ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշտապես ջրից չոր դուրս եկող ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի գլխին, կարծես, էլի սեւ ամպեր են կուտակվել:

Նախօրեին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Համլետ Ղամբարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նրա ենթական:
Եվ այստեղ հարկ ենք համարում հիշեցնել, որ սա արդեն երրորդ հաղորդումն է՝ ընդդեմ Վարդենիսի ոստիկանապետի:
ՀՔԾ-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողը ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իր վերաբերյալ իրականացված ծառայողական քննության ընթացքում հայտնել է իր վերադասի կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
Մասնավորապես ոստիկանության ծառայողը հաղորդում է տվել, թե ընթացիկ տարվա ապրիլին իր վերադասին է հանձնել մորեղբոր որդու կողմից գտած 30 հատ «AK 74» ինքնաձիգի փամփուշտներ եւ 2 հատ «ՌԳԴ» տեսակի նռնակներ: Ապա օգոստոսի 29-ին հանձնել է նախորդ օրը իր կողմից Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի գետից գտած թվով 250-ից ավել նռնակի պայթուցիչներ: Սակայն հետագայում տեղեկացել է, որ իր կողմից ռազմամթերքի ներկայացման 2 դեպքերին էլ օրենքով սահմանված կարգով ընթացք չի տրվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փոխանցում է, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Ղամբարյանի արկածները
ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանը Վարդենիսում հայտնի է Սոթքի ոսկու հանքից գողություն կատարողներին, այսպես կոչված, «չղջիկներին» հովանավորելու անպատժելի դիրքով: Վարդենիսում մշտապես խոսվում է այն մասին, որ նրանք ավարից մասնաբաժին են տալիս Ղամբարյանին, վերջինս էլ կոծկում է «չղջիկների» մասնակցությամբ կատարվող կրիմինալ դեպքերը:
Նախ նշենք, որ Ղամբարյանի դեմ առաջին հաղորդումը ներկայացվել է դեռեւս 2015 թվականի հուլիսի 28-ին Վարդենիսում տեղի ունեցած միջադեպի մասով, որի ընթացքում Վարդենիսի բնակիչներ Հակոբ Թովմասյանը եւ նրա որդին՝ Թովմաս Թովմասյանը, մի կաթիլ մեղրի մոտիվներով զարգացած իրադարձության արդյունքում ոստիկանների կողմից ծեծի էին ենթարկվել:
Այս դեպքի հետ կապված Թովմասյանների ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել կրկին պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով: Սակայն այս տարվա մարտին ոստիկանապետին եւ քննիչներին պատժելու գործը կարճվել է: Ամռանն էլ ոստիկանության Վարդենիսի բաժնի ղեկավարության դեմ նոր բողոք էր ներկայացվել կեղծ ցուցմունք կորզելու վերաբերյալ մեկ այլ քրգործով: Քաղաքացի Ռազմիկ Գեւորգյանը բողոքել էր, որ իրեն ճնշել են Վարդենիսի ոստիկանապետ Ղամբարյանն ու Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Տիգրան Հակոբյանը՝ ստիպելով ցուցմունք գրել իր քեռու դեմ: Ու հենց այդ ցուցմունքի հիման վրա էլ քեռին ձերբակալվել է:
Եվ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ քրեական գործի շրջանակներում Վարդենիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի եւ նրա դեմ հաղորդում ներկայացրած քաղաքացի Ռազմիկ Գեւորգյանի միջեւ առերեսում է տեղի ունեցել:
Դեպքի մանրամասները
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս տարվա ապրիլի 24-ին երիտասարդին տարել են ոստիկանապետ Ղամբարյանի աշխատասենյակ, որտեղ եղել է նաեւ Գեղարքունիքի մարզային ոստիկանապետի տեղակալ Տիգրան Հակոբյանը: Երկու բարձրաստիճան ոստիկաններով սպառնալիքներ են հնչեցրել Ռազմիկի հասցեին, ինչի ազդեցության տակ երիտասարդը արհեստական հաղորդում է ներկայացրել Վարդենիս քաղաքում գտնվող Սուրբ Վարդան կոչվող տարածքում ապրիլի 24-ին տեղի ունեցած միջադեպի մասին: Թե ում նկատմամբ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով քրգործը, «Ժողովուրդ»-ին պաշտոնապես պարզել չհաջողվեց: Սակայն իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել դարձյալ պաշտոնեական լիազորությունների չարաշահման առիթով Համլետ Ղամբարյանի եւ Տիգրան Հակոբյանի նկատմամբ:
Բանն այն է, որ Վարդենիս քաղաքի բնակիչ Ռազմիկ Գեւորգյանին (Գեւորգյանների պնդմամբ՝ շփոթելով իր եղբոր հետ) տարել են Վարդենիսի ոստիկանության բաժին: Ոստիկանապետ Ղամբարյանն ու վարչության պետի տեղակալ Տիգրան Հակոբյանը սպառնացել են, հայհոյել ու ստիպել հիվանդություն ունեցող երիտասարդին, որ ցուցմունքներ տա իր փաստացի քեռու՝ Ռաֆայել Թադեւոսյանի դեմ: Ռազմիկ Գեւորգյանն էլ գրել է ոստիկանների համար ցանկալի ցուցմունքը իր քեռու դեմ, որի հիման վրա ոստիկանները հունիսի 9-ին հայտնաբերել եւ կալանավորել են Ռաֆայել Թադեւոսյանին:
Նույն օրը Վարդենիսի բաժնում պատահաբար հայտնվել է նաեւ Ռազմիկի եղբայրը՝ Երեմ Գեւորգյանը: Նրան ինչ-որ անհայտ անձինք մեքենաներով հետապնդել են, սպառնացել, կրակել, արդյունքում Ե. Գեւորգյանը իր մեքենայով մուտք է գործել ոստիկանության բաժնի բակ՝ օգնության ակնկալիքով: Հետապնդողներից մեկի՝ ոմն Կարեն Հակոբյանի մոտ հրազեն է հայտնաբերվել: Սակայն թերեւս հենց Ղամբարյանի հուշումով ոստիկանները ձեւակերպել են, թե քաղաքացին իրավապահներին հանձնելու համար է զենքը բերել բաժին: Զավեշտալին այն է, որ Երեմի եւ Կարենի միջեւ եղած ողջ այս քաշքշուկն ու ծեծը ֆիքսվել է բաժնի մուտքի պատին տեղադրված տեսախցիկներով, սակայն դրանք խնամքով անհետացել են՝ պատճառաբանությամբ, թե Վարդենիսի բաժնի տեսախցիկները չեն աշխատում:
Ոստիկանապետը քրգործերի մասին
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց զրուցել ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի հետ, սակայն հարցը լսելով՝ նա հորդորեց դիմել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն: Թե ինչ ընթացք կունենա այս քրեական գործը ոստիկանապետ Ղամբարյանի դեմ, թերեւս դժվար չէ կանխատեսել: Սակայն քննության ընթացքը վարդենիսցիների մեջ հույսի նշույլ է արթնացրել, որ գուցե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կսթափեցնի ու, ի վերջո, համազգեստի մեջից կհանի համակարգը խայտառակողներին:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀՎԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

Ինչպես հայտնի է` նոյեմբերի 13-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացել էր ժամկետային զինծառայող, 21-ամյա Վարդան Առաքելյանը:

Զինվորի մահվանից հետո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը պատժվում է ազատազրկմամբ երեքից ութ տարի ժամկետով:
Ըստ կոմիտեի պաշտոնական հաղորդագրության` նախնական տվյալներով 2016 թվականի նոյեմբերի 13-ին` ժամը 02:15-ի սահմաններում, կրտսեր սերժանտը, նշանակված լինելով մարտական հերթապահության զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում, խախտել է մարտական հերթապահության կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոցներ է արձակել նույն զորամասի պահպանության տեղամասի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ, ինչի հետեւանքով նռնակաձիգի օգնական, շարքային Վարդան Առաքելյանն ստացել է մահացու հրազենային վիրավորում: Այս պատմության մեջ զարմանալին այն է, որ զինվորի մահվանից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել՝ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վարդան Առաքելյանին հետմահու պարգեւատրել «Մարտական ծառայություն» մեդալով: Նկատենք, որ սովորաբար զինվորին հետմահու պարգեւատրում են, երբ նա մահանում է հակառակորդի կրակոցի հետեւանքով: Բայց այս դեպքում դատելով պաշտոնական հաղորդագրությունից՝ Վարդան Առաքելյանը մահացել է կրտսեր սերժանտի կրակոցի հետեւանքով:
Ի՞նչ է կատարվել վերոնշյալ օրը զորամասի պահպանության տեղամասում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ կրտսեր սերժանտը իրավապահներին հայտնել է, որ նա դիրքի ուղղությամբ ձայներ է լսել եւ կրակել է, ինչի արդյունքում էլ, ըստ էության, կրակոցները գնացել են պահպանության տեղամասի մեկ այլ մարտական դիրքի ուղղությամբ, եւ շարքային Վարդան Առաքելյանը մահացել է: Սակայն տեղեկություններ կան, որ կրտսեր սերժանտը տարաձանություն է ունեցել շարքային Առաքելյանի հետ, ինչի արդյունքում եղել է այս դեպքը: Բայց այս վարկածը իրավապահների կողմից դեռեւս չի հիմնավորվել: Նշենք, որ կրտսեր Սերժանտը կալանավորված չէ, եւ գործով քննությունը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
«ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ» ՍՈՑԱՊՆԱԽԱՐԱՐ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ
Քաղաքացի Նարինե Մանուկյանը համացանցում խայտառակ աղաղակող փաստերով ջրի երես է հանել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գործելաոճը: Պարզվում է՝ սոցապնախարարը հաշմանդամ երեխաների անվասայլակների վրա գումար է աշխատում, զինհաշմանդամների ու «Փարոս» ստացողների գումարներն է յուրացնում:
«Ամենաքիչը 4 տարի է՝ ձեր տարբեր բաժինների պետերի հետ զրույցներում նշում ենք, որ այն մանկական հաշմանդամային սայլակները, որ արդեն տարիներ է ներկրվում են ձեր կողմից, միանգամայն ԱՆՊԵՏՔ են, ավելին ասեմ` խարխուլ ու հնամաշ, չեն ծալվում եւ չեն համապատասխանում ոչ մի ստանդարտի: Չեմ հասկանում՝ ում համար եւ ինչ նպատակով եք դրանք ներմուծում, եթե ոչ մի երեխայի պետք չեն, պատկերացնում եմ՝ ինչ է կատարվում ձեր պահեստներում: Ավելին՝ նույնիսկ այդ անպետք սայլակի համար հերթագրում են ու 10.000 դրամ պահանջում` հերթն առաջ տալու համար :))) Էլ չեմ խոսում այն մասին, որ հաշմանդամություն ունեցող երեխային այլ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈւՅՔ` քայլակ, կանգնակ, բռնակներ, աթոռներ առհասարակ չեն տրամադրվում: Ես բազմիցս առաջարկել եմ քննարկել այս հարցը, ԱՆՎՃԱՐ աշխատել ձեզ հետ, օգնել, կոնկրետ նշել եմ տեսակներ, որոնք հարմար են, ձեր աշխատակիցները խոստացել են անդրադառնալ ու վերջ: Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները դռնեդուռ ընկած գույք են խնդրում, այնինչ՝ հիշեցնեմ, որ Դուք ու Ձեր բոլոր աշխատակիցները, նաեւ այն կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ, արդեն ավտոմատ կերպով ստանում են չհայտարարված ու անհասկանալի տենդերներ, սնվում են հենց այս եւ մյուս ՀՀ քաղաքացիների հարկերից»:
Քաղաքացու խոսքերով՝ «Մյուս ու ամենաանկազմակերպ ճյուղը ԲՍՓՀ-ներն են, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին ոչ միայն հոգեբանորեն ավելի են ճնշում ու կոմպլեքսավորում ԽՂՃՈւԿ ԹՈՇԱԿԻ համար` ամսեկան 21.000 ՀՀ դրամ, այլեւ «Փարոսից» օգտվող ծնողից պահանջում են 10.000 դրամ, կամ ավելի դաժանները` 2-3 ամսվա թոշակ, որ ավելի «արագ» կատարեն իրենց ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ: Ամեն ասածս խոսքի համար ունենք մինիմում 10 ՓԱՍՏ` ԿՈՆԿՐԵՏ ՕՐԻՆԱԿ, որը, իհարկե, ձեզ եւ ձեր գեղեցկուհի վարչության պետերին չեն հետաքրքրի, բայց, դե, պարտավոր եմ ասել: Մեր կազմակերպության բարերարներն ու մենք ենք կատարում այս ոլորտում օրենքով նախատեսված ձեր հիմնարկի գործառույթը հանդիսացող աշխատանքը արդեն 4 տարի: Էլի նշեմ, որ ոչ մի շահ չեմ հետապնդում, ես կարող եմ երեխայիս տանել Եվրոպա կամ ուր ուզեմ, կարող եմ գնել ամենաթանկարժեք սայլակը, ցանկացած իր, բայց մարդիկ այսօր անօգնական են ու դիմում են կազմակերպությունների՝ ՏԱՐՐԱԿԱՆ կարիքների համար, որ ձեր բարձրությունից չեք էլ նկատում… Եվ վերջում, վերջերս «Կենսաձեւ» հաղորդաշարի շրջանակներում ծավալված քննարկումից պարզ դարձավ, որ ոչ միայն երեխաների մասով է թերանում սոցապը, այլեւ բացարձակ անմխիթար վիճակում է նաեւ զինհաշմանդամների ոլորտը, քանի որ այստեղ նույնպես գործում է «այնքան որ» եւ «պետությունն աղքատ է» թյուր աշխատելաոճը»:




Լրահոս