ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԳԱՂՏՆԻ ԿԱՊԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին մնացել են հաշված օրեր, եւ բնական է, որ յուրաքանչյուր մոտեցող օրվա հետ ընտրապայքարն ավելի է թեժանում: Թրամփի ու Քլինթոնի հակադրությունն այլեւս դադարել է սոսկ երկու թեկնածուների պայքար լինելուց` վերածվելով ամերիկյան քաղաքական վերնախավի ծածուկ եւ համառ դիմակայության: Հետաքրքիր է, որ թեկնածուներն ու նրանց սատարող թիմերն այլեւս անցել են քաղաքական կոռեկտության բոլոր սահմանները եւ միմյանց մեղադրում են բոլոր հնարավոր եւ անհնար մեղքերի մեջ:

Նախորդ շաբաթ ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոն (ՀԴԲ-FBI) հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել` տեղեկացնելով, որ վերսկսում է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական նամակների եւ պետական գաղտնիք պարունակող նյութերի փոխառնչության շուրջ հետաքննությունը: Հիշեցնենք, որ ՀԴԲ-ն ամիսներ առաջ կարճել էր գործը հանցակազմի բացակայության պատճառով, սակայն օրերս պարզվեց, որ Քլինթոնի շտաբի ներկայացուցիչներից մեկի համակարգչում եղել են որոշ տվյալներ, որոնք հիմք են հանդիսանում նոր հետաքննության համար: Թեեւ տարբեր աղբյուրներ շարունակում են պնդել, որ Քլինթոնը կապ չունի նամակների հերթական չափաբաժնի հետ, ՀԴԲ-ի որոշումը հետաքննությունը վերսկսելու մասին արդեն իսկ խոսուն է: Ի վերջո, ՀԴԲ-ի հայտարարությունը որեւէ մանրամասն չի հաղորդում, սակայն ընտրություններից մի քանի օր առաջ քրեական գործի նախաքննությունը վերսկսելը պակաս խորհրդանշական չէ: Ի վերջո, խիստ տարօրինակ է, թե նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու պարագայում ինչպես պիտի Քլինթոնը նախագահ աշխատի, երբ ՀԴԲ-ն քրեական գործով հետաքննություն է անցկացնում նրա շուրջ:
Այդ առումով զարմանալի չէ, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը կարծես վերակենդանացրեց իր քարոզարշավը` կրկին ու կրկին քննադատելով նախկին պետքարտուղարին «հանցավոր» գործունեության համար: Թրամփը, որ շարունակաբար մեղադրում էր Քլինթոնին անձնական նամակներն ու պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները միմյանց խառնելու ու պետական համակարգը վտանգի տակ դնելու մեջ, ՀԴԲ-ի որոշումը գործը կարճելու մասին բավականին ցավոտ էր ընդունել: Դա բացատրելով ամերիկացիների դեմ դավադրությամբ` Թրամփը պնդում էր, որ Քլինթոնը մտադիր էր կեղծել ընտրությունների արդյունքները: Այժմ, երբ ՀԴԲ-ն կրկին սկսել է հետաքննությունը, Թրամփը ակտիվացրել է իր քննադատությունը` այլեւս հենվելով Քլինթոնի «հանցանքի» փաստի վրա: Իսկ այդ քննադատությունը պարարտ հող է ձեռք բերում, երբ հաշվի ենք առնում, որ նախագահի թեկնածուն պաշտոնապես հայտնվել է իրավապահ մարմինների նոր հետաքննության կենտրոնում: Այժմ Թրամփն իրավացիորեն պնդում է, որ Քլինթոնի ընտրության դեպքում ԱՄՆ-ում սահմանադրական ճգնաժամ է առաջանալու, քանզի ԱՄՆ-ում առաջին անգամ կարող է քրեական դատավարություն սկսվել գործող նախագահի նկատմամբ:
Բնականաբար, Քլինթոնի աջակիցներն էլ իրենց հերթին սկսեցին հարձակում գործել Թրամփի ուղղությամբ: Slate-ը հանդես է եկել ամերիկյան հաքերներից մեկի տիրապետած տեղեկատվության հանրայնացմամբ, որով շեշտվում է, որ Դոնալդ Թրամփը կապեր ունի Մոսկվայի հետ: Այդպիսի պնդման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ մոսկովյան բանկերից մեկը` «Ալֆան», կոնտակտի մեջ է եղել Թրամփի կազմակերպության վրա գրանցված ինտերնետային սերվերներից մեկի հետ: Ըստ նույն աղբյուրի` կողմերը միմյանց հետ կապի մեջ են եղել գաղտնաբար, նույնիսկ զրույցն է ընթացել կոդավորված ձեւով: Հակաթրամփյան քարոզարշավն արդեն իսկ շրջանառության մեջ է դրել այն վարկածը, որ նման կերպով զրույցները լինում են հիմնականում քրեական խմբավորումների միջեւ, որոնք ինչ-որ համատեղ ձեռնարկում են մտմտում: Այս թեզը պաշտպանող մասնագետներն իրենց բացահայտումը պատճառաբանում են նրանով, որ ի սկզբանե փորձել են հասկանալ՝ արդյո՞ք ռուսական հաքերները հարձակումներ են գործում նաեւ Թրամփի սերվերների վրա, ինչպես որ վարվում էին Քլինթոնի հետ, սակայն պարզվել է, որ հարձակման փոխարեն համագործակցություն է ի հայտ եկել: Հետաքրքիր է, որ Թրամփի շտաբը կտրականապես հերքել է մոսկովյան շրջանակների հետ կապը` բացատրելով, որ այդ նամակագրական պլատֆորմը ժամանակին ստեղծված է եղել առեւտրա-շուկայական նպատակներով, սակայն 2010թ. այլեւս չի օգտագործվել: «Ալֆա» բանկը եւս բացառել է Թրամփի հետ ցանկացած կապ` պնդելով, որ իրենք Թրամփի կազմակերպության հետ նույնիսկ տնտեսական գործարքներ չեն իրականացրել:
Հայաստանում քաղաքական թիմերի ու գործիչների միջեւ հասարակությունից գաղտնի կապերի մասին մամուլը հաճախ է գրում: Դրանք թեեւ հաճախ չեն բարձրանում շշուկների մակարդակից ու չեն հաստատվում կոնկրետ քաղաքական գործիչների կողմից, սակայն իրադարձությունների զարգացումը հաճախ ցույց է տալիս, թե որքանով էին այդ աղբյուրները հավաստի: Հիշենք, օրինակ, որ 2008թ. նախագահական ընտրություններից մեկ շաբաթ առաջ հայաստանյան մամուլում լուրեր տարածվեցին, որոնց համաձայն` Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել այնժամ ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանի հետ, եւ վերջինս խոստացել էր աջակցել նրան: ՕԵԿ-ը փութաջանորեն հերքեց այդ տեղեկատվությունը, սակայն ընտրություններին մասնակցեց միայնակ` չմիավորվելով ընդդիմության հիմնական բեւեռի հետ: Ավելին` այդ օրերին էր, որ Սերժ Սարգսյանը արեց իր՝ «թեւավոր» դարձած հայտարարությունը` «մենք մեր հաճախորդներին լավ ենք ճանաչում»: Արդյունքում` Արթուր Բաղդասարյանը միայնակ մասնակցեց ընտրություններին, կիսեց ընդդիմության ձայները, սակայն 10 օր անց սեղմեց Սերժ Սարգսյանի ձեռքը եւ ստանձնեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գրանցված հանցագործությունների քանակը 1410-ով ավելացել է: Ոչ մեծ ծանրության գրանցված հանցագործությունները այս տարվա 9 ամիսներին կազմել են 6963, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 9-ով ավել է: Իսկ միջին ծանրության հանցագործությունները այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 1441-ով:

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ մարդու դեմ ուղղված հանցագործություններից սպանությունը, վերոնշյալ ժամանակահատվածում 20-ով ավելացել է: Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը եւս այս տարվա 9 ամիսներին 13-ով ավելացել են:
Նշենք, որ հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններից հրազեն, ռազմամթերք պատրաստելու եւ ապօրինի շրջանառելու դեպքերի քանակը նույնպես ավելացել է՝ 60-ով: Այս տարվա 9 ամիսներին ավելացել է նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը՝ 344-ով: Իսկ, ահա, գողության դեպքերը 13-ով նվազել են: Այս տարվա 9 ամիսներին արձանագրվել է պետական կամ հանրային գույքի հափշտակության 73 դեպք, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 22-ով նվազ ցուցանիշ է: Հաշվետու ժամանակահատվածում ավելացել է նաեւ անձնական գույքի հափշտակությունների քանակը. այս տարվա հունվար-սեպտեմբերին գրանցվել է անձնական հափշտակության 5118, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ 4756 դեպք: 5-ով ավելացել են նաեւ տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունների դեպքերը: Նշված ժամանակահատվածում պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների քանակը կազմել է 2177, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1347-ով ավել է:
Ըստ մասնագետների՝ հանցագործությունների թվաքանակի աճը ուղիղ կապ ունի երկրի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի հետ, եւ որքան կառավարման համակարգում ճգնաժամը խորանում է, այդքան հանցավորությունը աճում է:

Ս. Հ.

 

 

 
ՄԱՐԶԻ ԿԵՍՆ՝ ԱՌԱՆՑ ՀՈՍԱՆՔԻ
Նոյեմբերի 1-ի ցերեկը Դիլիջանում էլեկտրական հոսանքն անջատված է եղել: Դիլիջանի բնակիչները հայտնեցին, որ այդ օրը՝ երեկոյան ժամը 17-ի սահմաններում, հոսանքի մատակարարումը վերականգնվել է, սակայն նոյեմբերի լույս 2-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, նորից անջատվել է, եւ մինչեւ օրվա երկրորդ կեսը Դիլիջանում հոսանք չի եղել: Հատկապես այս ցուրտ եղանակին հոսանքազրկումը առողջարանային, զբոսաշրջային քաղաքում բազում խնդիրներ է առաջացրել: Նույն պատճառով չեն գործել քաղաքի բենզալցակայանները եւ գազալցակայանները: Նոյեմբերի լույս 2-ին գիշերվա ժամը 3-ից Տավուշի մարզկենտրոն Իջեւանում եւս էներգամատակարարում չի եղել: Քաղաքի մեծ խանութներում հերթեր են գոյացել, քանի որ ապրանքների գները հաշվող էլեկտրոնային սարքավորումները չեն գործել: Հոսանքի բացակայությունը Իջեւանի, Դիլիջանի բնակիչներին բազմաթիվ անհարմարություններ է պատճառել: Տեղեկություններ կան, որ հոսանքի անջատման պատճառը 110 վոլտ լարումով էլեկտրական ենթակայանում տեղի ունեցած վթարն է: Պարզելու համար հոսանքազրկման պատճառները՝ «Ժողովուդը» զանգահարեց «Հայաստանի էլցանցեր» ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղ, սակայն պատասխանող չեղավ: Ի վերջո, նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.30-ին, Իջեւանում եւ Դիլիջանում էլեկտրամատակարարումը վերականգնվեց:

 

 

ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԳՈՂԻՆ՝ 7 ՏԱՐԻ
Դիլիջան քաղաքում բնակվող, 1992թ. ծնված Արմեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, պահեստապետ, պաշտոնական դիրքն օգտագործելով՝ 2014թ. դեկտեմբերի ամսից մինչեւ 2015թ. մարտ ամիսն իրեն վստահված, նշված զորամասի պահեստից հափշտակել է ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ, դրանք ապօրինի փոխադրել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաք եւ այնտեղ իրացրել: Ա. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 235 (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 238 հոդվածներով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը): Ա. Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հոկտեմբերի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ա. Մուրադյանին մեղավոր ճանաչել առաջադրված հոդվածներով եւ ՀՀ քր. օր. 66 հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրան դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանը վճռել է Ա. Մուրադյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 253 հազար 935 դրամ՝ որպես պետությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցում: Դատավճռով իրեղեն ապացույց ճանաչված, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությանը ի պահ հանձնված 8720 հատ 7.62 մմ տրամաչափի եւ 1412 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտները եւ այլ ռազմամթերքը հանձնվել է վերոհիշյալ զորամասի տնօրինմանը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս