ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱԶԱՐ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Այն որոշակի փոփոխությունների է ենթարկվել. ցանկի հիմնական առաջատարները նահանջել են, եւ լավագույն եռյակում են հայտնվել ընկերություններ, որոնք նախկինում առաջին տասնյակում էին տեղ զբաղեցնում:

Ցուցակի առաջատարն, իհարկե, մնացել է անփոփոխ. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է: Այս ընկերությունը ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում պետբյուջե է վճարել 29 մլրդ 830 մլն 848 հազար դրամ հարկ: Ցանկի երկրորդ տեղում է հայ-կանադական «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ վճարելով ավելի քան 16 մլրդ 545 մլն հազար 200 դրամ: Ի դեպ, այս ընկերությունը նախորդ տարիներին նույնիսկ առաջին հնգյակում տեղ չէր զբաղեցնում:
Իսկ, ահա, «Որոտանի ՀԷԿ»-ը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է ավելի քան 15.5 մլրդ դրամ հարկ եւ 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 3-րդ տեղը: Տեղեկացնենք, որ «Որոտանի ՀԷԿ»-ը այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցրել է նշված ցուցակի 12-րդ տեղը, սակայն երրորդ եռամսյակում բավականին առաջ է եկել՝ հայտնվելով 3-րդ տեղում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 14 մլրդ 50 մլն դրամ հարկ ու տուրք՝ հայտնվելով 4-րդ տեղում: Մինչդեռ այս տարվա երկրորդ եռամսյակում ՀԷՑ-ը զբաղեցրել է 3-րդ տեղը եւ վճարել 9 մլրդ 222 մլն 700 հազար դրամ: Այսինքն՝ ՀԷՑ-ը մեկ հորիզոնականով հետ է նահանջել եւ մոտ 4.9 մլրդ դրամի չափով պակաս հարկ վճարել: Հազար խոշոր հարկատուների ցուցակում նախկինում ՀԷՑ-ը սովորաբար երկրորդ կամ երրորդ հորիզոնականն էր զբաղեցնում, համենայն դեպս, լավագույն հնգյակից երբեւէ դուրս չի եկել: Այսինքն՝ այս ընկերության դեպքում կարող ենք ասել, որ իր դիրքերը որոշակիորեն զիջելով, այն մեծ հաշվով պահպանել է: Նույնը, սակայն, չի կարելի է ասել կապի օպերատորների մասին: «ԱրմենՏելը» (ապրանքանիշը՝ «Բիլայն») եւ «Ղ-Տելեկոմը» (ապրանքանիշը՝ «ՎիվաՍելլ») իրենց «ավանդական» առաջատար դիրքերից այս անգամ էապես նահանջել են: «Ղ Տելեկոմ» ընկերությունը հազար խոշոր հարկատուների ցանկում 7-րդ տեղում է՝ 10 մլրդ 743 մլն 357 հազար 200 դրամ պետբյուջե վճարած հարկով: Իսկ, ահա, «Արմենիա Տելեֆոն կոմպանի» ընկերությունը զբաղեցնում է ցանկի 10-րդ տեղը՝ վճարելով 9 մլրդ 125 մլն 25 հազար 800 դրամ հարկ եւ տուրք: Ինչ վերաբերում է «Յուքոմ» ընկերությանը, որը ինչպես հայտնի է՝ իր մեջ կլանեց բջջային կապի երրորդ խոշոր՝ «Օրանժ-Արմենիա» ընկերությանը, ապա այն նույնիսկ քսանյակում տեղ չի զբաղեցրել: «Յուքոմը» 3 միլիարդ 66 մլն 978 հազար 200 դրամ հարկային վճարումներով հանգրվանել է 25-րդ հորիզոնականում:
«Ալեքս գրիգ» ընկերությունը ինչպես այս տարվա երկրորդ եռամսյակում, այնպես էլ երրորդում 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 5-րդ տեղը՝ վճարելով մոտ 11.1 մլրդ դրամ: Ցուցակի 6-րդ տեղում է «Թեղուտ» ընկերությունը, որի հարկային վճարումները կազմել են ավելի քան 10 մլրդ 782 մլն 283 հազար 500 դրամ:
Իսկ «Սի Փի Էս օիլ քորփորեյշն» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում զբաղեցրել է 8-րդ տեղը՝ վճարելով 9 մլրդ 910 մլն 486 հազար 900 դրամ, 9-րդ տեղում է «Ֆլեշ» ընկերությունը՝ 9 մլրդ 213 մլն 340 հազար դրամ հարկային վճարումներով:
Հայկական ատոմային էլեկտրակայանը զբաղեցրել է 11-րդ տեղը եւ վճարել է 8 մլրդ 445 մլն 341 հազար 200 դրամ հարկ ու տուրք: ՀԱԷԿ-ին հաջորդում է ցանկի 12-րդ տեղը զբաղեցնող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն՝ 7 մլրդ 546 մլն 978 հազար 100 դրամ հարկային վճարումով: Ցանկի 13-րդ տեղում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը՝ 7 մլրդ 486 մլն 546 հազար 500 դրամ վճարած հարկով, 14-րդ տեղում՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը իր 7 մլրդ 217 մլն 661 հազար դրամ հարկային վճարումներով: Հազար խոշոր հարկատուների ցանկի 15-րդ տեղում է «Ջեյ թի այ Արմենիա» ընկերությունը՝ 6 մլրդ 786 մլն 547 հազար 700 դրամ հարկերով ու տուրքերով:
«Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերությունը հայտնվել է ցանկի 16-րդ տեղում՝ պետբյուջե վճարելով ավելի քան 6 մլրդ 604 մլն դրամ հարկ: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հայտնվել է ցանկի 17-րդ տեղում՝ իր 5 մլրդ 185 մլն 637 հազար 300 դրամ վճարումներով: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Տրանսգազ» ընկերությունը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 3 մլրդ 866 մլն 624 հազար դրամ հարկ եւ հայտնվել խոշոր հարկատուների ցանկի 18-րդ տեղում: Ծխախոտի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Ավերս» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 19-րդ տեղը, իսկ ընկերության պետբյուջե վճարած հարկերն ու տուրքերը կազմել են 3 մլրդ 604 մլն 86 հազար 600 դրամ: Խոշոր հարկատուների ցուցակի քսանյակը գլխավորում է հրուշակեղենի եւ կոնֆետեղենի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Քենդի» ընկերությունը, որը այս տարվա երրորդ եռամսյակում վճարել է 3 մլրդ 601 մլն 269 հազար 200 դրամ:
Հազար խոշոր հարկատուների ցուցակը արտացոլում է Հայաստանի տնտեսության իրական վիճակը: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում տնտեսությունը, բիզնեսը կախված են իշխանությունների կամքից ու քմահաճույքից: Հայաստանում խոշոր բիզնես կարելի է ունենալ իշխանությունների, մասնավորապես Սերժ Սարգսյանի բարեհաճությունը վայելելու դեպքում: Ինչպես նկատեցիք՝ այս ընկերությունների սեփականատերերն այս կամ այն ձեւով կապված են իշխանությունների հետ. «Ալեքս Գրիգ»-ի սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, «Ֆլեշ»-ի սեփականատերը՝ Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանը եւ այլն: Ամեն դեպքում, խոշոր հարկատուների առաջին շարքերում չկան անծանոթ ընկերություններ: Իսկ դա միայն ու միայն այն պատճառով, որ «անծանոթները» Հայաստանում հնարավորություն չունեն ընդլայնելու իրենց բիզնեսը: Փոխարենը յուրայիններն ունեն հարկային պարտավորությունները մասնակի կատարելու «թույլտվություններ»:
Ի դեպ, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար, օֆշորային սկանդալներում հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը, որ գերիշխող (իսկ իրականում մենաշնորհային) դիրք ունի մերձարեւադարձային պտուղների, մի շարք հյութերի եւ այլ ապրանքատեսակների ներկրման հարցում, ընդամենը 108-րդն է: Այս ընկերության հարկային վճարումը երրորդ եռամսյակում կազմել է 841 մլն 136 հազար 400 դրամ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԵՌՅԱԿ ՏՂԱՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՐԿԱՎՈՐ

Վանաձորի ծննդատանը ամիսներ առաջ լույս աշխարհ եկած եռյակի ծնողները հայտնվել են անելանելի դրության մեջ: Հանրակացարանում բնակվում են ամուսիններով, եռյակ տղաներն ու նրանց 2 քույրերը:

7 հոգուց բաղկացած ընտանիքին հանրակացարանի մեծ սենյակ նվիրաբերել էր Վանաձորի քաղաքապետարանը՝ եռյակի լույս աշխարհ գալուց հետո: Տարբեր բարերարներ էլ նվիրաբերել էին հագուստ, տակդիրներ, խնամքի պարագաներ: Տղաներն արդեն 8 ամսական են, նվիրաբերած հագուստները փոքրացել են, տակդիրներն ու մանկական կերերը՝ վերջացել: Ընտանիքի հայրը՝ Սամվել Միրզոյանը, օրավարձով աշխատող է, ասում է՝ օրերով աշխատանք չի ունենում: Բացի երեխաների սնունդի ու հագուստի խնդիրներից՝ ներկայումս ընտանիքը իրենց կացարանը ջեռուցելու գերխնդրի առաջ է կանգնած. վառելափայտի ձեռք բերման համար գումար չկա:
Եռյակի ծնունդը անակնկալ էր ոչ միայն ծնողների, այլ նաեւ Վանաձորի ծննդատան բժիշկների համար: Երեխաների քաշը տատանվում էր 1700-1900 գրամի սահմաններում: Այս ծննդատանը մեկ էլ եռյակներ լույս աշխարհ էին եկել 23 տարի առաջ: Կեսարյան հատմամբ հայրենիքին երեք զինվոր պարգեւած Ռիմա Միրզոյանը չի նեղսրտում եռյակներին խնամելու դժվարություններից, ասում է՝ եթե նորմալ պայմաններ լինեն, ամեն ինչ էլ կստացվի, միայն թե երեխաները ապահովված լինեն մինիմալ անհրաժեշտով՝ հագուստով, սնունդով ու առաջնային այլ պայմաններով:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս