ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԸ ԷԼԻ ԿՓՈԽՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգի արդիականացմանը, նշել էր, որ քաղաքապետարանը խորհրդակցությունների փուլում է, սակայն լուծումներն արդեն տեսանելի են. «Մեր նպատակն է նաեւ, որ Երեւանում ունենանք միասնական տոմս՝ ավտոբուս, մետրո, էլեկտրոտրանսպորտ եւ լինի մեկ օպերատոր։ Այսօր մենք ունենք 65 օպերատոր, մեր ժողովրդի ասած՝ 65 գծատեր: Իսկ մեր ցանկությունն է, խորհրդատուի առաջարկն է, որ լինի մեկ օպերատոր, եւ այդ օպերատորի մեջ Երեւան համայնքն ունենա իր բաժնեմասը»,-ասել էր քաղաքապետը։

«Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հետ: Եւ պարզեցինք, որ աշխատանքները սկսվելու են նոր երթուղային ցանցի մշակումից: Այն կլինի եվրոպական չափորոշիչներին համապատասխան, պետք է մշակվի խորհրդատուի կողմից ներկայացված բոլոր հաշվարկների հիման վրա: Հաշվարկների հիմքում դրվելու է առկա ուղեւորահոսքը, դրա պիկ ժամերին սպասարկման հնարավորությունները: Այս փուլը ավարտելուց հետո քաղաքապետարանը արդյունքները կներկայացնի հանրային քննարկման, որպեսզի բնակիչը հասկանա, թե ինչ ակնկալել այդ ծրագրից: Հնարավոր է` բացառել նաեւ կրկնվող գծերի առկայությունը: Սա ենթադրում է, որ դրանց բացակայության դեպքում քաղաքի մի կետից մեկ այլ կետ երթեւեկելու համար անհրաժեշտ է լինելու նաեւ տրանսպորտային միջոց փոխել:
Տեխնիկական առումով ստեղծելու են հնարավորություններ նաեւ սակագնային մասով, որպեսզի բնակիչը տրանսպորտային միջոցը փոխելուց մի քանի անգամ չվճարի դրա համար, իսկ երթեւեկության պլանավորման տեսանկյունից, Նիկոյանի ներկայացմամբ, բոլոր մեքենաներում պետք է անպայման ունենալ «ՋԻ ՓԻ ԷՍ» համակարգեր, էլեկտրոնային չվացուցակներ, նաեւ ծրագրային համակարգ, որը հնարավորություն կտա համապատասխան սմարթֆոններով եւ այլ համակարգերով տեսնել, թե յուրաքանչյուր ավտոբուս տվյալ կանգառ երբ է հասնելու. «Այսինքն՝ հարմարավետությունը կստեղծենք, այլ խնդիր է, թե մեր բնակչությունը ինչքանով համամիտ կլինի, որ նոր պայմաններով, նոր չափորոշիչներով երթեւեկելու համար տրանսպորտային միջոց փոխի, համատեղի, այսինքն՝ ավտոբուսը մետրոպոլիտենի հետ եւ այլն, եւ այլն»,-ասաց Նիկոյանը:
Հիմա հասարակությանն ամենաշատը հետաքրքրող հարցի մասին. արդյո՞ք սակագնային փոփոխություններ լինելու են: Նիկոյանի համոզմամբ` սակագնի կառուցվածքը անպայման կփոխվի, որովհետեւ եթե խոսքը միասնական տոմսային համակարգի մասին է, ապա մեկ երթեւեկության համար մեկ տոմս, այն, ինչ այսօր, ըստ էության, ունենք, դա չի կարող աշխատել. «Հենց առաջինը նրա համար, որ տրանսպորտային միջոց փոխելու դեպքում արդեն ենթադրելու է կրկնակի վճարում: Կառուցվածքը կփոխվի: Ինչ կառուցվածք կներդրվի, ես կարծում եմ՝ դեռ վաղ է խոսել, բայց միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա համար շատ տարբերակներ կան: Սկսած կիլոմետրից, վերջացրած օր, տարի, ամիս: Բոլոր հնարավոր տարբերակները, կարծում եմ, կուսումնասիրի խորհրդատուն, եւ նա պարտավոր է առաջարկել Երեւան քաղաքի համար ամենակիրառելի տարբերակը: Ինչ վերաբերում է սակագնին: Եթե կառուցվածը փոխվում է, ապա սակագնի զուտ գումարային մեծությունը արդեն կախված կլինի երթեւեկությունից: Դա չի նշանակում, որ բոլորի համար դա կթանկանա կամ կմնա նույնը կամ կնվազի: Ի վերջո, չեմ բացառում, որ ինչ-որ մի քանակի համար լինի թանկացում»: Ճիշտ է` Նիկոյանը նշում է, որ այդ դեպքում սակագնային քաղաքականությունը տարբեր խմբերի համար հնարավոր է՝ տարբեր սահմանվի, այսինքն՝ սոցիալապես անապահովների համար արտոնություններ լինեն, բայց պարզ տրամաբանությամբ անգամ կարելի է նկատել, որ երթուղային միջոցներից չեն օգտվում «բարձր դասի» անձինք, երթեւեկության այդպիսի միջոցները «շարքային» քաղաքացիների համար են:
Իսկ ո՞վ կամ ովքե՞ր են քաղաքապետարանին խորհուրդներով «ձեռք մեկնելու»: Փոխքաղաքապետից տեղեկացանք, որ բրիտանական «ՎԻ ԱՅ ՋԻ» կազմակերպությունն է խորհրդատուն, որը պայմանագրի կնքումից հետո նոր կսկսի իր աշխատանքները. «Մեր մոտեցումները դրել ենք խորհրդատուի առջեւ` որպես պայմանագրի պահանջ: Խորհրդատուն իր աշխատանքներով կներկայացնի ե՛ւ միջազգային, ե՛ւ Երեւան քաղաքի համար կիրառելի տարբերակը»,-տեղեկացրեց քաղաքապետի տեղակալը: Խորհրդատվական ծառայությունների համար գումարների խնդիրը եւս լուծված է, ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից: Փոխքաղաքապետի տեղեկացմամբ՝ ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 850 հազար ԱՄՆ դոլար, քանի որ պայմանագիրը կնքված չէ, մրցութային գինը Նիկոյանը չհրապարակեց, միայն նշեց, որ դրանից ցածր կլինի:
Թե այս գերթանկարժեք խորհուրդները որքանով կենսունակ կլինեն, ցույց կտա ժամանակը: Քիչ չեն դեպքերը, երբ նման «յուղոտ» խորհրդակցություններից հետո ծրագրերը այդպես էլ մնացել են թղթի վրա: Համենայնդեպս, փոխքաղաքապետն ասաց. «Շատ առարկայական աշխատանք պետք է իրականացվի, ու մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչ ենք ուզում: Ինչքանով է դա ավելորդ աշխատանք: Ես կարծում եմ, որ Երեւանի քաղաքացին պետք է ունենա այլընտրանք այն տրանսպորտային համակարգին, որ այսօր գործում է»:
Տեղեկացնենք, որ ամբողջ ծրագիրն իրականացնելու համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է 80-100 մլն ԱՄՆ դոլար: Իսկ ո՞վ պետք է տա այս գումարները: Վահե Նիկոյանի հավաստիացմամբ՝ արդեն սկսվել են բանակցությունները ֆինանսական կազմակերպությունների հետ: Իսկ ինչպե՞ս է մարվելու այդ գումարը: Կանխատեսվում է, որ Երեւան համայնքը ինքնուրույն ստանձնի այդ վարկային պարտավորությունները: Իսկ վարկի մարումը ակնկալվում է իրականացնել սակագնից, ամբողջությամբ թե՞ մասնակի, դա արդեն քննարկման արդյունքում պարզ կլինի. «Մենք, այնուհանդերձ, ակնկալում ենք, որ Երեւան համայնքին կտրվեն ֆինանսական միջոցներ սուվերեն վարկերին մոտ պայմաններով, իսկ դրանք բավականին մատչելի են, եւ, օրինակ, ինչու եմ ես դա միշտ նշում, որովհետեւ ցանկացած մասնավոր այսօր չունի այդ հնարավորությունը նման վարկեր ձեռք բերելու, դա ինքնին արդեն էժանացնում է ծրագիրը»:
Այսքան գումարներ ներդնելուց եւ երկար ու թանկ խորհրդակցություններից հետո արդյո՞ք արժանապատիվ երթեւեկության այս ծրագիրը կդառնա իրականություն, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ԿԵՆՏՐՈՆԻ ՀՐԴԵՀԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ՝ 3 ՄԼՆ ԴՈԼԱՐ

ՀՀ կառավարությունը պետական գույքի կառավարման վարչությանը առաջիկայում բաժնեմասեր ձեռք բերելու համար 3 մլն 356 հազար դոլարի չափով գումար կհատկացնի: Վարչությունը մտադիր է ձեռք բերել Երեւանի Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը, ինչպես նաեւ՝ փոխհատուցել ստացած վնասները:

Այսինքն՝ Երեւանի Վ. Սարգսյան փողոցի 3/3 հասցեում գտնվող շենքի ձեռքբերման միջոցառումների ծրագրի համաձայն՝ վարչությունը նախատեսում է պետական միջոցներով գնել այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը: Ըստ նախագծի՝ առաջարկվում է «Եվրոպական բժշկական կենտրոն», «Լեւոն-1», «Անժելա-91», «Արեւիկ հուշանվեր» եւ «Պողոսյան Սրահ» ընկերությունների 100 տոկոս բաժնեմասերը ձեռք բերել: Ի դեպ, բաժնեմասերի ձեռքբերումից հետո էլ ընկերությունները պետք է լուծարվեն:
Նշենք, որ անցած տարեվերջին Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղի էր ունեցել նորակառույց կառավարական վարչական համալիրի բացումը, որի շինարարության մեկնարկը տրվել էր 2013 թվականի ապրիլին: Այժմ Վազգեն Սարգսյան 3 հասցեում տեղակայված են արտաքին գործերի եւ արդարադատության նախարարությունները:
Համալիրի՝ կառուցապատված եւ բարեկարգված տարածքն ընդգրկում է նախկին «Սեւան» հյուրանոցի սահմանագծից մինչեւ ՀՀ գլխավոր դատախազության շենք եւ Վ. Սարգսյան փողոցից մինչեւ Զաքյան փողոցի հատվածը: Նոր համալիրը կառուցվել է արդարադատության նախարարության նախկին այրված շենքի եւ շուրջ 25 տարի չգործող, վերականգնման ոչ ենթակա կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Մի քանի օր առաջ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղում շուքով բացվեց հանդիսությունների սրահ: Գյուղի կենտրոնում գտնվող նախկին ճաշարանի շենքը հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմի տարիներին ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծվել էր, վնասվել: Շենքը Ռուսաստանում բնակվող ոսկեպարցիների կողմից գնվեց, նորոգվեց, ձեռք բերվեցին նոր սեղաններ, աթոռներ, սպասք, եւ այլն:
Ոսկեպարցիներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ 350 տեղանոց սրահը կծառայի սահմանամերձ գյուղի ուրախության եւ տխրության արարողությունների համար: Ցավոք, վերջին շրջանում Ոսկեպարում ուրախության առիթներից ավելի շատ են մահվան դեպքերը: Վերջերս Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում կյանքից հեռանում են ոչ միայն տարեցներ,այլ նաեւ միջին տարիքի մարդիկ, նույնիսկ՝ երիտասարդներ: Պատճառը մշտապես գոյություն ունեցող պատերազմական վիճակից գոյացած սթրեսներն են եւ այլ հիվանդություններ, որոնք խորանում են բժշկական ապահովագրության բացակայության հետեւանքով: Սահմանամերձ գյուղերի բնակիչները սովորություն եւ, ամենակարեւորը, գումար չունեն իրենց առողջությունը պարբերաբար ստուգելու համար: Հիվանդանոց են գնում այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասնում», եւ հիվանդությունը շատ խորացած է լինում:
Իհարկե, սահմանամերձ շրջաններում ժամանակ առ ժամանակ անցկացվող առողջապահական բարեգործական տարբեր ակցիաներ իրականացվում են, բայց հիմնահարցը չի լուծվում:

 

 

ՊԱՐՏՔ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետարանից տեղեկացավ, որ այս տարի Տավուշի մարզում կատարվել է շուրջ 2500 հեկտար աշնանացան: Այս ցուցանիշը զգալիորեն պակաս է նախորդ տարվա աշնանացանի տվյալից: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը մեզ հայտնեց, որ մարզի գյուղերում աշնանացանի համար վարած հողեր կան, մի քանի օր արեւային եղանակի դեպքում այդ վարելահողերում ցորենի ցանք կկատարվի, աշնանացանի հեկտարների թիվը կավելանա:
Տավուշի մարզխորհրդի նիստերում պարբերաբար քննարկվում է պետության կողմից համայնքներին հատկացված աշնանացան ցորենի սերմացուի գումարների պարտքերի մարման խնդիրը: Վ. Սուքոյանի խոսքով՝ համայնքապետարանները պարտքեր ունեն 2012 թվականին եւ հետագա տարիներին տրամադրված սերմացուի համար: Նա սերմացուի դիմաց համայնքների ունեցած պարտքերի ընդհանուր գումարի թիվ չնշեց՝ ասելով, որ համայնքապետարանները, ըստ հնարավորի, պարտքերը մարում են: Հավելեց, որ այդ թիվն իրենց վարչության կողմից ճշտվում է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս