ՀՀ վերահսկիչ պալատը այս տարվա մարտի 30-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը ուսումնասիրություններ է իրականացրել սփյուռքի նախարարությունում: ՎՊ-ն ստուգել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ ստուգման իրականացման ժամկետի ավարտը պետական բյուջեի ծրագրերով հատկացված միջոցների օգտագործումը:
Այսպես՝ ուսումնական գրականությունը պահեստավորելու համար սփյուռքի նախարարության եւ «Զանգակ-97» ՍՊԸ միջեւ 1.5 մլն դրամ արժեքով տարածքի ենթավարձակալության պայմանագիր է կնքվել: Սակայն այն կնքվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 17-րդ եւ 20-րդ հոդվածների պահանջների խախտումով. վարձատուն ընտրվել է առանց մրցույթ անցկացնելու՝ բանակցային ընթացակարգով, առանց հայտարարություն հրապարակելու գնման ձեւով:
Բացի այս՝ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության հիմնարար եւ կարեւորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտություններ» ծրագրով նախարարությանը պետական բյուջեից յուրաքանչյուր տարի հատկացվել է 14.4 մլն դրամ: Անցած տարի նախարարությունը կնքել է պայմանագրեր՝ 12 գիտական հետազոտություն կատարելու համար, յուրաքանչյուրը` 1.2 մլն դրամ արժեքով: Բայց նախարարության կողմից պատվիրվող հետազոտությունների գնահատման չափորոշիչները որոշելու համար ընթացակարգ մշակված չի եղել: Ինչի արդյունքում տարբեր բարդության եւ ծավալի հետազոտությունների համար պայմանագրերով սահմանվել եւ վճարվել է միեւնույն չափի գումար:
«Ժողովուրդ»-ը ՎՊ-ի կողմից բացահայտված փաստաթղթերից տեղեկացավ նաեւ, որ սփյուռքի նախարարությունը «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Հայերն այսoր» էլեկտրոնային օրաթերթի եւ էլեկտրոնային գրադարանի պահպանման ծախսերի համար յուրաքանչյուր տարի հատկացրել է 30 մլն 36 հազար դրամ: Բայց ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի կողմից 2015 թվականին տարածքի վարձակալության եւ տեխսպասարկման համար վճարվել է 1 մլն 805 հազար 800 դրամ: Նախարարության եւ ՊՈԱԿ-ի միջեւ այս տարի նույնպես պայմանագիր է կնքվել՝ 1 մլն 805 հազար 800 դրամի չափով: Մինչդեռ 2016 թվականից էլեկտրոնային օրաթերթի եւ գրադարանի աշխատողները տեղակայվել են նախարարության մասնաշենքի տարածքում եւ նշված ծախսի անհրաժեշտությունը վերացել է: Ըստ ՎՊ-ի՝ 1 մլն 805 հազար 800 դրամը դեռ պետբյուջե չի վերադարձվել:
Նաեւ «Հայկական սփյուռք» տարեգրքի հրատարակում» ծրագրով 2015 եւ 2016 թվականներին նախարարությանը յուրաքանչյուր տարի հատկացվել է 8.2 մլն դրամ: Նախարարության կողմից անցկացված մրցույթին մասնակցել է երկու կազմակերպություն, հաղթող է ճանաչվել «Աստղիկ Գրատուն» ՍՊԸ-ն, որի գնային առաջարկը կազմել է 7 մլն 761 հազար 600 դրամ: Եւ անցած տարի սեպտեմբերի 20-ին «Աստղիկ Գրատուն» ՍՊԸ հետ կնքվել է պայմանագիր՝ 2100 հատ տարեգիրք հրատարակելու համար:
Բայց պարզվել է, որ 2015 թվականին նախարարությունը հրատարակված 2100 հատ «Հայկական սփյուռք 2014» տարեգրքերից բաշխել է 1025 հատ, իսկ պահեստում մնացորդը կազմել է 1075 հատ` մոտ 4 մլն դրամ արժեքով: Այսինքն՝ 4 մլն դրամ սփյուռքի նախարարությունը չի տնտեսել:
Իսկ 2014 թվականին հրատարակված «Հայկական սփյուռք 2013» տարեգրքերի մնացորդը պահեստում կազմել է 630 հատ: Այսինքն՝ յուրաքանչյուր տարի առաջանում է տարեգրքերի չբաշխված մեծ քանակի եւ արժեքի մնացորդ: Ինչը, ըստ ՎՊ-ի, անհրաժեշտ է կրճատել հրատարակվող տարեգրքի խմբաքանակը: Ստացվում է, որ նախարարութունը պետական բյուջեից հատկացված միջոցները արդյունավետ չի օգտագործում: Մինչդեռ 2014 թվականի օրինակը նախարարությունը կարող էր «Հայկական սփյուռք» տարեգրքի տպագրվող խմբաքանակը կրճատել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ