ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Թբիլիսիում

Վրաստանում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նախընտրական պաստառները շարունակում են կախված մնալ: Ասել է թե՝ հետընտրական Թբիլիսիում նախընտրական տրամադրություններ են:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ անձն ի՞նչ աշխատաժամանակով իրավունք ունի աշխատել:

Անետա Միրզոյան (32 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ աշխատանքի նորմալ տեւողությունը շաբաթական 40 ժամ է (օրական առավելագույնը՝ 8 ժամ): Արտաժամյա աշխատաժամանակը չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը եւ օրական 12 ժամը: Աշխատելը գիշերային ժամերին (22:00-ից մինչեւ 6:00) արգելվում է մինչեւ 18 տարեկան անձանց, եւ առկա են որոշակի արտոնություններ հղի կանանց եւ մինչեւ 3 տարեկան երեխա խնամող մայրերի համար:
Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում: Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2015թ. առաջին եռամսյակում ՀՀ-ում գործազրկության մակարդակը կազմել է 19,1 տոկոս, ՌԴ-ում այն կազմել է 5,9 տոկոս, ԵՄ-ում՝ 9,8 տոկոս, ԱՄՆ-ում՝ 5,5 տոկոս: Ի դեպ, ՀՀ-ում ազգային վիճակագրական ծառայության տեղեկատվության համաձայն՝ 2015թ. առաջին եռամսյակում գործազուրկների թիվը 259,5 հազար է (2014թ.-ի նույն շրջանի համեմատ՝ 2,2 տոկոս աճ):

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով է կատարվում ուսանողի բուհից բուհ տեղափոխումը: Կցանկանայի իմանալ՝ կա՞ն դեպքեր, երբ չի թույլատրվում կատարել ուսանողի տեղափոխություն բուհից բուհ: Եթե այո, ապա ո՞ր դեպքում:

Էմմա Գալստյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ուսանողի՝ բուհից բուհ տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել նույն մասնագիտությամբ, մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է ընդունող բուհի ռեկտորին հասցեագրված՝ ուսանողի անձնական դիմումի համաձայն, որին կցվում է նաեւ սովորած բուհի կողմից տրամադրված ակադեմիական տեղեկանքը: Տեղափոխվող ուսանողի հրամանագրումը կատարում է ընդունող բուհի ռեկտորը՝ ուսանողի դիմումը, միջնակարգ կրթության ավարտական վկայականը եւ ակադեմիական տեղեկանքն ստանալուց հետո (մինչեւ այդ ստուգվում է ակադեմիական տեղեկանքի եւ ստուգման գրքույկի պատճենի համապատասխանությունը):
Հայտնում ենք նաեւ, որ չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին եւ ավարտական կուրսերում ուսանողի տեղափոխությունը: Մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառողների տեղափոխությունը թույլատրվում է առաջին կիսամյակի ավարտից հետո: Չի թույլատրվում նպատակային տեղերում ընդունված ուսանողների տեղափոխումն այլ բուհ կամ այլ մասնագիտությամբ ուսումնառության:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, հնարավոր է տեղափոխվել՝ առանձնապես լուրջ ջանքեր չգործադրելով: Ավելացնենք, որ ուսանողի՝ բուհի ներսում տեղափոխությունը, որի ընթացքում կարող է անցում կատարվել մեկ մասնագիտությունից մյուսը կամ փոխվել ուսուցման ձեւը (առկա, հեռակա, հեռավար), իրականացվում է բուհի ռեկտորի հրամանով, ուսանողի անձնական դիմումի համաձայն:




Լրահոս