Եվրամիության ծրագրերից մեկով հայաստանյան ոչ առեւտրային մի կազմակերպության հատկացված դրամաշնորհը նպատակային չօգտագործելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումները շարունակվում են: Ինչպես հայտնի է՝ Եվրամիության դրամաշնորհները յուրացնելու գործով երկու անձի նկատմամբ հայտարարարվել է հետախուզում: Հետախուզվողներից մեկի մասով «Ժողովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:
Ստուգման արդյունքներն ու
հետեւանքները
Ինչպես հայտնի է՝ այս տարվա սկզբին Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունը ՀՀ քննչական կոմիտեին էր հանձնել Եվրոպական միության պատվիրակության աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, ըստ որի՝ ԵՄ ծրագրով հայաստանյան ոչ առեւտրային կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, եւ յուրացվել է խոշոր չափերի գումար: Ավելի ուշ՝ մարտի 23-ին, նախաքննություն իրականացնող մարմինը հայտնեց, որ քաղաքացիներ Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Գեւորգ Ղազարյանը, նախնական համաձայնության գալով, 2012 եւ 2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու եւ օգտագործելու միջոցով «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության անունից մշակել են «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» անվամբ կեղծ ծրագիր եւ դրա շրջանակներում գործողություններ կատարելու պատրվակով ստացել եւ հափշտակել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարներ:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2012 թվականի դեկտեմբերին Եվրամիությունը կոնկրետ ծրագիր իրականացնելու համար օգնել է ՀԿ-ին, եւ մոտ 65 միլիոն դրամ փոխանցվել է «Մարտունու ուսանողական խորհուրդ» ՀԿ-ի «Ինեկոբանկ» ՓԲ ընկերության բանկային հաշվեհամարին, որից հետո վերոնշյալ անձինք կանխիկացրել են 22.570.500 ՀՀ դրամ, ավելի ուշ մաս-մաս նաեւ մնացած գումարները:
Խուզարկություն Էջմիածնում
Ավելի ուշ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ յուրացման գործով իրավապահների մի խումբ Էջմիածին քաղաքի Կամոյի փողոցում խուզարկություն է իրականացրել: Այդ հասցեում են բնակվում «Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ժորա Գասպարյանը, «Նորագույն տեխնոլոգիաներ հանուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մնացական Գասպարյանը եւ «Ներդրումների պաշտպանության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Դիանա Գասպարյանը: Իսկ ովքե՞ր են նրանք: Իրավապահները բացահայտել են, որ Տիգրան Սուքիասյանը 2010-2013թթ. ընթացքում նշված մարդկանց անուններից ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հայտարարված դրամաշնորհի մրցույթներին մասնակցելու հայտեր է ներկայացրել, եւ տարօրինակ պայմաններում հորինված ծրագրերի համար ԵՄ-ից նրան խոշոր գումար են հատկացրել: Սակայն պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն կատարվել, գումարները յուրացվել են: Դեռ հուլիսին գրել էինք, որ ԵՄ-ից հափշտակվել էր մոտ 65 միլիոն դրամ (մոտ 120 հազար եվրո), սակայն դատելով ստեղծված իրավիճակից՝ այս գումարը դեռ կավելանա, քանի որ, ինչպես նկատում ենք, գործընթացին խառնվել են մի շարք հասարակական կազմակերպություններ:
Գործը հասավ
միջազգային ասպարեզ
Նոյեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար 8 անձի՝ Տիգրան Սուքիասյանին, Գեւորգ Ղազարյանին, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանին, Արմեն Բարեղամյանին, Անահիտ Ավագյանին, Սերգեյ Բալասանյանին, Դինա Մանուկյանին, Կարեն Ստեփանյանին առաջադրվել են մեղադրանքներ, եւս երկու անձի՝ Հրայր Գյոնջյանին եւ Գարիկ Չիլինգարյանին, որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, եւ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Իսկ ովքեր են հատախուզվող անձինք: «Ժողովուրդ»-ին այս օրերին նախաքննությունը իրականացնող մարմնի կողմից հետախուզվող անձանցից մեկի` Հրայր Գյոնջյանի մասով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես հետախուզման մեջ գտնվող անձը «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Գյոնջյանն է, որը դեռեւս 2010 թվականին լրատվամիջոցների տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել, թե ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակը համարում է բրոքերների շահերի պաշտպանությունը. «Մաքսային համակարգի եւ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ իրենց համագործակցության ընթացքում բրոքերական կազմակերպությունները հանդիպում էին բազմաթիվ խոչընդոտների, որոնց համակարգված լուծման հրամայականն էլ հանգեցրեց կազմակերպության ստեղծմանը: Ասոցիացիան հիմնադրելիս առաջնորդվել ենք եվրոպական փորձով, ինչը պայմանավորված էր ինչպես ԵՄ անդամ երկրների այդ ոլորտում ունեցած հաջողություններով, այնպես էլ այն հանգամանքով, որ Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման ճանապարհը: Մեր միջնաժամկետ նպատակներից է Ասոցիացիայի անդամակցումը «Մաքսային բրոքերների եվրոպական ասոցիացիային» (COFIAD), «Մաքսային բրոքերների եվրոպական միությանը» եւ «Մաքսային բրոքերների միջազգային ասոցիացիային»:
Եվ, ահա, մեզ հասած տեղեկություններով՝ Հրայր Գյոնջյանի գործունեությունը հիմնականում միջազգային ասպարեզում է, եւ դա է պատճառը, որ իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՍԿԱԾՅԱԼԸ ՈՍՏԻԿԱ՞Ն
Նոյեմբերի 20-ին հերթական սպանությունն է տեղի ունեցել մայրաքաղաք Երեւանում: Հրազենային վիրավորումից մահացել է 52-ամյա Սամվել Արշակյանը: «Ժողովուրդ»-ին կատարվածի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով՝ մահացել է: Համաձայն բժշկական տեղեկանքի՝ հրազենային վնասվածքները տեղակայված են եղել կրծքավանդակի հետին անութային գծով ձախից, որովայնի ձախ կեսի փուշելունից 4 սմ վերեւ եւ ձախ ազդրի վերին երրորդի մակարդակով՝ միջանցիկ վիրավորում: Ս. Արշակյանը սպանվել է արտասահմանյան մակնիշի հրազենից: Հարուցվել է քրգործ՝ սպանության եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու հատկանիշներով: Պաշտոնապես չի հաղորդվում՝ կա՞ կասկածյալ կամ հետախուզվող անձ, նշվում է միայն, որ իրականցվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ արդեն իսկ կա կասկածյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ սպանությունը կատարելու մեջ կասկածվում է Լուկաշին փողոցի 24-ամյա բնակիչ Աշոտը: Սույն երիտասարդը բնակվել է սպանվածի հարեւանությամբ: Ու պարզվում է, որ կատարվածը խոր արմատներ ունի: Լուկաշին փողոցի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ կասկածյալի եւ սպանվածի միջեւ տարիներ առաջ տարաձայնություններ են եղել, որոնք կապված էին Ս. Արշակյանի որդիների հետ: Ասել է, թե տաքարյուն երիտասարդները տարիներ շարունակ չլուծված խնդիրներ են ունեցել, որը ողբերգությամբ է ավարտվել: Օդում կախված տեղեկությունների համաձայն՝ գնդակն իրականում «ուղղված է եղել» սպանված տղամարդու որդիներին, որոնք, ըստ շրջանառվող գնահատականների, հայտնի են իրենց կռվարար համբավով: Ըստ երեւույթին, հայրը տուժել է որդիների պատճառով: Այս վարկածը դեռեւս պաշտոնապես ճշտել չհաջողվեց, սակայն համառ լուրերն այն մասին, որ դժբախտության պատճառը եղել է չպարզված հին կռիվը, հիմնական վարկածներից մեկն է:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ կասկածյալը ապահովված ընտանիքի զավակ է: Շրջապատում հայտնի է իր հղփացած պահվածքով: Տեղեկություններ կան, որ երիտասարդը եղել է ոստիկանության ակադեմիայի սաներից:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը երեկ հրավիրվել է զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։ «Դիմել էի վարչապետին, թե ո՞րն է կոռուպցիան, երբ մայր ու աղջիկ աշխատում են նույն դպրոցում, թե՞ Մովսես Հակոբյանի կողմից՝ որպես նախկին նյութատեխնիկական դեպարտամենտի պետ, որ իր եւ իր մերձավորների ձեռնարկությունների հետ կնքել է պայմանագրեր շուկայականից բարձր գներով: Հիմնականում եղել է հայտարարագրումը դրա շուրջ եւ բացատրությունները այդ թեմայի շուրջ: Հայտնի է, որ մրցույթին մասնակցել են մի շարք ձեռնարկություններ, սակայն շահել են մի շարք գեներալների ու բարձրաստիճան սպաների պատկանող ընկերություններ: Միգուցե զուտ պատահմամբ, բայց այդքան պատահականություն չի լինում, եւ պաշտպանության նախարարությունը կրել է 100-200 միլիոն դրամի վնաս», – հարցաքննությունից հետո «Ազատությանն» ասել է Բադասյանը:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՎ
Երեւան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի դեմ խոշոր չափերի կաշառք անձամբ ստանալու համար հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն արդեն ուղարկվել է դատարան: «Կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից միջնորդի միջոցով խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ անձամբ ստանալու, իսկ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանի կողմից կաշառք ստանալու միջնորդություն կատարելու մեղադրանքներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, եւ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
ՊԱՅՔԱՐԻ ԿՈՉ
«Սասնա ծռեր» խմբի անդամները եւ Ժիրայր Սէֆիլյանը հանդես են եկել կոչով, որում ասված է.«Մենք՝ բանտում եւ ընդհատակում գտնվող քաղբանտարկյալներս եւ քաղհալածյալներս, հայտարարում ենք, որ շարունակում ենք ազատագրական պայքարը անսասան վճռականությամբ: Մենք գիտակցում ենք, որ ժողովրդի վստահությունը վայելող ու նրա կամքն արտահայտող ներկայիս ազգային դիմադրության ու վաղվա իշխանության կորիզն ենք, ինչը արդեն չեն կարող հաշվի չառնել նաեւ գործող վարչախումբը եւ արտաքին ուժերը: Ուստի մեր պատրաստակամությունն ենք հայտնում «Սասնա ծռեր» ճանապարհային քարտեզին համապատասխան առաջնորդելու համաժողովրդական ընդվզումը եւ կազմակերպելու համազգային ինքնորոշմամբ ՀՀ պաշտոնական եւ Արցախի սահմանադրական միացյալ տարածքի վրա Նոր Հանրապետություն հիմնադրելու գործը: Մեր ժողովրդին կոչ ենք անում տոգորվել պայքարի կամքով եւ հաղթանակի հավատով, ուշադրություն չդարձնել Սերժ Սարգսյանի դավաճանությունը շարունակելու համար Մոսկվայից նշանակված նորաթուխ վարչապետի կեղծ խոստումներին եւ պատրաստվել ոտքի կանգնելուն»: