Արտիստներին օգտագործում են քաղաքական նպատակներով. Արտավազդ Բայաթյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շուբիզնեսյան խնդիրների եւ այդ դաշտին անհրաժեշտ փոփոխությունների մասին զրուցել է երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ, որը մի քանի առաջարկներ է ներկայացրել մշակույթի նախարարին:

15139248_1212274792186918_608689488_n

-Պարո՛ն Բայաթյան, որքանով տեղյակ ենք` պատրաստվում եք համերգային փոքրիկ ծրագրով հանդես գալ: Կպատմե՞ք` ինչ է սպասվում հանդիսատեսին:

-Հուսով եմ, որ գարնանը կներկայանամ համերգային թարմ ծրագրով` բաղկացած 20-22 երգերից, որոնցից 6-ը կլինի նոր: Հիմա աշխատում եմ դրանց գործիքավորման վրա: Ի դեպ, շատ նոր երգեր ունեմ, կարծում եմ` ափսոս կլինեն, եթե դրանք «քնեցնեմ»: Մի քանիսը սիրային թեմայով են, մյուսները` խոհափիլիսոփայական, բայց ոչ ծանր գործեր. սիրում եմ մտորել մեր լինել-չլինելու, ինչ լինելու շուրջ, ուստի հաճախ են նման երգեր ծնվում: Ինչ վերաբերում է հանդիսատեսի հետ հանդիպմանը, ապա ասեմ, որ ես կամերային համերգի կողմնակից եմ, նախընտրում եմ ելույթ ունենալ 200 հոգու համար. մեծ լսարանը վրաս բացասաբար է ազդում, շատ մարդկանցից վախենում եմ (ծիծաղում է):

-Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հարցազրույցների ընթացքում անդրադառնաում է նաեւ մեր շոու-բիզնեսի խնդիրներին: Ի՞նչ եք կարծում՝ նա դաշտը համակարգելու ի՞նչ մեխանիզմներ կարող է կիրառել:

-Գրաքննություն մտցնել պետք չէ. փառք Աստծո, դրանից ազատվել ենք: Բայց պետք է սահմանել որոշակի չափանիշներ: Օրինակ` պետական դահլիճներում պատահական մարդիկ, ինչ է, թե փող ունեն, չպետք է հանդես գան համերգով: Մշակույթի նախարարությունը պետք է հետեւի, որ դրանք հասանելի լինեն միայն այդ դահլիճների ստատուսին համապատասխան կատարողների:

-Իսկ ի՞նչ կասեք շոուբիզնեսցիներին եթեր թողնել-չթողնելու խնդրի մասին: Ինքը` պարոն Ամիրյանը, հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է. «Անկախության տարիներին մեր հեռուստատեսային դաշտը հեշտ, արագ դրամ վաստակելու նպատակով գնաց պահանջարկի հետեւից եւ սկսեց նշաձողը իջեցնել: Եվ հիմա մենք այդ առումով գտնվում ենք սարսափելի ցածր վիճակում: Փրկությունը տեսնում եմ նրանում, որ պետությունը պետք է ուղղակիորեն միջամտի՝ ոչ թե կոպիտ ճանապարհով, այլ մասնավոր հեռուստաընկերություններում ձեւավորելով ազգային արժեքներով պատվերներ»:

-Նախարարությունը ծավալուն աշխատանքներ պետք է իրականացնի նախ եւ առաջ հասարակության հետ, որ մարդիկ լավը վատից, թացը չորից տարբերեն: Լավագույն կատարողները, գործերը պետք է խրախուսվեն: Նախարարությունը կարող է լավ միջոցառումներ անակցնել` փառատոներ, մրցույթներ, եւ այդպիսով չափանիշներ սահմանել: Մարդիկ պետք է տեսնեն այն փարոսը, որը ցույց կտա, թե դեպի ուր են իրենք գնում:

-Գաղտնիք չէ, որ մեր շոու-բիզնեսում կան, այսպես ասած, մենաշնորհներ եւ սեւ ցուցակներ: Պետական մակարդակով կազմակերպված միջոցառումներին միշտ ելույթ են ունենում նույն դեմքերը, իսկ ոմանք, նույնիսկ շատ տաղանդավորները, նման ծրագրերին մասնակից դառնալու շանս անգամ չունեն:

-Ես համարում եմ, որ դա մեծ թյուրիմացություն է. պետք է նայել երգիչների շնորհքին, ոչ թե իշխանությունների նկատմամբ ունեցած նրանց վերաբերմունքին: Իսկապես, անընդհատ տեսնում ենք նույն դեմքերին, որոնք իրենք էլ են իրենցից հոգնել: Ստացվում է, որ մենք փակուղի ենք մտել, եւ ոչ մի շնորհքով մարդ չունենք ոլորտում. այդպես չէ: Որպեսզի այս խնդրին չբախվենք, շատ եմ կարեւորում նաեւ լրատվամիջոցների դերը: Մենք այսօր չունենք մի լուրջ ԶԼՄ, որը հետեւողականորեն կմեկնաբաներ շոուբիզնեսցիների տված արտադրանքը: Կիրթ քննադատների պակաս կա: Նրանց գործունեությունը կօգներ մարդկանց ճիշտ կողմնորոշվել:

15151434_1212274795520251_1689160525_n

-Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում շոու-բիզնես հասկացություն, առհասարակ, չկա: Մենք մեր հնարավորությունների սահմաններում կարո՞ղ ենք երբեւէ կոտրել այդ կարծիքը:

-Կարծում եմ` մեզ մոտ շոու-բիզնես, այնուամենայնիվ, ինչ-որ չափով կա: Եթե մենք ուզում ենք անել այն, ինչ անում են, օրինակ, Բրոդվեյում կամ Հոլիվուդում, իհարկե, անիմաստ կերպով ընկնում ենք երեւակայության գիրկը: Լավ շոուն հարուստ երկրներին է բնորոշ, իսկ այն գումարները, որոնք ծախսվում են այդ համերգների ընթացքում, մեր երկրի բյուջեի չափ է: Բայց մենք մեր չափի մեջ կարող ենք ունենալ էսթետիկապես գեղեցիկ, հարուստ համերգներ:

-Բայց պետությունը պետք է նպաստի, աջակցի երգիչ-երգչուհիներին, որ նման համերգներ կյանքի կոչվեն:

-Ինքս ներկա եմ եղել համերգների, որոնք մշակույթի նախարարության հովանավորությամբ են կազմակերպված եղել:

-Բայց արդյո՞ք իմ նշած սեւ ցուցակներում հայտնված մարդկանց էլ են հովանավորում: Այնպիսի տպավորություն է, որ անընդհատ նույն դեմքերին են աջակցում:

15086945_1212274798853584_357472288_n

-Այո՛, այդ խնդիրը կա: Արտիստներին օգտագործում են քաղաքական նպատակներով: Այս հարցերով պետք է մշակութային վերլուծաբաններն էլ զբաղվեն: Օրինակ` քաղաքական վերլուծաբաններ շատ ունենք, մշակութային բացարձակ չունենք: Սա ցավալի հանգամանք է:

Պետությունը քաղաքական դաշտը «զարդարելու» համար է գումարներ ծախսում: Լավ կլիներ` այդ բացը լրացնեինք, մեր բացթողումների ու հեռանկարների մասին խոսեինք: Ճիշտ կլինի աջակցել նաեւ տարբեր պրոդյուսերական կենտրոնների զարգացմանը: Թէ չէ ստացվում է` ունենք կենտրոններ, որոնք, սակայն, հազվադեպ են լավ արդյունք գրանցում: Առհասարակ, լավ կլիներ` մշակույթի նախարարը պարբերաբար կլոր սեղանի շուրջ հավաքեր արվեստագետների եւ այս թեմաներով քննարկումներ իրականացներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս