Երկար մտորումներից հետո վերջապես երեկ կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամագրվելու խնդրանքով դիմում գրելու մասին:
«Այսօր ես դիմում եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: Կարծում եմ` այս քայլը շատերի համար կանխատեսելի էր եւ տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել»,- նշեց Կարապետյանն ու այնուհետ սկսեց թվարկել որոշման պատճառները, որոնք յոթն էին. քանի որ Սերժ Սարգսյանն է նրան հրավիրել, յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, հենց ՀՀԿ-ն կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան, ինչու ՀՀԿ, որովհետեւ այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգության եւ զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել եւ ունի իր մեջ այդ ներուժը: Այսպիսի պատճառաբանություններով Կարապետյանը փորձեց հիմնավորել իր կայացրած որոշումն ու ազդարարեց ՀՀԿ-ին անդամակցելու մեկնարկը:
Իհարկե, Կարեն Կարապետյանի կայացրած որոշումը անակնկալ չէր, որովհետեւ ղարաբաղյան կլանը նույնն է, եւ արտաքին շղարշը չի կարող թաքցնել նրանց իրական դեմքը: Վերջ ի վերջո Կարեն Կարապետյանին խաղի մեջ ներքաշողը հենց Սերժ Սարգսյանն է` նույն ղարաբաղյան կլանի ղեկավարը: Սա ենթադրում էր, որ Կարապետյանը պետք է ընդուներ այն «կրոնը», որին հարում էր Սարգսյանը: Այս ամենից հետո ուղղակի տրամաբանական հարցեր են առաջանում միայն՝ ի՞նչ կտա այս որոշումը կառավարությանը, ՀՀԿ-ին, Կարեն Կարապետյանին եւ, ի վերջո, այն երկրին, որի տնտեսությունը «փրկելու» համար էր իր` ավելի բարձր աշխատավարձով աշխատանքը թողել Կարապետյանը եւ շտապել Հայաստան: Այս հարցերի պատասխանները, իհարկե, ենթադրելի են, ինչպես, օրինակ, Կարեն Կարապետյանի այս որոշման դեպքում էր:
Կառավարությունը, թերեւս, ոչինչ չի շահելու այս ամենից: Չէ որ իրականում կապ չունի, թե որ կուսակցությունն է իրականացնում ծրագիրը, ընկալումն է այստեղ առաջնայինը, գործ անողը իշխանությունն է:
Երկրի պարագայում իրավիճակն ավելի քան վատ է: Ինչու՞: Որովհետեւ այն, որ Կարեն Կարապետյանը ունի, արժանացել էր հասարակական լայն շերտերի վստահությանը: Իսկ ՀՀԿ-ի նման կուսակցության թրի տակով անցնելը ուղիղ համեմատական է «բանտարկվելուն»: Այսինքն՝ այս քայլով մարդ չի կարող անկախ ու միաժամանակ պետությանը պիտանի լինել: Չէ որ դեռեւս 2014 թվականին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հպարտորեն նշել էր. «Եթե ապագա տասնամյակում որեւէ պետական քաղաքական գործիչ հավակնում է իրեն տեսնել պետական բարձրագույն պաշտոնների, ապա դրա հիմնական ճանապարհը, եթե ոչ միակը, ՀՀԿ-ն է։ Ավելի պարզ ասեմ, եթե որեւէ մեկը ուզում է կամ հավակնում է դառնալ ՀՀ նախագահ կամ վարչապետ, ապա այդ ճանապարհը ուղիղ անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»։
Իսկ ի՞նչ կտա Կարեն Կարապետյանի անդամագրումը ՀՀԿ-ին: Որպեսզի ՀՀԿ-ն կարողանա իր առջեւ դրված խնդիրը պատվով կատարել խորհրդարանական ընտրություններին, խաղից հեռացնում է անընդունելի դեմքերին՝ փոխարենը ձեւավորելով նոր ու, ամենակարեւորը, չվարկաբեկված թիմ: Այդպես ավելի հեշտ կլինի քվեր մուրալը ՀՀ քաղաքացիներից:
Այս գործընթացում իրականում ավելի շատ տուժողը հենց Կարեն Կարապետյանն էր: Ինչու՞: Քանի որ Հայաստանի ամենավարկաբեկված, ամենաանվստահություն ունեցող, անպատժելիության ու թալանչիների հետ ասոցացվող կուսակցության մեջ մտնելով՝ բիծ է ընկնում իր անվան վրա: Այս ամենի մասին շատ լավ գիտեին նաեւ «Մելիք Ադամյան»-ում բայց միեւնույն է` ներքաշեցին այս կեղտոտ խաղի մեջ, որ վարկաբեկեն. ինչպես կարող է լինել մեկը, որին բացարձակ վստահեն մարդիկ; Պիտի բոլորին ինչ-որ չափաբաժնով վստահեն, որ Սերժ Սարգսյանից կախման մեջ լինեն բոլորը:
Ի՞նչ կարող է Կարեն Կարապետյանը փոխել ՀՀԿ-ում: Սա է ամենաբարդ հարցերից մեկը: Արդյո՞ք նա կարող է ներկուսակցական փոփոխությունների սիմվոլ դառնալ, ժամանակը ցույց կտա: Այն, որ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ում լինելու ժամանակաշրջանում ձեւավորվելու է եւս մեկ` Կարապետյանի թեւ, անհերքելի է: Այդ թիմում առաջնայինը, իհարկե, կլինեն Կարապետյանի նախաձեռնությամբ կառավարություն եկած նրա կադրերը: Հիշյալներից դեռեւս ՀՀԿ-ին անդամակցելու որոշում են կայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Համենայնդեպս, միայն նրանք են դեռ պաշտոնապես բարձրաձայնել այդ մասին:
Այնուամենայնիվ, Կարապետյանի համար այսուհետ ավելի բարդ է լինելու «համոզելը»: Իսկ ՀՀԿ-ում իր դիրքերն ամրապնդելու դեպքում Կարապետյանը կարժանանա իր նախորդների ճակատագրին, որոնց խաղից հեռացման պատճառներից հիմնականը նրանց հզորացումն էր:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԸ` ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի խիստ հանձնարարականից հետո, որ պետք է Հայաստանի բոլոր 10 մարզերի ղեկավարները զարգացման արդիական ծրագրեր ներկայացնեն, «տեղական իշխանիկները» անգամ ճաշելու ժամանակ չունեն: Եւ որպեսզի կարգ ու կանոն սահմանվի, մարզպետները ստիպել են համայնքների ղեկավարներին ամեն կերպ վճարել պետության պարտքերը: Ու հիմա համայնքի շատ ղեկավարներ վարկեր ու պարտքեր են վերցնում` մարզպետարանների պարտքերը մարելու համար: Բանն այն է, որ կան հազարավոր գյուղացիներ, ովքեր սերմացու, վառելանյութ են վերցրել մարզի ղեկավարներից, վատ բերք են ստացել եւ ի վիճակի չեն պետության պարտքը վերադարձնել:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց՝ ո՞րն է լինելու հարցի լուծումը. «Չենք ստիպել, դա իրենց պարտավորությունն է: Բաշխողը իրենք են, իրենք ստանում են, բաժանում են, հետո էլ գումարը հավաքագրում են եւ վերադարձնում»: Երբ շարունակեցինք, որ գյուղացիները գումար չունեն, ինչպե՞ս վերադարձնեն, համայնքի ղեկավարներն են հայտնվել խնդրի առաջ, նախարարը հանգիստ պատասխանեց. «Դա իրենց խնդիրն է»:
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՓԵՏՐՎԱՐԻՆ
Մինչեւ տարեմուտ մի շարք կուսակցություններ պետք է հասցնեն համագումար անցկացնել` ուղենշելու իրենց քաղաքական ապագան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը կլինի փետրվարի սկզբի օրերին, որի ընթացքում կորոշվի, թե կուսակցությունը ինչ կազմով, ինչ ցուցակով է մասնակցելու 2017-ի ապրիլին կայանալիք ընտրություններին: Կմասնակցի ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, թե ոչ, դեռ չի գաղտնազերծվում:
ԻՆՔՆԱՎՆԱՍՈՒՄ
«6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանն ինքնավնասում է արել: Երեկ դատարանում հայտարարվել է, որ քրեակատարողական վարչությունից գրություն է ստացվել այն մասին, որ նա օրեր առաջ կարել է աչքերը, ածելիով վնասել է ձեռքերը, իսկ երեկ Մուշեղյանը հրաժարվել է ներկա գտնվել իր իսկ գործով դատական նիստին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից տեղեկացավ, որ կալանավորը ինքնավնասումները կատարել է օրեր առաջ, որից անմիջապես հետո նրան բուժօգնություն է ցուցաբերվել, քանդել են աչքերի կարերը, եւ այժմ նրա վիճակը բավարար է: Դատարան չներկայանալու պատճառը ինքնավնասումները չեն:
Հիշեցնենք՝ 2015-ի օգոստոսի 5-ին հայտնաբերվել էր Անի Մաջնունյանի դին՝ դանակի 59-ը կտրած-ծակած վերքերով: Սպանության մեջ մեղադրվում է Մուշեղ Մխիթարյանը:
ԱՃՈՒՐԴԻ ՀԱՆԵՑԻՆ
Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում տեղակայված «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի շենքը կրկին աճուրդի է հանվել: Armtimes.com-ի տեղեկացմամբ՝ ԴԱՀԿ-ն այն գնահատել է 6 միլիարդ 289 միլիոն դրամ, սակայն աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 4 միլիարդ 716 միլիոն 750 հազար դրամ: Աճուրդի սկիզբը սահմանվել է 2016 թվականի դեկտեմբերի 20-ը: Նշենք, որ շենքի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ուշագրավ է, որ ԴԱՀԿ-ի կատարողական թերթիկում նշված է, որ այս որոշման պատճենն ուղարկվել է կողմերին, եւ որ որոշումը կարող է բողոքարկվել: Քանի որ Մանվել Տեր-Առաքելյանը հետախուզվում է, հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է նա պատշաճ ծանուցում ստանա, որ իրեն պատկանող անշարժ գույքը աճուրդի է հանվել:
ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին մասնակցել է Անտանանարիվուում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի բացման նիստին, որին ներկա են եղել կազմակերպության 80 անդամ, ասոցացված եւ դիտորդ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ։
300 ԿՐԱԿՈՑ
Նոյեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց:
ԼՂՀ-ՈՒՄ ԳԱԶՆ ԷԺԱՆԱՑԱՎ
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նիստում բավարարվել է «Արցախգազ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը, որի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից Արցախում գործելու են բնական գազի նոր սակագներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` ամսական մինչեւ 10 հազար խմ սպառում ունեցողներին վաճառվող բնական գազի սակագինը գործող 146.7 ՀՀ դրամի փոխարեն կազմելու է 139 ՀՀ դրամ: Նվազեցվել է նաեւ 10,000 խմ եւ ավել սպառողների համար գործող 257.56 ԱՄՆ դոլար սակագինը: Մեկ այլ փոփոխությամբ՝ ընկերության կողմից սահմանվել են նաեւ նոր սպառողական խմբեր: Մասնավորապես ջերմոցային տնտեսությունները յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը յուրաքանչյուր հազար խմ բնական գազի դիմաց գործող 257.56 ԱՄՆ դոլարի փոխարեն կվճարեն 212 ԱՄՆ դոլար՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նույն սակագնով կվճարեն նաեւ վերամշակող կազմակերպությունները: Իսկ ամսական 10,000 խորանարդ մետր եւ ավել սպառում ունեցող այլ սպառողներին բնական գազը կվաճառվի յուրաքանչյուր հազար խմ բնական գազի դիմաց 242.1 ԱՄՆ դոլարով` ներառյալ ԱԱՀ-ն:
ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին: «Ես դեռ 6 ամիս առաջ կուսակցությունից դուրս գալու դիմում էի գրել Խաչատուր Քոքոբելյանին: Նախընտրական դաշինքների կազմման շրջանում դա խելամիտ քայլ կլինի»,- 1in.am-ին ասել է Սեդրակյանը: