ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Համաձայնեք, որ այս գրության հեղինակը շատ խելացի է վարվել. նա գտել է խաչ, որը խոստանում է վերադարձնել այն դեպքում, երբ ճշգրիտ կնկարագրեն դրա տեսքը: Թերեւս այդ պարագայում խաչը կգտնի իրական տիրոջը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ ամուսնության խզման կարգի գործընթացին: Խնդրում եմ մի փոքր մանրամասն ներկայացնել այն:
Նունե Մնոյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ դատարանով ամուսնության խզումը ավելի բարդ գործընթաց է, որը ենթադրում է ինչ-որ վեճի առկայություն: Ամուսնությունը պետք է դատարանում խզել այն դեպքում, երբ ամուսիններից մեկը ցանկանում է, որ ամուսնության խզման հետ մեկտեղ լուծվեն երեխայի կամ ընդհանուր գույքի բաժանման վերաբերյալ վեճերը, կամ էլ հատկացվի ալիմենտ: Այդ դեպքում ամուսինները կարող են համաձայն լինել ամուսնության խզմանը, սակայն անհամաձայնություններ ունենալ այլ հարցերի վերաբերյալ:
Քանի որ ՔԿԱԳ-ում ամուսնության խզումը ձեւակերպվում է միայն փոխհամաձայնության առկայության դեպքում, հետեւաբար դատարան պետք է դիմել, եթե ամուսիններից մեկը պահանջում է ապահարզան, իսկ մյուսը չի համաձայնում: Ապահարզանի վերաբերյալ որոշում ընդունելուց առաջ դատարանը պետք է գա այն եզրակացության, որ ամուսնության շարունակումն անհնարին է: Սովորաբար դատարանը կողմերին որոշակի ժամանակ է տալիս հաշտության համար:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դատարանի միջոցով կամ ՀՀ ՔԿԱԳ-ում ամուսնության խզման դիմաց պետք է վճարել պետական տուրք: Հայաստանում ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերը պետական տուրք չեն նախատեսում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ նպատակային ուսուցմամբ ուսանողն ի՞նչ պարտավորություն ունի:
Մելինե Խաչատրյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության՝ նպատակային ուսուցմամբ ուսանող քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո՝ առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում:
Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2015թ. դրությամբ ՀՀ մարզերից գործուղված եւ նպատակային ուսուցմամբ սովորող ուսանողների թիվը Հայաստանի բուհերում կազմել է 114: Նրանք սովորել են 6 բուհերում՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում: