ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2016թ. նոյեմբերին ստացվել է 16 հեռախոսազանգ:
Ստացված հեռախոսազանգերից մեկը վերաբերվել էր Հյուսիս-հարավ ճանապարհի Արտաշատ-Երևան հատվածում իրականացվող աշխատանքներին, մյուսը՝ Հյուսիս-հարավ մայրուղու հարակից տարածքում առանձնատան մուտքի խնդրին: Առաջին դեպքում քաղաքացուն տրվել է համապատասխան պարզաբանում, իսկ երկրորդ ահազանգն ստանալուն պես` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ԾԻԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն անհապաղ եղել են տեղում և լուծել քաղաքացու բարձրացրած խնդիրը:
«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից փոստային ծառայությունների մատուցման որակի վերաբերյալ ստացված 5 հեռախոսազանգերի դեպքում էլ տրվել են անհրաժեշտ տեղեկություներ և պարզաբանումներ:
Թվային սարք ձեռք բերելու վերաբերյալ 2 հեռախոսազանգերին պատասխանվել է, որ «Սոցիալապես անապահով ընտանիքներին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի բաշխման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1532-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ կետի համաձայն` սոցիալապես անապահով ընտանիքներին DVB-T2 ստանդարտի թվային հեռուստատեսային ընդունիչ սարքերի օգնության բաշխումն իրականացնում են ՀՀ մարզպետարանների (Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքապետարանների) աշխատակազմերի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները կամ բաժինները:
Մասնավոր ընկերության կողմից գումարի գանձման վերաբերյալ հեռախոսազանգին ի պատասխան` պարզաբանվել է, որ խնդրի լուծման իրավասությունը օրենսդրությամբ վերապահված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Քաղաքացուն տրվել է լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության տեղեկատու հեռախոսահամարով երթուղիների ծանրաբեռնվածության և սպասարկման որակի վերաբերյալ ահազանգած 1 քաղաքացու տրվել են համապատասխան պարզաբանումներ, 5-ի դեպքում լուծվել են նշված երթուղիների հետ կապված խնդիրները:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նույն ժամանակահատվածում ընկերության տեղեկատու հեռախոսահամարներով ստացվել է 192 հեռախոսազանգ, որից 14-ը՝ հեռուստատեսային ընդունիչ սարք ձեռք բերելու, 77-ը՝ հեռուստատեսային թվային ընդունիչ սարքը համալրելու, 94-ը՝ հեռուստաալիքների ընդունման որակը բարելավելու, 7-ը՝ այլ հարցերի վերաբերյալ: Բոլոր զանգահարողներին ՀՀՌՑ-ի մասնագետները պատշաճ կերպով տրամադրել են անհրաժեշտ խորհրդատվություն:
Ս. թ. դեկտեմբերի 1-ից «Հատուկ կապ» ՓԲ ընկերությունում նույնպես գործարկվել է շուրջօրյա գրաֆիկով «թեժ գիծ» ծառայություն՝ 010-57-02-05 հեռախոսահամարով, որով քաղաքացիները կարող են անհրաժեշտության դեպքում ահազանգել գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի ընդունման – առաքման հարցերով։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն