ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿԱՐԾԵՍ ՀԱՐԹ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար»,- երբ Սերժ Սարգսյանի նշյալ հրամանագրով հոկտեմբերի 3-ին Վիգեն Սարգսյանը նշանակվեց պաշտպանության նախարար, տարատեսակ կարծիքներ էին հնչում, թե նա չի կարող ղեկավարել բանակը, քանի որ անգամ չի ծառայել բանակում եւ չի անցել պատերազմական թոհուբոհով:

Նա երիտասարդ է, եւ ինչպես Սերժ Սարգսյանն էր հիմնավորել նրա նշանակումը, լավ կազմակերպիչ է: Եւ իսկապես, Վիգեն Սարգսյանը շատ անգամներ է գործով ապացուցել դա, բայց լավ կազմակերպիչ լինելը դեռեւս չի ենթադրում լավ ղեկավար այն էլ պաշտպանության նախարարության նման գերատեսչությունում:
Իհարկե, Վիգեն Սարգսյանը զինվորական կյանքին չի առնչվելու, քանի որ նոր Սահմանադրությամբ՝ նախարարը քաղաքական պաշտոն է՝ քաղաքացիական հագուստով, իսկ երկրի թիվ մեկ զինվորականը գլխավոր շտաբի պետն է՝ Մովսես Հակոբյանը: Բայց, ամեն դեպքում, ՊՆ-ում փոփոխությունները հեշտ չեն ընդունվում: Պաշտպանական գերատեսչությունը սպեցիֆիկ մարմին է, եւ ներսում անհրաժեշտ է ունենալ առանձնահատուկ համերաշխություն: Ինչո՞ւ, որովհետեւ եթե տանը հանգստություն չկա, դրսի ճակատում կռիվ տալը բարդանում է: Սակայն հաճախ տան ներսում էլ են «ճակատներ բացվում»:
Երբ 2008 թ. ապրիլի 14-ին կրկին Սեյրան Օհանյանը ազատվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից եւ նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, դարձյալ հանդիպեց դժվարությունների: Բայց Օհանյանի պարագայում զինվորական հատվածը, ազատամարտիկները մեծամասամբ, ընդունում էին նրան, վերջ ի վերջո, պատերազմ տեսած գեներալ էր:
Վիգեն Սարգսյանի պարագայում դժվարություններն ավելի շատ ու կարծես «անհաղթահարելի» են: Նրան պաշտպանության նախարարությունում դժվար են ընդունում, ընկալում են որպես Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը Վիգեն Սարգսյանին ՊՆ-ում ներկայացնելիս ընդգծեց. «Համոզված եմ, որ Վիգեն Սարգսյանը գիտակցում է պատասխանատվության աստիճանը, եւ վստահ եմ, որ նա ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այս վստահությունը արդարացնի եւ պատասխանատվությունը կրի պատվով»: Ու որպեսզի այդ վստահությունն արդարացնի, Վիգեն Սարգսյանը պետք է իր տիրապետությունը հաստատի պաշտպանության նախարարությունում: Իսկ ի՞նչ է պետք դրա համար` կադրային փոփոխություններ: Սակայն նման որոշում կայացնելը բավականին բարդ գործընթաց է, քանի որ պաշտպանության նախարարությունում պատահական հաստիքներ ու մարդիկ չկան, բոլորը տարբեր թելերով հասնում են մինչեւ Սերժ Սարգսյան: Այս դեպքում Վիգեն Սարգսյանը լրջագույն հիմնավորումներ պետք է ներկայացնի յուրաքանչյուր փոփոխությունից առաջ: Հենց դրա համար թվացյալ հեշտ անցումները Վիգեն Սարգսյանը դժվար է իրականացնում:
Թվում էր, որ ունենալով իշխանական լրատվական դաշտի ամբողջական աջակցությունը՝ 1000 դրամի պատմությունը, դյուրին անցում կունենա, բայց նույնիսկ դա չեղավ, քանի որ Վիգեն Սարգսյանի դեմ, ինչպես ցույց են տալիս զարգացումները, եւ՛ իշխանության ներսից են աշխատում, եւ՛ հասարակական սեկտորից: Նույնիսկ այն լրատվական ծառայությունները, որոնց աջակցությունը նա ուներ նախագահականում եղած «երանելի» ժամանակներում, հիմա կարծես թե այդքան էլ ձեռք չեն մեկնում: Մեծապես տեղ են հատկացնում այդ «1000 դրամի մասին նախագծի» դեմ արտահայտվողներին: Եւ հիմա էլ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մակարդակով վարկած է շրջանառվում, որ իշխանությունը փոշմանել է «1000 դրամների» նախագծին օրենքի ուժ տալու հարցում: Այսինքն՝ Վիգեն Սարգսյանի նախագիծը իշխանության մեջ անգամ չընդունվեց:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրենսդրական նախագծով 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուրի աշխատավարձից 1000 դրամ պահումներ են արվելու՝ մարտական գործողությունների ժամանակ մահացած զինվորների ընտանիքներին ու զինհաշմանդամներին օգնելու նպատակով: Հիմա կանխատեսումներ կան, որ պարտադիր սկզբունքը հնարավոր է դառնա կամավոր: Այս առնչությամբ ArmLur.am-ի հարցին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ միանշանակ պատասխան տվեց. «Ցանկացած որոշման մասին հանրությունը կիմանա պաշտոնապես»:
Այս կոնտեքստում պատահական չէ նաեւ Վահան Բադասյանի «գրոհները» ՊՆ-ի զինվորական թեւի ուղղությամբ: Նա էլ Մովսես Հակոբյանին է կոռուպցիայի մեջ մեղադրում: Այնպիսի տպավորություն է, որ լրատվական դաշտում իր «տիրապետությունը» սահմանած Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի թիմակիցները նույնպես ձգտում են, որ Վիգեն Սարգսյանը ձախողի իր առջեւ դրված խնդիրների իրականացման գործընթացը:
Արդյո՞ք Վիգեն Սարգսյանը սպասում էր նման «ընդունելության», այս պահին բարդ է հասկանալը, քանի որ նախագահականում նրա «ցանկություններն» առանց խոչընդոտների իրականանում էին, իսկ հիմա՞…: Այնուամենայնիվ, ինչպես ասում են` թշնամին ներսից է լինում:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԴԻՄԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ օրեր առաջ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանքի տակ գտնվող անձանց հարազատները դիմել են հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին եւ խնդրել նրա աջակցությունը իրենց հարազատների նկատմամբ իրավապահների կողմից կալանքի տակ պահելու եւ պատիժների խստացման մասով:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կալանավորվածների հարազատները խնդրել են Վազգեն Մանուկյանին միջնորդություն ներկայացնել իրավապահներին իրենց հարազատներին կա՛մ ազատ արձակեն, կա՛մ գոնե նրանց նկատմամբ մեղմ պատիժ կիրառեն: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վազգեն Մանուկյանը Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորվածների հարազատների նամակի հիման վրա իրավապահ մի շարք կառույցների միջնորդություն է ներկայացրել: Հետաքրքիր է՝ ինչ արձագանք կլինի:

 

 

ՀՀԿ-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից տեղեկացավ, որ նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ-ի համագումարին մասնակցելու համար արտասահմանից հրավիրված են ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը:
Իսկ հայաստանյան կուսակցություններից հրավիրված են ՀՀԿ-ի «գործընկերները»: Թադեւոսյանը մեզ հետ զրույցում թվարկեց կուսակցությունների անունները, որոնց մեջ, բացի ՀՅԴ-ից, մնացածը մարդ-կուսակցություններ են:
«Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն, նախագահ` Վազգեն Մանուկյան,
«Ազգային միաբանություն» կուսակցություն, նախագահ` Արտաշես Գեղամյան,
«Հզոր Հայրենիք» կուսակցություն, նախագահ` Շիրակ Թորոսյան,
«Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն, նախագահ` Խոսրով Հարությունյան,
«Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցություն, նախագահ` Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյան,
«Հայաստանի ռամկավար-ազատական» կուսակցություն, նախագահ` Հակոբ Ավետիքյան,
«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն, նախագահ` Հայկ Բաբուխանյան,
«Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցություն, նախագահ` Սեյրան Ավագյան,
«Մայր Հայրենիք» կուսակցություն, նախագահ` Կարինե Թումանյանը,
«Միացյալ ազատական ազգային» կուսակցություն, պատասխանատու` Գերասիմ Բարսեղյան,
«Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցություն, նախագահ` Նարեկ Գալստյան,
«Ռեֆորմիստներ» կուսակցություն, նախագահ` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայան:

 

 
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՅՏԱՌԱԿՎԵՑ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց նոյեմբերի 2-ից նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում իրենց կատարած հարցումների արդյունքները, որոնց մասնակցել են ՀՀ 1104 քաղաքացիներ։ Հարցումների համաձայն՝ հարցվածների 91%-ը տեղյակ է 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Երեւանում ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու մասին։ Նա նշեց, որ հետազոտության ընթացքում կիրառվել է բազմաստիճան, քվոտային ընտրանք: Ընտրանքի առաջնային միավորները` բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից՝ համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում եւ Երեւանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երեւանում՝ 33%, մարզերում՝ 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով: Ա. Նավասարդյանը նշեց, որ իրենք քաղաքացիներին հարց են ուղղել, թե ի՞նչ եք կարծում, ո՞րն էր «Սասնա ծռերի» գործողությունների հիմնական դրդապատճառը, որին հարցվածների 46 տոկոսը պատասխանել է՝ երկրում անարդարության մթնոլորտի առկայությունը։

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Միջազգային օլիմպիական կոմիտեն հետ է պահանջել ծանրորդ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանի մեդալը: Նա որակազրկվել է: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտնեց, որ պաշտոնական որեւէ բան չեն ստացել. «Նախ եւ առաջ պետք է որակազրկվի Հռիփսիմե Խուրշուդյանը, հասկանանք՝ ինչքանով է որակազրկվել: Այս պահին այդ գործընթացի մեջ ենք, եւ դրա մասին որեւէ եզրակացություն այս պահին անել իմաստ չունի»: Նախարարը, սակայն, նշեց, որ ուշադիր հետեւում է այդ աշխատանքին:

 

 

ՆԻՍՏ
Դեկտեմբերի 3-ին սպասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը: Armtimes.com-ին ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտնել է. «Լինելու են քաղաքական խորհրդի անդամները եւ պատվիրակության ներկայացուցչական կազմը. այն իր բնույթով քաղաքական խորհրդի կազմ է, բայց ավելի ընդլայնված»: Հարցին՝ սպասվո՞ւմ են ԲՀԿ քաղաքական խորհրդի կազմում փոփոխություններ, Էնֆիաջյանը, ըստ էության, չի հերքել: Իսկ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցության մասին ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել մեծ քաղաքականություն իր հնարավոր վերադարձը՝ ասելով, որ «ծալած էջը հնարավոր է բացել»:

 

 

ՄԱՅՐԱՔԱՂԱՔ՝ ՆԱԽԱԳԱՀ
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորը առաջարկել է մայրաքաղաք Աստանան վերանվանել երկրի 76-ամյա նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի անունով: Նազարբաեւը՝ Խորհրդային Ղազախստանի վերջին առաջնորդը, շարունակեց ղեկավարել երկիրը նաեւ անկախացումից՝ 1991 թվականից հետո ու մինչ այժմ Ղազախստանի չփոխված նախագահն է:




Լրահոս