ԿՀԱՂԹԻ ԱՐԴՅՈ՞Ք ՔԼԻՆԹՈՆԸ ԻՐ ԻՍԿ ՆԱԽԸՆՏՐԱԾ ՄՐՑԱԿՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանում են 45-րդ նախագահի ընտրությունները: Ավելի քան մեկ տարի տեւած անկանխատեսելի եւ աննախադեպ ընտրարշավն այլեւս անցյալում է: Կարելի է ասել, որ նման ընտրապայքար ԱՄՆ-ում երբեւէ տեղի չէր ունեցել, ինչը փաստվում է նաեւ նրանով, որ քաղաքական վերլուծաբանների կանխատեսումները մեծ մասամբ իրականություն չեն դարձել: Խոսքն, անշուշտ, վերաբերում է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի ֆենոմենին: Այդ կապակցությամբ ուշագրավ բացահայտում է արել նաեւ հայ հասարակությանը քաջ հայտնի «Վիկիլիքսը»:

Այս նախագահական ընտրություններում «Վիկիլիքսի» կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերը գերազանցապես վերաբերում էին Դեմոկրատական կուսակցությանն ու նրա միասնական թեկնածու Հիլարի Քլինթոնին: Քաղաքական վերլուծություններում հաճախ էր «Վիկիլիքսն» անվանվում Դոնալդ Թրամփի «չերեւացող գործընկերը», որի հրապարակած ամեն մի գաղտնի նամակ նոր դժգոհության ալիք էր բարձրացնում Քլինթոնի նկատմամբ: Բավական է հիշել, որ Քլինթոնի դեմոկրատ մրցակից, Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսի նկատմամբ Դեմոկրատական կուսակցության ղեկավարության ցուցաբերած խարդախ վերաբերմունքի իրական մանրամասները եւս բացահայտվեցին «Վիկիլիքսի» շնորհիվ` տհաճ դրության մեջ դնելով Հիլարի Քլինթոնին: Վերջինս, սակայն, չընկճվեց այդպիսի տգեղ բացահայտումներից եւ գաղտնի նամակների ապօրինի հայթայթման ու հրապարկման ողջ մեղքը բարդեց Ռուսաստանի վրա` ակնարկելով Թրամփի «հանցավոր» համագործակցությունը ռուսական շրջանակների հետ: Այդուամենայնիվ, «Վիկիլիքսը» հսկայական գլխացավանք պատճառեց Քլինթոնին: Ի դեպ, հենց այդ բացահայտումների շնորհիվ են նաեւ պարզ դառնում մի շարք հանգամանքներ, որոնք ընտրության ելքի վրա կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ:
Ըստ «վիկիլիքսյան» հերթական հրապարակման` Հիլարի Քլինթոնի նախընտրական ողջ արշավը կառուցված է եղել այն հույսի վրա, որ հանրապետականների թեկնածուն պիտի լիներ Դոնալդ Թրամփը: Դեմոկրատ թեկնածուի քարոզչական խորհրդականներից Բրենդ Բուդովսկին ամիսներ առաջ նամակով դիմել էր Քլինթոնի քարոզարշավի ղեկավար Ջոն Փեդեստային` նկատելով, որ նախկին պետքարտուղարի պարտությունն ընտրություններում կարող է լիովին իրականանալի լինել, եթե հանրապետականների թեկնածուն չլինի Դոնալդ Թրամփը: «Այս պահին ես լիովին ապշած եմ, որ Հիլարին գրեթե ամբողջապես կախված է հանրապետականների կողմից Թրամփի թեկնածության հաստատումից: Նա ունի հսկայական բնական քաղաքական թուլություններ, որոնք պարտավոր է շտկել: Նույնիսկ Թեդ Քրուզի պես ծաղրածուին դժվար է լինելու պարտության մատնել, ինչը ինձ մեծապես վախեցնում է»: Այս տրամաբանությունը հիմնված էր ոչ միայն դիտողական սուր աչքի, այլեւ իրական վիճակագրական տվյալների վրա: Խնդիրն այն է, որ մինչ ներկուսակցական միասնական թեկնածուի ընտրությունը, ենթադրյալ հարցումներով հանրապետականների գրեթե բոլոր թեկնածուները հաղթում էին Քլինթոնին, բացի Քրուզից եւ Թրամփից: Իսկ, ահա, թեկնածուների պակասելու հետ մեկտեղ Քրուզի շանսերն էլ էին նկատելիորեն ավելանում: Միայն Դոնալդ Թրամփն էր, որ անկախ ընտրողների մոտ դրական տրամադրություններ չէր առաջացնում: Թեեւ Թրամփը կարող է արժանանալ հանրապետական ընտրողների աջակցությանը, սակայն նախագահ ընտրվելու համար նրան հարկավոր են անկախների ձայները, որոնք այս պահին ավելի շատ նախընտրում են Քլինթոնին` կապված առաջինի` համեմատաբար անլուրջ խառնվածքի հետ:
«Վիկիլիքսի» վերոնշյալ հրապարակումը, սակայն, շատ ավելի կարեւոր է` հասկանալու համար դեմոկրատների մարտավարությունն ու Հանրապետականի ներսում տեղի ունեցած կուսակցական ավերիչ պայքարը: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի հիմնական լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը ֆինանսական կուլիսային շրջանակների հետ անմիջական կապերի մեջ է, որն էլ իր հերթին սատարում է Քլինթոնին: Եվ, ահա, ամբողջ մեդիա ռեսուրսը հանրապետականների քարոզարշավի օրերին արհեստականորեն ֆետիշացնում էր Թրամփին: Վերջինիս ցանկացած արտառոց ձեւակերպում եւ հատկապես վիրավորական խոսքերն իր ներկուսակցական մրցակիցների հանդեպ անմիջապես հայտնվում էին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում ու անընդհատ շրջանառության մեջ պահվում: Թրամփի ագրեսիվ ու անտակտ վերաբերմունքը մրցակիցների նկատմամբ ոչ միայն տարածվում էր ԶԼՄ-ների կողմից, այլեւ անուղղակիորեն թմբկահարվում: Առաջին հերթին ամերիկյան ԶԼՄ-ների քարոզչական մարտավարության շնորհիվ էին հանրապետականները մեկը մյուսի հետեւից լքում ընտրապայքարը: Թրամփի հաջողություններն առավելապես ոչ այնքան նրա կարողությունների ցուցիչն էին, որքան դեմոկրատական լրատվական ռեսուրսի ճիշտ մարտավարության: Վերոնշյալ գաղտնի նամակն արդեն իսկ հուշում է, թե ինչպես են պատմական պահը հաջողությամբ գիտակցել Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբում եւ խաղարկել ըստ իրենց ցանկության: Արձանագրելի է, որ հերթով շարքից հանելով հանրապետական թեկնածուներին` դեմոկրատական մեդիան խստագույնս օժանդակեց Թրամփի թեկնածությանը: Վերլուծաբանները նույնպես կտրականապես չեն հերքում, որ Քեյսիքի, Ռուբիոյի եւ մյուս հանրապետականների դեմ հանդիման կանգնելու պարագայում Քլինթոնը իսկապես անլուծելի խնդիրներ էր ունենալու: Ի վերջո, նախկին առաջին տիկնոջ պետա-կառավարման փորձառությունը խաղում է իր դերը Թրամփի անփորձության ու անպատրաստվածության դիմաց` նախ եւ առաջ անկախ ընտրողների շրջանում:
Ինչեւէ, մի շարք այլ գաղտնի փաստաթղթերի եւ քաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2016թ. պետք է լինի Հիլարի Քլինթոնի տարին: Նրա ընտրության համար կարծես ամեն ինչ ապահովված է` առաջնահերթորեն հանձին հիմնական մրցակցի: Թրամփին չեն պաշտպանում բազմաթիվ ազդեցիկ կուսակցականներ, իսկ անկախ ընտրողները մեծ վերապահումներ ունեն նրա հախուռն ու անկայուն բնավորության նկատմամբ: Ամեն ինչ հուշում է, որ Հիլարի Քլինթոնը հաղթելու է Թրամփի պես մրցակցին, որին, ի դեպ, հենց ինքն է ընտրել: Սակայն արեւմտյան ընտրությունների առանձնահատկությունը դրանց անկանխատեսելիությունն է, ինչը դեռեւս հույսեր է ներշնչում Թրամփին ու նրա աջակիցներին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԱՐԱՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ ԳՈՒՍԱՆ Է ՊԵՏԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ

Մի քանի օր է` սոցիալական կայքերում լայն քննարկում է սկսվել Էջմիածնի ավագանու որոշումներից մեկի շուրջ, որով սուրբ քաղաքի Իսակով փողոցի հատվածը, ուր ապրել է երգիչ Արամ Ասատրյանը, պետք է կրի երգչի անունը:

Թեեւ յուրաքանչյուր էջմիածինցի այդ փողոցը վաղուց է Արամ Ասատրյանի անունով «կոչել», քանի որ ինչ-որ տեղ բացատրելիս ասում են՝ Արամ Ասատրյանի փողոցի կողքը եւ այլն: Բայց ամեն դեպքում տեսակետ կա, որ նա, լինելով ռաբիս երգիչ, իրավունք չունի իր անունով փողոց ունենալու: Իհարկե, յուրաքանչյուր տեսակետ գոյության իրավունք ունի, քանի որ վաղամեռիկ Արամ Ասատրյանի երգերը ե՛ւ ընկալվում ու սիրվում են հասարակության մի ստվար զանգվածի կողմից, ե՛ւ ենթարկվում քննադատության՝ ասոցացվելով անճաշակության հետ:
Բայց այս ողջ պատմության մեջ ուշագրավը պետության վերաբերմունքն է երգչի նկատմամբ: Թե պետական որ գերատեսչությունը ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերում Արամ Ասատրյանի նկատմամբ, փորձել է պարզել «Ժողովուրդ» օրաթերթը: Եվ այսպես՝ 2003 թվականի մարտի 3-ին Գլենդելում Արամ Ասատրյանի 50-ամյակի առիթով կազմակերպված խնջույքի ժամանակ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը հատուկ որոշմամբ Արամ Ասատրյանին շնորհել է «Ժողովրդական գուսան» կոչումը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ ՀՀ մշակույթի նախարարը Ռոլանդ Շառոյանն էր, որը Պետական ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն Լաերտ Մովսիսյանին տվել էր իր կողմից կայացված «Ժողովրդական գուսան» որոշումը եւ գործուղել ԱՄՆ՝ կոչումը պատվով հանձնելու:
Այսպիսով, ստացվում է, որ մի կողմից Հայաստանի Հանրապետությունը կառավարության, այն է՝ մշակույթի նախարարության մակարդակով արժեւորում է տասնյակ երգեր հեղինակած Արամ Ասատրյանին՝ որպես գուսան, մյուս կողմից, սեթեւեթում, թե ինչպե՞ս է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կամ ավագանին նման «փիս» որոշում կայացրել:
Համաձայնեք, որ անհարմար իրավիճակ է ստեղծվել:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ԴԵՊՔԸ՝ ՀՔԾ-ՈՒՄ
2016թ. մայիսի 27-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում դպրոցական «Վերջին զանգի» արարողությունից հետո գյուղի բնակիչ Սասուն Չոբանյանի մասնակցությամբ աղմկոտ միջադեպ էր տեղի ունեցել: Այգեհովտի բնակիչների վկայությամբ՝ այդ միջոցառման ժամանակ Ս. Չոբանյանի եւ համայնքային ոստիկան Մարինա Բաղդասարյանի միջեւ թունդ վեճ էր եղել, հնչել էին բարձրաձայն վիրավորական արտահայտություններ: Ս. Չոբանյանի եղբոր որդին նշված դպրոցի այս տարվա շրջանավարտներից էր: Աչաջուր գյուղում շրջանավարտները նշել էին դպրոցն ավարտելը եւ վերադարձել Այգեհովտի դպրոց: Վերջինիս տնօրեն Արմեն Մելքոնյանի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել դպրոցի դարպասների մոտ, Սասուն Չոբանյանը ցանկացել է մտնել դպրոցի տարածք, սակայն ոստիկանները թույլ չեն տվել: Գյուղում եղել է 3 ոստիկան, նրանցից մեկը հեռացել է, մնացել են երկուսը, որոնցից մեկը եղել է Այգեհովտի հարեւան սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակչուհի, համայնքային ոստիկան Մարինա Բաղդասարյանը: Միջադեպի հետ կապված՝ Այգեհովիտ են ժամանել ոստիկանության Իջեւանի բաժնի մի քանի կարգախմբեր: Հավելենք, որ Մարինա Բաղդասարյանը, ով իրավաբանական կրթություն չունի, շուրջ մեկ տարի առաջ ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայող է դարձել՝ ստանալով սպայական կոչում: Սույն դեպքի կապակցությամբ նյութեր էին նախապատրաստվել, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը քրեական գործի հարուցումը մերժել էր, քանի որ Սասուն Չոբանյանի գործողություններում հանցագործության հատկանիշներ չէր տեսել: Սակայն ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Քանի որ քրեական գործն առնչվում է նաեւ ոստիկանության գործողություններին, գործի քննությունը կատարում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

 

 

ԿԵՍԻՑ ԷԼ ՊԱԿԱՍ
Այս տարի Տավուշի մարզի մթերող ձեռնարկությունները խաղողագործներից ընդունել են 3450 տոննա խաղող: Այդ մասին հայտնեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը: Ընդունման գինը տարբեր է եղել, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղը գյուղացիներից խաղողն ընդունել է կիլոգրամը 110 դրամով, իսկ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը եւ Իջեւանի գինու, կոնյակի գործարանը՝ 130 դրամով: Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը մթերված խաղողի դիմաց գյուղացիներին վճարել է, իսկ, ահա, մթերող մյուս ձեռնարկությունները խաղողագործներին կվճարեն՝ ըստ հաստատված ժամանակացույցի, մինչեւ այս տարեվերջ: Եղանակային վատ պայմանների պատճառով 2016թ.-ի խաղողի բերքը նախորդ տարվա համեմատ քիչ էր. 2015թ.-ին Տավուշի մարզում մթերվել էր շուրջ 7700 տոննա խաղող:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս