Սամվել Բալասանյանի գործե՞րն էլ են վատ. ինչու է պակասում քաղաքապետի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի` պաշտոնյաների եւ նրանց մերձավորների գույքի հայտարարագրերի մասին որոշումից հետո շատերը թերահավատորեն մոտեցան՝ կասկածելով պաշտոնյաների ազնվությանը:

Հաջորդող տարիները ցույց տվեցին, որ հանրության թերահավատությունն առավել քան հիմնավոր էր, քանզի մեր պաշտոնյաների գերակշիռ մասը հայտարարագրում էր իր ունեցվածքի բազմամիլիոնանոց «այսբերգի» երեւացող մասի մի փոքրիկ մասնիկը միայն: Մամուլը, ուսումնասիրելով այս կամ այն պաշտոնյայի ներկայացրած հայտարարագիրը, ուշագրավ հակասություններ էր արձանագրում:

Իր կուսակցական պատկանելության հետ կապված պարբերաբար անհարմար վիճակներում հայտնվող նախկին ՕԵԿ-ական, նախկին ԲՀԿ-ական, եւ այդպես էլ բացահայտ ՀՀԿ-ական չդարձած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս առումով բավականին ուշագրավ օրինակ է: Դատելով նրա հայտարարագրերից եւ քաղաքական հաջողություններից՝ ճակատի գիրը փոխելը, կարծես թե, Բալասանյանին չի օգնել:

Նախորդ ընտրություններին նա ստացել էր մոտ 27 հազար ձայն, իսկ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, այն էլ դաշինքով, վաստակել էր ընդամենը 14 հազար քվե: Մինչդեռ Բալասանյանն իր մտերմիկ շրջապատում վստահաբար հայտարարել էր, որ իր գրպանում հանգիստ ունի մոտ 25.000 ձայն: Սակայն եղավ այն, ինչ եղավ: Բայց սա Բալասանյանի միակ կորուստը չէր: Պարզվում է, որ պակասել են Բալասանյանի գրպանի ոչ միայն ձայները, այլեւ փողերը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում Բալասանյանի ունեցվածքի տատանումները նկատելի են:

2012 թվականին, երբ Բալասանյանը ընտրվեց ԱԺ պատգամավոր, պաշտոնատար անձանց գույքի եւ ունեցվածքի հայտարարագրում նշել էր, որ ունի 3 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, MOSKVICH 2140 ավտոմեքենա, դրամական միջոցները կազմել են 7 մլն 500 հազար դրամ եւ 22 հազար դոլար:

Եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը, որը կազմել է ընդամենը 3 միլիոն 800 հազար դրամ: Իսկ արդեն նույն տարում, երբ Բալասանյանը ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկայացրեց մի հետաքրքիր հայտարարագիր: Ի տարբերություն նախորդի` այս հայտարարագրում Բալասանյանը որեւէ անշարժ կամ շարժական գույք չէր հայտարարագրել: Ըստ այդ տվյալների` Բալասանյանը «կորցրել» էր բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքները եւ միակ «Մոսկվիչը»:

Գյումրու քաղաքապետի դրամական միջոցները եւս նվազել էին` կազմելով 7 մլն դրամ եւ 17 հազար դոլար: 2013 թվականին Բալասանյանի «խնայողությունները» նվազել էին 2 մլն դրամով եւ 2 հազար դոլարով, փոխարենը Բալասանյանը հայտարարագրում եկամտի չափը նշել էր ավելի քան 2 միլիոն 688 հազար 240 դրամ, ինչն ավել է նախորդից ավելի քան 2 միլիոնով: Հաջորդ տարին Բալասանյանի համար կրկին եկամտաբեր չէր: Եթե 2013-ին Բալասանյանն ուներ 5 միլիոն եւ 15 հազար դոլար «հետ գցած» գումար, ապա 2014-ին նրա դրամական միջոցները կազմում էին 4 միլիոն դրամ եւ 14 հազար դոլար: Ինչքան էլ զարմանալի է, Բալասանյանը որեւէ անշարժ գույք էլի չէր հայտարարագրել:

Թվում է` այդքան դրամական միջոցներ ունեցող պաշտոնյան չունի ոչ մի սեփականություն:

Բայց այդպես միայն թվում է: Շատ անգամներ է բարձրաձայնվել, որ Բալասանյանը իր որդու՝ Միսակ Բալասանյանի կամ այլ բարեկամների միջոցով տնօրինում է Գյումրիի գարեջրի հին ու նոր գործարանները, «Անուշարան» հրուշակեղենի գործարանը, «Պոլոզ Մուկուչ» ռեստորանը: Բալասանյանը նաեւ Գյումրու քաղաքային տրանսպորտի ցանցի սեփականատերն է:

Չնայած այդքան ունեցվածքին, 2015 թվականին Սամվել Բալասանյանը էլի պակաս դրամական միջոցներ է հայտարարագրել նախորդներից` 3 միլիոն 150 հազար դրամ եւ 14 հազար դոլար, իսկ աշխատանքի դիմաց վաստակածը կազմել է ավելի քան 2 միլիոն: Հիշեցնենք, որ 2015 թվականին Բալասանյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ երդվեց, որ որպես Գյումրու քաղաքապետ՝ աշխատավարձ չի ստանալու այնքան ժամանակ, քանի դեռ կա տնակում ապրող թեկուզ մեկ գյումրեցի:

Հարկ է նշել, որ եթե Բալասանյանը եւ նրա նման «փողոտ» պաշտոնյաներն այդքան դրամական միջոցներ կուտակելուն զուգահեռ հատկացումներ անեին աղետից տուժած քաղաքացիներին, այսօր արդեն Սամվել Բալասանյանը «հնարավորություն» կունենար ստանալու իր աշխատավարձը:

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում քաղաքապետ ընտրված Բալասանյանը իր նոր հայտարարագրում արդեն «բազմացրել է» իր ունեցվածքը` արտադրական նշանակության շինությունը (արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրությունների տեղակայման եւ դրանց մեջ տեխնոլոգիական սարքավորումների շահագործման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող շինություն), 3 անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը, հողամաս, հողին ամրակայված այլ անշարժ գույք, հասարակական նշանակության շինությունը (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաեւ վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինություն) եւ նախորդ տարիների համեմատությամբ էլի նվազ դրամական միջոցներ` մոտ 3 միլիոն դրամ եւ 13 հազար դոլար:

Թե ինչպես կընթանան Բալասանյանի գործերը, կախված կլինի, իհարկե, նրա` իշխանական կլանի հետ ունեցած հարաբերություններից եւ այն հավատարմությունից, որը ճակատի վրա այլեւս տեղ չթողած այս գործիչը կցուցաբերի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում:

Վահագն Հակոբյան

 




Լրահոս