Կարևոր համաձայնագիր է, որը մեր անվտանգության բաղկացուցիչն է դառնում. Մհեր Շահգելդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին ռուսական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել հայ-ռուսական զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրին: ՌԴ նախագահի կարգադրության համաձայն` Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ՌԴ ԱԳՆ մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ եւ պայմանավորվածության հանգելուց հետո Ռուսաստանի անունից ստորագրել վերոհիշյալ համաձայնագիրը:

Թե ինչ կտա համաձայնագիրը, եւ, առհասարակ, որն է լինելու դրա գործառույթը, «Ժողովուրդ»-ը զրուցեց
ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մհեր Շահգելդյանի հետ:

-Պարո՛ն Շահգելդյան, Ձեր գնահատմամբ՝ ինչ կտա հայ-ռուսական համատեղ զորախմբի ստեղծումը Հայաստանին:

-Համաձայնագիրը կտա մեզ մի կարեւոր հնարավորություն ավելի սերտացնել հայ- ռուսական ռազմական համագործակցությունը եւ ունենալ մի զորամիավորում, որտեղ համատեղ կծառայեն հայ եւ ռուս զինվորները: Մենք ունենք զինված ուժեր, որոնք մեր անվտանգության հիմնական երաշխավորն են, Հայաստանում է գտնվում ռուսական ռազմակայանը, որը անվտանգության հետ կապված ունի իր գործառույթները, եւ տվյալ դեպքում ձեւավորվող ռազմական համագործակցության այս տարբերակը հնարավորություն կտա շատ ավելի օպերատիվ եւ սերտորեն աշխատել: Երկրորդ` այս մոտեցումն իմ խորին համոզմամբ համահունչ է տարածաշրջանային միավորումների այն մոտեցումներին, որոնք ընդհանրական են, նույն եվրոպական միության շրջանակներում վաղուց արդեն ստեղծված են համատեղ զորամիավորումներ:

Իսկ մտավախություն չունե՞ք, որ Ռուսաստանը կարող է այս համատեղ զորախումբը ապագայում օգտագործել մեր հարեւան երկրների, մասնավորապես Վրաստանի հետ խնդիրների դեպքում:

-Չեմ կարծում, թե նման խնդիր առաջանա, որքան ես եմ տեղյակ, ամբողջությամբ ծանոթ չեմ, իհարկե, սա դրա հետ կապ չունեցող խնդիր է: Երկրորդը՝ Վրաստանը մեզ համար հարեւան երկիր է, որի հետ իմ կարծիքով հարաբերությունները շատ ավելի պետք է կարգավորենք, քանի որ կա նաեւ ադրբեջանա-վրացական համագործակցություն, ստրատեգիական դաշնակցություն, եւ երրորդ` այսօր վրացական քաղաքականությունը Ռուսաստանի հետ գնում է հարաբերությունների նորմալիզացման:

-Իսկ հնարավո՞ր է, որ զինված ուժերի միավորված խմբավորման ստեղծումը առաջիկա պատերազմին նախապատրաստվելու նպատակ ունենա:

-Չեմ կարող այդպես ասել, քանի որ ես չեմ վարել բանակցությունները: Ինչ վերաբերում է պատերազմական գործողություններին, մասնավորապես Ադրբեջանի ագրեսիային, ես չեմ համարում, որ 4 օրյա պատերազմ էր, քանի որ պատերազմը չի դադարել: Չեմ կարծում, որ համաձայնագրի ստորագրումը սրանով է պայմանավորված, բայց իմ խորին համոզմամբ խիստ կարեւոր համաձայնագիր է, որը մեր անվտանգության կարեւոր բաղկացուցիչն է դառնում:

-ԱԺ պատգամավորներից շատերը այն կարծիքն են, որ նմանօրինակ համաձայնագրերի փոխարեն ՀՀ իշխանությունները պետք է հասնեն նրան, որ մեր դաշնակից երկիրը զենք չվաճառի մեր թշնամի երկրին: Իսկ քանի դեռ դա այդպես չէ, որեւէ նոր համաձայնագիր ընդամենը մեծացնելու է մեր առանց այն էլ չափազանց մեծ կախվածությունը Ռուսաստանից:

-Իմ համոզմամբ սրանք պետք չէ իրար խառնել, մեր դիրքորոշումը պետք է բարձրաձայնել եւ ներկայացնել մեր գործընկերներին: Դիվանագիտական հզորությունը որտեղ է, որ քո դիրքորոշումը շատ ավելի հասանելի եւ ընկալելի լինի քո գործընկերների համար: Երկրորդ խնդիրը՝ որ մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում շատ ավելի էժան զենք ենք ձեռք բերում, քան ռուսական զենքը, որը վաճառվում է միջազգային շուկայում:

-Բայց մի՞թե նորմալ է, որ միավորված զորախումբ ունեցող գործընկերը զենք է վաճառում հակառակորդին:

-Իմ կարծիքով զենքի խնդիրը հստակ պետք է ներկայացվի: Պետք է անընդհատ աշխատել, բացատրել, թե դա ինչ խնդիր է քեզ համար: Բայց սա դիվանագիտության անելիքն է, սրանք տարբեր խնդիրներ են, եւ միախառնելն այդքան էլ ճիշտ չէ:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս