ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները անակնկալներով լի են: Այսօր ԱԺ-ում եղած շատ օրենսդիրներ ստիպված են լինելու հրաժեշտ տալ օրենսդիր մարմնին: Իսկ եթե անգամ ՀՀ նախագահի նստավայրում որոշվել է, որ ինչ-որ պատգամավոր կրկին պետք է մանդատ ստանա, ապա նա դեռ այդ մասին չգիտի:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ մի քանի պատգամավորների հետ զրուցեց նրանց ապագային առնչվող հարցերի մասին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյան
-Պարո՛ն Աղաբաբյան, Ձեր քաղաքական ապագան Ձեզ համար հստա՞կ է: Էլի՞ պատգամավոր եք դառնալու:
-Մենք կուսակցությունով ենք հանդես գալիս, եւ ես չգիտեմ՝ ցուցակում կհայտնվեմ, թե ոչ:
-Բայց կցանկանայի՞ք հայտնվել:
-Իմ ասելով չէ, համագումարին կորոշվի:
-Դուք ո՞ր տարբերակը կնախընտրեք՝ կուսակցության համամասնական ցուցակո՞վ, թե՞ ռեյտինգային տարբերակով:
-Ոնց որ կլինի: Ոնց կուսակցությունը կորոշի:
-Այս պահին կոնկրետ ինչի՞ եք սպասում. ինչ-որ մեկի առաջարկի՞ն կամ հրավերի՞ն:
-Կուսակցությունը ոնց կորոշի, խորհուրդը ոնց կորոշի:
-Ձեզ որեւէ առաջարկ չե՞ն արել:
-Ո՛չ, երեւի ժամանակը չէ:
-Պարո՛ն Աղաբաբյան, նոր երիտասարդներով են փորձում համալրել կուսակցությունը, ապագա խորհրդարանը: Այս մասին ի՞նչ կասեք:
-Ես բոլոր դեպքերում համաձայն եմ էն տեսակետին, որը կուսակությունը կորոշի: Երիտասարդներով են ուզում համալրել, ուրեմն դա է ճիշտը, ինչ է եղել:
-Իսկ Դուք կոնկրետ ո՞ւմ հրավերին եք սպասում, որ ընդգրկվեք ցուցակում:
-Ես ոչ մեկի հրավերին էլ չեմ սպասում:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արշակ Մխիթարյան
-Պարո՛ն Մխիթարյան, Դուք Ձեր քաղաքական ապագան ինչպե՞ս եք պատկերացնում: Ձեզ տեսնո՞ւմ եք 2017թ. խորհրդարանում:
-Դեռ վերջնական որոշում չեմ կայացրել:
-Ինչի՞ն եք սպասում. Ձեզ պետք է առաջարկ անե՞ն:
-Դե, առաջարկը միշտ էլ կա, ես ինքնակամ դիմում եմ: Ուղղակի այս պահին դեռ չգիտեմ:
-Ինչի՞ շուրջ եք տատանվում, խանգարող հանգամանքներ կա՞ն:
-Խանգարող բան չկա, ուղղակի արդեն երեք անգամ պատգամավոր եմ ընտրվում: Մի քիչ երեւի արդեն բիզնեսով զբաղվենք:
-Իսկ ումի՞ց է եղել կրկին պատգամավոր դառնալու առաջարկը, որ Դուք մտմտում եք:
-Ես չասացի՝ առաջարկը կա, ես ասացի՝ քաղաքական թիմում եմ, այսինքն՝ ինձ առաջարկելու խնդիր չկա: Ինձ նոր չէ, որ պետք է առաջարկեն: Վաղուց են առաջարկել: 2007 թվականից ես այդ թիմում եմ:
-Իսկ ի՞նչ բիզնես պետք է անեք, որ հրաժարվում եք մանդատից:
-Գործնական առաջարկներ կան: Դրանցից ելնելով կորոշեմ՝ իմ ժամանակը կբավարարի՞, որ ես քաղաքականությամբ զբաղվեմ, թե զբաղվեմ բիզնեսով:
-Իսկ եթե անգամ առաջարկը լինի, Ձեզ ընտրացուցակո՞վ եք պատկերացնում, թե՞ ռեյտինգային տարբերակով:
-Ինձ համար ռեյտինգային տարբերակն ավելի նորմալ է, որովհետեւ ես ունեմ իմ ընտրազանգվածը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյան
-Պարո՛ն Ղարագյոզյան, Դուք եզակի պատգամավորներից եք, որ նորանկախ Հայաստանի 1-ին գումարման խորհրդարանից սկսած բոլոր խորհրդարաններում եղել եք: 2017թ. խորհրդարանում Ձեզ տեսնո՞ւմ եք:
-Հիմա Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, չեմ որոշել:
-Ի՞նչն է պատճառը, որ դեռ որոշում չեք կայացրել:
-Պարզապես սպասում եմ, տեսնեմ՝ իրադարձությունները ոնց կլինեն, նոր որոշում կկայացնեմ:
-Մի փոքր կմանրամասնեք՝ ի՞նչ նկատի ունեք «իրադարձություններ» ասելով:
-Տեսնենք՝ քաղաքական ինչ ձեւավորումներ կլինեն, նոր որոշում կկայացնեմ:
-Պարո՛ն Ղարագյոզյան, եթե, այնուամենայնիվ, Ձեր որոշումը կայացնեք, ընտրացուցակով կգնա՞ք, թե ռեյտինգային տարբերակով, որն ավելի շատ նման է մեծամասնական ընտրակարգին: Այսինքն` ընտրողը հենց Ձեզ է ընտրելու, Ձեր անունը:
-Ինձ թվում է՝ ռեյտինգային տարբերակով կգնամ:
-Իսկ Դուք անձամբ ցանկություն ունե՞ք լինելու 2017թ. խորհրդարանական ընտրություններում:
-Ճիշտն ասած՝ դեռ չեմ էլ որոշել, հիմա չեմ կարող ասել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
«ՂԱԼԱԹԻ» ՀԵՏՔԵՐՈՎ
Ինչպես հայտնի է` նոյեմբերի 16-ին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Երեւան գարեջուր» ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանել է 110 մլն դրամով: Պատգամավորը հայտարարել էր, թե բողոքարկելու է որոշումը. «Ղալաթ է արել Շաբոյանը»: «Ժողովուրդ»-ը փորձեց պատգամավորից պարզել` ինչ ընթացքի մեջ է բողոքարկումը: Ի պատասխան՝ նա հայտնեց, որ ՏՄՊՊՀ-ից նոր են ստացել ծանուցումը, տասնօրյա ժամկետում համապատասխան բոլոր փաստաթղթերը հավաքելուց հետո կբողոքարկեն: Եթե համաձայնության չգան, կդիմեն դատարան: Հավելենք, որ գարեջրի շուկայում առկա խնդիրները պատկերացրածից ավելին են. տեղական արտադրանքը «խեղճանում» է ներկրված գարեջրերի ֆոնին: ՀՀ կառավարությունը թերեւս նաեւ այս հարցով պետք է զբաղվի, որպեսզի բալանսավորի ներկրման ծավալները, եւ տեղական արտադրանքը վաճառքի շուկա ունենա: Առանց այդ էլ փոքր է մեր շուկան:

 

 

ԾԱՆՐԱԲԵՌՆԵԼ ԵՆ
Այսօր վերջապես կկայանա ՀՀԿ 16-րդ հերթական համագումարը: Այս «պատմական» իրադարձությանը ներկա են լինելու 1790 պատվիրակ եւ 250-ից ավել հյուր: Կլինեն ելույթներ, ուղերձներ «դրսի» կուսակցություններից, եւ կընտրվի կուսակցության ղեկավար կազմը, նաեւ գործադիր մարմին եւ խորհուրդ, որի թիվը նախատեսվում է նվազեցնել: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ում կուսակցական պաշտոնները բաշխվում են` ըստ զբաղեցրած դիրքի, եթե պատգամավոր ես, պաշտոնյա ես՝ կուսակցությունում շարքային չես կարող լինել: Այդ առումով հետաքրքիր է, թե ինչ կազմ է ձեւավորվելու հիմա: Տեղեկացնենք, որ համագումարը նախատեսված է մոտ 5 ժամ, բնականաբար ընդմիջումներով: Գլխավոր, «հիմնադիր» ելույթը Սերժ Սարգսյանինն է լինելու: Վերջում, իհարկե, ավանդական ֆուրշետ կկազմակերպվի: Բայց ՀՀԿ տարածքային շատ պատասխանատուներ որոշել են՝ բացի դրանից, իրենց հետ մարզերից եկած կուսակցականներին տանել հետաքրքիր ինչ-որ տեղ` «մի կտոր հաց ուտելու»:

 

 

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՆՎԱԶԵԼ Է
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 185 հազար 689 դրամ՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2,4%: Նույն ընթացքում պետական հաստատություններում միջին ամսական աշխատավարձը կազմել է 159 հազար 791 դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 1,1%-ով, իսկ ոչ պետական կազմակերպություններում այն աճել է 5,2%-ով: Հավելենք, որ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին գրանցվել է գնանկում. սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1,5%-ով: Ստացվում է, որ գնանկմանը զուգահեռ հասարակության ինչ-որ մի զանգվածի համար նվազել է նաեւ աշխատավարձի չափը, այսինքն՝ այդ գնանկումը նրանց համար ոչինչ չի փոխում:

 

 
«ԱՎՇԱՐԻ ՊՐՈԴԸ»` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի` Ավշարի Արայիկի ընտանիքի հետ կապվող «Ավշար Պրոդ» ՍՊԸ-ն հայտնվել է դատարանում: Նրանք պարտքերը չեն մարել, պարտքատերերը ստիպված են եղել դատարան դիմել:
Պարզեցինք՝ «Գլաս Ուորլդ Քամփնի» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանը դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Ավշար Պրոդ»-ից գումար բռնագանձել: Թե ինչ գումարի եւ պարտավորությունների մասին է խոսքը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավար, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի եւ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի ազգական Սուրիկ Գրիգորյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Իսկ հայցվոր Տիգրան Հարությունյանը կարճ մեկնաբանեց. «Օգտվել եմ սահմանված իրավունքից գումար բռնագանձելու պահանջով: Մանրամասներ չեմ կարող հայտնել: Բանակցություններն ընթացքի մեջ են»:
Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանին, որը նոր կառավարության փոփոխությունների շրջանակում հրաժեշտ տվեց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնին, խոստացել էին Արարատի մարզպետ նշանակել, սակայն նշանակումը այդպես էլ տեղի չունեցավ: Գրիգորյան եղբայրները, որ հավակնում էին Հովիկ Աբրահամյանի հետ «մասնաբաժին ունենալ» Արարատի մարզում, մի մասով հայտնվեցին լուսանցքում:

 

 

ԹԱՂԱՊԵՏԵՐԻ ԱԽՈՐԺԱԿԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առաջիկայում Երեւանի քաղաքապետարանը բոլոր թաղապետարանների աշխատակիցների համար Ամանորը կազմակերպելու նպատակով միլիոնավոր դրամներ կծախսի: Քաղաքապետարանը Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի կարիքների համար ամանորյա տոնական միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման վերաբերյալ պարզեցված ընթացակարգի մասին հայտարարություն է հրապարակել: Միջոցառումը նախատեսված է 250 հյուրի համար, այն պետք է իրականացվի բարձրակարգ եւ նրբաճաշակ սրահում: Իսկ դահլիճը պետք է զարդարված լինի ամանորյա տոնակատարությանը համապատասխան, սեղանների վրա դրված լինեն ամանորյա մոմեր, փոքրիկ զարդեր: Յուրաքանչյուր սեղան պետք է հաշված լինի տասը հյուրի համար: Պետք է մատուցվի երեք տեսակի տաք ուտեստ, չորս տեսակի աղցան, բնական եւ գազավորված հյութեր, օղի, հայկական կոնյակ, շամպայն, գինի, հանքային ջուր, տարբեր տեսակի մրգեր, քաղցրավենիք եւ թխվածքեղեն: Նորք-Մարաշի թաղապետարանի աշխատակազմը պահանջել է նաեւ, որ սրահը ունենա կենդանի երաժշտություն՝ բազմազան երգացանկով: Ահա թե ինչպես են նվազեցնում պետական ծախսերը՝ իրենց քեֆերի հաշվին:
Հիշեցնենք, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը ՀՀԿ-ական Վաղինակ Մկրտչյանն է:




Լրահոս