ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ առաջիկա խորհրդարանական ընտրամարաթոնի մեկնարկը տրվելու է 2017 թվականի սկզբից, սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քաղաքական թատերաբեմում քիչ թե շատ ազդեցություն ունեցող կուսակցությունները որոշել են առավելագույնը մինչեւ դեկտեմբերի վերջ հստակեցնել, թե ով ում հետ ինչ հարաբերություններ ունի եւ համագործակցության ինչ հեռանկարներով է պատրաստվում մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

Նախընտրական այս փուլում բոլոր կուսակցությունները, բացի ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից, գաղտագողի հանդիպում են տարբեր սրճարաններում, ինչ-որ մեկի տան պատշգամբում եւ այնպիսի վայրերում, որտեղ հնարավոր է առանց «ժուչոկների» անկաշկանդ զրուցել: Այս ընթացքում բոլորը փորձում են իրենց ծանոթ-բարեկամական հարաբերություններն ակտիվացնել եւ դրանց միջոցով կազմակերպել քաղաքական հանդիպում-զրույցներ: Ասել է թե` միջնորդների գործիքակազմն անցել է գործի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխող կոալիցիայի անդամ ՀՀԿ-ում եւ ՀՅԴ-ում քննարկում են դաշինքով ընտրություններին մասնակցելու տարբերակը: Ըստ էության, թե՛ ՀՀԿ-ի եւ թե՛ ՀՅԴ-ի համար միանձնյա մասնակցության դեպքում դժվարություններն ավելի շատ են լինելու, երկու կուսակցություններն էլ ունեն քվեներ ապահովելու խնդիր: Թեպետ հանրապետականների մեծ մասը դժգոհ է Դաշնակցության հետ դաշինք կազմելու գաղափարից: Նրանք նշում են, որ Գյումրիում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ձայների չնչին տոկոս կարողացավ ապահովել, եւ դա այն դեպքում, երբ Շիրակի մարզը ՀՅԴ-ի «տիրապետության» տակ է:
Ինչ վերաբերում է իրենց ընդդիմադիր հռչակած ուժերին, ապա դրանց ներկայացուցիչները, չնայած իրենց հանդիպումներին, տառապում են վստահության դեֆիցիտով:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը նշեց, որ ՀՎԿ-ում, համենայն դեպս, այս պահի դրությամբ դաշինքով ընտրություններին մասնակցելու շուրջ քննարկումներ չեն ընթանում.«Նախկին փորձը ցույց է տվել, որ դաշինքները մեզանում արդյունավետ չեն գործում, հիմնականում փլուզվում են, քայքայվում են, հետեւաբար կարծում ենք, որ մեր իրականության մեջ արդյունավետ է լինելու մեկ կուսակցությունով ընտրություններին մասնակցելը»,- եզրափակեց նա:
«Համախմբում» կուսակցության դեպքում հարցը մի քիչ այլ է՝ հաշվի առնելով նաեւ կուսակության ղեկավար Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունները: Կուսակցության խոսնակ Արեգնազ Մանուկյանը որեւէ քաղաքական ուժի անուն չնշեց, միայն տեղեկացրեց, որ բանակցությունները պարբերաբար ընթանում են: Սակայն ըստ նրա՝ քանի որ դեռ կոնկրետ արդյունք չկա, ճիշտ չէ բարձրաձայնելը: Մեր տեղեկությունները, թե «Համախմբում»-ը քննարկումներ է անցկացնում նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, Մանուկյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց` նշելով. «Անուններ ես չեմ ուզում հրապարկել, քանի դեռ որեւէ բան չկա, տարբեր կուսակցությունների, տարբեր ուժերի, անհատների, նաեւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ են բանակցություններ ընթանում»:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս քննարկումների փուլում է գտնվում: Կուսակցության խոսնակ Ռուբեն Ռուբինյանի խոսքով` այս պահին որեւէ առարկայական բանակցություն չկա, հնարավոր են հանդիպումներ, կոնսուլտացիաներ. «Հիմնականում ընդդիմադիր դաշտի ուժերի հետ են եղել, բայց քանի որ լուրջ բանակցություն չկա, չէի ցանկանա անուններ նշել»,- ասաց Ռուբինյանը: Իսկ հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ՔՊ-ն քննարկումներ է անցկացրել նաեւ «Ժառանգություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ, Ռուբինյանը պատասխանեց. «Այո՛, հանդիպումներ շատ ընդդիմադիր ուժերի հետ տեղի են ունեցել»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ որեւէ անուն չտվեց` նշելով, որ առայժմ նախնական քննարկումներ են ընդամենը:
«Ժողովուրդ»-ը հարցի շուրջ զրուցեց նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ. «Բանակցություններ որեւէ մեկի հետ չենք տանում, ուղղակի կոնսուլտացիաներ կան, ինչ-որ պաշտոնական բանակցություններ չկան դեռեւս»: Երբ հարցրինք՝ արդյո՞ք Դուք նմանատիպ հանդիպումներ անցկացնում եք ԲՀԿ-ի, ՀՎԿ-ի եւ ՀԱԿ-ի հետ, Մարուքյանը հերքեց, իսկ ՔՊ-ի հետ հանդիպման կապակցությամբ էլ ասաց. «Դե, տարբեր մարդկանց հետ հանդիպում ենք, խորհրդարանում մեր տարբեր գործընկերների հետ ընդմիջմանը զրուցում ենք, ինչ-որ հանդիպումից դուրս ենք գալիս, զրուցում ենք, բայց պաշտոնապես բանակցություններ որեւէ քաղաքական միավորի հետ դեռեւս չկան»:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում երբեմնի երկրորդ ազդեցիկ ուժին՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, ապա այս ուժի դիրքորոշումն այլն է: Որեւէ կուսակցության հետ ԲՀԿ-ն բանակցություններ չի վարում: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` դաշինքներ կարող են լինել միայն հավասարազոր քաղաքական ուժերի միջեւ, այնպիսի կուսակցությունների, որոնք գտնվում են միանման քաշային կատեգորիաներում. «Այսինքն՝ այն ուժերի միջեւ, որոնք ինքնուրույն ունեն բոլոր անհրաժեշտ ռեսուրսները՝ խորհրդարանի համար պահանջվող շեմը հաղթահարելու համար: ԲՀԿ-ն չի պատրաստվում դաշինք կազմել այն ուժերի հետ, որոնք առանձին չեն կարող հաղթահարել այդ շեմը եւ իրենց անհրաժեշտ են ԲՀԿ-ի ռեսուրսները բոլոր առումներով` մարդկային, կազմակերպչական, հանրային վստահության»,- նկատեց Զոհրաբյանը:
Իսկ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը մեր հարցին, թե իրենք ի՞նչ քննարկումներ են անցկացնում եւ ո՞ր ուժերի հետ, կտրուկ պատասխանեց.«Կոնկրետ անուններ չեմ ասի, լինում են բանակցություններ տարբեր քաղաքական ուժերի հետ»:
Ակնհայտորեն քաղաքական դաշտը սպասման մեջ է. բոլորը սպասում են ՀՀԿ-ի՝ նոյեմբերի 26-ին կայանալիք հանրագումարին: Ըստ ամենայնի, այդ օրը հնչելու են ուղերձներ, եւ լինելու են փոփոխություններ, որոնք կարող են նշանակալի լինել ողջ քաղաքական դաշտի համար:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

ՊԱՅԹՅՈՒՆ ԵՎ ԶՈՀ
Նոյեմբերի 20-ի երեկոյան Արարատի մարզի Վանաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել է 13-ամյա Գագիկ Մինասյանի դին: «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան այս դեպքի մասին: Այսպես, ըստ մեր տեղեկությունների` երեխայի դիակի մոտ հայտնաբերվել են նռնականման պայթուցիչ, փամփուշտներ եւ գնդակներ: Դեպքից առաջ ընտանիքի անդամները երեխայի ձեռքում նկատել են մետաղական ինչ-որ առարկաներ եւ հետաքրքրվել, թե ինչ է, ինչին ի պատասխան՝ երեխան ասել է, որ պատրաստվում է նետել դրանք: Իսկ տանից դուրս գալուց րոպեներ անց պայթյունի ձայն է լսվել, եւ դուրս գալով՝ հայտնաբերել են երեխային՝ պայթուցիկի որոշ դետալները ձեռքին: «Խելոք երեխա էր, ապրում էր մոր ու տատի հետ: Տատն ու մայրը վատառողջ են, երկուսն էլ` անաշխատունակ: Տատիկը սրտի խնդիր ուներ, վիրահատել են: Գագիկը դպրոց էր հաճախում, իսկ դասերից հետո դաշտ էր գնում, գյուղացիների համար աշխատում ու ընտանիքը պահում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրին Վանաշենի գյուղապետարանից: Իսկ թե որտեղից կարող էր երեխայի մոտ պայթուցիկ նյութեր հայտնվել, ոչ ոք գյուղում պատկերացում չունի:

 

 

ՀԱՅ ՎԱՐՈՐԴԻ ԲՈՂՈՔԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2015 թվականի նոյեմբերի 3-ին Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի գործով Ուզլովսկի քաղաքային դատարանի վճռով 4,5 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի վարորդ Գառնիկ Հարությունյանի վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել: Տուլայի վերաքննիչ դատարանում դատական նիստը, մեր տեղեկություններով, նշանակվել է նոյեմբերի 28-ին: Մասնավորապես վարորդի պաշտպանը բողոքում ներառել է փաստը, որ Գ. Հարությունյանին հնարավորություն չի տրվել հայերեն տարբերակով տեղեկանալ գործի ընթացքին: Ի դեպ, մեղադրող կողմը եւս վերաքննիչ բողոք է ներկայացրել, ըստ որի` դեմ է պատժի կրման տեսակին, այն է՝ Հարությունյանը պատիժը պետք է կրի գաղութ-բնակավայրում:
Հիշեցնենք` վթարի ժամանակ ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ, որոնցից զոհվել է 9 մարդ, տուժել՝ 46-ը: Վարորդը կալանքի տակ է:

 

 

ՀԱՊԱՂՈՒՄ ԵՆ
Նոյեմբերի 26-ին սպասվելիք ՀՀԿ հանրագումարին հաշված օրեր են մնացել, բայց վարչապետ Կարեն Կարապետյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծես հապաղում են կուսակցությանը անդամագրվելու համար իրենց դիմումները ներկայացնել: Թեպետ նոյեմբերի 15-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստվում է այդ խնդրով դիմում գրել ՀՀԿ-ին: Սակայն ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դեռ իրենք դիմում չեն ստացել: Իսկ Կարեն Կարապետյանը ե՞րբ է անդամագրվելու ՀՀԿ-ի շարքերը, փորձեցինք ճշտել նրա խորհրդական Շուշան Սարդարյանից: Վերջինս, ի պատասխան մեր հարցման, տեղեկացրեց. «Կարեն Կարապետյանը իր որոշման մասին ինքը կհայտարարի»:

 

 
ԸՆԴՈՒՆԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է սույն թվականի ապրիյան պատերազմում հերոսաբար զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատներին: Սահակյանը նշել է, որ Ռոբերտ Աբաջյանի եւ մյուս հերոսների սխրանքը ոսկե տառերով է գրվել մեր պատմության մեջ՝ մարմնավորելով հայ ժողովրդի անպարտ ոգին, հայրենասիրությունն ու անձնվիրությունը:

 

 

ԾՆՈՒՆԴԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը երեկ երկօրյա այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի ծննդյան 70-րդ հոբելյանական տարեդարձի հանդիսություններին:

 

 

ՉՈՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ
Կիրակի երեկոյան Բեռլինում լրագրողների հետ հանդիպմանը Անգելա Մերկելը պաշտոնապես հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը Գերմանիայի կանցլերի պաշտոնում՝ չորրորդ անգամ: Բունդեսթագի առաջիկա ընտրությունները նա անվանել է «ամենադժվարը՝ Գերմանիայի միավորումից ի վեր»: Չորրորդ անգամ առաջադրվելու որոշումը, Մերկելի համոզմամբ, ճիշտ է, եւ ինքն ունի բավարար «հետաքրքրություն» եւ «ցանկություն»՝ երկրի հետ այդ ճանապարհն անցնելու համար: Գերմանական լրատվամիջոցները, վկայակոչելով Emnid ինստիտուտի սոցիոլոգիական վերջին հարցումների արդյունքները, հայտնում են՝ գերմանացիների մեծ մասը՝ 55 տոկոսը, կողմ է, որ Մերկելը մնա դաշնային կանցլերի պաշտոնում, 39 տոկոսն էլ դեմ է, որ նա չորրորդ անգամ գլխավորի գերմանական կառավարությունը:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Կրթության եւ գիտության նախարարությունն աջակցում է առողջապահության նախարարության նախաձեռնությամբ դպրոցներում սուր շնչառական հիվանդությունների աճով պայմանավորված ստուգումների անցկացումը: Ստուգումները նախատեսվում է իրականացնել հանրապետության բոլոր դպրոցներում:

 

 

ՄԱԴԱԳԱՍԿԱՐՈՒՄ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 22-ին կմեկնի Մադագասկար, որտեղ նա Անտանանարիվուում կմասնակցի նոյեմբերի 22-ից 25-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների նստաշրջանին։




Լրահոս