ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Bloomberg գործակալությանը:
ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը համացանցի իր էջում հարցազրույցից հատվածներ է ներկայացրել:
Ստորև ներկայացնում ենք դրանք.
– Մենք առաջարկում ենք հնարավոր ամենաարագ փոփոխությունները. կոռուպցիայի դեմ պայքար՝ բյուրոկրատիայի կրճատման ճանապարհով, և պետական ֆոնդի հիմնում՝ ձեռնարկատիրության աջակցության նպատակով:
– Գործարարությունը չպետք է խոչընդոտվի կոռումպացված պաշտոնյաների կողմից, որոնք ձգտում են դրամական փոխհատուցում ստանալ վարչական որոշումների կայացման դիմաց, կամ գերիշխող մրցակցային դիրքում գտնվող տնտեսավարողների կողմից, որոնք, օգտագործելով իրենց քաղաքական կապերը, փորձում են սահմանափակել ազատ մրցակցությունը:
– Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 5.8 մլրդ դոլար, այն դեպքում, երբ երկրի ՀՆԱ-ն կազմում է 10 մլրդ դոլար և 2017թ.-ին 3.2% աճը չի կարող ապահովել կենսամակարդակի կտրուկ բարելավում: Մենք ունենք նաև արտաքին պարտք, որն աճում է ավելի արագ, քան ՀՆԱ-ն և մեր ստացած եկամուտները:
-Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության և հարկային օրենսգրքի փոփոխություններն ուղղված են թափանցիկության ավելացմանը, և մենք թույլ չենք տա գերիշխող մրցակցային դիրքում գտնվող խաղացողներին ճնշել մրցակցությունն` ի հաշիվ իրենց ունեցած վարչական լծակների: Ոչ ոք ոչ անձեռնմխելի է, և ոչ էլ արտոնյալ:
-Չնայած արագ փոփոխությունների վրա ունեցած կենտրոնացմանը՝ անհրաժեշտ է ձևավորել խորհրդատվական խումբ՝ ներառելով նաև արտասահմանյան մասնագետների: Անհրաժեշտ է ուղեղների գրոհ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք զարգացնել երկիրը երկարաժամկետ հեռանկարում, ներառյալ հարկային փոփոխությունները, առողջապահությունը, կրթությունը և գյուղատնտեսությունը:
-Հայաստանը ԵՄ անդամակցելու հնարավորությունը փոխարինեց ԵԱՏՄ անդամակցությամբ: Մինչ քննադատները նշում են, որ դեռևս ոչ մի տնտեսական օգուտ ՀՀ-ն չի ստացել այս ինտեգրումից, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը չմիանար ԵԱՏՄ-ին, և հնարավոր է բացասական ազդեցությունը լիներ ավելի մեծ, մինչդեռ անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի սահմանափակում ՀՀ հնարավորությունը զարգացնելու առևտուրը ԵՄ երկրների հետ:
-Հայաստանը նաև փորձում է ամրապնդել առևտրային հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատժամիջոցների թուլացմանը զուգընթաց: Դեռ ավելին, հանձնարարվել է մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը մշակել ծրագիր՝ հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ՝ նպատակ ունենալով խթանել համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Մենք գիտակցում ենք, որ պետական ծախսերի կրճատումը կարող է ունենալ նաև հակառակ ազդեցություն, այն դեպքում, երբ գործարարները հիմնական ներդրումներն իրականացնում են մինչև ընտրությունները կամ հետո ընկած ժամանակահատվածում:
– Այնուամենայնիվ մենք նպատակ ունենք առաջիկա 6 ամիսների ընթացքում զարգացնել հստակ երկարաժամկետ ծրագրեր, որոնք 2018թ.-ից սկսած հնարավորություն կտան տարեցտարի ապահովել կայուն տնտեսական աճ: