ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ՝ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՀ Է ԻՐԵՆՑԻՑ, ԹԵ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երեք օր է, ինչ Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի քննարկումները: Երեկ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ներկա էին ՀՀ մարզպետները, բացառությամբ Կոտայքի մարզպետի: «Ժողովուրդ»-ը մարզպետներից հետաքրքրվեց, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից կոնկրետ որոնք են իրականացրել, եւ արդյոք վարչապետը գոհ է նրանց աշխատանքից: Պարզվեց, որ մինչեւ դեկտեմբերի կեսը մարզպետները պետք է ներկայացնեն իրենց մարզերի զարգացման ռազմավարական ծրագրեր:

Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյան
-Պարո՛ն Սարգսյան, վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից կոնկրետ ո՞րն եք կատարել:
-Պատրաստվում ենք, բոլորը:
-Կոնկրետ կասեք, թե որը:
-Հիմնականում մարզի զարգացման ծրագրերի վրա ենք աշխատում, ռազմավարական զարգացումն է… հանձնարարականներ են տրվել բոլոր համայնքների ղեկավարներին եւ համայնքային ռազմավարական զարգացման ծրագիր ենք մշակում:
-Կմանրամասնեք, թե ի՞նչ զարգացման ծրագիր եք մշակում:
-Կոնկրետ համայնքը ունի հիմնախնդիրներ, համայնքները յուրաքանչյուրը սպեցիֆիկ, տարբեր բնույթի են` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, եւ այս բոլոր կարգի հարցերի շուրջ նոր ծրագրեր ենք մշակելու, նոր հիմնախնդիրների ենք անդրադառնալու: Ճանապարհի խնդիր ունենք, ոռոգման խնդիր ունենք, խմելու ջրի խնդիր ունենք, թե ինչ ենք արել, ինչ է մնում, եւ կարծում եմ՝ հասնում ենք մեր նպատակներին: Դա կոնկրետ մի բան չի, որ վերցնենք, դնենք, ասենք, որ այստեղ եղավ այս աշխատանքը: Ընդհանուր պետք է մշակենք ու ընդհանուր միասին աշխատենք:
-Ըստ Ձեզ` վարչապետը գո՞հ է Ձեր աշխատանքից:
-Պետք է աշխատենք, որ գոհ լինի:
-Իսկ մինչ այդ ի՞նչ էիք անում, չէիք աշխատո՞ւմ:
-Դե.., պետք է աշխատենք:

Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյան
-Պարոն Աբրահամյան, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից կոնկրետ ո՞րն եք կատարել:
-Հիմա, այս պահին պարոն վարչապետի կողմից ունենք հանձնարարական. համայնքների զարգացման եւ ընդհանուր մարզի զարգացման ծրագիրն ենք մշակում: Գիտեք, որ բոլոր համայնքները 2017 թվականի բյուջեների մասով պետք է իրենց ավագանիներով հավաքվեն եւ նորմալ զարգացման իրատեսական ծրագիր ներկայացնեն: Մենք հետագայում համայնքների արդյունքով ունենում ենք մարզային զարգացման ծրագիր, բոլորս աշխատում ենք այս ուղղությամբ մինչեւ դեկտեմբերի կեսը մենք պետք է այն ներկայացնենք:
-Կմանրամասնեք, թե ի՞նչ ռազմավարական ծրագիր եք մշակում:
-Տարբեր ոլորտների ենք անդրադարձել` կրթություն, գիտեք՝ գյուղատնտեսական տարածաշրջան է, քաղաքաշինության մասով եւ գերակա խնդիրներ ենք մենք վեր հանում, որ 2017 թվականի ընթացքում կարողանանք մարզի խնդիրներին լուծում տալ: Հիմնական շեշտը հիմա դրել ենք գյուղատնտեսական ոլորտի վրա, մյուս ոլորտներն էլ անմասն չեն մնա, մնացածը ծրագրում կներկայացնենք:
-Ըստ Ձեզ` վարչապետը գո՞հ է Ձեր աշխատանքից:
-Չեմ կարող ասել, երեւի, այդ հարցին պարոն վարչապետը կարող է պատասխանել:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան
-Պարո՛ն Հակոբյան, թեեւ Դուք կարճ ժամանակ է, ինչ պաշտոնավարում եք, այնուամենայնիվ, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից կոնկրետ ո՞րն եք կատարել:
-Դեռ չեմ հասցրել, վարչապետի հանձնարարականները ստացել ենք գրեթե մեկ շաբաթ առաջ:
-Կասեք, թե կոնկրետ ի՞նչ էր հանձնարարվել Սյունիքի մարզի մասով:
-Կոնկրետ ինքը Սյունիքը այլ մարզերից չէր տարանջատել, մենք բոլոր մարզպետների հետ միառժամանակ ստացել ենք հանձնարարականները, հիմնականում դա վերաբերում էր ֆերմերային տնտեսությունների զարգացմանը, եւ մենք այդ եւ այլ ուղղությամբ մինչեւ դեկտեմբեր ամսի կեսը պետք է ներկայացնենք ծրագիրը, ինչի վրա աշխատում ենք:
-Կմանրամասնեք, թե, օինակ, ֆերմերային տնտեսությունների զարգացման ի՞նչ ծրագիր եք պատրաստում:
-Գաղտնիք է, մինչեւ դեկտեմբեր ես կներկայացնեմ, ինչին Դուք եւս կծանոթանաք:
-Դուք Կարեն Կարապետյանի նշանակած մարզպետն եք, այս ընթացքում Ձեր կատարած աշխատանքից նա գո՞հ է եղել:
-Չեմ կարող ասել, վարչապետը դեռ գնահատական չի տվել:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան
-Պարո՛ն Ղահրամանյան, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից կոնկրետ ո՞րն եք կատարել:
-Հո վարչապետի տված հանձնարարականները մեկօրյա չեն: Վարչապետը կոնկրետ հանձնարարական է տվել 2017 թվականի աշխատանքային գործունեության պլանը կազմել, մենք այն արդեն ուղարկել ենք: Հանձնարարել է մինչեւ դեկտեմբերի վերջ էլ մարզի 5-ամյա ռազմավարությունը մշակել:
-Վարչապետը գո՞հ է Ձեր աշխատանքից:
-Համենայնդեպս, ես ինքս դժգոհություն չեմ լսել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՓԱՐԱՏԵԼ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դեռեւս 2015 թվականի դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ գործադիրը որոշել էր այս տարվանից շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը: Արդեն օգոստոսից հանքավայրի ենթակառուցվածքների շինարարությունը սկսվել է: Մի խումբ բնապահպաններ մտահոգված Ամուլսարի ոսկու հանքի շահագործման բացասական հետեւանքներով՝ հարցի առնչությամբ բազմիցս փորձել են իրենց ձայնը լսելի դարձնել պատկան մարմիններին:

Երկար բացակայությունից հետո նրանցից շատերը գործադիրի նախորդ նիստի ժամանակ «վերադարձել էին» կառավարության շենքի դիմաց եւ տարբեր ցուցապաստառների միջոցով կրկին իրենց մտահոգություններն էին արտահայտում: Նրանք նաեւ թռուցիկներ էին բաժանում, որոնց բովանդակությունը մանրակրկիտ ներկայացնում էր, թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ հանքավայրի շահագործումը: Մասնավորապես՝ Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ թունավորման վտանգի առաջ են կանգնում Հայաստանի ջրային պաշարները, ծանր եւ վտանգավոր մետաղներով հագեցած հանքային փոշին տարածվելու է տասնյակ կիլոմետրեր` աղտոտելով տարածաշրջանի մարգագետիններն ու բարձրորակ արոտավայրերը եւ ոչ միայն: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ բնապահպանության նախարարությունից: Մեզ տեղեկացրին, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծի եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության փորձաքննությունն իրականացրել է ՀՀ-ում գործող օրենսդրական եւ նորմատիվաիրավական ակտերի համաձայն: Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի փորձաքննության գործընթացում աշխատանքային նախագծերի վերաբերյալ կարծիք է ստացվել ՀՀԳԱԱ «Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովից» (7/14-արձանագրություն): Այն, լինելով դրական, պարունակել է առաջարկություններ, որոնք էլ ներառվել են փորձաքննական եզրակացությունում: Առկա են նաեւ լիազոր այլ պետական գերատեսչությունների դրական եզրակացությունները:
Պարզվում է նաեւ, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, ընդառաջելով նախարարին կից հասարակական խորհրդի՝ 2016 թ. հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստի ժամանակ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացրած կոչին, առաջիկայում նախատեսել է փորձաքննության վերոհիշյալ որոշումը քննարկել հասարակական կազմակերպությունների հետ` ծրագրի հնարավոր բնապահպանական վտանգների մասին նրանց ունեցած մտահոգությունները փարատելու նպատակով:
Հ.Գ Երեկ տեղեկացանք, որ բնապահպանության նախարարարին կից հասարակական խորհրդի նիստ է գումարվել, որի օրակարգի չորս հարցերից մեկը վերաբերել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման համալիրի փոփոխված նախագծի համար տրված բնապահպանական փորձաքննության եզրակացությանը։

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԿԱԼԱՆԱՎՈՐ ԴԱՏԱՎՈՐԸ
Հոկտեմբերի 30-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը կալանավորվել է: Սակայն պարզվում է՝ կալանավորված դատավորը դեռեւս շարունակում է նիստեր «նախագահել»: Այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Ի. Բարսեղյանի վարույթում գտնվող գործերը չեն անցել այլ դատավորի: Մասնավորապես, երեկ եւ այսօր քաղաքացիական գործերով դատավորը ընդհանուր թվով 41 նիստ ունի նշանակված: Հասկանալու համար՝ ինչպե՞ս է կարգավորելու խնդիրը, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանի հետ: Վերջինս պարզաբանեց, որ բոլոր այն գործերը, որոնք մակագրված են Ի. Բարսեղյանին, դասակարգվում են, որպեսզի ուղարկվեն գրասենյակ, որտեղ էլ համակարգչային համապատասխան ծրագրի միջոցով կուղարկվեն այլ դատավորների վարույթ: «Գործընթացն արդեն իսկ իրականացվում է»,-տեղեկացրեց Ա. Խաչատրյանը:

 

 

ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ ԵՆ ԱՆՑԱԿԵՏԵՐՈՎ
Այս տարվա 9 ամիսներին Հայաստանից արտագաղթել է 98 հզ. 902 քաղաքացի: ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից մեկնել է 1 մլն 241 հզ. 670, վերադարձել՝ 1 մլն 142 հզ. 768 ՀՀ քաղաքացի: Սակայն արտագաղթի տեմպերն ավելի լավ են երեւում, երբ վերլուծում ենք՝ ըստ սահմանային անցակետերի: Այս տարվա 9 ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով ՀՀ-ից մեկնած ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է 37 հզ. 936, Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով՝ 607, Բագրատաշենի անցակետով՝ 54 հզ. 614, Բավրայով՝ 4 հզ. 468 ՀՀ քաղաքացի: Նշենք, որ սրանք սահմանային այն հիմնական անցակետերն են, որոնցով արտագաղթում է ՀՀ բնակչությունը:

 

 

ՀԱՄԵՐԳԻ ԵՆ ԳՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 19-ին պայմանագիր է կնքել «Սամվել Դալլաքյան» Ա/Ձ-ի հետ: Ըստ այդմ, նախարարությունը ձեռք է բերել համերգի 80 հատ տոմս, որոնց համար վճարվել է ընդամենը 240 հազար դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր տոմսի համար պետական միջոցներից ծախսվել է 3000 դրամ: Ի՞նչ համերգի մասին է խոսքը. ՀՀ ֆինանսների նախարարությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ տոմսերը նախատեսված են եղել նախարարության աշխատակիցների համար, իսկ համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:

 

 

ՏԵՂՅԱԿ ՉԷ
Դեռեւս 2014թ. մայիսի 20-ին ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ հիմնում է «Վարչապետների ակումբ», որտեղ ՀՀ բոլոր վարչապետները պարբերաբար կհավաքվեն, կքննարկեն երկրի զարգացման հեռանկարները: Ակումբը, սակայն, չհաջողեց: 1-2 հանդիպում եղավ, այն էլ ոչ բոլոր վարչապետերի մասնակցությամբ: Ի՞նչ է մտածում այս ակումբի մասին գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Արդյո՞ք նախկին վարչապետի հիմնած ակումբը կպահպանվի. հետաքրքրվեց «Ժողովուրդ»-ը ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից. «Ես որեւէ տեղեկություն չունեմ այդ մասին»:




Լրահոս