումից հետո զարգացած իրադարձությունները՝ մի խումբ քաղաքացիների, լրագրողների նկատմամբ կիրառված բռնության դրսեւորումներից հետո մինչ օրս նախաքննություն իրականացնող մարմինը միայն հատուկենտ մարդկանց է մեղադրանք առաջադրել՝ զուտ սիմվոլիկան ապահովելու համար:
Միայն հայտնի է, որ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը պաշտոնանկ եղավ, ոստիկանության մի շարք պաշտոնյաներ նկատողություն ստացան: ԱԱԾ որեւէ պաշտոնյայի կամ աշխատակցի պատժի մասին հանրությանը ոչինչ հայտնի չէ: Մինչդեռ նաեւ այդ ծառայության գործառույթն էր նման իրադարձությունների կանխումը:
Բայց հուլիսյան արյունալի իրադարձությունները նաեւ տնտեսական վնաս տվեցին պետությանը: Ինչպես հայտնի է՝ գրավումից հետո «Սասնա ծռեր» խմբավորման անդամները ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության մեքենաներ էին այրել եւ երեկ՝ ԱԺ-ում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եզիազարյանն ասաց, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «ոստիկանության վնասները կազմել են 300 մլն դրամի չափով, որից կառավարությունը արտաբյուջեի հաշվին փոխհատուցել է միայն 100 մլն դրամի չափով»: Իսկ ո՞վ պետք է փոխհատուցի 200 միլիոն դրամը: Չի բացառվում, որ այս 200 միլիոն դրամն էլ գանձվի հասարակ քաղաքացու գրպանից՝ տարատեսակ տուգանքների տեսքով:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս