«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, անդրադառնալով ԿԳ նախարարի կողմից ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ բուհերի խորհրդի անդամները չպետք է լինեն պաշտոնյաներ, ասաց. «Կա շատ իմաստուն մի ասացվածք. թեփի դեմ պայքարի լավագույն միջոցը գլխատելը չէ»:
-Պարո՛ն Դավթյան, հոկտեմբերի 13-ին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց կրթության եւ գիտության նախարարին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին մշակել ու ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության եւ շահերի բախման երեւույթների բացառման ուղղությամբ. «Ինչի մասին է խոսքը, բոլորդ շատ լավ հասկանում եք` մայր եւ աղջիկ, եւ այլն: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել՝ որտեղ է օբյեկտիվ»,- նշեց նա: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է տարբերակվի օբյեկտիվությունը:
-Դրական եմ վերաբերում այդ առաջարկությանը: Որովհետեւ գիտենք՝ կան բարեկամական որոշակի կապերով պայմանավորված դպրոցներում տնօրեն կամ որոշակի ղեկավար պաշտոններ զբաղեցնողներ, որոնք, բնականաբար, ոչ միանշանակ են ընկալվում մեր քաղաքացիների կողմից: Ուստի այս ամենը պետք է փորձենք ճշգրտել, ի վերջո, մենք մեր հանրության առաջ հաշվետու ենք՝ ինչքանով են օբյեկտիվ բնույթ դրանք կրում, ինչքանով ոչ օբյեկտիվ: Կարծում եմ, որ ոչ միայն դպրոցները, այլ նաեւ մնացած բոլոր հաստատությունները, որոնք հանրային կարեւոր նշանակություն ունեն, նրանց վրա էլ պետք է տարածվի դա:
-Բայց ինչ մեխանիզմներով, չափորոշիչներով պետք է հասկանաք՝ օբյեկտիվ է, թե ոչ: Ի վերջո, այսօր տարածված եւ բոլորի համար սովորական երեւույթ է, երբ պաշտոնյա ծնողներն իրենց զավակներին տեղավորում են իրենց իսկ ղեկավարած համակարգում կամ էլ իրենց կապերի միջոցով նրանց նշանակել տալիս այլ «յուղոտ պաշտոնների»:
-Կարծում եմ՝ անելիքը պետք է լինի մի քանի ուղղություններով: Այստեղ եւս ունեք Ձեր կարեւորագույն անելիքը ու գիտեք՝ բազմիցս ասել եմ՝ մեր կարեւորագույն ձեռքբերումներից մեկը իր բոլոր թերություններով, մեր ԶԼՄ-ների եւ խոսքի ազատության բավականին բարձր մակարդակն է: Եվ այս հարցում, կարծում եմ, որ առաջնային նշանակություն կունենան Ձեր հրապարակումները: Երկրորդը՝ մենք՝ պատգամավորներս, մեր միջոցով էլ այդ հարցադրումները պետք է անենք եւ դրանց հետքերով պետք է գնանք` փորձելով զատել: Երրորդը՝ կա տեսչական մարմին կրթության եւ գիտության նախարարության կազմում գործող, որը իր տեսչական գործառույթների մասով եւս կարող է պարզել:
-Որպես ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, կոնկրետ Դուք առաջարկություն արե՞լ եք, թե ինչպես պետք է ստուգվի՝ օբյեկտի՞վ է դպրոցի տնօրենը ընտրվել, թե՞ ոչ:
-Բնականաբար, պատրաստակամ եմ ցանկացած հարցադրման, առաջարկի, անցնի որոշ ժամանակ՝ կքննարկենք նաեւ նախարարի հետ եւ, ինչու չէ, հանդես կգանք որոշակի պարզաբանումով, թե ինչ է արվել:
-Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով սահմանվելու է, որ այսուհետ բուհերի խորհրդի անդամները չպետք է լինեն պաշտոնյաներ: Այս կապակցությամբ, սակայն, ԵՊՀ ռեկտորն ասում է, որ Սերժ Սարգսյանի դեպքում պետք է լինի բացառություն: Ի՞նչ կասեք այս մասին. ի վերջո, Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, ինչո՞ւ պետք է նրա դեպքում բացառություն լինի:
-Կա շատ իմաստուն մի ասացվածք, որ թեփի դեմ պայքարի լավագույն միջոցը գլխատելը չէ: Կա նաեւ երկրորդը, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ. նախ պետք հասկանանք՝ պետական համալսարանը մայր բուհի կարգավիճակ ունի, սրանով նաեւ առանձնանում է, եւ հետո խորհրդի կազմում լինելը կամ նախագահ լինելը որոշակի պատասխանատվություն է իրենից ենթադրում, եւ մայր բուհի կշիռն էլ է մեծանում:
-Բայց Սերժ Սարգսյանը կուսակցության նախագահ է, ու սա բավական է, որ բուհը քաղաքականացված լինի:
-Չեմ կարծում, ո՛չ: Ինչի մասին որ նախարարը նշել է, որեւէ խնդիր չի լինի, կանդրադառնաք այդ հարցին, կտեսնենք` ինչպիսին են տեսակետները, ծանր ու թեթեւ անելուց հետո այդ հարցի վերջնական պատասխանը եւս կտրվի: Ուղղակի մեկ բան ասեմ. երբ ներկայացվում է նման հարց, ինքս էլ պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, եւ պատկերացրեք, որ ամենաբազմապիսի ու բազմաբնույթ հարցերը հենց ուղղում են նախագահին. սա հնարավորություն է բուհի դասախոսներին, ուսանողներին անմիջական բարձրացնելու բուհին հուզող հարցերը, եւ սա ես դրական համատեքստում եմ տեսնում: Դուք եք բարձրաձայնում, որ սա քաղաքականացվում է, եւ երեւի մենք պիտի ճշմարտության լուծումը չափավորություն ասվածի մեջ տեսնենք:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ՁԱԽՈՂՎԱԾ ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴԸ
Սեպտեմբերի 27-ին առողջապահության նախարար նշանակված Լ. Ալթունյանը լրագրողների հետ շփման նոր ձեւաչափ է ներդրել: Նախարարը որոշել է ամեն ուրբաթ մեկ ժամ նվիրել ԶԼՄ ներկայացուցիչներին: Երեկ կայացավ հերթական հանդիպումը, որը որեւէ կարեւոր հարցի պատասխան չտվեց:
Նշենք, որ մինչ այդ՝ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ, Լ. Ալթունյանը չլսված հայտարարություն էր արել, որը կարելի է որակել անպատասխանատվություն: Արձագանքելով ծննդկանների մահվան դեպքերի հետ կապված լրագրողների հարցին՝ նախարարն ասել էր. «Ես 1-2 մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, դատավորները, մորգը: Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե 1-2 բողոքավոր ծննդկանի բարեկամները: Հասկացեք դա վերջապես»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարը հրաժարվել էր երկար զրուցել լրագրողների հետ՝ պատճառաբանելով, թե երեկոյան թեյախմություն կա նախատեսված, «Ժողովուրդ»-ը փորձեց հնչեցված ցինիկ պատասխանի մեկնաբանությունը ստանալ երեկոյան:
Եթե նախարարն իրեն պատասխանատու չի համարում ծննդկանների մահացությունների համար` չհասկացող լրագրողներիս հասկացնելով, թե ինքն ավելի գլոբալ գործ է կատարում՝ մի ողջ համակարգ է ղեկավարում, այդ դեպքում ո՞վ պետք է այդ մահացությունների պատճառների համար պատասխանատվություն կրի: Մեր այս հարցին Լեւոն Ալթունյանի պատասխանը ոչ պակաս ցինիկ էր, քան Աժ-ում հնչեցվածը: Նախ՝ հարցը մինչեւ վերջ չլսելով՝ նա նետեց. «Ես հրաժարվում եմ այդ հարցին պատասխանելուց»: Ապա՝ մեր հորդորին՝ լսել հարցը մինչեւ վերջ, նախարարը «մեծահոգաբար» համաձայնեց, սակայն դրանից հետո երկրորդեց ասածը. «Ես ուզում եմ վերջնականորեն հրաժարվել ծննդկանների մահվանը վերաբերող հարցերից, մի խոչընդոտեք, ես ուղղակի չեմ պատասխանի Ձեր հարցերին: Կարող եք հրապարակել, ես ուղղակի հրաժարվում եմ»:
Այո՛, սա այն պաշտոնյայի պատասխանն է, ում կարճատեւ պաշտոնավարման ընթացքում Վանաձորում ծննդկան մահացավ, որի հարազատներին, ի դեպ, նույնանուն ԲԿ-ի բուժաշխատողները գումար են առաջարկել, որպեսզի բողոքը հետ վերցնեն: «Ժողովուրդ»-ի մյուս հարցերին եւս նախարար Ալթունյանը հրաժարվեց պատասխանել. պարզվեց՝ հանդիպման ֆորմատն այլ հարցեր է ենթադրում:
Փորձում էինք հասկանալ՝ եթե նախարարի իրավասությունների մեջ չի մտնում մահացությունների պատճառներով զբաղվելը, այդ դեպքում ինչո՞ւ է նա Վանաձորում տեղի ունեցած դեպքից հետո մասնագիտական հանձնաժողով ստեղծում, ուսումնասիրություններ անում: Այս հարցերին ի պատասխան՝ նախարարը մեզ խորհուրդ տվեց թողնել մեր էլեկտրոնային հասցեն: Ինչ է սա, եթե ոչ ձախողված ինքնագովազդ: Լ. Ալթունյանը դրայվով մուտք է գործում լրատվական դաշտ, թե՝ համեցեք նախարարություն, առաջ քաշեք ձեզ հուզող հարցերը, սակայն դրանք լսելուց հետո հրաժարվում է պատասխանել:
Հ.Գ. Վերջում նախարարն ասաց, թե մենք մի հարց ենք պարտք: Մենք էլ, բաց չթողնելով այդ բացառիկ հնարավորությունը, փորձեցինք պարզել՝ ինչպես են անցնում հայոց լեզվի դասընթացներն իր մոտ եւ աշխատակազմում: Նախարարն ասաց. «Ինքներդ գնահատեք»:
Գնահատում ենք, պարո՛ն նախարար, Դուք դեռ սովորելու շատ բան ունեք. ոչ միայն մայրենի, պետական լեզուն, այլեւ Ձեր մասնագիտական պարտականությունները:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՆՉՊԵ՞Ս ՍՏԱՑՎԵՑ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողների միջոցով հարց ուղղեց Կառավարությանը: «Մենք ունենք 5 մլրդ պարտք, 3.3 մլրդը վերջերս ենք հավաքել: 2014-15 թթ 1 մլրդ-ով ավելացրել ենք այդ պարտքը: 2008-ին, հիշեցնեմ, 11,5 մլրդ ունեցել ենք ՀՆԱ, 1,9 մլրդ պարտք: Իսկ 2015-ին ունենք 10.5 մլրդ ՀՆԱ եւ 5.5 մլրդ պարտք: Այսինքն՝ մենք ապրել ենք պարտքով, ասում են՝ բյուջեի դեֆիցիտի հետեւանք է սա: Բայց հիշեք՝ ինչ էին ասում բոլոր իշխանությունները. ասում էին գումարները դնում ենք տնտեսության դիվերսիֆիկացիայի, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության մեջ նոր հնարավորթյունների ստեղծման, եթե սրանք եղել են, էլ ինչու է նոր վարչապետն ասում, թե վատթար է վիճակը»: Հուսանք՝ գործադիրը անպատասխան չի թողնի այս հարցադրումներին:
ՍԱՄՎԵԼԻԿ ՉԷ, ՍԱՄՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նորանշանակ փոխնախարար, թութակասեր Սամվել Մարգարյանը խնդրանք-հորդորով դիմել է աշխատակազմին, անգամ նախարար Լեւոն Ալթունյանին, որպեսզի իրեն ազգանունով չդիմեն: Նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնեց, որ նախարար Լեւոն Ալթունյանը իր ենթակային «Սամվելիկ»-ով է դիմում:
Տակավին երիտասարդ փոխնախարարից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել՝ ինչու է նա այդաստիճան ոչ պաշտոնական ֆորմատ նախընտրել: Մեր զրուցակիցը նախ հաստատեց, որ ինքը բոլորին խնդրել է՝ իրեն ազգանունով չդիմեն, ապա շեշտեց. «Ոչ, ինչ Սամվելիկ, Սամվե՛լ»:
ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱ՞Ն
«ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները բավականին բուռն են անցնում: Առանց բացառության բոլոր գերատեսչությունների կողմից ներկայացրած նախագծերի քննարկումներն անց են կացվել օրենսդիրի անդամների կողմից հնչեցված բազմաթիվ, բազմաբնույթ հարցերով: Սակայն ուշագրավ էր, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին որեւէ մեկը հարց չուղղեց:
ՊԱՐՏԱԴԻՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ՀՀ Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների հիման վրա ներկայացրել է ապահովագրական ընկերությունների գործունեության վերաբերյալ ցուցանիշներ: Պարզվում է` այդ ընկերությունների ապահովագրավճարները 2015 թվականին, 2014 թվականի հետ համեմատած, աճել են մոտ 1 միլիոն դրամով: Եթե 2014 թվականին ապահովագրավճարները ընդհանուր առմամբ կազմել են մոտ 30 միլիոն, ապա 2015-ի դրությամբ այդ ցուցանիշը 31 միլիոն է: Ամենաբարձրը պարտադիր ապահովագրության ցուցանիշն է` մոտ 17 միլիոն: