Երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին մի գիշերում Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ, պետական մակարդակով պրոպագանդվում էր, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ավելի քան 200 միլիոն բնակչությամբ շուկաներում ազատ մուտք ենք ունենալու, որը կաշխուժացնի մեր տնտեսությունը: Սակայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2013թ.-ին ՀՀ-ից Ռուսաստան արտահանվել է 334 մլն դոլարի ապրանք, իսկ 2015 թվականին՝ մոտ 244 մլն դոլարի, այսինքն՝ մոտ 110 մլն դոլարով պակաս: 2013-ին դեպի Բելառուս արտահանվել է ավելի քան 8 մլն դոլարի ապրանք, իսկ 2015-ին` մոտ 7 մլն: 2013-ին Ղազախստան արտահանվել է ավելի քան 7 մլն դոլարի, իսկ 2015-ին՝ մոտ 4 մլն դոլարի եւ, վերջապես, Ղրղզստան է արտահանվել մոտ 1 մլն դոլարի ապրանք, իսկ արդեն 2015-ին՝ 370 հազար դոլարի: Այսինքն՝ ԵԱՏՄ անդամակցությունից հետո միության անդամ երկրներ ուղարկված ապրանքների ծավալը կտրուկ նվազել է: Ոչինչ չի փոխվել նաեւ ԵԱՏՄ անդամ երկրներ մուտք գործելու կարգի մասով. հայկական համարանիշներով բեռնատարները ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ ԵԱՏՄ անդամակցելուց հետո օրերով հերթ են կանգնում Վրաստան-Ռուսաստան սահմանային անցակետում ադրբեջանցիների, թուրքերի, վրացիների եւ մյուս երկրների ներկայացուցիչների նման: Թեեւ հայտարարվեց, որ Լարսի անցակետում ԵԱՏՄ երկրների ուղեւորափոխադրումների ու բեռնափոխադրումների համար ստեղծվել է «կանաչ անցուղի», որի շնորհիվ մեր բեռնափոխադրողները եւ ուղեւորափոխադրողներն ավելի քիչ ժամանակ պետք է ծախսեին՝ անցակետը հատելու համար, այնուամենայնիվ, խոստացված կանաչ միջանցքը այդպես էլ չի գործարկվում:
Իսկ ո՞վ շահեց այդ համաձայնագրի ստորագրումից. ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը բարձր աշխատավարձով ազդեցիկ պաշտոն գրավեց՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ: Հիշեցնենք, որ 2008 թ.-ին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս Տիգրան Սարգսյանն իր անձնական հաշիվներում ուներ 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար դոլար, իսկ 2014-ին երբ ստիպված հրաժարական տվեց, բացի մի քանի անշարժ գույքերից, բաժնետոմսից ստացած գումարից՝ Սարգսյանը հայտարարագրեց 2 մլն 500 հազար դրամ եւ 955 հազար դոլար «քեշ գումար»: Սրանք պաշտոնապես:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2017-ի խորհրդարանական ընտրություններում: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ա. Սահակյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ նրա օգնական Մարգարիտա Սարգսյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց լուրը՝ նշելով. «Պարոն Սահակյանը հանդիսանում է Աջափնյակի ՀՀԿ տարածքային կառույցի խորհրդի ղեկավարը եւ հետեւաբար ակտիվ մասնակցություն է ունենալու ընտրությունների կազմակերպչական գործունեությանը, իսկ թեկնածության հետ կապված հստակ պատասխան տալ չեմ կարող»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀԿ 16-րդ համագումարին, ասաց, թե Սերժ Սարգսյանը երկու խոշոր ներքաղաքական սխալ է արել. «Առաջինը Սահմանադրության փոփոխությունն էր՝ ընտրական օրենսգրքի փոփոխությունների հետ միասին, երկրորդը՝ դրսից ուղարկած մարդուն, դրսի ցանկությամբ վարչապետ նշանակելը: Այս երկուսի համար ինքը շատ լուրջ պատասխան է տալու ու հաջորդ համագումարում ինքը չի ընտրվելու նախագահ»,- գնահատեց Ա. Սարգսյանը: Իսկ նորաստեղծ կառավարության ներկայացուցիչների՝ ի դեմս նախարարների, ՀՀԿ-ին անդամագրվելու հայտ ներկայացնելը Արամ Սարգսյանն անտրամաբանական համարեց. «Շատ հետաքրքիր է՝ նախ Կարեն Կարապետյանն ու իր հետ եկած թիմը սկզբից իրենց առավելությունն էին համարում, որ իրենք անկուսակցական են, հետեւաբար որեւէ շահ չունեն: Հետո այդ նույն թիմը բացատրում է, քանի որ իրենց հենարան է պետք, ու քանի որ էս երկրում տնտեսություն զարգացնելու, երկիրը սիրելու այլ տարբերակ չկա, քան հանրապետական դառնալը…»:
ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը պետական համակարգ վերադառնալու ակնկալիքներ ունի: ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի ընտրությունը կատարվել է հենց Միհրան Պողոսյանի նախաձեռնությամբ: Ըստ տեղեկությունների՝ այսկերպ օֆշորային սկանդալում հայտնված եւ դրա հետեւանքով ստիպված հրաժարականի դիմում ներկայացրած նախկին պաշտոնյան հաշվարկել է, որ իրեն հավատարիմ մարդուն ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ աղմուկի դադարից հետո ավելի հեշտ կվերադառնա նախկին աթոռին: Սակայն իր հաշվարկներում սխալվել է: Արմեն Հարությունյանը ժամանակից շուտ է հարմարվել պետի կարգավիճակի հետ եւ սկսել մեկիկ-մեկիկ համակարգից հեռացնել Պողոսյանի կադրերին՝ այդպիսով ցույց տալով, որ չի պատրաստվում տեղը կրկին զիջել: Լուրեր կան, որ վերջերս ԴԱՀԿ աշխատակիցներից մեկի հոգեհանգստի արարողության ժամանակ Պողոսյանը ցուցադրաբար իր մոտ է կանչել Արմեն Հարությունյանին եւ հորդորել՝ նայի աչքերիս մեջ, ապա խորհրդավոր լռել է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս եւ այլ լուրերի շուրջ մեկնաբանություն ստանալ Միհրան Պողոսյանից, սակայն ապարդյուն:
ՀԱԿԱԴՐՎԵԼՈՎ
Քաղաքական դաշտը շարունակում է քննարկել անցած շաբաթ օրը Մարզահամերգային համալիրում չպատճառաբանված ճոխությամբ անցկացված ՀՀԿ 16-րդ համագումարը, դրա ընթացքում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթն ու տված խորհուրդները եւ, ամենակարեւորը, մեկ օրում 7 հազար հոգու անդամագրումը ՀՀԿ-ին: Երեկ Աժ-ում այդ թեման հատկապես ակտուալ էր «Կուսակցությունների մասին» նոր օրենքի քննարկման շրջանակներում:
Անշուշտ, այս ամենի շուրջ ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած հարցադրումները միանգամայն տեղին էին, եւ ՀՀԿ-ի համագումարն էլ հիշեցնում էր ԽՄԿԿ պլենումները: Սակայն ամեն դեպքում ի հակադարձումն այդ հարցադրումների, մասնավորապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթի՝ երեկ բավականին ուշագրավ մի միտք արտահայտեց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը /երբեմն, իհարկե, շատ հազվադեպ, այդպես էլ է լինում/: Նա մասնավորապես ասաց. «ՀՀԿ-ի համագումարով, անդամագրվողների քանակով կամ գործունեությամբ մենք չենք կանխում ձեր գործունեությունը»: Ասել է թե՝ դաշտը ազատ է, թե կարող եք, դուք էլ արեք:
Դաշտը, իրականում, այդքան էլ ազատ չէ, սակայն այնպես էլ չէ, որ անազատ է: Եվ այս համատեքստում հետաքրքիր են դառնում դեկտեմբերի 10-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարից սպասելիքները: Ի վերջո, եթե իշխող կուսակցությունն իր վարչական ռեսուրսների հաշվին մեկ գիշերում մարդկանց 7 հազարանոց «գլխաքանակն» ապահովելով է փորձում զարմացնել, Մարզահամերգային համալիրը լցնելով եւ կամ կրծքին անճաշակ վարդեր փակցրած շպարված տիկնանց քծնանքաշարով, ապա ընդդիմությունը, այս դեպքում՝ ՀԱԿ-ը, կարող է «պատմական» համագումար անցկացնել եւ հանրությանը զարմացնել՝ հենց ՀՀԿ-ի այդ փքուն ճոռոմաբանությանն ու ինքնասիրահարվածությանը հակադրվելով:
Օրինակ՝ իսկապես աննախադեպ եւ հուսադրող կլինի, եթե ՀԱԿ առաջիկա համագումարում ազնվորեն բարձրաձայնվեն այն բոլոր սխալները, որոնց արդյունքում նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցած ՀԱԿ դաշինքը հայտնվեց ներկայիս տխուր վիճակում: Հակառակի մասին պնդողներին բավական է հիշեցնել Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրությունները, որտեղ ՀԱԿ կուսակցությունն առաջինն էր հետնապահների շարքում:
Լավ կլինի, որ այդ համագումարում քննարկվեն եւ վերլուծվեն այն բոլոր քայլերը, որոնք հանգեցրին այս իրավիճակին՝ սկսած իշխանությունների հետ չստացված երկխոսությունից, ապա քաղաքագիտական վերլուծությունից ու ձախողված բուրժուադեմոկրատական հեղափոխությունից, ավարտած Սերժ Սարգսյանին ՀԱԿ ղեկավարի գրած նամակներով ու հանդիպման խնդրանքներով: