ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԵԼՔԵ՞Ր Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 8-ին իր ծննդյան առիթով տարածած հայտարարության մեջ մի քանի ուշագրավ շեշտադրումներով բացահայտել էր վանաձորյան «խայտառակ» առեղծվածը, որը չընդունվեց հասարակության կողմից եւ բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ: Նա փակուղու մեջ չհայտնվելու նպատակով հանդես եկավ եւս մեկ հայտարարությամբ, որով առաջարկում է Վանաձորի ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել տեղական հանրաքվեի միջոցով:

Նոյեմբերի 8-ի հայտարարության մեջ Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով վանաձորյան ընտրություններին, ասել էր. «Այժմ Վանաձորի ավագանու չարչրկված նիստի մասին: «Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածությունները հուշագրի ոգուն համապատասխան եւ քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան շանտաժով եւ քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամներին՝ կեղծ լուրեր տարածելով, թե «Հայկական վերանծնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ, ըստ որում, սա արվում է համառ հետեւողականությամբ: Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով իշխանություն՝ կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելով մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել եւ ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել կոալիցիա եւ իրական ազդեցություն ունենալ Վանաձորի կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերեւս արժե»:
Իսկ արդեն նոյեմբերի 12-ին Հ3 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վերջինս հանդես էր եկել առաջարկով. «Վանաձորում ստեղծվել է լարված իրավիճակ: Եվ մենք ինչ ենք առաջարկում. քաղաքը պետք է զարգանա, քաղաքը չի կարող այս վիճակում մնալ: Եվ մենք բոյկոտելու ենք ավագանու նիստը եւ էլի ենք բոյկոտելու, այնքան ժամանակ, մինչեւ քաղաքական համաձայնություն չլինի: Եվ մենք առաջարկում ենք իրականացնել տեղական հանրաքվե վանաձորցիների մասնակցությամբ եւ թող վանաձորցիները որոշեն՝ ձեւավորվի՞ ազգային համաձայնության կառավարություն, թե՞ ոչ: Մամիկոն Ասլանյանը հրաժարական տա՞, թե՞ ոչ, որպես ՀՀԿ-ի թեկնածու, թե ոչ: Մասնակցե՞ն մյուս ընդդիմադիր ուժերը մասնակի կառավարմանը, թե՞ ոչ: Այսինքն՝ տեղի ունենա տեղական հանրաքվե»:
«Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանն էլ, ոգեշնչվելով կուսակցապետի առաջարկից, սոցիալական ցանցերից մեկում գրառում էր կատարել՝ նշելով հետեւյալը. ««Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը Հ3 հեռուստաընկերությանը տված երեկվա հարցազրույցում բավականին ուշագրավ եւ հետաքրքիր առաջարկ արեց Վանաձորում ստեղծված քաղաքական իրավիճակի հանգուցալուծման համար: Մասնավորապես ՀՎԿ նախագահը առաջարկեց անցկացնել տեղական հանրաքվե, որը հնարավորություն կտա հենց վանաձորցիներին որոշել՝ ընդդիմությունը շարունակի՞ բոյկոտը, թե՞ ոչ, Մամիկոն Ասլանյանը հրաժարական տա՞, թե՞ ոչ, ձեւավորվի՞ բոլոր քաղաքական ուժերից կազմված վանաձորյան կոալիցիա, թե՞ ոչ: Սա խնդիրների լուծման նոր մոտեցում է, որը, կարծում եմ, պետք է քննարկեն բոլոր քաղաքական ուժերը»:
Թերեւս այս հայտարարությունների շարքը մեզ թույլ է տալիս հանգելու այն եզրակացությանը, որ Արթուր Բաղդասարյանն այս ձեւով փորձում է շիտակ եւ ազնիվ մտածող քաղաքական գործիչ երեւալ, բայց միեւնույն ժամանակ, ինչպես ArmLur.am-ն էր գրել. «Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Արթուր Բաղդասարյանը խոստովանում է, որ առաջիկայում «Հայկական վերածնունդ»-ը պատրաստվում է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ եւ իշխանական Մամիկոն Ասլանյանի հետ կառավարել Վանաձորը: Այս հանգամանքը լավ առիթ է եւս մեկ անգամ փաստելու, որ իրեն ընդդիմադիր հռչակած Արթուր Բաղդասարյանը շարունակում է ընդդիմություն խաղալ»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 
ԱԹԵՇՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է, ԻՍԿ ՎԵՀԱՓԱՌԸ՝ Ո՞Չ

Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Հայաստանում է: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: Վերջինս նշեց նաեւ, որ Աթեշյանը Հայաստան է ժամանել անցած գիշեր:

Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Հայոց ցեղասպանությունը դատապարտող Գերմանիայի Բունդեսթագի բանաձեւի առթիվ նամակ էր գրել, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»: Բացի այս՝ Աթեշյանը նամակում հայտնել էր, որ այդ բանաձեւի ընդունմամբ «հայ ժողովրդին վերաբերող հարցն օգտագործվել է իմպերիալիստական ուժերի կողմից՝ առաջ բերելով հայ ժողովրդի եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի խոր ափսոսանքը»: Նշենք, որ Էրդողանին գրած աղմկահարույց նամակի պատճառով Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ Աթեշյանը հայտնվեց Հայաստանի ու սփյուռքի հայերի քննադատության թիրախում: Այդ ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հունիսին ստեղծվել էր «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» անվամբ խումբ: Իսկ հունիսին Հայաստանում անցկացվող ժողովին Արամ Աթեշյանի մասնակցությունը չեղարկվեց: Ավելին՝ Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Մայր Աթոռում եւ Արցախում տեղի ունեցած գերագույն հոգեւոր խորհրդի վերջին երկու նիստերում բացակայել է:
Տեղեկացնենք, որ Նյու Յորքում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը տեղի է ունեցել գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը: Շատերը գերագույն խորհրդի ժողովը Նյու Յորքում անցկացնելը համարում են անտրամաբանական ու անհասկանալի:
armchurch.info կայքէջում, որտեղ տեղադրվում են եկեղեցական լուրեր, երեկ ողջ օրվա ընթացքում Աթեշյանի՝ Հայաստան այցի մասին ոչինչ չկար: Իսկ Էջմիածնի Մայր Աթոռում լռում են Աթեշյանի՝ Հայաստան կատարած այցի մասին: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը Հայաստանում չէ. նա այս օրերին շրջում է աշխարհի հայկական թեմերով: Ասել է թե՝ տունը հյուր է եկել, իսկ տանտերը տանը չէ: Աթեշյանի՝ Հայաստան կատարած այցի մասին մանրամասն տեղեկություն ստանալու մեր փորձերն անհաջող անցան, քանի որ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ այդպես էլ մեզ չհաջողվեց կապ հաստատել: Սակայն պատգամավոր Արագած Ախոյանի համոզմամբ՝ Աթեշյանը ինչ-որ հարցեր լուծելու համար Հայաստանի աջակցության կարիքն ունի: «Հայտնի է, որ Պոլսում սկսվել է նոր պատրիարք ընտրելու գործընթացը, եւ Աթեշյանը հավանաբար աջակցության կարիք ունի»,- հայտարարեց պատգամավորը: Ըստ Ախոյանի՝ հնարավոր է՝ Հայաստանում նրա այցի դեմ բողոքի ակցիա իրականացվի:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 

ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԹԱՓՈՒՐ ԵՆ
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ոստիկանության ծառայության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանը եւ Բագրատաշենի բաժանմունքի պետ Կարեն Անտոնյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ տեղափոխվելով ոստիկանության կադրերի ռեզերվ: Կարեն Անտոնյանը ազատամարտիկ է, նա բանաստեղծ (այժմ հանգուցյալ) Սերո Անտոնյանի որդին է: Թեեւ նրանց աշխատանքից ազատելուց 2 շաբաթ է անցել, սակայն Իջեւանի բաժնի եւ Բագրատաշենի բաժանմունքի պետերի պաշտոնները թափուր են:

 

 

ՍԻՐՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ԸՆՏՐՈՒՄ
Տավուշի մարզի Բերդ քաղաքի ավագանու 10 անդամների կազմում միայն մեկ կին կա՝ Բերդի պետական քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը: Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի ավագանու կազմում եւս մեկ կին է ընդգրկված՝ Իջեւանի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Ամիրյանը: 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում խոշորացված Այրում համայնքի ավագանու 36 թեկնածուներից 3-ը կին էին: Սակայն համայնքի ավագանու անդամ ընտրվեցին 11-ը, որոնց թվում կին չկար: Սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում խոշորացված Կողբ համայնքի ավագանու 14 թեկնածուների շարքում գեթ մեկ կին չկար: Իսկ, ահա, խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու 33 թեկնածուներից 4-ը կանայք էին: Նրանցից ամենաշատ ձայները ստացավ «Մասիս Տոբակո» ընկերության գործակալ, նախկինում երկար տարիներ Ոսկեվան համայնքը ղեկավարած, ՀՀԿ անդամ Էմմա Հակոբյանը: Նա եւ Ոսկեպար գյուղի բնակիչ, անտառապահ, անկուսակցական Ռոբերտ Մախսուդյանը հավասար՝ 242 քվե էին ստացել: Սեպտեմբերի 23-ին Նոյեմբերյան քաղաքում, Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նրանց միջեւ վիճակահանության ժամանակ Է. Հակոբյանի բախտը ժպտաց, եւ նա դարձավ Նոյեմբերյան համայնքի ավագանու վերջին՝ 15-րդ անդամը:

 

 

ՎՐԱՑԱԿԱՆ ՌԱԴԻՈՆ՝ ՀՀ-ՈՒՄ
Վրացական «Շանսոն» հեռուստառադիոկայանի ռադիո հաղորդումները լավ հասանելի են Հայաստանի սահմանամերձ տարածքներում: Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքը Ադրբեջանի սահմանից հեռու է մոտ 20 կմ, Վրաստանի սահմանից՝ շուրջ 100 կմ: Սակայն վրացական վերոհիշյալ ռադիոկայանի հաղորդումները մատչելի են Իջեւան քաղաքում: Նշված ընկերությունը հեռարձակում է ռուսական շանսոն երգեր, նաեւ վրացական հաղորդագրություններ, որոնց իմաստը սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչները չեն հասկանում: Հայաստանի Հանրապետությունը 25 տարեկան է, սակայն ինքնիշխան համարվող երկրի եթերը հասանելի է ռուսական, ադրբեջանական եւ վրացական հեռուստատեսային եւ ռադիո զանազան ծրագրերի համար, մինչդեռ տեղական հեռուստառադիոարտադրանքը խիստ սահմանափակ է սփռվում սահմանամերձ տարածաշրջանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս