Մեկ տարի առաջ՝ 2015թ. հոկտեմբերի 30-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Դիլիջանում կատարեց եկեղեցու հողօրհնեքի արարողություն, որով տրվեց եկեղեցու կառուցման ծրագրի մեկնարկը: Այդ միջոցառման ժամանակ հայտարարվեց, որ եկեղեցին կառուցվելու է Սուրբ Էջմիածնի, Դիլիջանի քաղաքապետարանի, Հայաստանի զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով, Ռուբեն Վարդանյանի եւ Գագիկ Ադիբեկյանի բարերարությամբ: Անցել է մեկ տարի, սակայն Դիլիջանի եկեղեցու շինարարությունն այդպես էլ չի սկսվել: Դիլիջանի քահանա Տեր Շավարշ Սիմոնյանի վկայությամբ՝ դրա պատճառն այն է, որ եկեղեցու նախագծում փոփոխություններ պետք է կատարվեն: 16.200 բնակիչ ունեցող Դիլիջանում եկեղեցի չկա, արդեն 6 տարի Տեր Շավարշ քահանան հոգեւոր արարողություններ է կատարում «Թուֆենկյան» թանգարանային համալիրի մաս կազմող սենյակներից մեկում:
Դրա համար Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը «Թուֆենկյան» ընկերությանը ամսական վճարում է 90 հազար դրամ վարձ: Տավուշի թեմի հոգեւորականները չեն սիրում այդ մասին խոսել՝ մտավախություն ունենալով, որ խնդիրը բարձրաձայնելու դեպքում «Թուֆենկյան» ընկերությունը կարող է խզել վարձակալության պայմանագիըը: Ի դեպ, նշենք, որ ինքը՝ «Թուֆենկյան» ընկերությունը եւս բարեխիղճ կառուցապատող չէ: Դեռեւս 2007թ. Ջեյմս Թուֆենկյանը Դիլիջան քաղաքի կենտրոնում սկսել էր հյուրանոցի շինարարություն: 2009 թվականից, սակայն, կառույցի շինարարությունը դադարեցված է: Շինության հիմքից դուրս ցցված ամրանները դիլիջանյան խոնավությունից վաղուց ժանգոտել են: Հյուրանոցի հենապատը, որը կից է ճանապարհին, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցին, մասամբ քանդվել է: Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ասաց, որ ինքը զանգահարել է «Թուֆենկյան» ընկերության Հայաստանի ներկայացուցչին, առաջարկել, որ Դիլիջանի քաղաքապետարանը եւ «Թուֆենկյան» ընկերությունը համատեղ ֆինանսական ծախսերով նորոգեն հյուրանոցի հենապատը, վերջինս համաձայնել է, սակայն այդ նպատակով ոչինչ չի արել: Դիլիջան քաղաքի բնակիչները դժգոհ են, որ «Թուֆենկյան» ընկերությունը հյուրանոցի շինարարությունն այդպես էլ չի վերսկսում եւ քաղաքի կենտրոնում այդ տգեղ կիսակառույցը փչացնում է տուրիստական համբավ ունեցող Դիլիջանի արտաքին տեսքը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ