ԱՄՆ 2016թ. նախագահական ընտրությունների քարոզարշավը լիովին գերազանցեց նախորդ բոլոր ընտրությունների քարոզարշավները՝ իր սկանդալային բնույթով: Այս ընտրություններում թե՛ ամերիկյան հասարակությունը, թե՛ միջազգային հանրությունը տեսան այն ամենը, ինչ քաղաքական պայքարի կանոններով ընդունված է մերժելի համարել: Այս հարցում իրենց բացասական դերակատարությունն ունեցան եւ համառորեն շարունակում են ունենալ զանգվածային լրատվամիջոցները: ԶԼՄ-ների կողմնակալ պահվածքը բնորոշ է նաեւ հայկական իրականությանը, հատկապես երբ նպատակ է դրված մրցակցին հեղինակզրկել ցածրորակ քննադատությամբ:
Օրերս ամերիկյան հեղինակավոր Washington Post-ը հակասական տրամադրություններ առաջացնող հոդված էր հրապարակել Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի ու նրան սատարողների մասին: Հայտնի է, որ Washington Post-ն անթաքույց կերպով աջակցում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին եւ այդ մասին նույնիսկ պաշտոնական հայտարարություն էր հրապարկել: Քլինթոնին աջակցելը պայմանավորելով Թրամփի «անընդունելի» նախագահությունից խուսափելու նկրտումով` ամերիկյան մի շարք հեղինակավոր պարբերականներ այլեւս առանց կաշկանդվելու ցեխ են շպրտում Թրամփի ուղղությամբ: Հատկանշական է, որ ԶԼՄ-ների միջոցով անվայել արտահայտություններով մրցակցին պիտակավորելու նշանակությունը Քլինթոնը շատ լավ է հասկացել: Նա հարկադրված եղավ հրապարակավ ներողություն հայցել իր այն հայտարարության համար, ըստ որի` Թրամփի աջակիցների կեսը «ռասիստ, սեքսիստ, մարդատյաց, քսենոֆոբ, իսլամոֆոբ անարժան անամոթներ» են: Իսկ այժմ նախկին առաջին տիկինը այլեւս հարկադրված չէ ներողություն հայցել այսպիսի ձեւակերպումների համար, որոնք թույլ է տալիս ոչ թե անձամբ թեկնածուն, այլ նրան սատարող շրջապատը:
Այսպես՝ այս շարքի հերթական հոդվածը, որ հայտնվեց Washington Post-ի էջերում, Թրամփի համախոհների շրջանակը պիտակավորում է որպես «կատաղած, սպիտակամորթ, վիրավորող տղամարդիկ»: Հոդվածագիրը վերցրել է Թրամփի տղամարդ կողմնակիցներին, հիմնականում համատեքստից կտրել նրանց ձեւակերպումները` վերջիններիս ներկայացնելով որպես անհանդուրժողներ: Քննադատության թիրախում են հայտնվել Նյու Ջերսիի նահանգապետ, նախագահի նախկին թեկնածու Քրիս Քրիսթին, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին, Ալաբամայի սենատոր Ջեֆ Սեշընսը, ԱՄՆ Կոնգրեսի 50-րդ խոսնակ Նյութ Գինգրիչը եւ այլն: Կասկած չկա, որ վերոնշյալ գործիչների ագրեսիվ եւ հոռի պահվածքը, որի հանդեպ քլինթոնյան շրջանակների քննադատությունը լիովին տեղին է ու արդարացի, նոր չէ: Ավելին` նրանք բոլորն էլ զբաղեցրել են բարձրագույն պաշտոններ ամերիկյան պետական կառավարման համակարգում եւ իրենց սկանդալային վարքով մեկ անգամ չէ, որ իրենց վրա են սեւեռել հասարակության ուշադրությունը: Սական, օրինակ, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիսթին, երբ ժամանակին պատվավոր ընդունելություն էր կազմակերպել նախագահ Օբամայի համար, այդժամ հաստատապես այսպիսի բացասական երանգներով չէ, որ հիշվել էր դեմոկրատական մեդիայի կողմից: Սակայն այժմ նրանք հայտնվել են դեմոկրատների քննադատության թիրախում բացառապես նրա համար, որ սատարում են Թրամփին: Վերջինիս հանդեպ դեմոկրատական կուսակցության հոսանքին պատկանող լրատվականների խստությունը իսկապես ակներեւ է: Թրամփի ու նրա կողմնակիցների ոչ կոռեկտ արտահայտությունները մի շարք կանանց նկատմամբ (լրագրող Մեգին Քելլի, Ռոզի Օ՚Դոննել) Թրամփին կանանց թշնամի հռչակելու եւ այդ ուղղությամբ ուժեղ քարոզչություն ծավալելու պատեհ առիթ են ստեղծել: Միայն ընտրությունների արդյունքների մանրամասն վերլուծությունը ցույց կտա, թե արդյո՞ք Թրամփի նկատմամբ ամերիկացի կանանց վերաբերմունքը փոխվել է այսպիսի հրապարակումներից:
Այն, ինչ վայել չէ թեկնածուին հայտարարել իր մրցակցի հասցեին, ազատորեն հրապարակում է նրան սատարող լրատվականը: Դրա «փառավոր» օրինակները մեկ անգամ չէ, որ վայելել է նաեւ հայ հասարակությունը: Այդուհանդերձ, այսօրինակ քաղաքական պայքարի թերեւս ամենաառարկայական շրջափուլը Հայաստանում եղել է 2008թ.: Այն ժամանակ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, որն անսքող կերպով եւ անվերապահորեն սատարում էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նրա հիմնական մրցակից Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի ամենաանմեղ դրվագները դարձնում էր քննադատության առարկա: Շատերը կհիշեն, թե ինչպիսի խայտառակ ֆիլմ էր ցուցադրվում ոչ միայն Հանրայինի, այլեւ մյուս հեռուստաընկերությունների եթերում, որտեղ քննադատվում էին Տեր-Պետրոսյանն ու նրա հիմնական կողմնակիցները` որակվելով «հրեա, թուրք, մասոն» եւ այլն: Անշուշտ, Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանն անձամբ նման հայտարարություններ իրենց թույլ չէին տալիս, սակայն մի՞թե հայաստանյան հեռուստաեթերով կարող էր նման ֆիլմ ցուցադրվել առանց նրանց համաձայնության կամ գիտության: Հետաքրքիր է, որ այդ փաստը արձանագրում էր նաեւ ՀՀ-ում ԱՄՆ նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը` նկատելով, որ թեեւ Քոչարյանն ու Սարգսյանն անձամբ չեն արտահայտվել, սակայն պարզ էր, որ առանց նրանց ցանկության իշխանական ԶԼՄ-ները նման նյութեր չէին կարողանա հրապարակել կամ ցուցադրել:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 9.3 տոկոսով նվազել են: Այսինքն՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում իրականացվել է ավելի քան 236 մլրդ դրամի շինարարություն:
Մասնավորապես՝ նշված ժամանակաընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվել է ավելի քան 24 մլրդ դրամի շինարարություն: Սակայն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս տարի պետբյուջեի միջոցներով իրականցված շինարարության ծավալները 27 տոկոսով նվազել են: Իսկ, ահա, համայնքների բյուջեով իրականացված շինարարության ծավալները, հակառակը, ավելացել են 22.2 տոկոսով: Միջազգային վարկերով իրականացված շինարարությունը նույնպես ավելացել է 21.3 տոկոսով: Այդ թվում, Համաշխարհային բանկի միջոցներով իրականցված շինարարության ծավալները, որոնք ավելացել են 37.1 եւ Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացված ծավալները՝ 29.4 տոկոսով: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 6.9 տոկոսով նվազել են բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալները: Ի դեպ, զգալիորեն՝ ամբողջ 47.5 տոկոսով, նվազել են Հայ առաքելական եկեղեցու կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները:
Պատկերը բավականին տխուր է, եթե դիտարկում ենք մարզերի կտրվածքով. այսպես՝ ՀՀ Տավուշի մարզում շինարարության ծավալները այս տարվա 9 ամիսների ընթացքում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 43.8 տոկոսով, Վայոց ձորում՝ 42.8, Սյունիքում՝ 40.5 տոկոսով, Լոռիում՝ 48.4 տոկոսով: Շինարարության ծավալները այս տարվա 9 ամիսներին նվազել են նաեւ Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում: Իսկ, ահա, Արարատի մարզում հակառակը՝ շինարարության ծավալները նշված ժամանակահատվածում ավելացել են 55.8 տոկոսով, մայրաքաղաք Երեւանում՝ 1 տոկոսով:
ԱՎԾ-ի կողմից շինարարության ոլորտում պաշտոնապես արձանագրված այս ցուցանիշների ֆոնին հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս ընդգծել է, որ իր նախագահության տարիներին գրանցվել է երկնիշ տնտեսական աճ, որի առյուծի բաժինը ընկնում էր շինարարությանը: Նա սուր քննադատության էր ենթարկում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում պաշտոնավարման շրջանում տնտեսական անկում գրանցվեց: Եվ մինչ Տ. Սարգսյանը Ռ. Մոչարյանի օրոք գրանցված աճը «փուչիկ» էր համարում, Քոչարյանն էլ՝ Սարգսյանին վերագրում համաշխարհային տնտեսական ճգնաժամի «բոլոր մեղքերը», երկրում շինարարությունը հետզհետե ավելի ու ավելի նվազեց: Եվ հիմա Կարեն Կարապետյանի գործունեության դրական դինամիկայի ամենապատկերավոր ցուցիչը եւս լինելու է երկրում շինարարության տեմպերի աճը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԵԴԱԼԱԿԻՐ ԴԱՍԱԼԻՔԸ
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Խաչիկ Արտավազդի Նալբանդյանը, Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ սահմանապահ զորամասերից մեկում ծառայել է որպես հրաձգային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, կոչումով մայոր: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով 2015թ. օգոստոսի 12-ից այլեւս զինծառայության չի ներկայացել, 2016թ. մարտի 12-ին իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է եւ բերման ենթարկվել: Խ. Նալբանդյանը կալանքի տակ է, գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով (Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ զինվորական ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաեւ նույն նպատակով ծառայության չներկայանալը): Սույն քրեական հոդվածով բնութագրված արարքի համար որպես պատիժ նախատեսվում է 3-6 տարի ազատազրկում: Մինչ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատաքննությունը սկսվելը Խ. Նալբանդյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է դրա հետ: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը եւ Խ. Նալբանդյանի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ է համարել նրա խնամքին 2 եւ 7 տարեկան որդիների առկայությունը, ինչպես նաեւ այն, որ նա ընդունում է մեղքը, անկեղծորեն զղջում է կատարածի համար, վերադաս հրամանատարության կողմից պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով, «Ծովակալ Իսակով» մեդալով, «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալով, ստացել է դրամական պարգեւներ: Հոկտեմբերի 26-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Խաչիկ Նալբանդյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով:
ԿԱԹՎԱԾ Է ՍՏԱՑԵԼ
Հոկտեմբերի 30-ին Կոթի գյուղի պաշտպանական դիրքից Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Խալխալյանը: Վերջինս մարտական հենակետում փորի, կրծքավանդակի շրջանում սուր ցավ է զգացել, պարզվել է՝ նա կաթված է ստացել: Հաղթանակ գյուղից տեղեկացանք, որ Դ. Խալխալյանը նախկին ֆուտբոլիստ էր, ֆիզիկական տպավորիչ տվյալներով, բարի բնավորությամբ: Մի քանի տարի առաջ նա կորցրել էր հորը, ապա մորը: Նաեւ ունեցել էր անհաջող առաջին ամուսնություն, որից ուներ մեկ դուստր, իսկ երկրորդ ամուսնությունից ուներ երկու փոքրիկ: Մեր ունեցած տեղեկություններով՝ չմարված ֆինանսական պարտավորությունների համար ԴԱՀԿ-ը Դ. Խալխալյանի աշխատավարձից պահումներ է արել: Այդ ամենը կարող էր 29-ամյա երիտասարդի մոտ ծանր մտածումների տեղիք տալ եւ սրտամկանի կաթված առաջացնել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ